Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Վարչապետը հանձնարարել է պատասխանատվության ենթարկել Առաջին տպարանի պայթեցման գործում բացթողումներ թույլ տվածներին

Հոկտեմբեր 31, 2016թ. 20:25

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Վարչապետին զեկուցվել է, որ Առաջին տպարանի շենքի սեփականատեր «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանից 2016 թվականի հուլիսին ստացել է նախագծման թույլտվություն՝ այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը, «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել է պայթեցնելու եղանակով: Պայթեցման աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպությունը սահմանված կարգով համապատասխան մարմիններին չի տեղեկացրել: Միաժամանակ, համաձայն «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» կառավարության 291-Ն որոշման 94-րդ կետի՝ «յուրաքանչյուր օբյեկտում պայթեցման աշխատանքների կատարման համար պետք է կազմվի անձնագիր` համաձայն N 9 ձևի»: Այսինքն՝ կազմակերպությունները պարտավոր են տեղեկացնել ԱԻ նախարարությանը, թե օրինակ՝ մարդկանց անվտանգության ապահովման համար ինչպիսի միջոցառումներ են իրականացնելու, որոնք և պետք է հսկվեն և օժանդակվեն նախարարության կողմից: Շինարարական կազմակերպության կողմից այս պայմանը չի ապահովվել:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: «Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ ևս պետք է կիրառել առավելագույն պատիժ»,– ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին՝ պատասխանատվության ենթարկել նաև նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքներում թերացումներ թույլ տալու համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նման դեպքերը պետք է այսուհետ ի սպառ բացառել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն