Գլխավոր » Analitika, Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան

Հայաստանի բնակչության նվազման վտանգավոր միտումները

Հուլիս 10, 2016թ. 15:26

Արտագաղթի տեմպերով եւ ծնելիության ցուցիչի անկմամբ պայմանավորված՝ Հայաստանում բնակչության թվաքանակի նվազումը տարեցտարի ահագնանում է: Սրա մասին են վկայում վիճակագրական տվյալները։

Մասնագետներն արդեն մատնանշում են, որ ժողովրդագրական ներկա վիճակը երկրի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կայունությանն ու անվտանգությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից է դարձել։ Այն վերացնելու համար նախեւառաջ հարկավոր է լուծել արտագաղթի խնդիրը եւ կարգավորել բնակչության բնական վերարտադրողականությունը:
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ մտահոգված է, որ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում բնակչության նվազման միտումը կանգնեցնելու համար: Եթե ինչ-ինչ միջոցառումներ էլ նախաձեռնվում են, ապա դրանք արդյունավետ չեն եւ չնայած սպառված ռեսուրսներին՝ հարցին լուծում չեն տալիս:
Սոցիոլոգը նշում է, որ բնակչության նվազման հիմնական պատճառը արտագաղթն է, որը գործազրկության եւ ցածր վարձատրության հետեւանք է: Արտագաղթը նվազեցնելու համար, ըստ Ահարոն Ադիբեկյանի, հարկավոր է նոր ու բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել. «Հայաստանում միջին աշխատավարձը շատ ցածր է։ Շատ դեպքերում այդ գումարով հնարավոր չէ ընտանիք պահել: Ահա թե ինչու արտագաղթը գնալով ավելանում է՝ դրամի արժեզրկմանն ու գործազրկության մեծացմանը զուգահեռ:
Արտագաղթում են հիմնականում տղամարդիկ, ովքեր ապրուստի հարց լուծելու խնդիր ունեն, ընտանիք են պահում, սակայն այստեղ չեն կարողանում աշխատանք գտնել, ինքնադրսեւորվել: Ովքեր մասնագիտություն կամ պահանջված մասնագիտություն չունեն, սովորաբար արտագաղթում են Ռուսաստան, Ուկրաինա, իսկ ովքեր պահանջված մասնագիտություն ունեն, օրինակ, ծրագրավորող են, բժիշկ, բնակություն են հաստատում եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում»:
Ըստ սոցիոլոգի՝ արտագաղթի թվերն ավելի մեծ կլինեին, եթե բոլորը հեռանալու հնարավորություն ունենային. «Անցած տարի մեր իրականացրած հարցումների համաձայն՝ բնակչության ուղիղ կեսը տրամադրված է արտագաղթելու, սակայն բոլորը չէ, որ դրա հնարավորությունն ունեն: Հիմնականում արտագաղթում է միջին դասը. նրանք, ովքեր քիչ թե շատ վարձատրվող ու պահանջված մասնագիտություն ունեն կամ սեփական բիզնեսն են հիմնել եւ կարողանում են դրսում իրենց մասնագիտության ու բիզնեսի համար «ապաստան» գտնել:
Այսինքն՝ այդ մարդկանց պահանջարկը դրսում կա, եւ նրանք կարողանում են հաջողությամբ տեղափոխվել օտար երկրներ ու այնտեղ շարունակել աշխատել իրենց մասնագիտությամբ կամ նույն բիզնեսով զբաղվել»:
Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ արտագաղթը հնարավոր կլիներ կանխել նոր եւ լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծման շնորհիվ. «Մեր հաշվարկներով մոտ 150 մլրդ դոլար է հարկավոր ներդնել Հայաստանում, որպեսզի նախնական գոնե 150 հազար մրցունակ առաջնային եւ մոտ 300 հազար երկրորդային աշխատատեղ ստեղծվի: Այդ կես մլն աշխատատեղը կնպաստի երկրի տնտեսության կայունացմանը եւ սոցիալական վիճակի բարելավմանը: Սակայն այդքան գումար Հայաստանն ի վիճակի չէ ներգրավել»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի իրականացրած «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոնների ուսումնասիրություն» հետազոտական ծրագրի համաձայն՝ Հայաստանում ժողովրդագրությունը «կրիտիկական ոլորտ» է համարվել՝ դրա վատթար վիճակի պատճառով:
Հետազոտության մեջ նույնպես, ի թիվս այլ հանգամանքների, բնակչության նվազումը, առաջին հերթին, պայմանավորվում է արտագաղթով: Երեւույթի պատճառները բազմաբնույթ են, սակայն որոշիչը սոցիալ-տնտեսական իրավիճակն է. ՀՀ-ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշն աշխարհում, համաձայն միջազգային կառույցների կողմից հրապարակված տարբեր վարկանիշային դասակարգումների, 115-րդ հորիզոնականից ցածր է:
Նման իրավիճակը պայմանավորված է բազմաբնույթ գործոններով՝ պահպանումն առ այսօր, մտավոր ռեսուրսների նվազումը, որի հետեւանքով մասնավորապես ձեւավորվել է ոչ այնքան արդյունավետ տնտեսական եւ կառավարման համակարգ, տեղեկատվական քաղաքականության թերացումները, որոնք, իրենց հերթին, հանգեցնում են երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակի վատթարացմանը եւ այլն:
Հետազոտություն մեջ նշվում է, որ դեռ 2001-2007թթ. համաշխարհային տնտեսության ինտենսիվ աճի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի ՀՆԱ տարեկան աճը նույնպես 10%-ից բարձր է եղել, տնտեսական աճի այդ տեմպն անմիջապես իր ազդեցությունն է ունեցել գործազրկության մակարդակի վրա: 2001- 2007թթ. ընթացքում այն նվազել է մոտ 10%-ով: Իսկ դա իր ուղղակի ազդեցությունն է թողել միգրացիոն գործընթացների վրա, մասնավորապես 2001-2007թթ. տնտեսական աճի տեմպերը նվազեցրել են Հայաստանից արտագաղթը, 2004-2006թթ. ընթացքում Հայաստան ժամանածների եւ մեկնածների սալդոն նույնիսկ դարձել է դրական, այսինքն` արտագաղթը փոխարինվել է ներգաղթով:
Այս երեւույթն ուղղակիորեն վկայում է, որ Հայաստանում տնտեսության զարգացման բարձր տեմպերը նվազեցնում են արտագաղթը, հետեւաբար, արտագաղթի նվազեցման տեսակետից տնտեսության զարգացումն ունի հանգուցային նշանակություն:
Ի դեպ, ուսումնասիրության տվյալներով՝ բնական վերարտադրությունը նկարագրող հիմնական ցուցանիշները եւ դրանց միտումները նույնպես հուսադրող չեն եւ ավելի են վատթարացնում երկրում արտագաղթով պայմանավորված վիճակը: Սկսած 1994թ. կնոջ պտղաբերության գործակիցը փոքր է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից: Այսինքն՝ գրեթե 20 տարի անընդմեջ Հայաստանի բնակչության բնական վերարտադրությունը վտանգված է, ուստիեւ բնակչության թիվը գոնե նույնը պահպանվելու փոխարեն նվազում է:
Ասել է թե, անգամ եթե արտագաղթ չլիներ երկրում, ծնելիության այսօրվա ցուցանիշները պահպանվելու դեպքում բնակչությունը կնվազեր: ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ ծնելիության ցածր մակարդակի պահպանման դեպքում 2030թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2.810.000 մարդ:
«Դեռ 1994-95-ից սկսած երեխա ունենալու նկատմամբ վերաբերմունքը մեր բնակչութան մեջ կտրուկ փոխվել է: Եթե քաղաքաբնակները մինչ այդ սահմանափակվում էին երկու-երեք երեխայով, իսկ գյուղաբնակները՝ երեք-չորս, այսօր թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում ընտանիքներում ամենաշատը երկու երեխա է ծնվում: Այնինչ բնակչության բնական աճը ապահովելու համար հարկավոր է, որ 3 ամուսնական զույգերից գոնե մեկը 3 զավակ ունենա: Բայց Հայաստանում ամեն 6-րդ ընտանիքում է 3 երեխա ծնվում, ինչն էլ բնակչության կրճատման պատճառ է դառնում»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը։
2013թ. միջազգային կառույցների կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը ծնելիության ցուցիչով կրճատվող ազգերի ցանկում է հայտնվել: Դրանից հետո այդ առումով մեր երկրում որեւէ բան չի փոխվել:
Երկրի բնակչության թվի նվազումը շատ առումներով է վտանգավոր: Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ մարդկային կապիտալի կորուստը առաջին հերթին խոչընդոտում է տնտեսության զարգացմանը այն առումով, որ փոքրանում է սպառման շուկան: Իսկ դա արտադրության համար աննպաստ պայմաններ է ստեղծում:
Փոքր շուկա ունեցող երկրում արտադրություն զարգացնելն անիմաստ է դառնում: Ոչ միայն ներքին արտադրությունը, այլեւ օտար ներդրումների համար փոքր շուկան գրավիչ չէ. «Ուզբեկստանում Ճապոնիան մեքենայի գործարան է հիմնել, քանի որ այդ երկիրը 30 միլիոնանոց շուկա է: Հայաստանն իր նվազող 3 միլիոնով հետաքրքիր կլինի՞ միջազգային ներդրողներին, երբ Ուզբեկստանի նման այլընտրանքներ գոյություն ունեն»:
«ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոնների ուսումնասիրություն» հետազոտական ծրագրի հեղինակների կարծիքով՝ մարդկային կապիտալի կորուստը վտանգավոր է մեզ համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պատերազմական վիճակում է գտնվում, եւ արտագաղթն ու ծնելիության նվազումը նպաստում են նաեւ բանակի կրճատմանը: Ակնհայտ է, որ բնակչության թվի այսօրվա ցուցանիշն արդեն իսկ բավարար չէ ռազմական իրավիճակներին հարիր զինուժի ձեւավորման, առավել եւս զարգացման համար: Մանավանդ եթե հաշվի առնենք հարեւան Ադրբեջանում բնակչության թիվը, որը տեսանելի ապագայում կարող է գերազանցել 8 մլն-ը:
Ուստի հայաստանյան աշխարհաքաղաքական իրողությունների տրամաբանությունը թելադրում է առաջնային տեղ տրամադրել ժողովրդագրական խնդիրներին՝ թեկուզ ազգային անվտանգության տեսանկյունից:

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն