Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Արագածոտնում կան երազանք, տեսլական ունեցող մարդիկ, մնում է նրանց ֆինանսավորել

Հոկտեմբեր 28, 2016թ. 09:37

Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետը կոնկրետ հանձնարարականներ տվեց մարզպետներին: նշեց, որ կառավարության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են հստակ միջոցառումներ
Ի՞նչ չափով են մարզպետները ձեռնամուխ եղել վարչապետի հանձնարարականների կատարմանը. զրուցեցինք Արագածոտնի մարզպետ ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ հետ

-Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրից խոսում է նախարարություններում, մարզերում որակյալ կադրերի կարևորության մասին, շեշտելով այն միտքը, թե մեր կառավարիչների մակարդակը որակապես փոխել է պետք, եթե չենք փոխում` նոր, լավ կյանք չեն ունենալու: Կադրային հարցում ի՞նչ իրավիճակ է ձեր մարզում:
-Լիովին համակարծիք եմ վարչապետի հետ: Նա ի սկզբանե խնդիրը շատ հստակ է դրել` մի կողմից պայքարել համակարագային ուռճացվածության դեմ, մյուս կողմից մտածել որակյալ կադրերի մասին ու լրացնել այդ բացը: Բայց դա մեկ օրվա լուծելու խնդիր չէ: Իմ համոզմունքն է` այն երկրներում ուր կրթությունը` դպրոց, բուհ, բարձր մակարդակի վրա է, այդ երկրները կարող են առաջընթաց ունենալ:
Վարչապետը բերեց Ագրարային համալսարանի օրինակը, որը պետք է լավագույն կադրերով ապահովի գյուղատնտեսական ոլորտը, բայց այդ բուհը տալիս է իրավաբաններ, տնտեսագետներ, որոնք ժամանակակից պահանջարկ վայելող մասնագիտություններ են, մինչդեռ պետք է տա գյուղատնտեսության ոլորտը սպասարկող որակյալ մասնագետներ: Ինչի բացը մեզ մոտ զգացվում է:
Ցավոք, կադրային խնդիր կա նաև մարզպետարանում, ուր ևս չկան լուրջ մասնագետներ, այսինքն կան, բայց շատ քիչ են ինտելեկտուալ, որակյալ մասնագետները:
-Իսկ ինչու են քիչ. գուցե որակյալ մասնագետը չի գնահատվում, դրա համար թողնում- հեռան՞ում է, կամ աշխատավարձերն այնքան քիչ են, որ լավ մասնագետը մարզպետարանում աշխատել չի՞ կամենում:
– Չէ, այնպես չէ, որ լավերին տեղ չի տրվում, կամ նրանք չեն գնահատվում, ուղղակի լավ ուսանողներն են նաև քիչ, մարդկանց մոտ սովորելու ձգտումը պակասել է, դրա համար քիչ են նաև լավ մասնագետները:
Իսկ յուրաքանչյուր  մարզպետարանում  կան  և’ լավ, որակյալ աշխատողներ, և’ չաշխատող մարդիկ: Դե, ղեկավարն էլ, բնականաբար, հանձնարարությունը միշտ տալիս է լավ աշխատողին: Գործը հաջող առաջ տանելու համար ղեկավարն առաջին հերթին աշխատողին է իր կողքին տեսնում, հետո նոր մյուսներին: Դրա համար աշխատող, որակյալ մասնագետը շատ ավելի ծանրաբեռնված է լինում, ինչն էլ պատճառ է դառնում, որ ոմանք խուսափեն նման լարված աշխատանքից:
Ստացվում է, որակյալի ուսերին է ընկնում աշխատանքի ծանրությունը, իսկ չաշխատող պորտաբույծը միայն աշխատավա՞րձ է ստանում: Ի դեպ, հենց նման իրավիճակները նկատի ունենալով վարչապետը հորդորեց ազատվել անարդյունավետ կադրերից:
-Ձեր ասածի մեջ, իհարկե, ճշմարտություն կա: Այստեղ կարևոր է, թե որքանո՞վ է բարձր այս կամ այն աշխատողի աշխատանքի արդյունավետությունը: Այո, կան մարդիկ, որոնց աշխատանքը շատ ավելի արդյունավետ է, փոխարենը կան նաև մակեսային, պակաս արդյունավետությամբ աշխատողներ: Բայց այնպես չէ, որ նրանք պորտաբույծի պես ընդամենը աշխատավարձ են ստանում ու ոչ մի օգուտ չեն տալիս:
Գիտեք, որակյալ ու անորակ կադրեր ունենալու երևույթը միայն մարզպետարաններին չէ բնորոշ, այն համատարած երևույթ է, կա բոլոր ոլորտներոում ու գերատեսչություններում: Սկսած կրթական համակարգից, մինչև առողջապահական հիմնարկներ: Իսկ շտկելը ժամանակ է պահանջում:
-Չե՞ք կարողանում ազատվել պակաս արդյունավետությամբ աշխատողներից, գուցե բարեկամ-խնամի կապե՞րն են կշկանդում:
-Կաշկանդում չկա, բայց նաև համաձայն եմ, որ աշխատանքի տեղավորման հարցում խնամիական-բարեկամական կապերն իրենց դերն ունենում են, դա չեմ կարող բացառել: Բայց այստեղ կուզեմ ասել օրենքի պահանջի մասին, որը խնդիրներ է ստեղծում որակյալ մասնագետներին աշխատանքի ընդունելու հարցում: Տեսեք, պաշտոնյաները ներսից լավ իմանալով, թե ի?նչ է հարկավոր միցույթում շահելու համար, կարողանում են ժամանակին հուշել իրենց ծանոթներին, թե նրանք ի?նչ պետք է ներկայացնեն տվյալ մրցույթին մասնակցելու և շահելու համար: Մինչդեռ շատերը, չունենալով նման <<հուշարար>> ծանոթ-պաշտոնյաներ, չեն իմանում, թե ինչպիսի՞ն է մրցույթին մասնակցելու կարգը: Ստացվում է, որ խելացի մասնագետը մրցույթի կարգին անտեղյակ լինելով, դուրս է մնում, իսկ նա, ով տիրապետում է այդ տեղեկատվությանը, ժամանակին հայտ է ներկայացնում ու շահում:
Լինում են պահեր, երբ փնտրում ու գտնում ես լավ մասնագետի, բայց չես կարողանում նրան աշխատանքի նշանակել, քանի որ նա չի համապատասխանում օրենքի սահմանած պահանջներին: Եվ մասնագետի փոխարեն աշխատանքի է ընդունվում մրցութային կարգը իմացած, սակայն ոչ որակյալ մասնագետը:
Սա լուրջ խնդիր է:
Վերջին խորհրդակցության ժամանակ վարչապետը մարզպետներին հանձնարարեց ներկայացնել մարզի զարգացման ծրագրեր, ասելով` յուրաքանչյուրն իր տեղում պետք է հստակ հասկանա՝ ինչպիսի՞ երկարաժամկետ ու կարճաժամկետ ակնկալիքներ, տեսլական, երազանք ունի և ո՞ւմ միջոցով ու ինչպե՞ս է դա իրականացնելու: Ձեր կողքին կա՞ն երազանք, տեսլական ունեցողներ, որոնք կարող են նման ծրագրեր առաջարկել:
-Կարևոր հարց հնչեցրիք. այո, պետք է տեսլական ունեցող մարդիկ լինեն, որոնք հստակ պատկերացում կունենան, թե ի՞նչ է բիզնեսը և կկարողանան ներկայացնել բիզնես ծրագրեր, ուր ամեն ինչ պետք է հստակ հաշվարկված լինի: Ունենք մարդիկ, որոնք կարող են հրաշալի գաղափարներ ներկայացնել, բայց պետք է կարողանալ դրանք իրականացնել: Երեք օր է, որ մենք զբաղված ենք վարչապետի բաձնարարականը կատարելով. դասընթացներ ենք իրականցնում, ուսումնասիրում ենք, թե ի?նչ ուղղությամբ գնանք: Ես արդեն հանձարարել եմ համայնքներին ներկայացնել սեփական ծրագրերը, նրանց հետ համատեղ զարգացման ծրագրեր պետք է մշակենք: Իսկ դրանք պետք է պարունակեն շահույթ ապահովող, ժողովրդի վիճակը բարելավող առաջարկներ: Մենք շուտով կհավաքենք այդ բոլոր աջարկները, կքաննարկենք համապատասխան մասնագետների կողմից, որից հետո կներկայացնենք կառավարությանը: Այնպես որ այս պահին դեռ գործընթացի մեջ ենք:
-Բիզնեսի զարգացման համար ազատ պայմաններ ստեղծել ու չխոչընդոտել, թույլ չտալ մոնոպոլիաների, արտոնյալների առաջացում, ապահովել մրցակցային դաշտ. սրանք ևս վարչապետի կարևոր հանձնարարականների շարքում են: Հաջողվո՞ւմ է ձեզ զսպել արտոնյալներին:
-Նախ, ոչ մի ղեկավար չի ուզում խորընդոտել բիզնեսը, հակառակը, օրինակ իմ նպատակն է հնարավորինս օժանդակել յորաքանչյուր ներդրողի, ստեղծողի ու գաղափարներ ունեցողի: Բայց դրա համար գումարներ են հարկավոր: Սա գլոբալ հարց է, ու կառավարությունը համատեղ ուժերով պետք է լուծի այս հարցը:
Ինչ վերաբերում է մոնոպոլյաներին, արտոնյալներին, ապա այդպիսիք մարզերում կամ չկան կամ այդ երևույթները սուր արտահայտված չեն: Արագածոտնի մարզում նման արտոնյալ դիրք գրավող անհատներ չկան, չեք գտնի մեկին, որը կասի` ես եմ միայն այդ բիզնեսում դեր ունեցողը: Այնպես որ, զսպել -չզսպելու խնդիր էլ չկա:
Իսկ բիզնեսի զարգացմանը միայն մոնոպոլիաները չեն խանգարում,  կա գումարի, շուկայի, իրացման, մենեջերի, գաղափարների խնդիր: Այսինքն` խնդիրները բազմաշերտ են:
Վարչապետը նաև հորդորեց բոլորիդ` մեր ժողովրդին ցույց տալ, որ աշխատում եք իր պահանջով, իր սպասելիքների բավարարման համար: Հաջողվո՞ւմ է ձեզ ու ձեր աշխատակիցներին նման աշխատաոճով աշխատել:
-Այդպես էլ աշխատում ենք: Բնականաբար, ամեն ինչ անում ենք, որ լավ լինի մեր ժողովրդի համար: Ես լավատես եմ, կարևորը քայլեր անելն է: Երբ գիտես նպատակը ու կոնկրետ քայլեր ես անում, ապա ինչ-որ արդյունքի հասնում ես: Ցանկացած աշխատանքի մեջ և’ գործնական քայլեր են պետք, և’ երևակայություն, միայն այդ դեպում հնարավոր է արդյունքներ ակնկալել: Ժողովուրդն էլ, երբ արդյունք է տեսնում` գնահատում է: Հակառակ դեպքում կլինի լճացում, ու դրան կհաջորդի դժգոհությունը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն