Գլխավոր » TOP, Լրահոս, Տնտեսություն

<<Ծանրաձող>> բարձրացնելը միայն կառավարության խնդիրը չէ` բոլորինն է

Հոկտեմբեր 27, 2016թ. 23:12

Հարցազրույց ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի դեկան ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

Մեր հասարակության մի զգալի հատվածը դրական ազդակներ է ստացել վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերից, կա մեծ սպասում, որ վարչապետը ոչ ստանդարտ քայլերով իրավիճակ կփոխի: Բայց միաժամանակ կա մտավախություն, արդյոք, նոր կառավարությունն ի զորու կլինի՞ բարձրացնել այն <<ծանրաձողը>>, որը դրվեց կառավարության ռիսկային ծրագրի հիմքում:
-Այն իրավիճակը, որում այսօր գտնվում է մեր երկրի տնտեսությունը, այո, պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ: Բացասական ազդակները, որ հատկապես, գալիս են արտաքին շուկաներից ստիպում են, որ նոր կառավարությունը, որը ստանձնել է իրավիճակը փոխելու, բարելավելու պատրաստակամություն` հաշվի նստի այդ գործոնների հետ: Այստեղից էլ բխել է լուծումների այն փաթեթը կամ հավաքածուն, որ նախընտրել է Կարեն Կարապետյանի <<կաբինետը>>: Այդ առումով, ստացվել է բավականին հավակնոտ, համարձակ լուծումների վրա հիմնված ծրագիր, որը տեղ- տեղ հիշեցնում է գործողությունների կամ միջոցառումների ծրագիր:
Ինչ վերաբերում է <<ծանրաձողը>> բարձրացնելու կարողությանը, ապա դա կախված է ոչ միայն զուտ քաղաքական մենեջմենտի ունակություններից այլև քաղաքական կամքից ու այն աջակցությունից, որ այս իրավիճակում, բնականաբար, պետք է ցուցաբերի և’ երկրի նախագահը, և’ խորհրդարանը` գոնե քաղաքական մեծամասնությունը:
Եվ պատահական չէր, որ վարչապետը, հանրությանն ուղղված իր խոսքում, ակնկալեց նրա աջակցությունը, մասնակցությունն ու բոլոր շերտերի ներգրավվածությունը: Քանի որ նման ակտիվության պայմաններում կարելի է նման ՙծանրաձող՚ բարձրացնել: Այնպես որ, <<ծանրաձող>> բարձրացնելը զուտ կառավարության խնդիրը չէ, այն բոլորինն է:
-Օրերս իր հարցազրույցներից մեկում գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն ասել էր, թե սա վերջին շանսն ու հնարավորությունն է Հայաստանի համար, երկրորդը չի լինելու, ու միաժամանակ կոչ արել` համախմբվել և օգնել վարչապետ Կարապետյանին: Մեկ ձեռքը ծափ տալ չի կարող, բայց ինչպես պետք է արտահայտվի այդ օժանդակությունը:
-Ռուբեն Վարդանյանի մտքերին, նրա հարցազրույցներին ես ծանոթ եմ և դժվար է չհամաձայնել նրա դատողություններին ու առաջարկություններին: Խնդիրը մի քանի շերտեր է ենթադրում. Նախ, այս կարգի խնդիրների լուծման քաղաքական բաղադրիչը ենթադրում է ընտրովի պատասխանատու, լեգիտիմ իշխանության ձևավորում, որովհետր միայն հաշվետու իշխանությունը կարող է իրավիճակի փոփոխման պատասխանատվություն ստանձնել:

Հաջորդը` վստահության և արդարության ռեսուրսի վերականգնումն է: Եթե քայլերն անկեղծ են, նպատակներն ազնիվ, եթե կառավարությունը եկել է աշխատելու, շտկելու գոնե առաջիկա ժամանակահատվածի խնդիրները, ապա դրա իրականացման համար կարիք կա հանրային վստահության ու աջակցության: Եթե դրսևորվի քաղաքական կամք ու կառավարությունը դրական ազդակներ տա ու իր քայլերով համոզի, որ կատարվողը ռեֆորմների իմիտացիա չէ, ապա անշուշտ, հասարակությունը նրան նեցուկ կլինի:
Կարեն Կարապետյանի կառավարությունը իր մեկնակը տվեց ոչ ստանդարտ իրավիճակում, այն չի ձևավորվել ընտրությունների, քաղաքական կոնսենսուսի արդյունքում, այլ պարզապես ծանր իրավիճակում Կարապետյանին հրավիրել են որպես քաղաքական մենեջեր, տվել հնարավորություն ձևավորելու կաբինետ և ստանձնելու պատասխանատվություն: Այն հիմնարար խնդիրները, որոնք վկայակոչում են տարբեր փորձագետներ, գործարարներ, տասնամյակների ընթացքում ստեղծված, ոչ այնքան բարենպաստ իրողություններ են: Առաջին հերթին, դա վերաբերում է բիզնեսի և իշխանության սերտաճման հիմնախնդրին: Գաղտնքի չէ, որ այս խնդիրն այսօր լուրջ թնջուկի է վերածվել` մենաշնորհներ, տնտեսության օլիգարխիկ կառուցվածք, ստվերայնության բարձր մակարդակ, գործարար ակտիվության սահմանափակումներ, հատկապես, փոքր և միջին բիզնեսի մասով, սրանք բոլորը ներքին խնդիրներ են: Բիզնեսի և իշխանության սերտաճման արդյունքում մենք խորհրդարանում ունենք խոշոր գործարարներ, որոնք ձևականորեն են մասնակցում օրենսդրական գործուներությանը: Մանդատը նման մարդկանց համար ուղղակի անձեռմխելիություն ապահովելու գործիք է:
Բացի այդ, մեր տնտեսությունը կառուցվածքային առոմով խոցելի է, սրան էլ գումարած արտաքին պարտքը, ինչն արդեն ՀՆԱ-ի նկատմամբ գերազանցում է 50 տոկոսը, նաև արտաքին շոկերը կամ բացասական ազդակները` մասնավոր տրանսֆերտների ներհոսքի կտրուկ կրճատում, նաև միջազգային շուկաների անբարենպաստ կոնյուկտորան, հատկապես` էներգակիրների, պղնձի գների անկումը և այլն: Այսինքն` այս գործոնները ցանկացած կառավարության համար բարդ իրավիճակ են ստեղծում, այն առավել բարդ է նոր կառավարության համար:
Չնայած սրան նոր կառավարության ծրագիրն իր խոստումներով, ձևակերպումներով, կոնկրետությամբ որոշակի հույսեր է արթնացրել մարդկանց մեջ, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով իրեն այս գործընթացի մասնակից է զգում` ՓՄՁ-ները, խոշոր գործարարները, պաշտոնյաները, միջնորդ ֆինանսական ինստիտուտները, կառավարական կառույցները, պոտենցիալ ներդրողները այս ամենի նկատամամբ լինեն լավատես ու կառավարությանը հնարավորություն տան ստանալ դրական արդյունքներ:
Մյուս խնդիրը կոռուպցիան է, որ դարձել է համակարգային խնդիր, այն խժռում է հսկայական ռեսուրսներ: Իմ դիտարկմամբ, այն կազմում է ՀՆԱ-ի առնվազն 10 տոկոսը, այսինքն 1-ից 1,5 մլրդ դոլար փոշիացվող միջոցներ են, որոնք այլ պայմաններում կարելի է վերածել զարգացման ռեսուրսի: Եվ պատահական չէ, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը ձևակերպել է որպես առաջնահերթություն:
Ինչպես ասում են` շատ գործ կա անելու, իրավիճակը հիմնովին շտկելու համար համակարգային փոփոխություն է հարկավոր: Սակայն Կարապետյանի կառավարությունը պարտադրված է գնալ նախ լարված իրավիճակը մեղմող քայլերի և ծրագրում հստակ շեշտված են վեցամսյա կատարման ժամկետ պահանջող քայլեր. ի՞նչ կասեք դրանց առնչությամբ:
-Այդ քայլերի օրակարգում կան կարճաժամկետ միջոցառումներ, որոնք առաջարկում են պետական կառավարման համակարգի օպտիմալացում` ծախսերի կրճատում, հատկապես, տարբեր գերատեսչությունների գերուռճացվածության հաղթահարում, դա նաև վերաբերում է ՊՕԱԿ-ներին, ԾԻԳ-երին, ինչը կարևոր խնդիր է: Կարճ ժամկետներում նախարարություններ միավորել, խոշորացնելն, իհարկե, իրատեսական չէ, բայց դրանց կառուցվածքները օպտիմալացնելն ու գործառույթները հստակեցնելը շատ կարևոր քայլ է: Այս որոշակի կրճատումների հաշվին կարելի է նաև որոշ չափով ավելացնել պետական ծառայողների աշխատավարձերը, որը կարող է հակակոռուպցիոն հետաքրքիր գործիք լինել:
Մյուս կարևոր հակակոռուպցիոն քայլերից մեկը, ինչը կարելի է կարճ ժամկետներում` 5, 6 ամսում իրականացնել` պետական գնումների համակարգը կարգի բերելն է, այսինքն, այն, ինչ մենք կոչում ենք ՙատկատ՚, բյուջետային յուրացումներ, հափշտակություններ, կառավարությունն առաջարկում է այս խնդիրների լուծում: Ու դրանց հետ դժվար է չհանաձայնել, մասնավորաբար, պետգնումների համակարգում գնման էլեկտորանային եղանակի կիրառնումը, շահերի բախման իրավիճակների բացառումը, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը: Սրանք քայլրեր են, որոնք կարող են կարճաժամկետ արդյունք ապահովել:

Մյուսը, որը ես շատ եմ կարևորում` ներդրումների խրախուսման ու պաշտպանության ուղղությամբ միջոցառումներն են: Գործադիրը բավական համարձակ լուծում է առաջարկում, ըստ իս, փոքր-ինչ ռիսկային է, մասնավորապես, ռիսկային է ներդրումային ֆոնդի ստեղծման գաղափարը, նաև ստեղծվում է ներդրումային ֆոնդ մասնավորի համագործակցությամբ: Ինչ կարող է սա տալ մեզ: Ըստ իս, դա կարող է օգտագործվել Իսրայելի սխեմայով, այնտեղ կան հիմնադրամներ, դրանց հետաքրքիր մոդելներ: Մեզ համար դա ևս կարող է շատ հետաքրքիր ձևաչափ լինել, եթե դրանով մենք խարխուսենք երկու, այսպես ասած, ուղղություն. Առաջինը, աջակցել բարձր տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների հետաքրքիր նախագծերը, որոնք կարող են ստեղծել բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղեր, իսկ աշխատատեղի ստեղծումը մեզ մոտ գլխավոր խնդիր է: Եվ երկրորդ, այդ ֆոնդի միջոցները կարող են ծառայել որպես միջոց ներգաղթի կազմակերպման, գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցները դրսում ունեն լուրջ դժվարություններ, հատկապես, Ռուսաստանու, այդ ֆոնդի միջոցներով կարելի է ՓՄՁ-ներին մեղմ, նույնիսկ անտոկոս վարկեր տրամադրել, որպեսզի մարդիկ վերադառնան ու այստեղ ստեղծեն իրենց բիզնեսը: Իսկ մենք գիտենք, որ մեզանում արտագաղթում են հիմնականում կարողություններ ունեցողները, նրանցից մի մասն այսօր դրսում ունենալով դժվարություններ, մտածում է հայրենիք վերադառնալու մասին: Որպեսզի մենք նրանց տանք հնարավորություն ու շահագրգռենք հետ գալ և որոշակի միջոցներ այստեղ ներդնել, ապա պետությունը պետք է համաֆինանսավորում և արտոնյալ վարկավորում ապահովի:
Ես խոսեցի ընդամենը մեկ բաղադրիչի մասին, որն առաջարկում է կառավարությունն ի շատ լակոնլիկ գրված ` երեք, չորս տողերի մեջ: Բայց դրա տակ շատ գործ կարելի է անել:
Ներդրումների խթանման մյուս քայլերը ևս ողջունելի են: Վերաջապես, տնտեսությանը վերաբերող մասով, ասեմ հետևյալը. նեմուծման-արտահանման որորտում, հատկապես մաքսային ոլորտում, առկա խնդիրները գոյացել են տասնամյակների ընթացքում, ստեղծել են ստվերայնություն, կոռուպցիա, շորթումների մշակված տեխնոլոգիաներ: Կառավաությունը կարող է կարճաժամկետ, միջնաժամկետ քայլերով այստեղ ևս կարգ ու կանոն հաստատել: Եվ այս ուղղությամբ կառավարության ծրագրում տեղ գտած հսկիչ գների համակարգի ներդրումը ողջունելի քայլ է: Կան նաև ոլորտային այլ հետաքրքիր շատ լուծումներ:
Շեշտեցիք հասարակությանը տրվող դրական ազդակների կարևորության մասին, այդ շարքում լուրջ քայլ է նաև պատասխանատվության հարցի բարձրացումը, կամ ինչպես պատգամավորներից մեկն ասաց` <<ռիսկով տղերքից>> բյուջեի մսխած գումարները հետ վերցնելը:
– Այո, կառավարության ծրագրում կա ապօրինի հարստացման քրեականացման դրույթ: Այս առումով բավական է իրականացնել մեկ միջոցառում. հայտարարվի կապիտալի համաներում: Այսինքն, նրանց, ովքեր ապօրինի ճանապարհներով հարստություն են դիզել, չեն վճարել հարկերը ու տարբեր օրենքներ շրջանցելով կարողություն են կուտակել, պետք է տրվի ժամկետ, ասենք երեք ամիս, որպեսզի հայտարարագրեն իրենց ունեցվածքը, որը ձևակերպել են զոքանչի, զարմիկի, քավորի, հեռու-մոտիկ բարեկամների անունով, և ազատվեն պատասխանատվությունից: Նրանց նաև պետք է օրենքով պարտադրել վճարել չվճարված հարկերը:
Եթե կառավաությունը նման` ոչ ստադարտ քայլեր կատարի, նա կստանա հանրային վստահություն ու աջակցություն, և ինչու ոչ, նաև մանդատ` հետագա գործունեության համար:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն