Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Չսպասենք, որ դատարանները սխալվեն, հետո դիմենք ՄԻԵԴ-ին

Հոկտեմբեր 27, 2016թ. 17:13
Հայկ Ալումյան

Օրերս խորհրդարանը քննարկեց Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվեցիայի 16-րդ արձանագրության վավերացման հարցը, որը Հայաստանը դեռևս 2013-ին է ստորագրել:
Այս արձանագրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հնարավորություն է ստանում ընդլայնել իր գործառույթները` սերտորեն համագործակցելով պետությունների դատական համակարգերի հետ:
Խնդրի շուրջ զրուցեցինք փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ

Փաստորեն, ինչպես Վենետիկի հանձնաժողովն է դրական դերակատարում ունենում մեր օրենսդիր աշխատանքում, այս դեպքում էլ արդարադատության ոլորտում նման դերակատարություն է ստանձնում ՄԻԵԴ-ը` վիճահարույց գործերի շուրջ հայաստանյան դատարաններին տրամադրելով խորհրդատվություններ:
-Տեսեք, մեր ներքին օրենքները մեկնաբանում են մեր դատարանները, Սահմանադրությունը մեկնաբանում է Սահմանդրական դատարանը, այնպես էլ Եվրոպաական կոնվենցիան մեկնաբանում է Եվրոպական դատարանը: Երբ մեր դատարանները գործ քննելիս խնդիր են ունենում երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության հետ, բնականաբար, դիմում են ՍԴ, որպեսզի պարզեն` այն հակասահմանադրական է՞, թե՞ ոչ: Նույն իրավիճակը կլինի, եթե Եվրոպական կոնվենցիայի կիրառման հետ կապված խնդիրներ առաջանան, լինեն կասկածներ, թե տվյալ իրավիճակում ինչպե՞ս մեկնաբանել կոնվենցիան, x կետի, x բառը ինչպե՞ս հասկանալ ու կիրառել: Այդ ժամանակ մեր դատարանները, այո, կդիմեն Եվրոպական դատարանի օգնությանը:
– Այսինքն, սա հնարավորություն կտա՞ վիճահարույց հարցերը հնարավորինս արագ ու կարճ ճանապարհով լուծել:
-Իհարկե, միանալով Եվրոպական կոնվենցիայի այս արձանագրությանը մեր դատարանները հնարավորություն կունենեն վիճահարույց հարցերի ժամանակ դիմել ՄԻԵԴ-ն ու տվյալ գործերի առնչությամբ ստանալ մեկնաբանություններ: Ոչ թե մեր քաղաքացուն բոլոր դատական ատյաներով տանել ու հասցնել ՄԻԵԴ, որպեսզի վերջինս ասի`ձեր պետությունը սխալ է կիրառել եվրոպական կոնվենցիան, այլ հենց սկզբից այդ մեկնաբանությունը կտրվի ու հարցը տեղում արագ լուծում կստանա: Պարզ ասած` սա հնարավորություն կտա չսպասել, որ հայաստանյան դատարանները սխալվեն ու հետո միայն դիմեն ՄԻԵԴ-ին:
Եվրոպական կոնվենցիան մեզանում մեկնաբանում են ինչպես պատահի: Ես որպես փաստաբան որպեսզի կարողանամ պաշտպանել իմ վստահորդին ստիպված եմ հասնել Եվրոպական դատարան, լավագույն դեպքում 4 տարի էլ սպասել ու պարզել, որ Հայաստանի դատարանները սխալվել են ու երկիրն էլ պետք է տուգանքներ վճարի: Այս դեպքում հնարավոություն կլինի ՄԻԵԴ-ից արագ ստանալ կոնվենցիայի մեկնաբանությունները , քաղաքացին կարող է ավելի արագ լուծել իր իրավական խնդիրները:
Խորհրդարանում վիճահարույց համարվեց այն, որ ՄԻԵԴ-ի տրամադրած կարծիքները ընդամենը խորհրդատվական բնույթ են ունենալու ու դիմումների վրա ազդեցություն չեն ունենա:
-Բայց այդպես էլ պետք է լիներ: ՄԻԵԴ-ը չի խորանալու այն հարցի մեջ, թե մեր դատարաններն իր ներկայացրած խորհրդատվություններն ու եզրակացությունները ինչպե՞ս կիրառեցին, և կիրառեցի՞ն արդյոք: Դրան ուշադրություն կդարձվի այն դեպքում, երբ տվյալ գործը կհասնի Եվրոպական դատարան: Այդ ժամանակ միայն ՄԻԵԴ-ը կանի այն, ինչ անում է այսօր:
-Մտահոգություն հայտնվեց նաև, թե մեր դատավորները որոշում կայացնելուց առաջ կարող են կապվել ու ՄԻԵԴ-ից ճշտել, թե որքա՞ն կլինի տվյալ գործով տուգանքի չափը և նոր միայն որոշում կայացնեն: Այսինքն` եթե տուգանքի չափը մեծ չի լինի, նրանք կարող են հանգիստ խղճով իրենց ուզած ոչ ճիշտ որոշումը կայացնել և անցնել առաջ:
-Նման մտավախություններն ուղղակի անհիմն են: Նման հարց կարող են հնչեցնել գործից անտեղյակ մարդիկ: Ցավոք, մեր պատգամավորները շատ հաճախ անտեղյակ են, թե ի՞նչ բովանդակություն ունեն իրենց կողմից վավերացվող փասթղթերը: Այստեղ խոսքը վերաբերում է ՄԻԵԴ-ից զուտ եվրոպական կոնվենցիայի մեկնաբանությունները ստանալուն: Ի դեպ, ոչ միայն մեր դատարանները, այլ տարբեր երկրների դատարաններում հաճախ են ստեղծվում նման իրավիճակներ, երբ խնդիր է առաջանում եվրոպական կոնվենցիայի մեկնաբանման ու կիրառման հետ, երբ ներկայացվում են տարատեսակ մեկնաբանություններ: Այստեղ է, որ օգնության կհասին ՄԻԵԴ-ը:
Դարձյալ պատգամավորական մեկ դիտարկում ներկայացնեմ, ըստ որի, իրականում ՄԻԵԴ-ը փորձում է այս գործիքակազմն օգտագործել իր գործերը թեթևացնելու համար (որպեսզի տարիներով հերթեր չգոյանան), մինչդեռ այս արձանագրության մեջ կան ոչ հստակ կետեր ու դրան միացող 10 երկրներն անգամ չգիտեն, թե ի?նչ հայեցակարգային խնդիրներ կան նրանում, չգիտեն թե ինչպե՞ս իրենց շահերի համար այն լիարժեքորեն օգտագործեն:
-Մեր պատգամավորներն իրենց նման դատողություններով ամենահամբերատար մարդուն կարող են հանել հունից: Ինչպե՞ս կարող է Եվրոպական կոնվեցիայի արձանագրությունում լինեն ոչ հստակ կետեր: Նման բան չկա: Այսպիսի կարծիք արտահայտած պատգամավորներին կառաջարկեմ դառնան ու կարդան իրենց իսկ ընդունած օրենքները, քանի՞ տոկոսն է հասկանում, թե դրանցում ի՞նչ է գրված, այնքան խրթին ու անհստակ են դրանք:
Մի քանի երկրների հետ նաև մեր երկիրն է վավերացնում այս արձանագրությունը. ի՞նչ է այն տալիս Հայաստանին:
-Հայաստան պետությանը այն ինչ-որ բան չի տալիս, ինչպես և ինչ-որ բան չի տվել Եվրոպական կոնվենցիայի վավերացումը: Այն տալիս է Հայաստանի քաղաքացիներին: Եվրոպական կենվենցիայի վավերացումը պետության համար զսպաշապիկ է, այսինքն` ցանկացած պետություն միանալով կոնվեցիանին կամովին զսպաշապիկ է հանգնում: Կոնվենցիայի այս արձանագրության վավերացմամբ ևս պետությունը հերթական զսպաշապիկը հագավ: Այն զսպող գործոն է, որպեսզի մեր դատարաններն իրենց ուզած ձևով չմեկնաբանեն Եվրոպական կոնվենցիան:
Երբեմն հանդիպում ենք դեպքերի, երբ ուղղակի փշաքաղվում ես` տեսնելով, թե ինչպե՞ս է մեր Վճռաբեկ դատարանը մեկնաբանում կոնվենցիան: Եվ հետո, երբ այդ գործը հասնում է ՄԻԵԴ, տեսնում ու համոզվում ես, որ մեր դատարանները բոլորովին այլ կերպ են հասկացել ու կիրառել կոնվենցիան: Հիմա սա հերթական զսպաշապիկը պետք է լինի այն վավերացրած բոլոր պետությունների, նաև Հայաստանի դատարանների համար:
Այս արձանագրության վավերացումը թույլ է տալիս ներքին օրենքներում` քրեական, քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություն կատարել ու օրենք ընդունել, համաձայն որի` աշխատանքից կհեռացվի այն դատավորը, որը սխալ վճիռներ կկայացնի: Կա համոզմունք, որ նման օրենքի առկայությամբ և’ քաղաքացին իրենց առավել պաշտպանված կզգա, և’ պետության գրպանից հսկայական տուգանքներ չեն վճարվի իր գործը լավ չարած դատավորի պատճառով: Համակարծիք չե՞ք:
-Այստեղ մի շարք հարցեր են առաջանում: Իսկ ո՞վ է լինելու սխալ որոշումներ կայացրած դատավորին աշխատանքից հեռացնողը, մեկը պե՞տք է նրա հեռացման դիմումի տակ ստորագրի: Հենց այն պահին, երբ դատավորն ունեցավ իրեն գործից ազատող վերադաս անձ կամ մարմին, իմացեք, որ նա այլևս դատավոր չէ, նա այլևս չի կարող լինել անկախ:
Ուզում եմ հասկանալ, ո՞նց են մեր խորհրդարանականները այս ամենը հասկանում. Ո՞վ պետք է լինի դատավորին գործից հանողը: Հենց այդ մարդը գտնվեց, ուրեմն մի մարդ էլ պետք է գտնեն, որ առաջինի կայացրած որոշումը գնահատի` օրինական է՞ր, թե՞ չէ:
Տեսեք, առաջին ատյանի դատավորը կարող է սխալ լինել, դրա համար կա Վերաքննիչ դատարան, որը նրա սխալները պետք է ուղղի: Բայց Վերաքննիչ դատարանի դատավորն էլ կարող է սխալվել, նրա սխալն էլ պետք է ուղղի Վճռաբեկը ու այսպես մինչև ՍԴ: Հիմա, ՄԻԵԴ-ից մենք վճիռ ենք ստացել, որ մեր երեք ատյանների դատարաններն էլ սխալվել են` օրենքը սխալ են կիրառել: Ընդ որում, կան գործեր, որոնցում խայտառակ սխալներ կան, առաջին կուսի ուսանողը նման սխալի դեպքում քննությունից կկտրվի: Հիմա, ի՞նչ անենք, բոլոր դատավորներին պատժե՞նք: Կարող է՞ մի մարմին էլ ստեղծենք, որը կորոշի` էս դատավորը լավ է, սրան պետք է պահել, մյուսը վատ է` պետք է ազատել: Իսկ ով է վերահսկելու` այդ մարմինը ճիշտ է պատժո՞ւմ, թե՞ սխալ: Ո՞ւր ենք այսպես գնում:
– Մի խոսքով, ստացվում է անելանելի իրավիճակ. դո՞ւք ինչ լուծում եք առաջարկում:
-Չէ, անելանելի իրավիճակ չկա: Աշխարհը վաղուց է գտել դրա լուծումը, իսկ մենք չգիտես ինչու դեռ չենք հասկանում: Իսկ լուծումն այս է. եթե համեմատեք այսօրվա դատավորներին 20 տարի առաջվա դատավորների հետ կհամոզվեք, որ վիճակը բոլորվին էլ անելանելի չէ: Կա դրական առաջընթաց:
-Պարզ է, ուզում եք ասել կարևորը մտածողության փոփոխությունն է:
– Այո: Նախկինում դատավոր էին դառնում զուտ փող աշխատելու համար, մինչդեռ այսօր մենք ունենք զգալի թվով նոր սենդի դատավորներ, որոնք այդ պաշտոնը ստանձնել են ոչ հարստանալու համար:
Սա արդեն առաջընթաց է, և սա է հարցի լուծումը:

Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն