Գլխավոր » Interview, NKR, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ալիևն այսօր խնդրողի դերում է. ԵԱՏՄ-ն շատ ավելի պետք է Ադրբեջանին, քան Ադրբեջանը` ԵԱՏՄ-ին

Հոկտեմբեր 21, 2016թ. 09:59

Հարցազրույց քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հետ

-Ռուս լրագրող Կիսիլյովին տված հարցազրուցում Ադրբեջանի նախագահն ասել է, թե Բաքուն պատրաաստ է <խելամիտ փոխզիջման>, իսկ դա Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումն է` Ադրբեջանի կազմում: Նաև նշել է ազատագրված հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրականությունից կտրված Ալիևի այս հայտարարությունը:
-Ալիևի խոսքերը ես համարում եմ մեկ քայլ առաջընթաց իր իսկ դիրքորոշումներում, ինչո՞ւ, որովհետև, մինչ այդ նա երբեք չի խոսել ԼՂ կարգավիճակի մասին, այլ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և վերջինս պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը, փախստականները պետք է վերադառնան Ղարաբաղ, որից հետո հայկական ու, իր խոսքով ասած` ադրբեջանական համայնքները ԼՂ-ում կլուծեն իրենց համակեցության հարցերը: Իսկ այսօր, երբ Ալիևը խոսում է Լեռնային Ղարաբաղին Ինքնավար Հանրապետության կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին, դա վկայում է այն, որ բանակցություններում, իրոք, քննարկվում է ԼՂ Հանրապետության անկախության ճանաչման հարցը և ինքը այդ ֆոնին նման լուծում է առաջարկում:
Այսինքն, դեռ հոկտեմբերի 7-ին Ալիևի հնչեցրած այն խոսքերը, թե Բաքվից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իրականում հրապակավ ասված խոստովանություն էր:
-Իրականությունն այն է, որ բանակցություններում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության միջազգայնացման, լեգիտիմացման հարցը: Ու պետք չէ Ալիևի այդ հայտարարությունն ընդունել իբրև էմոցիոնալ պատասխան, ինչպես, ցավոք, մեկնաբանվեց հայկական մամուլում, վերլուծաական շրջանակներում: Պետք է փորձել հասկանալ խնդրի խորքը, իսկ դա այն է, որ Ալիևը փաստորեն հոկտեմբերի 7-ից հետո երկրորդ անգամ, արդեն ռուս լրագրողին տված հարցազրույցում, ակնհայտորեն խոստովանում է, որ միջազգային հանրությունը պնդում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, ինքն էլ գտնում է, որ կարելի է փոխզիջման գնալ ինքնավար հանրապետության կարգավիճակ տալով:
-Իր երկիրը համարելով ինքնաբավ ու զարգացած, Ալիևը միաժամանակ ասել է, թե որևէ միության ինտեգրվելու համար իրենց <հավելյալ շարժառիթ է պետք>: Չե՞ք կարծում, որ  ակնարկն ուղղված է ռուսական կողմին` ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին կմտածեն, եթե իրենց շահագրգռեն ազատագրված տարածքների վերադարձով:
– Ամբողջ հարցազրույցի ենթատեքստը հետևյալն է. Ալիևը փորձում է ԼՂ բանակցային գործընթացը տեղափոխել Եվրասիական, այսպես ասած, ընդհանուր պատմության միջավայր: Իսկ դա այն միջավայրն է, որում 1921 թվականի հունիսի 5-ին լուծվեց Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում:
Հիմա, փաստորեն Ալիևը բացահայտում է, որ գոյություն ունի մոտեցումների երկվություն. մի կողմում միջազգային հանրության տեսակետն է, որ ԼՂ անկախությունը պետք է ճանաչվի, մյուս կողմում ինքը փորձում է Եվրասիական տնտեսական միության, Եվրասիական ընդհանուր քաղաքակրթական դաշտին ինտեգրվելու միջոցով ԼՂ խնդիրը դուրս բերել միջազգային քաղաքական օրակարգից ու տեղափոխել, կրկնում եմ` Եվրասիական պատմության ընդհանուր միջավայր: Պարզ ասած, սա մեսիջ էր, Ադրբեջանը փորձում է ԼՂ բանակցային գործընթացը տեղափոխել ռուս-թուրքական կամ Եվրասիական աշխարհաքաղաքական համագոծակցության դաշտ, միջավայր:
Փաստորեն, Ալիևը բաց ակնարկեց, որ ԵԱՏՄ մտնելու գինը Ղարաբաղն է ու ազատագրված տարածքները:
-Ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ, այն իրատեսական չէ, քանի որ այսօր Ալիևը խնդրողի դերում է, որովհետև այսօր ԵԱՏՄ-ն շատ ավելի պետք է Ադրբեջանին, քան Ադրբեջանը` ԵԱՏՄ-ին: Խնդիրն հետևյալն է. ԵԱՏՄ-ն միջազգայնորեն չընդունված, մարգինալ կառույց է, այսինքն բոլորը գիտեն, որ այդ կառույցը կարող է նաև վաղը չլինել: Եվ հիմա Ալիևը մտածում է, քանի դեռ կա այդ կառույցը, քանի դեռ կա այդ միջավայրը, փորձի ստանալ այդ միջավայրի օժանդակությունն ու աջակցությունը:
Բացի այդ, Ալիևն այսօր նաև լավ գիտի, որ իր իշխանությունը կարող է պահպանել միայն Եվրասիական քաղաքակրթության շրջանակներում: Մինչդեռ եվրոպական, արևմտյան հանրույթը չի ընդունում ալիևյան իշխանության ժառանգականությունը: Սակայն դա առավել ընկալելի է Ռուսաստանում, քանի որ այնտեղ ևս նույն սկզբունքով է տեղի ունենում իշխանության ձևավորում: Ահա թե ինչու է Ալիևը փորձում դառնալ Ռուսաստանի հովանավորյալը:
Ամփոփելով այս միտքս ասեմ, գուցե մեկ, երկու տարի առաջ Ռուսաստանն էր փորձում Ադրբեջանին տանել դեպի ԵԱՏՄ: Հիշեք, որ վերջին երկու տարում Ադրբեջանի ամենատարբեր պաշտոնյաներ մեկը մյուսի հետևից հայտարարում էին, թե Ադրբեջանը ինքնաբավ երկիր է ու ԵԱՏՄ-ն իրենց չի հետաքրքրքրում: Սակայն այսօր հակառակն է, իրավիճակ է փոխվել ու Ալիևն այսօր խնդրողի դերում է: Ես այդ կերպ եմ հասկանում նրա բացահայտ հայտարարությունն այն մասին, թե բացառված չէ, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին:
-Կնշանակի առևտուր է ընթանում Արցախի շուրջ` Ռուսաստան, Ադրբեջան, նաև Թուրքիա շրջանակներում:
-Չէ, խնդիրն այդքան պարզեցնել պետք չէ. Արցախը կայացած պետություն է ու նրա շուրջ չի կարող առևտուր գնալ: Խնդիրն այն է, որ աշխարհում ընթանում է գլոբալ վերաբաժանում, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև գլոբալ մրցակցությունն է, Արևմուտքի ծրագրերն այսօր չեն համապատասխանում ո’չ ՌԴ-ի, ոչ Թուրքիայի շահերին, Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են մերձավորարևելյան կարգավորման մեջ լուրջ դերակատարում ստանձնել, իսկ Ադրբեջանը, որը Թուրքիայի ստեղծածն է` նրա դրածոն, այժմ փորձում է տեղավորվել ռուս-թուրքական բարելավվող հարբերությունների դաշտում: Թե դա որքանո?վ կհաջողվի` դժվար է ասել: Արդյոք այսօր Ռուսաստանին հետաքրքի՞ր է Ադրբեջանի նման կեցվածքը, ի վերջո, ՌԴ-ն իր խնդիրները լուծում է Թուրքիայի հետ և բացառված չէ, որ Ադրբեջանի նախագահի այդ ակնարկները մնան չպահանջված: Մեծ հաշվով տեղի է ունենում ռուս-թուրքական համաձայնություն և այդտեղ Ադրբեջանը որևէ դերակատարություն ունենալ չի կարող, ինչը նվազեցնում է նրա աշխարհաքաղաքական կարևորությունը:
-Այդ դեպքում, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը ԼՂ բանակցային գործընթացում Թուրքիայի մասնակցության մասին:
-Լավրովն ասաց, որ Թուրքիան կարող է ունենալ դրական դերակատարություն: Ես էլ եմ գտնում, որ կարող է ունենալ: Իսկ թե ի?նչ է հասկանում Ռուսաստանը ՙդրական դերակատարություն՚ ասելով` չեմ կարող ասել: Ես օրինակ, հասկանում եմ այս կերպ, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին համոզել, որպեսզի վերջինս ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, այդպիսով հայ-թուրքական հարաբերությունների հարթեցման գործընթացում ճանապարհ հարթելով: Իմիջայլոց, մի բան էլ պետք է նկատի ունենանք. թուրք-ադրբեջանական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, ինչպիսին մենք ենք պատկերացնում: Այնտեղ կան խորքային բարդություններ: Իմ տպավորությամբ, Ադրբեջանը սկսում է բեռ դառնալ Թուրքիայի համար, և վերջինս վաղ, թե ուշ ստիպված է լինելու իր ուսերից դեն նետել Ալիևի հավակնությունները:

-Բայց նաև հայտնի է, որ այդ երկու երկրները որքան էլ ունենան տարբեր խնդիրներ, գոնե թե հայկական հարցում, որի մի մասն է կազմում նաև արցախյան խնդիրը, մնում են միակամ:
-Դա ևս չենք կարող միանշանակորեն պնդել: Ես չեմ կիսում ձեր կարծիքը, ի վերջո, Թուրքիան ու Ադրբեջանը տարբեր երկրներ են, ունեն տարբեր քաղաքական էլիտաներ, որոնք ունեն իրենց շահերը, խնդիրները: Ի վերջո Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ու կաշկանդված է պարտավորություններով ու միշտ չէ, որ պատրաստ է կամ կարող է իրացնել Ադրբեջանի շահը:
-Լավ, իսկ ի՞նչ կասեք ԼՂՀ ազատագրված հինգ շրջաններն Ադրբեջանին հանձնելու հարցի շուրջ ՄԽ ռուս համանախագահ Պոպովի արձագանի մասին, թե` <<Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է և դրանից այս կամ այն կողմի համար նախընտրելի առանձին տարրեր հանելու ցանկացած փորձ ապակառուցողական է>>:
– Նրա խոսքերում որևէ նորություն չկա և չպետք է արտառոց ինչ-որ բան փնտրել: Նա ասել է այն, ինչն ամրագրված է մադրիդյան սկզբունքներում: Նույն կերպ ամեն անգամ սենսացիա ենք փնտրում Ուորլիքի խոսքերում, երբ վերջինս ասում է յոթ շրջանները հանձնելու մասին: Քանի դեռ մադրիդյան սկզբունքները բանակցային սեղանի վրա են միջնորդները շարունակելու են կրկնել նույնը: Այս խոսակցությունները կդադարեն միայն այն պահին, երբ կողմերից մեկը կհրաժարվի մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններից:
Վերջերս որոշ վերլուծաբաններ հաճախ են մեզանում խոսում այն մասին, թե Ադրբեջանը արկերի կամ հրթիռների արտադրման գործարան է հիմնում, ինչը նշանակում է, որ նա պատրաստվում է մեծածավալ, խորքային պատերազմի:
-Որևէ մեկին չվիրավորելու համար ընդամենն ասեմ` դա միամիտ խոսք է: զարմանալի է, որ հայկական մամուլը չի դադարում խոսել այդ մասին: Բալիստիկ հրթիռների արտադրման գործարանի հիմնումը կոնֆետի գործարան է՞, որ հանգիստ ոտքի վրա կարողանա ստեղծել: Ո՞վ է Ադրբեջանին տալու այդ տեխնոլոգիաները: Ի վերջո, դա մեկ ամսվա, մեկ տարվա գործ չէ, նման գործարանի հիմնումը կարող է տասնամյակներ տևել: ԽՍՀՄ-ը 30 տարի մտածեց, կոնստրուկտորական հարյուրավոր բյուրոներ աշխատեցրեց մինչև առաջին հրթիռը կրողացավ ուղարկել տիեզերք:
Գիտեք, Ադրբեջանում այսօր մի այլ իրավիճակ է ստեղծվել այն պահից, երբ Երևանում ցուցադրվեցին ՙԻսկանդեր՚ հրթիռային համակարգերը: Հիմա իրենք իրենց ժողովրդին քարոզչությամբ պետք է հանգստացնեն ասելով, թե մենք էլ ավելի հզոր զենք ունենք: Եթե ունեն ինչո՞ւ իրենց հզոր զենքերը չցուցադրեցին Ադրբեջանի անկախության 25 ամյակին` հոկտեմբերի 18-ին,ինչու աշխարհին չներկայացան իրենց բալիստիկ հրթիռներով: Ասեմ ավելին, անգամ զորահանդես չկազմակերպեցին, սա արդեն այդ պետության համար խայտառակություն էր: Վաղը կարող է մի ապուշ ադրբեջանցի հայտարարի, թե Պաղեստինից միջուկային զենք ենք գնել, մեզ մոտ այդ հիմարությունը տարածելու ենք ու սենսացիա ստեղծե՞նք: Ինչո՞ւ չենք գիտակցում, որ Ադրբեջանն իր քարոզչությունն է անում:
Այն, որ Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորման կոնցեպցիան չի ընդունում, սա ակնհայտ է, ապրիլին էլ ակնհայտ դարձավ, որ նա ռազմական ուժով հարցը լուծել չի կարող: Մեր փորձագիտական, քաղաքական ու լրագրողական շրջանակները փոխարենն անընդհատ քարոզչություն իրականացնենք, որ Ադրբեջանը պարտված է, հակառակն են անում, հենվում են Ալիևի կամ նրա պաշտոնյաների հիմար հարցազրույցների վրա ու մեզանում ևս տարածում այն կեղծ լուրերը, թե գիտեք, Ադրբեջանը Ռուսաստանի արտադրության ինչ-որ հրթիռներ ունի: Նման բան չկա, եթե ունենար`կցուցադրեր:
Մինսկի խմբի համանախագահները գալիս են տարածաշրջան, հայտարարել են` մտադիր ենք քննարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ինչը կնպաստի հակամարտության գոտում կայունության հաստատմանը: Ի՞նչ ակնկալել այս այցից:
-Ոչինչ պետք չէ ակնկալել. Մինսկի խումբը անընդունակ է ինչ որ բան անել, անգամ անընդունակ է հասնելու այն համաձայնությունների իրացմանը, որ ձեռք են բերվել Վիեննայում ու Պետերբուրգում:
Ու մենք այսօր մեկ բանի ուղղությամբ պետք է մտածենք` ունենալ զարգացած երկիր, պաշտպանունակ բանակ, միակամ, համերաշխ հասարակություն և նորմալ քարոզչական միջավայր: Այս ամենի առկայության դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի տեսանելի ապագայում ընդունել, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, NKR, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն