Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը կարող է՞ հայտնվել ՌԴ-Արևմուտք սրված հարաբերությունների կիզակետում

Հոկտեմբեր 13, 2016թ. 17:03

Այսօր Երևանում սկսվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ

-ՀԱՊԿ նստաշրջանում քննարկվելիք հարցերի օրակարգը փաստում է այն մասին, որ կազմակերպությունը պատրաստվում է փոփոխել իր մարտավարությունը, ընդունել որոշումներ, որոնք միտված են ՀԱՊԿ գործունեության կատարելագործմանը, ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծմանը, և այլն: Այս ամենը պայմանավորված է նոր մարտահրավերներո՞վ, աշխարհաքաղաքական նոր իրողություններո՞վ:
-Իհարկե, ցանկացած կազմակերպություն պետք է իր ծրագրերում արտացոլի այն խնդիրները, որոնք տվյալ պահին ամենից արդիական են և առնչվում են այդ պահի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ:
Երբ ՀԱՊԿ-ը նոր էր ստեղծվել, իրավիճակն այլ էր, քանի որ այլ էին թե’ արտաքին մարտահրավերները, թե’ կառույցում առկա ներքին խնդիրները: Մինչդեռ արագ փոփոխվող աշխարհը պահանջում է իրավիճակի նորովի գնահատում: Երկրների առաջ ծառացած նոր մարտահրավերները բերում են նոր մարտավարության մշակման ու նոր քայլերի անհրաժեշտության: Բացի այդ, ցանկացած կազմակեպություն տարիների ընթացքում կատարելագործվում է, փորձում գտնել գործունեության նոր ու արդյունավետ մեթոդներ: Եվ այսօր ժամանակն է, որ ՀԱՊԿ-ը վերանայի իր առաջնահերթությունները ելնելով թե արտաքին իրավիճակից, թե ներքին: Եթե անգամ հիմնովին փոփոխության չենթարկվի կառույցի ռազմավարությունը, ապա գոնե ծրագրերի և գործունեության կատարելագործման անհրաժեշտություն կա: Ինչի ականտեսը, կարծում եմ, կլինենք այս նստաշրջանում:
<<Աշխարհում փլուզվել է գլոբալ անվտանգության համակարգը, դադարեցված են առաջատար միջազգային խոշոր խաղացողների միջև կապերը, բախվում ենք պարադոքսալ իրավիճակի հետ, երբ տարբեր երկրներ կարող են մի կողմից կոչ անել պայքարել ահաբեկչության դեմ, մյուս կողմից զենք մատակարարել նույն ահաբեկիչներին: Սա վերլուծություն է պահանջում>>. Բորդյուժան իր այս խոսքերով ոչ միայն ահանզանգ հնչեցրեց ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման մասին, այլ կարծես ՀԱՊԿ երկրներին հուշեց` եկել է ժամանակը, որ այս իրավիճակում վերջիններս արտահայտեն իրենց հստակ դիրքորոշումը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Ռուս-ամերիկյան հարբերությունները, որոնք երկար ժամանակ համարվել են համաշխարհային անվտանգության համակարգի հիմնասյունը, այսօր լրջորեն վտանգված են, հարված է հասցվել անվտագության հենասյանը: Միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում ՄԱԿ-ը, նպաստում էին համաշխարհային անվտանգության համակարգի պահպանմանը, մինչդեռ այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր այլ իրավիճակ է, վետոյի իրավունք ունեցող երկրները խիստ բացասական կարծիք ունեն մեկմեկու առաջարկների վերաբերյալ, մասնավորաբար, Սիրիայում կատարվողի շուրջ: Իսկ սա խախտում է հավասարակշռությունը: Ռուս-ամերիկյան լարված հարբերություններից բացի այսօր առճակատում կա նաև Ռուսաստանի ու ԵՄ երկրների միջև: Հիմա, ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ դիրքորոշմանը, ապա ՀԱՊԿ-ն առայժմ ներգրավված չէ միջինարևելյան զարգացումների մեջ, հետևաբար, ձեռնպահ կմնամ ՀԱՊԿ-Արևմուտք հարաբերություններից խոսելուց: Բայց դրա հետ մեկտեղ ես այն կարծիքին եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, առկա իրավիճակին համարժեք, պետք է ճշգրտեն իրենց դիրքորոշումները:
Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ լիդեր երկիրը Ռուսաստանն է, մտավախություն չկա՞, որ ՀԱՊԿ-ը կարող է հայտնվել ՌԴ-Արևմուտք սրված հարաբերությունների կիզակետում, դժվար իրավիճակի մեջ դնելով այն երկրներին, որոնք լավ հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ: Խոսքս, մասնավորաբար, Հայաստանի մասին է:
-Համաձայն եմ, կա նման մտավախություն: ՌԴ-Արևմուտք դիրքորոշումները չպետք է խոչընդոտ հանդիսանան այլ պետությունների համագործակցության համար, պետություններ, որոնք փորձում են կառուցել աշխատանքային հարաբերություններ մեկմեկու հետ: Իսկ դրա համար ՀԱՊԿ-ն այսօր ոչ թե պետք է կենտրոնանա միայն մեկ դերկատարի, լիդեր երկրի` Ռուսաստանի շահերի, հետաքրքրությունների վրա, այլ այն հարցերի, որոնք ՀԱՊԿ բոլոր երկրների հետաքրքրությունների տիրույթում են: Այդ հարցերի շուրջ էլ անդամ պետությունները կարող են ունենալ այնպիսի մոտեցում, որը կբխի իրենց շահերից ու չի վտանգի իրենց համագործակցությանը արևմտյան այլ երկրների ու կառույցների հետ:
Հայաստանի պարագայում մենք ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն չենք հակադրում, այլ խոսում ենք այն մասին, որ այս երկու կառույցները պետք է փորձեն գտնել համագործակցության ընդհանուր դաշտ:
Ճիշտ եք, Ռուսաստանը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, այն ոչ միայն կոորդինացնում է կազմակերպչական հարցերը, ներքին հարաբերությունները, այլև ամեն մի երկրի ուղղությամբ ունի իր թիրախային ծրագրերն ու առաջնահերթությունները: Դա վերաբերում է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, որտեղ բացի ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա համագործակցությունից, առաձնահատուկ դեր ունի ռազմաքաղաքական համագործակցությունը: Ռուաաստանը առաձին համագործակցում է նաև Միջին Ասիայի երկրների հետ, ուր կան ահաբեկչության, նարկոթրաֆիքինգի դեմ պայքարի խնդիրներ: Եվ ահա, հենց այս հարցերն էլ ստեղծում են այն համագործակցության դաշտը, որը չի խաչվում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ, ու ՀԱՊԿ անդամ երկրների վրա չի տարածվի ռուս-արևմտյան կարծրացումները:
Բայց նաև պարզ է, որ Ռուսաստան-Արևմուտք առճակատումը առավել բարդացնում է համագործակցային գործընթացը: Հետևաբար, ՀԱՊԿ-ի խնդիրը պետք է լինի առանձնացնել այն խնդիրները, որոնցում հաշվի կառնվեն ոչ թե մեկ դերակատարի շահերը, այլ բոլոր անդամ պետությունների հետաքրքրությունները:
-Հայտնի է նաև, որ ՀԱՊԿ-ում կան ներքին խնդիրներ, անդամ երկրների դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են: Ուրեմն, ՀԱՊԿ-ը կարող է՞ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ հանդես գալ:
-ՀԱՊԿ-ում, այո, կան ներքին խնդիրներ, որոնք խնդրահարույց են ՀԱՊԿ անդամ պետությունների համար, դրանք խնդիրներ են, որոնց շուրջ կառույցում չկան ընդհանուր կարծիքներ: Օրինակ` հայտնի է Ղազախստանի դիրքորոշումը ԼՂ խնդրի առնչությամբ: Բայց կան նաև հարցեր, որոնց շուրջ ՀԱՊԿ-ի ներսում կա համաձայնություն. հենց այդ հարցերի վրա էլ պետք է աշխատել: Անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ երկրները կենտրոնանան ոչ թե տարբերությունների, այլ այն ընդհանուր խնդիրների, տեսլականների վրա, որոնք կարևորվում են բոլոր անդամ երկրների համար:
Որո՞նք են դրանք:
– Այդպիսին է ահաբեկչության դեմ պայքարը, որը միտված է երկրների կայունության ապահովմանը: Այստեղ երկրները շահագրգռված են, որ ՀԱՊԿ-ն ունենա ավելի հստակ դիրքորոշում, ու անդամ երկրները կարող են մշակել համատեղ քաղաքականություն` նույնիսկ տարբերվող դիրքորոշումների առկայության դեպքում:
Երևանում ընթացող ՀԱՊԿ նստաշրջանը կայանում է Սիրիայի շուրջ ՌԴ-ԱՄՆ լարվածության պահին, կարծիք կա, թե Ռուսաստանն այն հնարավորինս կօգտագործի սեփական դիրքերը ամրապնդելու համար` այդ ուղղությամբ հնչեցնելով համապատասխան քաղաքական հայտարարություններ:
-Կարծում եմ, հենց Սիրիայի հարցում ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ավելի բալանսավորված դիրքորոշում ունենան: Նրանք կարող են չհամաձայնել այն դիրքորոշման հետ, որը շեշտադրում է ռուսաստանյան բացարձակ ներգարվվածությունը: Իրատեսական կլինի, եթե այս իրավիճակում ՀԱՊԿ անդամ երկրներն արտահայտեն ընդհանուր դիրքորոշում, ասենք, արձանագրեն, որ Սիրիայում առկա խնդիրները պետք է հրատապ լուծում գտնեն ոչ թե ռազմական, այլ խաղաղ բանակցություննների միջոցով: Ինչպես նաև, ՀԱՊԿ-ը կարող է հայտնել իր օժանդակությունը խաղաղ միջոցների իրականացման ուղղությամբ: ՀԱՊԿ նստաշարջանում ոչ թե պետք է շեշտադրվի, թե ո՞ր մոտեցումն է ավելի նպատակահարմար` ռուսակա՞ն, թե՞ արևմտյան, այլ պետք է ընդգծվի` անհրաժեշտ է դադարեցնել հակամարտությունը ու հաստատել խաղաղություն, պետք է վերջ տալ մարդասիրական աղետին: Այդ կերպ ՀԱՊԿ անդամ երկրները կարտահայտեն իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին:
-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կատարում է անդամ պետությունների կամքը, այդ առումով, որքանո՞վ է ճիշտ այն հարցադրումը, թե ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաաստանի ներկայացուցչի նշանակումը ի՞նչ դրական բան կարող է տալ մեր երկրին:
-Ինչպես այլ, այնպես էլ ՀԱՊԿ-ի գործունեության տրամաբանությունը բխում է ոչ թե նրանից, թե ո՞ր երկրի ներկայացուցիչն է այդ պահին ղեկավարում հիշյալ կառույցը, այլ նրա ուղղվածությունից, ռազմավարությունից:
Բարդյուժան մշտապես արտահայտել է ՀԱՊԿ կարծիքը, նույն սկզբունքով պետք է գործի ցանկացած անձ, որը կնշանակվի ՀԱՊԿ քարտուղար: Հակառակ դեպքում պատկերացնում ե՞ք, թե ի՞նչ կարող է կատարվել, եթե ՀԱՊԿ նախագահությունն անցնի Հայաստանի հանդեպ ոչ բարիդրացիական վերաբերմունք ունեցող երկրի, արդյոք պետք է մտածե՞նք, թե դրանից հետո ՀԱՊԿ-ը կկայացնի Հայաստանի համար ոչ ընդունելի որոշում: Իհարկե ` ոչ: Այնպես որ, ակնկալել, թե նախագահի նշանակումով կազմակերպության դիրքորոշումը էական փոփոխություն է կրելու` տրամաբանական չէ: Ի դեպ, միջանկյալ ձևով ասեմ, որ ՀԱՊԿ-ը եղել է այն կառույցը, որը ապրիլյան պատերազմից հետո առաջիններից էր, որ անմիջապես դատապարտեց Ադրբեջանի գործողությունները:
Դառնալով ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչի ժամանակավոր պատոնավարմանը, ասեմ, որ այնուհանդերձ, բարոյական տեսանկյունից, այն իր հոգեբանական դրական ազդեցությունը կարող է ունենալ:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն