Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս

Ռազմական դոկտրինի փոփոխությունը պետք է լինի նոր նախարարի առաջնահերթ խնդիրներից մեկը

Հոկտեմբեր 6, 2016թ. 13:48

Հարցազրույց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարները եղել են կամ պրոֆեսիոնալ զինվորական գործիչներ, կամ քաղաքացիական, քաղաքական անձինք, այս շարքում հիշատակվում են Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի անունները: Նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը, փաստորեն, երկրորդ խմբի ներկայացուցիչ է: Ինչո՞վ է առանձնանում այս նշանակումը:
-Նախ ասեմ, որ քաղաքացիական անձ հանդիսացող Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանն ու Սերժ Սարգսյանը նշանակվեցին պաշտպանության նախարարներ, երբ արդեն իսկ լուրջ քաղաքական գործիչներ էին: Իհարկե, Վազգեն Սարգսյանը նաև ռազմական գործիչ էր: Իսկ 25 տարում մենք ունեցել ենք միայն մեկ պրոֆեսիոնալ զինվորական նախարար, նա Վաղարշակ Հարությունյանն էր:
Ինչ վերաբերում է նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին, նա անձ է, որը քաղաքական, կուսակցական անցյալ չունի, այսինքն` կուսակցություն չի ղեկավարել, մինչդեռ նրա ողջ քաղաքական կարիերան անցել է պետական համակարգում, որտեղ էլ նա զբաղեցրել է բարձր պաշտոններ: Իսկ, մասնավորաբար, ղեկավարել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, նշանակում է ծանրակշիռ դիրք ունենալ պետական համակարգում: Ի դեպ, պետական համակարգում պաշտպանության նախարարի պաշտոնն ավելի ցած դիրքում է, քան նախագահի աշխատակազմի ղեկավարինը: Բայց հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունը, այն, որ մեր երկիրը գտնվում է ռազմական սպառնալիքների առաջ, որ ունի սեփական անվտանգության մշտական ապահովման խնդիր, ՊՆ նախարարի պաշտոնը մեզանում առավել քան կարևորվում է:
Վիգեն Սարագսյանի նշանակումը ՊՆ նախարարի պաշտոնում նշանակում է, որ մեզանում կարևորվում է երիտասարդ գործիչների դերը, գալիս են մարդիկ, որոնք կարող են ժամանակակից կառավարման պահանջներին համապատասխան ղեկավարել մեր երկրի կարևոր համակարգերը:
Ի դեպ, տարանջատվեցին նաև պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի դերերը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը մինչ ՊՆ նախարար նշանակվելը ժամանակին եղել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետեր: Դեռ նրանց նախարարության տարիներին առաջացել էր նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի դերակատարությունների տարանջատման պահանջ: Կար համոզմունք, որ մեր պաշտպանության նախարար պետք է լինի քաղաքացիական անձ, որը կլուծի ռազմաքաղաքական, կազմակերպչական, նյութատեխնիկական, կադրային ու այլ բնույթի հարցեր, իսկ գլխավոր շտաբի պետը պետք է լինի զինվորական, որը կիրականացնի զինված ուժերի օպերատիվ կառավարումը, ռազմական իրադրությունների ժամանակ էլ իր վրա կվերցնի զորքերի հրամանատարությունը: Բայց քանի որ, ինչպես ասացի, և’ Միքայել Հարությունյանը, և Սեյրան Օհանյանը մինչ նախարար նշանակվելը եղել են գլխավոր շտաբի պետեր, այդ բաժանումը չկատարվեց: Սակայն այսօր, երբ նախարարի պաշտոնում քաղաքացիական անձ նշանակվեց հանձին Վիգեն Սարգսյանի, այդ բաժանումն առավել քան անհրաժեշտություն դարձավ: Պետք է ասեմ, որ սա շատ երկրներում տարածված գործելաոճ է. այն այսօր կիրառվում է մեր հարևան երկու երկրներում` Վրաստանում և Թուրքիայուն, որոշ ժամանակ եղել նաև եղել է Ռուսաստանում, իսկ արևմտյան երկրներներում շատ է ընդունված:
Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ռազմական ոլորտը պետք է լինի առավել ուշադրության կենտրոնում, և որ համակարգում կան  խնդիրներ, կա փոփոխությունների անհրաժեշտություն: Արդյոք, Վիգեն Սարգսյանի նշանակումը չպե՞տք է դիտարկել նաև ապրիլյան իրադարձությունների տրամաբանության մեջ:
-Անշուշտ: Ապրիլյան իրադարձություններից հետո ռազմաքաղաքական իրավիճակն այնքան է փոխվել ու սրվել, որ ակնհայտ է` լուրջ բարեփոխումների իրականացման կարիք կա: Մյուս կողմից, պետք է հասկանանք, որ նաև ապրիլյան իրադարձություններով պայմանավորված կարևորվեց պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործառույթների բաժանումը:
Կարծում եք, միայն անձերի փոփոխությամբ կլուծվե՞ն ոլորտում առկա խնդիրները:
-Եթե Սեյրան Օհանյան անձը ընդամենը փոխարինվեց Վիգեն Սարգսյան անձով, ապա ես դա կհամարեմ որևէ իմաստ չունեցող փոփոխություն: Այդ փոփոխությունը ընկալելի կլինի, եթե դրան հաջորդեն համակարգային փոփոխություններ: Դրա համար փոփոխությունները նաև պետք է տարածվեն նախարարից ցածր` բոլոր հնարավոր օղակների վրա. այն պետք է լինի և’ կադրային, և ինստիտուցիոնալ, և կառուցվածքային բնոյթի: Ռազմական գերատեսչությունում նման փոփոխությունների անհրաժեշտությունը շատ է:
Սեյրան Օհանյանը հայտնի էր որպես բանակում շատ կարևոր ավանդույթներ ներմուծած ու այդ առումով բացառիկ նախարար. նա մեծ տեղ էր տալիս մեր ազգային ռազմական ավանդույթների ուսումնասիրության ու դրանց ներմուծմանը հայկական բանակ, հաշվի առնելով, որ մենք սահմանափակ ռեսուրսներով երկիր ենք, Օհանյանը փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելը հռչակեց բանակի զարգացման ռազմավարություն: Մինչդեռ կա մտավախություն, որ Օհանյանի պաշտոնանկությամբ նրա բոլոր նորամուծությունների ընթացքը կարող է  խաթարվել, ընդհատվել:
-Նախ ձեր թվարկածներին ես կավելացնեմ նաև Սեյրան Օհանյանի ժամանակ իրականացված այլ ձեռքբերումներ ևս: Օրինակ, Օհանյանի քաղաքական որոշումն է եղել, որ պաշտպանության նախարարությունը հասարակության, լրատվամիջոցների հետ աշխատի հնարավորինս բաց ու թափանցի:
Սա սկզբնական շրջանում կարծես չընկալվեց, ու մի պահ աննախադեպ քննադատության ալիք բարձրացավ: Քանի որ ՊՆ-ն այլևս չէր թաքցնում մեր զոհերի քանակը, մարդկանց թվաց, թե նրանք առավել աճել են: Բայց որոշ ժամանակ անց, նախարարի կողմից վարվող բաց քաղաքականության արդյունքում ոլորտը հասարակական մեծ վստահությունը ձեռք բերեց: Դրանում մենք համոզվեցինք ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ մեր հասարակությունը լիովին հավատաց ՊՆ-ից հնչող բոլոր լուրերին, նախարարությունն անուն առ անուն ներկայացրեց մեր զոհերի ցուցակը և մեր ժողովուրդը վստահեց ռազմական գերատեսչությանը: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում այդ վստահությունը լիակատար է:
Բայց ասել, թե Սեյրան Օհանյանի հեռանալով կարող է խաթարվել այդ բարեփոխումների ընթացքը, ասել, թե համակարգում կարող են խնդիրներ առաջանալ, ամենևին այդ կարծիքին չեմ: Ճիշտ հակառակը, կարծում եմ, որ մենք կունենանք նոր լիցք ու նոր զարգացումներ: 2007-ից առ այսօր, 9 տարի է, որ Սեյրան Օհանյանը ղեկավարում էր այդ համակարգը: Ինչպես յուրաքանչյուր համակարգում, առավել ևս ռազմական կառույցում փոփոխությունները խիստ հարկավոր են: Ինը տարին նման կառույցի համար բավականին երկար ժամանակահատված է: Այնպես որ, հաշվի առնելով Սեյրան Օհանյանի բոլոր դրական կողմերը, նրա կատարած դրական գործերը, պետք է ընդունենք, որ ոլորտում կային նաև բացթողումներ, որոնց առավելապես տեղյակ էին մասնագետները: Համակարգում փոփոխությունները դարձել են անհրաժեշտություն: Եվ երկրի քաղաքական ղեկավարությունը ճիշտ պահին ճիշտ քայլ կատարեց:
Որոշ լրատվամիջոցներ չեն դադարում շեշտել Վիգեն Սարգսյանի արևմտամետ գործիչ լինելու հանգամանքը, լուրեր են շրջանառում, թե իբր ռուսական կողմը բացասաբար է ընդունել ՊՆ նախարարի պաշտոնում նրա նշանակումը: Սրանք մեզանում այլևս սովորական դարձած` արևմտամետռուսամետ շրջանակների խոսակցություններն ե՞ն, թե՞, այնուհանդերձ, ինչոր հիմքեր կան:
-Ես ինքս այս առնչությամբ լրատվամիջոցներում տեսել եմ խիստ իրարամերժ հայտարարություններ: Կան լրատվամիջոցներ, ըստ որոնց Վիգեն Սարգսյանը պրոռուսական մտածողության կրող է, մինչդեռ Սեյրան Օհանյանը շատ ավելի արևմտամետ էր, ու մենք ռուսների հետ կարող է խնդիրներ ունենայինք: Կամ էլ ասվում էր սրա ճիշտ հակառակը: Երկու տարբերակներն էլ իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Գիտեք, եթե մարդիկ ուզում են քննադատել նորանշանակ նախարարին, ապա ամեն ինչ կարող են գտնել, ամեն ինչ կարող են ասել, խոսել ու գրել:
Իսկ Վիգեն Սարգսյանը և’ Ռուսաստանում, և’ Արևմուտքում կրթություն ստացած անձ է: Նրա աշխատանքային ամբողջ բնութագիրը տեղավորվում է Հայաստանի Հանրապետության կոմպլեմենտար, հավասարակշռված քաղաքականության տրամաբանության մեջ: Համոզված եմ, որ մենք ո’չ ռուսների, ո’չ էլ արևմուտքի հետ խնդիրներ չենք ունենա, հակառակը, հարաբերությունները երկուստեք կլինեն հավասարակշռված:
Որպես պաշտպանական ոլորտի փորձագետ, ըստ ձեզ, ինչի՞ց պետք է սկսի նորանշանակ նախարարը:
-Մեր հասարակությունը, զինվորական կառույցը պահանջում են լուրջ բարեփոխումներ, և դրանք պետք է լինեն ոչ միայն կադրային բնույթի: Լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն ռազմական դոկտրինում և այլ հայեցակարգային փաստաթղթերում: Մեր ռազմական դոկտրինը ընդունվել է 2007-ին, այսինքն, անցել է 9 տարի, իսկ այս տարիներին տեղի են ունեցել ռազմաքաղաքական, դիվանագիտական լուրջ գործընթացներ: Կարծում եմ, դոկտրինի փոփոխությունը պետք է լինի նոր նախարարի առաջնահերթ խնդիրներից մեկը:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն