Գլխավոր » Society, Լրահոս

Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է, այն հասարակության, որտեղ մթնոլորտը պետք է լցված լինի բարությամբ. Ռ.Մուրադյան

Հոկտեմբեր 5, 2016թ. 23:39
Ռուզաննա մուրադյան

Ռ.Մուրադյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Ուսուցիչը հանրային արժեք է: Այսպիսին է մոտեցումը բոլոր այն երկրներում, որտեղ գրանցված են մեծ հաջողություններ կրթության ոլորտում: Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի տոնն է, և այն նշվում է աշխարհի 100-ից ավելի պետություններում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Դանիայում և այլն: Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը:

Այս իմաստությունը արդիական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը և ներկայացնում ուսուցչին որպես հասարակության, հետևաբար և ազգի ստեղծագործ ուժ: Շատ կարևոր է մեր ուսուցիչների ազդեցությունը մեզանից յուրաքանչյուրի կյանքում:

Ուսուցիչը մարդկության առջև կանգնած մարտահրավերների դիմակայողն է, մարտահրավերներ, որոնք բխում են անընդհատ փոփոխվող արժեքային համակարգից, որոնք գալիս են բարոյական դաստիարակության պակասից:

Ուսուցիչը իր արժեքավոր նպաստն է բերում մեր պետության քաղաքացու ձևավորմանը. քաղաքացի, որ կարող է պայքարել իր ազգի և իր պետության անվտանգության համար, քաղաքացի, ով կարող է պայքարել իր պետության զարգացման համար, պայքարել՝ հաղթելով պատերազմներում, տարբեր հարթակներում՝ թե սպորտային և թե կրթական, հաղթել արժանապատվորեն:

Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է, այն հասարակության, որտեղ մթնոլորտը պետք է լցված լինի բարությամբ, կամեցողությամբ, ստեղծագործականությամբ, առողջ քննադատությամբ և մրցակցությամբ՝ հանուն առաջընթացի: Եվ այս ամենը պատվով կատարելու համար շատ կարևոր է, որ մենք բոլորս ուսուցչին վերաբերվենք որպես հանրային արժեք, և ուսուցչի հեղինակությունը բարձր պահելը ոչ միայն իր՝ ուսուցչի, այլ նաև մեզանից յուրաքանչյուրի պարտքն է:

Այս ուղղությամբ դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց անկախության 25 տարիների մեր ձեռքբերումները թույլ են տալիս ասելու, որ մեր երկրի վարած քաղաքականությունը այդ ուղղությամբ ճիշտ ուղու վրա է: Անկախության սերունդ դաստիարակող, հերոսներ կերտող ուսուցիչնե′ր, Ձեր տոնը շնորհավո′ր, մեր խորին խոնարհումը Ձեզ, Ձեր մասնագիտությանը, որն ինքնին առաքելություն է:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն