Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Հարկային նոր օրենսգրքի նախագիծն արդեն իր սև գործն անել է

Սեպտեմբեր 30, 2016թ. 12:31

Հարցազրույց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ

Ամիսներ առաջ, երբ <<Հարկային օրենսգրքի>> նոր նախագիծը դարձավ քննարկման առարկա, դուք հայտարարեցիք, թե այն հակասում է ՏՏ ոլորտի զարգացմանը: Այսօր և՞ս նույն կարծիքին եք, երբ ՊԵԿ-ի պետի տեղակալը վստահեցնում էր, թե առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը էականորեն բարեփոխվել է:
-Առ այսօր ես չեմ լսել որևէ մեկի, երկրի տնտեսական տարբեր ոլորտները ներկայացնող որևէ անձի խոսքը, որը ոչ թե դրական, այլ անգամ դրականին փոքր-ինչ մոտ գնահատական տալ  «Հարկային օրենսգրքի» նախագծի վերաբերյալ: Ճիշտն ասած, կարծում էի, որ այն այդ տեսքով խորհրդարանում չի ընդունվելու: Ափսոսում եմ, որ դա տեղի չունեցավ: Պետք է նաև արձանագրեմ, որ մենք գործ ունենք մի փաստաթղթի հետ, որն ուղղակիորեն պարտադրվում է Հայաստանին: Եվ ես ցավում եմ դրա համար:
Այն պահին, երբ օրենսգրքի նոր նախագիծը դրվեց շրջանառության մեջ, վերջինս այն իսկ հասցրեց իր սև գործն անել: Այդ մասին ես դեռ ամիսներ առաջ եմ ասել:
Կան ոլորտներ, որոնք ունեն զարգացման խոշոր ներուժ, այդպիսին է ՏՏ ոլորտը, այդ մասին են փաստում մեր ոլորտի զարգացման տեմպերը, որ գրանցվել են նախորդ տարիներին: Այսօր այն ներդրումը, որ մենք կատարում ենք, այն ռեսուրսը, որ մենք ներդնում ենք այս ոլորտի զարգացման մեջ, հատկապես, աշխատուժի զարգացման մեջ, առաջիկա տարիներին կարող է բերել ոլորտի ոչ թե 20, 25 այլ 100, 150 տոկոսանոց աճ: Մինչդեռ սա տեղի չի ունենա, եթե չլինեն դրան համահունչ ներդրումներ: Իսկ այս օրենսգիրքը, դեռ նախագիծ լինելով, արդեն իսկ մեծ հարված է հասցրել երկրի ներդրումային հետաքրքրություններին, արդեն իսկ լուրջ փոփոխություններ են կատարվել մեր երկրի իմիջի, վստահելիության և առհասարակ մրցունակության հարցում:
Պետք է գիտակցել, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը շատ ավելի զգայուն է նման հարցերում: Հայտնի է, որ մեր ոլորտի ծառայությունները հիմնականում վաճառվում են դրսում: Հետևաբար, երբ կառավարության հարգարժան անդամները կամ պատգամավորները քննարկում են մեր ոլորտի հարկային քաղաքականությունը, ոչ թե պետք է այն համեմատեն այլ ոլորտների հետ, օրինակ, հանքարդյունաբերության, այլ պետք է համեմատեն այն երկրների հետ, որոնց հետ մենք մրցակցում ենք` ներդրումները Հայաստան բերելու համար: Մինչդեռ նման հարկային դաշտի ստեղծմամբ մեզ համար շատ դժվար է լինելու ապահովել այնպիսի զարգացման տեմպեր, ինչի մասին խոսվում է:
Հաջորդը, դա նշանակում է, որ մենք հայտնվում ենք լուրջ ռիսկերի տակ, այսինքն, այլ երկրներ առաջարկելով ավելի մրցունակ պայմաններ, կարող են ժամանակի ընթացքում մեր աշխատանքային ռեսուրսների տերը դառնալ: Ի վերջո, բոլորիս է հայտնի, այսօր արտագաղթում են ոչ միայն նրանք, ովքեր աշխատանք չունեն, այլ նրանք, ովքեր ունեն աշխատանք, բայց իրենց շատ ավելի լավ պայմաններ են առաջարկվում արտերկրում:
Ասեմ, որ վերջին տարիներին կար հավատ, հույս, թե հարկային ավելի բարենպաստ պայմաններ ենք ունենալու: Նման հույս մեզ ներշնչեց, մասնավորաբար, 2015-ին ընդունված ՙՆորաստեղծ ընկերությունների աջակցության մասին՚ օրենքը, քանի որ սրանով իջեցվեց այդ ընկերությունների հարկային բեռը: Մինչդեռ նոր օրենսգրքով հակառակն է արվում:
-Հայտարարվում է, թե վերափոխված նախագծում եկամտահարկի սանդղակը զգալիորեն վերանայվել է: Մինչդեռ պարզվում է, որ այդ վերանայումն ամենևին չի վերաբերում ՏՏ ոլորտին, քանի որ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36 տոկոս: Ու ինչպես ոլորտի այլ մասնագետներն են ասում, այն լուրջ հարված է լինելու իրենց գրպանին: Ուրեմն ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը:
-Առաջընթաց չկա: Ի՞նչ դրական տեղաշարժ կարող է լինել վատի ու ավելի վատի միջև:
Առհասարակ, կա հաջողության նվազագույն սահման, որից ներքև կատարվող ցանկացած փոփոխություն չի կարելի համարել առաջընթաց: Գնացքից 5 րոպե ուշանաք, թե 10, էական չէ, քանի որ դուք արդեն գնացքից ուշացել եք: Կա նվազագույն սահման, որով քո ոլորտը կա’մ մրցունակ է, կա’մ` ոչ: Միանշանակ է, որ այս օրենսգրքով ընկնում է ՏՏ ոլորտի մրցունակությունը: Հետևաբար, այն ինչ առաջարկվում է մեզ, դա պարտություն է:
Ինչո՞ւ է մեր ոլորտում այդչափ սուր արտահայտվում եկամտահարկի խնդիրը, որովհետև այստեղ միջին աշխատավարձը կազմում է 700 000 դրամ, դա նշանակում է, որ մեր մեծ թվով մասնագետներ 2 մլն դրամից բարձր աշխատավարձ են ստանում: Նրանք, ընդ որում, մեր լավագույն մասնագետներն են ու ամենից մեծ արժեք են ներկայացնում մեր ընկերությունների համար: Նախագծում մենք ամենևին չենք տեսնում եկամտահարկի սանդղակի էական վերանայում: Ինչպես նշեցիք, 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36 տոկոս, սա ուղղակիորեն խփելու է մեր լավագույն մասնագետների գրպանին:
Երբ մենք ուսումնասիրում էինք նախորդ տարիներին գրանցված արտագաղթի տեմպերը, հայտաբերեցինք, որ ՏՏ ոլորտից փոքր` մոտ 3 տոկոս է եղել արտագաղթը: Բայց նաև պարզեցինք, որ այդ 3 տոկոսի մեջ հիմնականում եղել են մեր ամենից բարձր մասնագետները, որոնք շատ բարձր աշխատավարձ են ստանում, ու իրենց ընտրությունը, փաստորեն, կատարել են ոչ հօգուտ Հայաստանի կամ Հայաստանի ՏՏ ոլորտի: Ի՞նչ է ստացվում, որ մենք երկար տարիներ` 8-ից 10 տարի, պատրասատում ենք այդ մասնագետներ, բայց նման վատ օրենքնեի արդյունքում կորցնում նրանց: Քանի որ մենք ավելի մրցունակ չենք, քան այն երկրները, որոնք տանում են մեր մասնագետներին: Այս օրենսգրքի ընդունմամբ արտագաղթի տեմպերը կրկնապատկվելու են, Հայաստանը կորցնելու է ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներին:
-Պատարաստվո՞ւմ եք ձեր դիտարկումները ներկայացնել վարչապետ Կարեն Կարապետյանին:
-Անշուշտ: Մենք ունենք շատ լուրջ առաջարկներ, այսօր իսկ հանդիպելու ենք վարչապետի հետ ու ներկայացնելու ենք մեր թե’ մտահագությունները, թե’ դիրքորոշումն այս ամենի առնչությամբ: Հանգամանալից կհիմնավորենքմեր ասելիքն ու կպնդենք մեր առաջարկները. հույս ունեք, որ դրանք հաշվի կառնվեն:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն