Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Դանիել Դեքերյանը` երևանյան համերգի և Արցախում հանդես գալու ցանկության մասին

Սեպտեմբեր 24, 2016թ. 21:41

Նա պաշտում է հայկական խոհանոցը, հայկական արվեստն ու երաժշտությունը: Հայաստանի մասին խոսում է յուրահատուկ ակնածանքով ու հիացմունքով: Մեր երկրի նկատմամբ սերը ստիպել է կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերին փոխել ազգանունը, ստանալ հայկական անձնագիր, դառնալ հայ` ընտրությամբ ու առանց հայկական արմատների: Դեքերյանը հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ պատրաստվում է հանդես գալ համերգով: Երգչի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը:

-Պարոն Դեքերյան, պատմեք հոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք Ձեր համերգի մասին: Ի՞նչ ակնկալել երեկոյից:

-Հոկտեմբերի 10-ի իմ համերգը հայկական երաժշտության հիասքանչ երեկո է լինելու.մենք տոնելու ենք Երևանի օրը: Գրեթե ամբողջ ծրագրի ընթացքում հայերեն ստեղծագործություններ կերգեմ: Հույս ունեմ ներկայացնել հայրենասիրական երեկո, որը կոգևորի յուրաքանչյուր հայի: -Պատմեք ծրագրի մասին.ի՞նչ ստեղծագործություններ են հնչելու երեկոյի ընթացքում:

-Երեկոն կներառի հայկական երգերի բազմազան ընտրություն, ներառյալ կներկայացվեն «Էրեբունի Երևան», «Ով Հայոց սարեր», «Բարի արագիլ», «Հպարտ գնացեք» և «Գյումրվա հին ֆայտոն» ստեղծագործությունները: -Կհնչե՞ն ստեղծագործություններ Ձեր «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակից:

-Այո, ես նաև կկատարեմ ստեղծագործություններ, որոնք ընդգրկված են «Հայ եմ իմ ընտրությամբ» սկավառակում, օրինակ`«Մարտիկի երգը», «Դլե Յաման»-ը, «Հայոց աշխարհ»-ը, «Կիլիկիա»-ն, «Մուշ»-ը:

-Ովքե՞ր են լինելու համերգի հատուկ հյուրերը: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց երաժշտությանը:

-Համերգի հատուկ հյուրերը կլինեն Համլետ Գևորգյանը, Անդրե Սիմոնյանը, Սիբիլը և Եվա Եգանյանը: Ես հավանում եմ նրանցից յուրաքանչյուրի երաժշտությունը և համարում եմ, որ նրանք իմ մտերիմ ընկերներն են:

-Պարոն Դեքերյան, Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես առաջին անգամ լսեցիք հայկական երաժշտություն և ինչպես սիրահարվեցիք Հայաստանին: -Իմ առաջին ծանոթությունը հայկական երաժշտությանը տեղի է ունեցել Արա Գևորգյանի ստեղծագործության միջոցով: Այն ինձ համար Հայաստանը բացահայտելու դարպաս է եղել: Այն, ինչ սկսվեց որպես հետաքրքրասիրություն, վերածվեց հարգանքի և ավելի ուշ Հայաստանի նկատմամբ սիրո: Այնքան բան կա, որ սիրում եմ Հայաստանում: Ինձ հիացնում է այն, որ Հայաստանն առաջին քրիստոնյա ազգն է: Ես պաշտում եմ հայկական խոհանոցը, հայկական արվեստն ու երաժշտությունը: Բայց ամենաշատը ես սիրում եմ հայ ժողովրդին և հայկական ոգին: -Ինչպե՞ս եք սկսել համագործակցել Արա Գևորգյանի հետ:

-Գևորգյանի «Մուշ» ստեղծագործությունը լսելուց հետո ես կապ հաստատեցի նրա հետ և առաջարկեցի համագործակցել: Դա խորը ընկերության սկիզբն էր, որն արդեն 15 տարվա պատմություն ունի: Տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ երգեր ստեղծեցինք, ներառյալ «Մուշ», «Ադանա», «Սիրեք Զմիմեանս», «The Wonder Of Your Love», «Remember» և «Արաքս» ստեղծագործությունները:

-Մի առիթով ասել եք, որ գրել եք «Ադանա»-ն ոչ միայն որպես միջազգային հանրության ուշադրությունը սարսափելի ողբերգության (Հայոց ցեղասպանության-հեղ.) վրա սևեռելու միջոց, այլև որպես հայ ժողովրդի ապաքինման աղբյուր: Ինչ եք կարծում` երաժշտությունը կարո՞ղ է բուժել վերքերը:

-Անկասկած: Երաժշտությունն ունկնդրի մոտ արթնացնում է հուզական արձագանք: Ճիշտ բառերի հետ միաձուլված երաժշտությունը կարող է կյանքերի վրա դրական ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու, երբ ես գրում եմ երաժշտության բառերը, երկար ժամանակ եմ աշխատում` համոզվելու, որ դրանք կարող են թարմ և կենսական ձևով դիպչել սրտերին:

-Տեղյակ եմ, որ Դուք աշխատել եք օգնություն ցուցաբերող կազմակերպությունների հետ` ամենաաղքատ տարածաշրջաններին, երեխաներին ու ծերերին աջակցելու նպատակով: Մտադի՞ր եք նման գործունեություն ծավալել նաև այստեղ` Հայաստանում:

-Այո, ես խորապես մտահոգվում եմ հայ ժողովրդի համար և ցանկանում եմ շարունակել օգնության ուղիներ գտնել կարիքավորների համար: -Երբ վերջին անգամ Երևանում էիք, լրագրողներին տեղեկացրիք, որ Ձեր առաջիկա ծրագրերը կապված են Հայաստանի հետ: Կմանրամասնե՞ք`ինչ ծրագրեր ունեք:

-Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ես կցանկանայի իրագործել: Ես մտադիր եմ շարունակել Հայաստանին առնչվող երաժշտություն և բառեր գրել, կցանկանայի ուսումնասիրել և ձայնագրել հայկական շարականներ: Նաև հույս ունեմ գրել Ցեղասպանության թեմային առնչվող սցենար:

-Դուք նաև տեղեկացրիք, որ ցանկանում եք Արցախ այցելել և այնտեղ հանդես գալ համերգով: Ե՞րբ սպասենք այդ համերգին:

-Ես շատ կցանկանայի համերգ ունենալ Ղարաբաղում` աջակցելու այնտեղի հիասքանչ հայերին: Եթե գտնեմ հովանավոր, կցանկանամ համերգը կազմակերպել առաջիկա գարնանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն