Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն

Կառավարության քայլերին հետևելիս

Սեպտեմբեր 23, 2016թ. 21:53

Անձնավորելը լուրջ գործ չէ
Նորացվող կառավարության գործունեության ռիթմն այնքան արագ է ու <<շարժիչն>> այնքան արագ է միացված, որ կառավարության նոր ղեկավարն անգամ դադար չտվեց անկախության օրը ու խոսեց առկա խնդիրներից, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված կադրային փոփոխություններից: Իսկ այստեղ զարգացումներն աննախադեպ արագությամբ են ընթանում:

Կադրային փոփոխությունների  ալիքը շարունակվում է: Ոմանք Կարեն Կարապետյանի կադրային քայլերում միայն անձնական կամ նեղ քաղաքական պատճառներ են փնտրում: Լուրջ ե՞ն արդյոք նման ենթադրությունները: Եթե ընդունենք, որ վարչապետի փոփոխությունը կատարվեց երկիրը տնտեսական, սոցիալական ծանր վիճակից հանելու անհրաժետությամբ, կնշանակի Կարապետյանի քայլերը, որքան էլ ոմանց համար խիստ ցավոտ լինեն, անլուրջ է դիտարկել անձերի` ջերմ, սառը կամ գոլ հարաբերությունների դաշտում:

Այդպիսի գնահատականները, այն էլ երկրում տեղի ունեցող կարևոր գործընթացների ֆոնին, առավել քան պարզունակ են ու վկայում են այն մասին, որ մեր պետական կառավարման համակարգում խիստ անձնավորված են հարաբերությունները, այնքան անձնավորված, որ եթե անգամ վարչապետը տեղին նկատողություն է անում այս կամ այն գերատեսչության ղեկավարի, սկսում են, ժողովրդի խոսքով ասած` <<եզան տակ հորթ փնտրել>>, թե` հաստատ հետը չունի: Կամ էլ հակառակը` եթե որևէ նախարար վարչապետի մտերիմն է, թեկուզ վատ էլ աշխատի, վերջինս ձայն չպետք է հանի՞: Սա շատ խիստ վտանգավոր մոտեցում է, այն ոչ միայն կարող է կաշկանդել վարչապետի քայլերը, թույլ չտալ նրան ազատորեն գործելու, այլև վտանգավոր է հենց երկրի համար:   Արդյոք, նաև նման մտածողությամբ չե՞նք վտանգել մեր առաջընթացը: 

Երկրում կա մեծ փոփոխությունների անհրաժետություն, տնտեսական գահավիժումը կանգնեցնել է պետք, իսկ դրա համար նոր փիլիսոփայություն, նոր մտահղոցումներ են հարկավոր:  Բոլորն են գիտակցում` կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալու, համակարգային փոփոխություն է հարկավոր, այն էլ արագացված տեմպերով: Այնպես որ, հարկ է վերանալ նեղ մտածելակերպից ու լծվել այս կարևոր գործին:
Իսկ կուլիսներում  խոսվում է այն մասին, որ կադրային փոփոխությունները ուր որ է կհասնեն մարզեր և կադրային այս <<թոհուբոհում>> չեն շրջանցվի նաև մարզպետները:

Վարչապետն ի՞նչ է պահանջում ու ակնկալում նախարարներից
Մեր հասարակությունը, որ շատ ավելի սովոր է նոր փոփոխությունների անվան տակ կառավարությունում տեսնել ծանոթ, հայտնի դեմքերի, որոնք ավանդույթի ուժով մի պաշտոնից հեռանալով հանկարծ  <<վայրէջք>> են կատարում մեկ այլ գերատեսչություններում՝ ստանձնելով ոչ պակաս պատասխանատու պաշտոններ, Կարապետյանի նոր նշանակումներից փոքր-ինչ շփոթված է, ու պատճառն այն է, որ նորեկներից երեքին գրեթե չի ճանաչում:

Եվ գնահատականները չուշացան` անհայտ, անփորձ մարդիկ են նշանակվել (չնայած անհայտ լինելն ամենևին չի նշանակում լինել անփորձ): Կարեն Կարապետյանն իր հերթին շտապեց հակադարձել, որ նոր կառավարության անդամների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով նրանց պրոֆեսիոնալիզմը: Հակադարձեց նաև այն լուրերին, թե ինքը դրել է Հովիկ Աբրահամյանի կադրերից հրաժարվելու խնդիր. պատասխանը շատ պարզ էր.<<Ոչ թե ազատվում ենք Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ>>:

Նախարարական նոր նշանակումներից հետո տեղի ունեցած կառավարության առաջին նիստը վարչապետն սկսեց շնորհավորանքներով` ուղղված ֆինասների, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարներին: Հետաքրքիր ոճով վարչապետը ներկայացրեց նորեկներին. օրինակ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասին ասաց, թե նա ֆինանսական աշխարհում հայտնի անձ է ու իր առջև դրված խնդիրները լավ գիտի: Մյուս երեքի պարագայում շեշտեց` <<Երեքն էլ այդ ոլորտների կառավարիչներ են, իրենց բավականին լավ են դրսևորել: Մեծ ակնկալիքներ ունեմ նրանցից, որպեսզի իրենք վերանայեն կառավարման համակարգը>>:
Ուշագրավ էին վարչապետի գնահատականները, որ տրվեցին իր կողմից նշանակված նախարարներին` <<նրանք համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ են>>: Նման բնութագրումներն, անշուշտ, հուշում են այն մասին, թե նախարարների ու, առհասարակ, կառավարությունում աշխատողների ո՞ր տեսակն է վարչապետի համար ընդունելի, ո՞ր տեսակի հետ է նա ցանկանում աշխատել, և ո՞ր տեսակի հետ հույսեր կապում:
Նախկինում երբեք այսչափ մեծ չի եղել հասարակական ու լրագրողական շրջանակների ուշադրությունը կառավարության գործունեության հանդեպ, երբեք այսչափ մանրամասնորեն չեն վերլուծվել կառավարության ղեկավարի ամեն մի խոսքը, որքան այսօր: Գրեթե ամենուր քննակվող, օրվա հարց է դարձել` ի՞նչ նոր մոտեցումներ կբերի նոր վարչապետը, ի՞նչ մոդելի փոփոխություն կիրականացնի, կատարվողը կոսմետիկ վերանորգո՞ւմ է, թե՞ հիմնովին: Սրանց պատասխանները հարկ չկա փնտրել ենթադրությունների դաշտում, այլ վարչապետի հանձնարարականերում, ու առհասարակ նրա մտքերում, ուր կա պահանջ ու ապագայի տեսլական. <<Ռեալ, շատ համարձակ քայլեր կատարեք>>, <<ներկայացրեք ագրեսիվ հայեցակարգեր` ռեգիոնալ համագործակցության ոլորտներում>>, <<օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, փոխեք ձեր ոլորտները, այն դարձրեք ձեր երազածը, դրանով փոխենք մեր միջավայրն ու մեր երկիրը>>: Իսկ վարչապետի` <<Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում>> պարզ, շիտակ հայտարարությունը, եթե ոմանց համար հնչեց որպես ահանզանգ, մինչդեռ շատերին հույս ներշնչեց, որ վարչապետն իրեն բնորոշ շիտակությամբ ամենևին չի երկմտի և հարկ եղած դեպքում կհրապարակի երկրի գրպանից <<մկան պես ցորեն գողացողների>> անունները:

Սպասել, սակայն ոչ երկար

Վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից Կարեն Կարապետյանն աչքի է ընկել լրագրողների նկատմամբ հարգալից վերաբերմունքով, ինչն ի դեպ, այնքան էլ բնորոշ չէ հայաստանյան պաշտոնյաներին։ Նորանշանակ նախարարները ևս երեկ հաճելիորեն զարմացրել էին մեր գործընկրներին` կարևորելով լրագրողների հետ իրենց աշխատանքն ու կապը հասարակության հետ: Ֆինանսների նախարարն անգամ ասել է, թե մշակում են մամուլի ու հասարակության հետ հաղորդկացվելու ձևեր, միջոցներ: Իսկ տրանսպորտի և կապի նախարարը հատուկ շեշետել է՝ լրագրողների օգնության կարիքն ունի, առաջարկելով` աշխատել միասին:
Իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունը պարտադրված է հնարավորինս արագ գործել: Այնպես որ, նախարարներին տրվող չխոսկանության 100 օրվա ավանդույթն այս դեպքում չի կարող գործել: Սա լավ են հասկանում նաև նորեկները. ֆինանսների նախարար Արամյանը իրեն շուրջկալած լրագրողներից խնդրեց տալ ոչ թե 100, այլ ընդամենը 10 օր ժամանակ, ասելով` շտապում է, այս պահին իր ջանքերն ուղելու է բյուջեի կառուցմանը: Իսկ մինչ այդ կարևոր հայտարարություն անելով` բյուջեն կազմվելու է այնպես, որ հարկատումների փողերը օգտագործվեն խնայողաբար, նպատակային, ամեն ինչ անելու են, որ բյուջեն լինի իրատեսական, քանզի<<անիրատեսական բյուջեն այլ բան չէ, քան երկրի տակ իրականում թաքնված ռումբ>>:
Դեռ նախօրեին էր վարչապետը հայտարարել էր գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին: Կատարումը չուշացավ:

Այսպիսով, ըստ այդ փոփոխությունների Էկոնոմիկայի նախարարությունը հանվում է կառուցվածքից և փոփոխում է անունը, ստեղծվում է ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարության: Տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է տեխնոլոգիաներ անվանումը: Քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:
Մասնագետների բնորոշմամբ, կատարվողը թելադրված է երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակով` կառավարման համակարգն էլ ավելի արդյունավետ աշխատացնելու նպատակադրմամբ:

Ա. Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն