Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները. Գարեգին Նժդեհ

Սեպտեմբեր 20, 2016թ. 22:42
Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհի մտքերից.

Ազգերի հանճարը ստեղծագործ, իսկ նրա արտահայտությունը հորդաբուխ է լինում միայն բացարձակ անկախության մթնոլորտում: Ահա թե ինչու մարդկությանն ավելի օգտակար լինելու համար ժողովուրդները պիտի լինեն ինքնիշխանորեն ազատ և անկախ:
Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:
Չկա հայրենասիրություն-չկա հոգևոր Հայրենիք: Եղածը լոկ աշխարհագրական սահմաններն են:

Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը:

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

Սուրբ, հերոս, բարեգործ-սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում,եթե միաժամանակ հայրենասեր և արի չեն: Անհայրենասեր հայ-այդ դժբախտը նման է այն թագավորին, որի մասին պատմությունն ասում է հեգնանքով.«Միայն գահ բարձրացավ»:

Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները:

Անհայրենասեր ժողովուրդ, ասել է` անիդեալ և աննպատակ ժողովուրդ, որ իրենից ներկայացնում է մի տրցակ, բայց ոչ թե մի մարմին,«անհատների փոշի»,բայց ոչ գրանիտե ժայռ, որպիսին պիտի լինեն ժողովուրդները` միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:

Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս, և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև:

Ապագան վտանգված ժողովուրդը, ինչպիսին է մերը, նորանոր աղետներից խուսափելու համար մի հատիկ միջոց ունի-բարձր հայրենասիրությունը, այնպիսին, որով քաղցրանում են մեր հավաքական թե անձնական ցավերը:

Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ,որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով ու հարգված:

Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից:

Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:

Կան այնպիսիները, որոնք իբրև թե սիրում են Հայրենիքը, բայց որովհետև սիրում են և մարդկությունը, գործնականում մնում են անտարբեր թե դեպի մեկը,թե դեպի մյուսը:Սրանք նույնպես հակազգային ուժ են:Սխալվում են ազգային պարտականության դասալիքները` կեղծ ընկերավարականը, համայնավարը, անիշխանականը:

Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:

Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը:

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն