Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Անհրաժեշտ է աջակցել վարչապետի քայլերին, այդ թվում սակագների հարցում

Սեպտեմբեր 20, 2016թ. 19:02
Աշոտ Թավադյան +

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին իսկ կառավարության նիստում կոնկրետ հանձնարարականներ տվեց նախարարներին, դրանց շարքում ուշադրության արժանի է սոցիալականը` էլեկտարէներգիայի ու գազի սակագնին վերանայման հարցը, ասվեց` սոցիալական խոցելի խմբերի համար սակագինը պետք է նվազեցնել: Եթե նման հայտարարություն է հնչեցում, կնշանակի համոզված է, որ դրա համար կան հնարավարություններ: Ձեր կարծիքը:
-Նախ ասեմ, որ անհրաժեշտ է սակագների համապետասխանեցում տնտեսության զարգացմանը` հատկապես արտահանման ոլորտների, և այն ներդաշնակեցնել սոցիալական խնդիրների լուծմանը: Դեռ մեկ տարի առաջ ես ներկայացրել եմ երկու աշխատություն, որոնցում վերլուծել եմ գազի ու էներգակիրների գնագոյացման հիմնախնդիրները: Ի դեպ, սրանք փոխկապակցված գործընթացներ են, գազի գնի իջեցումը շղթայականորեն բերելու է էլեկտրաէներգիայի գնի իջեցմանը: Եվ ես հստակ դրույթներով ներկայացրել եմ, թե որտեղ եմ տեսնում սակագնի նվազեցման հնարավարությունները և արել եմ կոնկրետ առաջարկներ: Կարծում եմ օգտակար է, որ ուշադրություն դարձվի այդ աշխատանքների վրա, որոնք տեղադրված են soyuzinfo.am և noravank.am կայքերում:
Իմ կողմից առաջարկվող մոտեցումը հետևյալն է. գազի գինը պետք է լուծի ոչ միայն արտադրողի ծախսերի հատուցման հարցը, այլև կատարի տնտեսությունը խթանող կարևոր դեր: Այսինքն` այն պետք է նպաստի և’ տնտեսության մրցունակության բարձրացմանը, և’ լուծի սոցիալական խնդիրներ: Այսպիսով, գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն պետք համապատասխանի մատակարարի կողմից կատարված ծախսերին, այլև ծառայի ամբողջ տնտեսությանը, և առաջին հերթին խթանի տնտեսության մրցունակության բարձրացմանը: Սա այսօր պետք է լինի մեր նպատակը, որպեսզի կարողանանք նաև էներգակիրների հարցում գտնել օպտիմալ լուծումը:
Եվ ուրեմն` ունե՞նք սակագնի իջեցման հնարավորություններ, պատասխանս միանշանակ է` այո, մեր տնտեսությունն ունի այդ հնարավորությունները: Դրա հետ մեկտեղ հարկավոր է, որ մենք համակարգային մոտեցում ցուցաբերենք, և’ հարկաբյուջետային, և’ դրամավարկային քաղաքականությանը, որոնք առանցքային, շարժիչ դեր ունեն տնտեսության կանոնների սահմանման ու տնտեսության զարգացման ուղեգծի ձևավորման հարցում:
  -Վարչապետն իր խոսքում այսպիսի միտք շեշտեց, թե էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայումը պետք է կատարվի ոչ թե ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսավարող սուբյեկտների:
-Եվ դա ճիշտ է, այսինքն` դոտացիայի խնդիր չպետք է դրվի: Այստեղ կարևոր դեր ունի նաև ռուսական կողմի հետ վարվելիք բանակցությունները: ԵԱՏՄ պայմանագրի 64 հոդվածում կա դրույթ, որ անդամ երկրների մեջև առևտուրը պետք է ազգային դրամով իրականացվի: Սա ևս շատ կարևոր է, փոխարժեքի տատանումներին մենք պետք է շատ ուշադիր լինենք: Ի դեպ, ասեմ, որ սպառողների համար նախատեսված գազի գինը փոխարժեքի փոփոխության արդյունքում իջել է. եթե 1000 խմ-ի համար գինը եղել է մոտ 370 դոլար, ապա փոխարժեքի փոփոխության արդյունքում այն հասել է 320 դոլարի, իսկ այժմ` 6 տոկոսով նվազելով, հասել է մոտ 305-ի:
Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը ես անվանում են զգայնության շեմ: Մի պարզ օրինակ բերեմ, ձեզ անհրաժեշտ է մեկ ապրանք գնել, բայց հնարավարություն չունենք, իսկ գնի չնչին իջեցումը այդ հնարավորությունը չի կարող ստեղծել: Այսինքն` կա սակագնի վերանայման շեմ: Խնդիրը պետք է դիտարկել համակարգված: Երբեմն մենք ուշադրություն չենք դարձնում, բայց պետք է հաշվի առնել, որ գների իջեցումը կարող է որոշակիորեն անդրդառնալ գազային ոլորտի զարգացման տեմպերի վրա: Մյուս կողմից, պետք է դիտարկել, թե ո՞ր ոլորտների զարգացմանը հնարավոր կլինի նպաստել գազի գնի նվազեցմամբ: Օրինակ, այն կարող է նպաստել ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչը ՀՀ նախագահը հայտարարել է որպես տնտեսության գերակա ճյուղ:
Այսպիսով, քայլերը պետք է կատարվեն հիմքում ունենալով ամբողջ տնտեսության զարգացումը, տնտեսության մրացունակության աստիճանի էապես բարձրացումը: Քայլերը պետք է լինեն համակարգված:
Իսկ գազի ու էլեկտրականության սակագների իջեցումը չի՞ նվազեցնի բյուջետային եկամուտները:
-ՀԷՑ-ն ու ՙԳազպրոմ՚-ը կատարում են հարկային պարտավորություններ: Բայց խնդրիը պետք է դիտարկել համակողմանի: Ուզում եմ շեշտել, որ հումքի գնի իջեցումը բերում է ծավալների օգտագործման մեծացմանը և դրանով այս խնդիրը փաստացի լուծվում է: Այդ առումով, կարծում եմ, բյուջետային մուտքերի վրա դա էականորեն չի ազդի: Մինչդեռ էներգակիրների գների իջեցումը ակնհայտորեն կխթանի տնտեսության զարգացմանը և մոտ ապագայում կարող ենք ակնկալել բյուջետային եկամուտների համապատասխան աճ: Սա մենք պետք է կարևորենք:
  -Քանի՞ տոկոսով կարող է նվազել գազի ու էլկտրաէներգիայի սակագինը, խոսվում է ՝ 25, 30 տոկոս հնարավորության մասին:
-Կարծում եմ, դա հնարավոր է, բայց այստեղ կտրուկ, առանց հստակ հաշվարկների մեթոդներ պետք չէ կիրառել: Դրա հետ մեկտեղ անընդունելի է այս խնդիրները լուծել երկար ժամանակահատվածում: Եթե մենք առաջնորդվենք թվարկածս մեթոդներով, այսինքն, գնագոյացման հարցերը դիտարկենք տնտեսության մրցունակության զարգացման ու սոցիալական հարցերի լուծման տեսանկյունից, այդ դեպքում մենք կհասնենք արդյունքների: Այպիսով` կարևորը խնդիրը ճիշտ սահմանելն է, հստակ լուծման փուլեր նշելն ու ամնակարևորը` դրանք հետևողականորեն իրականացնելը:
Տնտեսության վիճակը գնահատելով նոր վարչապետը հայտարարեց ` ՙշատ ծանր, չափազանց ծանր է տնտեսության վիճակը: Եթե մենք ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, ուրեմն պետք է համակարգային փոփոխություններ անել՚, ու ընդգծեց, որ համակարգային փոփոխությունների ընթացքը կատարվելու է երկու փուլով: Ի՞նչ կասեք այս մոտեցման մասին, որո՞նք պետք է, ըստ ձեզ, լինեն առաջին փուլում կատարվող քայլերը:
-Վարչապետը ճիշտ ընդգծեց, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններին ընդառաջ գնալ երկու փուլով: Ես կարծում եմ, առաջին փուլում պետք է կատարվեն քայլեր, որոնց արդյունքը արագ կնկատվի: Այդ առումով, նախ կարևորում եմ սոցիալական խնդիրների լուծումը: Երկրորդ, հարկ է հստակեցնենք մեր քայլեր հարկաբյուջետային քաղաքականության մեջ, պետք է տեսնենք` կա՞ հարկերի հավաքագրման առումով փոփոխություն, որպեսզի դրանք ոչ միայն ֆիսկալ բնույթ կրեն, այլ լինեն խթանող, կարգավորող: Եվ այստեղ կան հնարավորություններ: Երրորդ, պետք է գնահատենք` արդյոք մեր ծախսերն արդյունավե՞տ են, օրինակ, կարո՞ղ ենք մեզ վրա վերցնել մեզ համար շատ կարևոր` ռազմավարական ոլորտի ծախսերը ու այս հարցում կախված չլինենք վարկերից: Կարծում եմ` կարող ենք: Չորրորդ, դրամավարկային քաղաքականությունը պետք է միտված լինի ոչ միայն գների կայունության ապահովմանը, այլև ընդհանուր ֆինանսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը: Սա, ի դեպ, նոր սահմանադրության 200 հոդվածի պահանջն է:
Կարեն Կարապետյանը,  ինչպես երևում է, կարճ ու կոնկրետ խոսքի կողմնակից է, կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս ամենևին չփորձեց ականջ շոյող բառեր օգտագործել, ընդամենը շեշտեց` <<Շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ>>: Ի՞նչ ակնկալել:
-Կոռուպցիայի դեմ արդյունավետ հակազդեցությունը պետք է լինի առաջին փուլի կարևոր քայլերից մեկը: Ուզում եմ վարչապետի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. կան միջազգային կառույցների, մասանավորաբար, «Թրանսփերենսի ինթերնեշնլ հեղինակավոր կազմակերպության գնահատականները: Նկատենք, որ համաձայն դրանց, Վրաստանը 48-րդ տեղում է, իսկ Հայաստանը 95-րդ` 35 ցուցանիշով: Ի դեպ, այս ցուցանիշը որքան բարձր լինի, այնքան լավ: Կառավարությունն իր առաջ պետք է խնդիր դնի` փուլային տարբերակով տեղ գրավել առնվազն 60 երկրների շարքում և մեր ցուցանիշը հասցնեն 50-ի: Այստեղ էլ պետք է անցնել համապատասխան շեմը: Սա, ի դեպ, անշուշտ նպաստելու է ներդրումներին, քանի որ ներդրողներն այդ ցուցանիշների վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում, հիմնականում այդ կերպ տվյալ երկրում գնահատելով կոռուպցիայի մակարդակը:
   -Ամփոփենք, դատելով հնչեցրած մտքերից, որպես տնտեսագետ, ինչպե՞ս եք գնահատում նոր վարչապետի մուտքը:
-Դրական, կարծում եմ, Կարեն Կարապետյանն, իրոք, վճռական է տրամադրված երկրի տնտեսական քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ, քայլեր անելու հարցում: Եվ մենք, հատկապես մասնագետներս մեր ուժերի ներածին չափով, նաև մեր հասարակությունը պետք է նրան նեցուկ լինենք, աջակցենք: Իրավունք չունենք միայն կողքից դիտող լինել, եթե ուզում ենք մեր տնտեսությունն իրապես զարգանա, դա անընդունելի է: Բոլորս այս գործընթացին պետք է մասնակցենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն