Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Խորհրդարանի լույսն ու ստվերը

Սեպտեմբեր 16, 2016թ. 09:23

Գործադիրում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին առավել հրատապ է դառնում հայրենի խորհրդարանի փոփոխման անհրաժեշտությունը: Այստեղ էլ պետք է ճեղքում գրանցվի, ինչը, բնականաբար, ակնկալվում է 2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններում:
Եվս մեկ, երկու ամիս ու խորհրդարանն ամբողջությամբ կթևակոխի նախընտրական տրամադրությունների դաշտ: Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ այս աշնանային նստաշրջանով 5-րդ գումարման խորհրդանը կավարտի իր գործունեությունը, քանի որ գարնանային նստաշրջանն ամբողջությամբ նախընտրական է լինելու: Թերևս նաև սա է պատճառը, որ խորհրդարանականները փոքր-ինչ առաջ անցնելով սկսել են գնահատել 4 տարիների արածն ու չարածը: «Բացումն» արեց պատգամավոր Թևան Պողոսյանը, հայտարարելով, թե դրական տպավորություն չունի խորհրդարանի անցած տարիների աշխատանքից, չնայած «ձևական կողմը հավուր պատշաճի կարծես պահել ենք, բովանդակային մասով, կարծում եմ, պատմությունը մեր մասին պարզապես կմոռանա»։ Պատգամավորը նաև ցավով նկատեց, որ խորհրդարանն այդպես էլ չդարձավ մեր հասարակության առաջնորդողը, առաջամարտիկը, չկարողացավ թշնամանքի դեմն առնել, չկարողացավ փոխադարձ հարգանքի վրա խարսխված խաղի կանոններ թելադրել, քանզի հենց իրենք ՙխաղացինք հին կանոններով՚։ Մինչդեռ հասել է նոր խաղի ու նոր կանոնների հաստատման ժամանակը:
Իրո՞ք, պատմության էջերում այսչափ տխուր կհիշվի այս խորհրդարանը, ի պատասխան մեր հարցին ՕԵԿ ԱԺ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախ ասաց, թե աշնանային նստաշրջանն այնուհանդերձ այնքան էլ տխուր չի սկսվել, գլխավոր դատախազ են ընտրում, նոր վարչապետին են ընդունում, հնին` ճանապարհում: Ինչ վերաբերում է անցած տարիներին, այն ևս Բիշարյանը հակված չէ միանշանակորեն բացասական գույների մեջ տեսնել, ըստ նրա, բավականին շատ օրենսդրական աշխատանք է արվել, ի վերջո, խորհրդարանականները սահմանադրություն ու դրանով պայմանավորված շատ օրենքներ են փոփոխել ու բազմաթիվ քառօրյաներ նվիրել այդ դժվարին աշխատանքին:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը ևս համոզված է, որ օրենսդրական գործունեության մեջ օրենսդիրը լուրջ առաջընթաց է գրանցել, ինչի մասին է վկայում այն, որ հայաստանյան օրենսդրությունը` «Շատ ավելի առաջ է, ավելի համահունչ է եվրոպական չափանիշներին, քան ԱՊՀ մյուս երկրներում, նաև Ռուսաստանում: Մնում է, որ հարգենք մեր օրենքները, վեր դասենք ամեն ինչից, այդ դեպքում մեծ հաջողությունների կհասնենք»:
Այդ դեպում ինչո՞ւ արդյունքները գոհացուցիչ չեն, ինչո՞ւ մեր հասարակությունը ոգևորված չէ խորհրդարանի գործունեությամբ: Հեղինե Բիշարյանը սրան իր պատասխանն ունի ու պատճառը բացատրեց հենց ՕԵԿ-ի օրինակով. «Հասարակական տարբեր շերտերի խնդիրները լուծող օրենսդրական նախաձեռնություններ ենք ներկայացրել, բայց դրանց զգալի մասը մերժվել է նախորդ կառավարությունների կողմից: Մեր ժողովուրրդն էլ իր մաշկի վրա փոփոխություն չզգալով` օրենսդիրի աշխատանքը բացասական է գնահատել, ինչը նաև հագեցրել է ԱԺ հեղինակության անկման»:
ԱԺ հեղինակության անկման հարցում Կարինե Աճեմյանն էլ մեղադրեց հասարակական կարծիք ձևավորողներին, այստեղ իրենց առանձնակի դերն ունեն զլմ-ները, որոնք հակված են ավելի շատ լուսաբանել ոչ թե լուրջ ելույթները, այլ հայհոյախոսությամբ, վիճաբանությամբ հարուստ դրվագները ու ժողովրդի աչքում այս կարևոր ինստիտուտը հավասարեցնել զրոյի:

Խորհրդարանական գզվռտոցի ու պատգամավորական որակների մասին
Ցանկացած երկրի խորհրդարանի դեմքը պատգամավորն է` իր կրթական, մասնագիտական, քաղաքական ու մարդկային որակներով: Իսկ այս հարցում պատմության մեջ ինչպիսի՞ հետք կթողնի 5-րդ գումարման խորհրդարանը:
25 տարվա խորհրդարանական գործունեության փորձ ունեցող պատգամավոր Վոլոդյա Բադալյանի համար լավագույնը եղել ու մնում է Գերագույն խորհուրդը, որն առանձնանում է հենց իր պատգամավորական կազմով: Ի՞նչ է ստացվում` զարգանալու փոխարեն անկում ե՞նք գրանցել.«Այո, պատգամավորների որակն իջել է»:
Ինչպիսի՞ն է ներկայիս կազմը. ասենք, որ այն շատ բազմազան է` ունենք լիքը ճառ ասողներ, փոխարենը քիչ են «զանգ կախողները», ունենք կոճակ սեխմողներ, պոպուլիզմի սիրահարներ. Վոլոդյա Բադալյանը շարունակելով մեր թվարկած շարքը, հավելեց` ունենք նաև առավոտից երեկո օրենսդրական գործունեությամբ զբաղվողներ, չնայած այդպիսիք քիչ են: Պատգամավորը չի ընդունում մշտապես ամբիոնը գրաված պահողներին ու շատախոսներին: Ասաց` ինքն այս տարիներին մեծ գործ է արել հայ-վրացական, հայ -ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման դաշտում, բայց երբեք չի սիրել ամբիոնից այդ մասին շատախոսել` «Դա իմ ոճը չէ»:
ՀՀԿ պատգամավոր Աճեմյանն էլ այն համոզման է, որ մեր խորհրդարանականները բազմազան են նախ իրենց կրթական ցենզով. «Երբեմն ամաչում եմ այլոց փոխարեն`լինի կին, թե տղամարդ, ամաչում եմ հայհոյախոսության համար: Շատ դեպերում էլ նկատում եմ, որ կան պատգամավորներ, որոնք մինչ օրս անտեղյակ են իրենց գործառույթներից, խախտում են ԱԺ կանոնակարգը: Իսկ եթե պատգամավորն ինքն է օրենք խախտում, ինչպե՞ս կարող է օրենսդիր համարվել»:
Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական օրենսդիրը. «Ե’վ օրենսդրական աշխատանք կատարող, և’ լրատվամիջոցների հետ ճիշտ աշխպատող, և’ հասակության հետ շփումներ ունեցող», բա` պոպուլի՞զմը`«Ես դա վերջին տեղում կդնեմ, ավելի ճիշտ, դա համարում եմ ոչ թե պոպուլիզմ, այլ սեփական գործը ներկայացելու ունակություն: Մեր երկրում հարցերը շատ են մենք ավելի շատ պետք է աշխատենք, քան խոսենք»:
Պատգամավորական կազմի մասին խոսելիս Հեղինե Բիշարյանը փոքր-ինչ նեղվեց, ասաց, թե այստեղ հաճախ է թացը չորի հետ այրվում է, ու բոլորին տրվում է միևնույն գնահատականը: «Ունենք պատգամավորներ, որոնք ընդհանրապես կապ չունեն խորհրդարանի հետ, բայց նաև կան ակտիվ աշխատողներ խորհրդարանի դեմքը պահողներ ու նրանց համար շատ վիրավորական է, որ իրենք էլ կոճակ սեխմող պատգամավորի հետ նույն գնահատականին են արժանանում»:
Դառնալով խորհրդարանական ընդդիմությանը Բիշարյանն անընդունելի համարեց այս դաշտում ևս բոլորին նույն նժարի վրա դնելը, խորհուրդ տվեց տարբերակել, քանի որ ընդիմադիրների ձեռագրեն ու պայքարի գործիքները խիստ տարբեր են. մեկը հրապարակավ հայհոյում է, մյուսը` ռադիկալ է ու զենքով է իր կռիվը տալիս, երրորդը` կառուցողական ուժ է և օրենսդրական փոփոխությունների ճանապարհն է կարևորում: ՕԵԿ-ն իրեն այսպիսին է համարում. «Մենք ոչ թե ցեխ շպրտելով, այլ սեփական գործն անելու կողմնակից ուժ ենք: Ընդդիմություն լինել չի նշանակում միայն խոսել ու հայհոյել: Եթե կան ընդդիմադիրներ, որոնք միայն ճղճղում են, ես չէի ուզենա, որ մեր ու նրանց հասցեին հնչող գնահատականները նույնը լինեն: Պետք է գնահատել կառուցողական ուժերի ճիշտ գործելոճը»:
Աշխարհի բոլոր խորհրդարաններին բնորոշ է կրքերի լարումը, քիչ չեն դեպքերը, երբ պատգամավորները գործի են դրել սեփական ձեռքերը,անգամ ոտքերը: Բարեբախտաբար, մեր խորհրդարանի պատմության մեջ նման դեպքերը եզակի են: Բայց մեզ մոտ էլ մեկ այլ երևույթ կա` լեզվակռվի մակարդակն է «պլինտուզից ցած» իջել:

«Այո, բոլոր խորհրդարաններում լինում են վիճաբանություններ, բայց ես կուզենայի, որ մեզանում ամեն ինչ լինի միայն կոռեկտության սահմաններում, առանց անձնական վիրավորանքի, հայհոյանքի: Խորհրդարնը խոշորացույցի տակ գտնվող քաղաքական մարմին է, այն շատ կարևոր կառույց է և մենք պետք է շատ ավելի զուսպ լինենք»,-ասում է Աճեմյանը:
Անցած 4 տարիներին ավելի շատ ականատես եղանք ընդդիմադիրների ներքին գզվռտոցին, սա նորմալ երևույթ է՞: Հեղինե Բիշարյանն այս երևույթը հետևյալ կերպ բացատրեց. «Կան ուժեր, որոնք նոր են ստեղծվում, ու ամեն մեկն ուզում է իր տեղն ունենալ այս արևի տակ: Սրանք են, որ իրենց թիկունքում պատմություն ու արված աշխատանք չունենալով հարձակվում են դաշտում 25 տարվա կայացած ուժի վրա ու նրան վարկաբեկելով փորձում էժան դիվիդենտներ վաստակել: Սա քաղաքական ուժի պահվածք չէ»: Այս ոճը, որը հատուկ է նորաստեղծներին, ըստ Բիշարյանի, բնորոշ չէ կենսագրություն ունեցող քաղաքական ուժերին, որոնք գզվռտոց չեն սիրում ու կարծիքների բախման դեպքում էլ փորձում են մնալ կոռեկտության դաշտում:

Խորհրդարանում կան դրսի խոսափողե՞ր

Զրուցակիցներս նաև մի վտանգավոր փաստ արձանագրեցին. այս խորհրդարանում քիչ չեն նաև աշխարքահաղաքական տարբեր բևեռներին հարող պատգամավորները, անգամ նմաների ցանկը շրջանառվեց համացանցում: Ստացվում է, խորհրդարանում ոմանց թեթև ձեռքով ձևավորվել է արտաքին խոսափողերի ցա՞նց: Կարինե Աճեմյանն էլ  նկատել է, որ դրսի ցուցումով խոսող ուժեր կան մեր խորհրդարանում, որոնք, ըստ նրա, գուցեև ունեն ֆինանսական շահագրգռվածություններ: Մասնավորաբար, աչքի են ընկնում զուտ արևմտյան կողմնորոշում ունեցողները: «Ինքս միշտ համարել եմ, որ մեր երկիրը պետք է հավասարակշռված աշխատի բոլոր բևեռների հետ, սա պետք է լինի մեր ուղենիշը մենք չենք կարող մեր երկիրը վտանգել: Այս քաղաքականության իրականացումը փայլուն ստացվում է մեր նախագահի մոտ, մինչդեռ այլ օղակներում` դեռ ոչ»:
ՕԵԿ փոխնախագահի համար ևս անընդունելի է, որ. «Մեկ այլ պետություն կարող է մեզ թելադրել: Այլ բան է լինել խելացի ու օգտագործել բոլոր բարեկամ բևեռները ի շահ Հայաստանի: Համագործակցելը մի բան է, ծառայելը` մեկ այլ բան»:
Պատգամավորները շեշտեցին ամենից կարևորը. քաղաքական ուժերի նպատակների կենտրոնում պետք է լինի Հայաստանն ու մեր ժողովրդի շահերը և այդ շահերին ծառայելը, իսկ ապագա խորհրդարանում ոչ միայն արտաքին խոսնակները պետք է տեղ չունենան, այլև բոլոր մականունավորը: Նրանց փոխարեն պետք է լինեն աշխատող, մասանագետ, կրթված, հայրենասեր, քաղաքական կենսագրություն ունեցող ու պետական շահն ամեն ինչից վեր դասող գործիչներ:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել պատրաստվող քաղաքական կուսակցությունները պարտավոր են այս կարևոր հանգամանքը հաշվի առնել ու սեփական ցուցակները կազմել հե’նց այս տրամաբանությամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն