Գլխավոր » Analitika, TOP, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

Դրդապատճառը պանթուրանիզմ էր, ոչ թե իսլամական կրոնը

Սեպտեմբեր 13, 2016թ. 14:56
Հարութ սասունյան

Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի եւ Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ վերջերս տպագրված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ եւ դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկուցումների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համալսարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Պրոֆ. Ռիչարդ Ռուբինշտեյնն իր «Հայոց ցեղասպանությունը որպես ջիհադ» զեկուցման մեջ հայերի զանգվածային սպանությունները վերագրում է քրիստոնյաների դեմ իսլամական մոլեռանդությանը: Սա հաճախ թյուր են ըմբռնում նույնիսկ հայերը, որոնք հպարտությամբ հայտարարում են, որ իրենք առաջին ազգն են, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել են 301 թվականին:
Այս թյուրըմբռնման հիման վրա ստեղծվել է մի ամբողջ բանահյուսություն, որ հայերը նահատակվել են իրենց հավատքի համար եւ կրոնափոխությունը մերժելու պատճառով: Հաշվի առնելով ներկայիս հակաիսլամական մոլուցքը Միացյալ Նահանգներում եւ այլուր՝ որոշ մարդիկ ապակողմնորոշվում են այս սխալ պնդումներով:
Ռուբինշտեյնն իր ելույթն սկսում է սխալ հիմնավորմամբ, երբ նկարագրում է մի զարհուրելի տեսարան Հոլիվուդում 1919թ. նկարահանված «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմից, որը ցուցադրում է փայտե խաչերին գամված մի քանի մերկ հայ կանանց: Համարելով, որ «թուրքերը» մտադիր էին նման սարսափելի տեսարաններով որոշակի հակահայկական եւ հակաքրիստոնեական ուղերձ հղել, Ռուբինշտեյնը սխալմամբ պնդում է, որ այդ ֆիլմը «չէր կարող նկարահանվել առանց թուրքական իշխանությունների ներգրավման եւ համաձայնության»:
Դոկտ. Ռուբինշտեյնն ընդգծում է իսլամի գլխավոր դերը թուրքերի կողմից հայերի զանգվածային ջարդերի ընթացքում, թեեւ նա ընդունում է, որ «(Ռոնալդ) Սունին եւ այլ մասնագետներ պնդում են, որ արյունահեղ միատարրության հիմնական դրդապատճառը եղել է ազգայնականությունը, եւ կասկած չկա, որ մեծ դեր է խաղացել արմատական ազգայնականությունը»: Ռուբինշտեյնը անտեսում է պանթուրքական ազգայնականության հարցը՝ պնդելով, որ «էթնիկ զտումների» ծրագրերի համար ամենակարեւոր շարժառիթը եղել է կրոնական եւ հատկապես իսլամի որոշ ասպեկտների անփոփոխ բնության հետեւանքով»:
Ցույց տալու համար, որ թուրք ղեկավարների նախագծերում հիմնական որոշիչ գործոնը եղել է կրոնը, Ռուբինշտեյնը ասում է. «1914 թ. նոյեմբերի 2-ին Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Անտանտի երկրներին՝ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին եւ նրանց դաշնակիցներին: Նոյեմբերի 13-ին, օսմանյան սուլթանը, որպես խալիֆ, հանդես եկավ ջիհադի կոչով: Հաջորդ օրը Մուսթաֆա Հայրի բեյը, շեյխ-ուլ-իսլամը եւ Օսմանյան աշխարհում որպես սուննի կրոնական իշխանության առաջնորդ, պաշտոնական (եւ հրահրիչ) ջիհադ հայտարարեց «ընդդեմ անհավատների եւ իսլամի թշնամիների»:
Ջիհադի գրքույկները արաբերենով բաժանվեցին նաեւ ամբողջ մահմեդական աշխարհի մզկիթներում, որոնք պարունակում էին գործողությունների մանրամասն ծրագիր «անհավատների» սպանության եւ բնաջնջման համար, բացառությամբ Գերմանիայի՝ պատերազմի ժամանակ կայսրության դաշնակցի քաղաքացիների: Մահվան ջոկատները եւ դրանց ղեկավարները «ոգեւորված էին ջիհադի գաղափարախոսությամբ եւ եվրոպական ազգայնականության ազդեցությունը կրող պանթուրքիզմով»: Չնայած ջիհադի գործնական ազդեցությունը զանգվածների վրա սահմանափակ էր՝ «այն ավելի ուշ հեշտացրեց հայ ժողովրդի դեմ կառավարության իրականացրած ցեղասպանության ծրագիրը»:
Պրոֆ. Ռուբինշտեյնը չի ըմբռնում, որ կրոնական մոլուցքը ավելի շուտ շահարկվում էր մոլեռանդ թուրք խուժանի կրքերը բորբոքելու համար՝ նրանց հրահրելով հայերի դեմ, քան հանդիսանում էր Հայոց ցեղասպանության պատճառ:
Կրոնի փոխարեն հայերի ոչնչացման առաջնային դրդապատճառ եղել է նրանց վերացումը որպես թուրքացման արգելակ եւ խոչընդոտ մինչեւ Կենտրոնական Ասիա հասնող պանթուրանական կայսրության հաստատման թուրք ղեկավարների մեծ ծրագրի: Անկախ մահմեդական լինելուց՝ նաեւ բազմաթիվ քրդեր են սպանվել միայն այն պարզ պատճառով, որ թուրք չէին։
Քրիստոնյա հայերը երբեք խնդիր չեն ունեցել բարեպաշտ մահմեդականների եւ նրանց դավանանքի հետ: Ի դեպ, Հայոց ցեղասպանության բազմաթիվ վերապրածներ ապաստան են գտել մահմեդականների մոտ՝ Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում եւ Սիրիայում: Հայերը լավ են հիշում Մեքքայի Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիին, որը 1917թ. հրաման արձակեց՝ պարտավորեցնելով մահմեդականներին պաշտպանել ցեղասպանության հայ վերապրածներին այնպես, ինչպես կպաշտպանեն սեփական ընտանիքները:
Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման ծրագրի շարժառիթը ավելի շուտ ոչ թե պանիսլամական մոլուցքն էր, այլ պանթուրքական մոլեռանդ ազգայնականությունը։
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, TOP, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն