Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Սահմանների անխախտելիության սկզբունքը վաղուց է խախտվել. ԼՂ հիմնահարցում հարկ է օգտվել նպաստավոր իրավիճակից

Սեպտեմբեր 7, 2016թ. 15:38
Մհեր Շահգելդյան

Սահմանների անխախտելիության սկզբունքը դադարել է կարծր բնույթ ունենալ, դրա մասին են վկայում միջազգային գործընթացները. Եվրոպայում փոխվել են այն սահմանները, որոնք գործում էին Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման ժամանակ, այլևս չկան այնպիսի երկրներ, ինչպիսիք էին Հարավսլավիան, Չեխոսլովակիան, ԽՍՀՄ-ը, նրանց փոխարեն իհայտ են եկել նորանկախ պետություններ` իրենց նոր սահմաններով: Այս իրողությունը նկատի ունենալով, Օրինաց երկիր խորհրդարանական խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ նկատում է` ժամանակն է, որ ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծման հարցում մենք ևս օգտվենք ստեղծված իրավիճակից:

 

-Աշխարհում սկսված աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից վերլուծելով իրողությունները, նկատում ենք, որ սահմանների անխախտելիության սկզբունքը վաղուց է խախտվել: Դրա մասին են վկայում այն իրավական նախադեպերը, որոնք հաստատում են սահմանների փոփոխությամբ կատարված նոր պետությունների ստեղծումը: Նման օրինակների շարքում են Կոսովոն, Արեւելյան Թիմորը, Հարավային Սուդանը: Քիչ չեն այն երկրների օրինակները, ուր անկախական պայքարից հետո ձևավորվել են նոր պետություններ: Առկա միտումները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը ևս հակված է ինքնորոշման մասին որոշումներ ընդունել իրավական հարթության մեջ: Դարձյալ դառնալով Կոսովոյի օրինակին ասեմ, որ Հաագայի դատարանը դրական որոշում ընդունեց` ճանաչելով Կոսովոյի անկախությունը, ինչը Կոսովոյի իրավունքն էր:
Ի դեպ, դեռ տարիներ առաջ սկսեցին շրջանառվել արևմտյան կենտրոնների վերլուծությունները, նաև քարտեզներ հրապարակվեցին, թե ինչպե՞ս պետք է փոփոխվի աշխարհակարգը, մասնավորաբար, Մերձավոր Արևելքում. վերագծվեց Մերձավոր Արևելքի քարտեզը, ուր 5 պետություններից պետք է առաջանան 14 նորերը: Եվ այսօր սահմանների փոփոխման գործընթացի ականատեսն ենք:
-Այո, ձեր նշածը փոխկապակցվում է <<Արաբական գարնան>> հետ, իհարկե, այստեղ կա գերտերությունների ազդեցությունը, բայց մեծ հաշվով այն Մերձավոր Արևելքի երկրներում ծավալվող ներքին գործընթացների ու խնդիրների արտահայտություն է:
Դեռևս 20 տարի առաջ, երբ ես ՙԻրավագետների ու քաղաքագետների՚ միության շրջանակներում գործող <<Հորիզոն>> կենտրոնի ղեկավար էի, արձանագրելով այն փաստը, որ սահմանները որպես այդպիսին փոփոխվում են, մենք կանխատեսեցինք, որ այդ փոփոխություններն ավելի հստակ արտահատվելու են Բալկաններում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում: Նաև նշեցինք, որ այդ փոփոխությունները հանգեցնելու են նոր պետությունների ձևավորմանը` հիմվելով կամ կրոնական որոշակի ուղղությունների, կամ էթնիկ ազգային նկարագրերի, տարբերությունների վրա:
Սահմանների փոփոխման խնդիրը վերջին ժամանակահատվածում մի նոր թափով սկսել է քննակվել միջազգային առաջատար լրատվամիջոցների` ամերիկյան New York Times-ի, եվրոպական ու հրեական մամուլի էջերում. գրում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխությունների մասին ու շրջանառում նոր տիպի քարտեզներ: Հիշեցնեմ, որ վերջերս էլ Հայաստանում տարածվեց մի քարտեզ Թուրքիայի հետ կապված:
Հայտնի բան է, միջազգային աշխարհաքաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում, ինչպես և աշխարհի առաջատար լրատվամիջոցները հենց այնպես, առանց խորը ուսումնասիրության ու որոշակի հիմքերի հոդվածներ չեն գրում: Այս ամենը վերլուծելով, նաև հետևելով միջազգային կենտրոնների դիտարկումներին, համոզվում ենք, որ ողջ աշխարհում սահմանների փոփոխության սկզբունքը, անկախ պետությունների ձևավորման գործընթացը արագ տեմպերով առաջ է շարժվում:
-Մենք ունենք չլուծված ԼՂ հիմնախնդիր, փորձենք ասվածը դիտարկել այդ հարթության մեջ:
-Ներկայիս իրողությունների ֆոնին դիտարելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախ պետք է արձանագրենք, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, ԼՂՀ անկախության որոշումը, Հայաստանի հետ վերամիավորման գաղափարը բխում են այս հսկայական տարածաշրջանում առկա ընդհանուր միտումներից:
Ադրբեջանը տարիներ շարունակ կառչած է սահմանների անխախտելիության սկզբունքից, մի սկզբունք, որը փաստորեն այսօր արդեն իսկ խախտվել է: Եվ այստեղ բնականաբար, մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի` օգտվել ստեղծված իրավիճակից:
Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքներն արհեստականորեն են միմյանց հակադրվում, նաև բազմիցս է ասվել` ԼՂ հիմնահարցի վրա չի կարող տարածվել տարածքային ամբողջականության սկզբունքը, քանի որ Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքներով չի եղել 1918թ. Ադրբեջանի Հանրապետության կազմում, որի իրավահաջորդն է ներկայիս Ադրբեջանը:
-Իրոք այդպես է, տարածքային ամբողջականության սկզբունքն ընդհանրապես չպետք է ներառված լիներ, բայց իրողությունն այն, է որ ժամանակին միջազգային հանրությունը Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում ներառեց այդ սկզբունքը: Եվ այսօր, երբ առավել քան տեսանելի է դառնում սահմանների անխախտելիության սկզբունքի խախտված լինելու հանգամանքը, երբ սահմանների փոփոխության սկզբունքը սկսում է աշխատել ամբողջ աշխարհում, մենք պետք է օգտվենք փոփոխված իրավիճակից: Այն առավել քան նպաստավոր է մեզ համար, այստեղ մեր դիրքերը միանշանկորեն ուժեղ են ու ամուր:
-Պարզ ասած` հասնել նրան, որ բանակցային փաստաթղթերից դո՞ւրս մղվի տարածքային ամբողջականության մասին սկզբունքը:
– Գիտեք, ասելիքս այն չէ, որ այսօր իսկ դուրս մղենք այդ սկզբունքը, բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, աշխատենք նոր մտածողության ներդրման ուղղությամբ: Հաշվի առնելով առկա միտումները, ինչի մասին են վկայում նաև համաշխարհային մամուլի հրապարկումները, նաև անկախ պետությունների ձևավորման մասին փաստող տարբեր երկրների օրինակաները, ակնհատ է, որ մեր տարածաշրջանում տեղի են ունենում սահմանների փոփոխելիություն: Սա մեր շահերից բխող քաղաքական իրողություն է: Կնշանակի այս ուղղությամբ աշխատել է պետք:
Իմ խորին համոզմամբ, մենք այսօր ունենք լուրջ հնարավորություններ իրավիճակն ի նպաստ ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծման աշխատեցնելու համար: Մեր առաջ բացվել են փոփոխության մեծ հնարավորություններ. աշխատել է պետք: Գիտեք, այսօր անգամ Ղրիմի հարցին Արևմուտքի բազմաթիվ քաղաքական ու ռազմական գործիչներ այսօր սկսել են ընկալումով վերաբերվել, և այս միտումը աշխարհում շարունակվելու է:
Ի՞նչ պետք է անեն հայկական երկու պետությունները` Հայաստանն ու Արցախը, ստեղծված իրավիճակն ի շահ, ի նպաստ մեզ օգտագործելու համար:
-Ավելի ակտիվ աշխատեն միջազգային կառույցների հետ ու փորձել նույնիսկ փոխել միջազգային իրավական ակտերը: Իրավունքը պետք է արտացոլի իրական կյանքը ու ներկայումս ձևավորված մոտեցումները:
Մեր խնդիրն առաջին հերթին պետք է լինի այն, որ միջազգային կառույցների, անհատ քաղաքական գործիչների առաջ դնենք սահմանների փոփոխման իրողության փաստը, ընդգծելով, որ այդ գործընթացն առաջ է գնում:
Երկրորդ, ժամանակն է մոբիլիզացնել մեր ունեցած բոլոր փաստարկները` և’ իրավական, և’ պատմական` սկսած 1813 թ. պայմանագրից, ԽՍՀՄ շրջանը ներառյալ, և’ պատմամշակութային: Համընթաց պրոպագանդայի միջոցներով պետք է շեշտել, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, ու զուգահեռաբար պայքարել այդ մասին հակառակն արձանագրող փաստաթղթերի դեմ: Մենք պետք է այս հարցերը հստակ ներկակացնենք միջազգային հանրությանը ու բաց քննարկում ծավալենք, և այն առաջ տանենք միջազգային իրավունքի շրջանակներում:
Երրորդ, այս ամենի համար այսօր իսկ պետք է պատրաստել միջազգային իրավունքի համապատասխան մասնագետներ և մեր ներուժն օգտագործել միջազգային իրավունքի ոլորտում` քայլ առ քայլ իրականացնելու միջազգային իրավունքի նորմերի արդիականացման գործընթաց:
Այս կերպ ԼՂ հիմնահարցից վերջնականապես դուրս կմղենք սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչին տասնամյակներ շարունակ կառել է Ադրբեջանը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն