Գլխավոր » Interview, NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան

Մենք ենք մեր երկրի տերը, և մեր հույսը երբեք օտարի վրա չենք դնելու

Սեպտեմբեր 3, 2016թ. 13:14
սամվել նիկոյան

Արցախի Հանրապետության անկախության տոնն առիթ է վերարժևորելու մեր անցած ուղին. սովորաբար տոնին խոսում ենք միայն ձեռքբերումներից, դա իհարկե, լավ է` հաջողությունները արձանագրելու համար, բայց խոսել է պետք նաև բացթողումներից, դրանք հետայսու սրբագրելու ակնկալիքով:

Հարցազրույց ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախում կազմակերպվեց հանրաքվե, արդյունքում ստացանք շատ կարևոր հաղթաթուղթ՝ Լեռնային Ղարաբաղը անկախացավ անթերի իրավական հիմքով: Սակայն 25 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել ԼՂՀ անկախությունն ընկալեի դարձնել աշխարհին ու Արցախը շարունակում է չհամարվել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ի՞նչ չենք արել այս ճանապարհին, ո՞րն է բացթողումը:
-Կարևոր դիտարկում եք անում. ինչո՞ւ Արցախը շարունակում է մնալ չճանաչված, այս հարցադրումը մեր ժողովրդի մտածումների մեջ է, ու հնչում է 25 տարի շարունակ: Ասում ենք` մեր բոլոր քայլերն արել ենք միջազգային իրավունքի համաձայն, բայց ինչո՞ւ Արցախը շարունակում է մնալ չճանաչված:
Երբ Արցախը հռչակեց իր անկախությունը, մեզ թվում էր, թե միջազգային իրավունքը, միջազգային հարաբերությունները բացարձակ արժեքներ են ու հավասարաչափ տարածվում են բոլորի վրա: Սակայն մեր անկախ պետականության այս տարիների ընթացքում փորձը ցույց տվեց, որ այնքան էլ այդպես չէ, որ միջազգային իրավունքի հետևում նաև ուժ պետք է լինի: Բերեմ օրինակ. Արևմուտքը շահագրգռված էր Կոսովոյի անկախությամբ և Կոսովոյին օգնեցին որպեսզի հանրաքվե իրականացնի, օգնեցին, որ կարողանա ինքն իրեն պաշտպանել, ավելի ճիշտ` իրեն պաշտպանեցին ու սովորեցրին, կարողանա պետություն կառուցել: Միջազգային հզոր ուժերը դա ուզում էին ու իրականացրին:
Նույնն է Ղրիմի դեպքում. Ռուսաստանը լինելով հզոր պետություն որոշեց ու Ղրիմն իրեն միացրեց: Հիշենք Հարավային Օսիայի ու Աբխազիայի պատմությունը: Ըստ էության, կարելի է ասել, որ այս ժողովուրդներն իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը, քանի որ նրանց թիկունքում հզոր Ռուսաստանն էր:
Այս ամենն ուսումնասիրելով հանգում ես հետևության, որ յուրաքանչյուր միջազգային իրավունքի հետևում պետք է կանգնած լինի հզոր ուժ: Հետևաբար, բացի այն, որ մենք անթերի ենք իրականացրել մեր անկախության հռչակման ողջ իրավական գործընթացը, միաժամանակ ինքներս որպես պետություն պետք է լինենք ուժեղ` տնտեսապես, քաղաքականապես, ռազմական առումով, արտաքին քաղաքական դաշտում:
Ինչու ենք ուզում, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը մնալ Մինսկի խմբի համանախահագության շրջանակներում, քանի որ այն ներկայացնում է երեք գերտերություններին`ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին: Եթե երեք տերությունների նախագահները խնդրի խաղաղ լուծման օգտին հայտարարություններ են անում, նշանակում է դրա մեջ դնում են իրենց երկրի ու անձնական հեղինակությունը: Այն պահին, երբ գերտերությունները Արցախի անկախության ճանաչման հիմնարար փաստաթղթի տակ կդնեն իրենց ստորագրությունները ու դրանով կստանձնեն պարտավորություն, դա կլինի այն հզոր ուժը, որը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի անկախության իրավական հիմքը: Կարծում եմ ճիշտ է, որ այս տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը արցախյան հարցում ապավինել է Մինսկի խմբին, համանախագահող երկրները պետք է լինեն ԼՂՀ անկախության միջազգային երաշխավորը: Միայն այդ դեպում, ուենալով այդ ուժը մեր թիկունքում Արցախն իր անկախության անթերի իրավական հիմքով կդառնա միջազգային իրավունքի սուբյեկտ:
Այն, որ այսօր դեռ Արցախյան խնդիրը լուծված չէ, այն, որ շարունակվում է պատերազմը, պատճառը 1994-ի կատարած մեր սխալ քայլը չէ՞` Ադրբեջանի կապիտուլյացիայի, սահմանների եւ Արցախի անկախության մասին փաստաթուղթ ստորագրելու փոխարեն հրադադարի պայամանագիր ստորագրվեց: Ի դեպ, վերջերս այդ մասին խոսեց նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ասելով` պատերազմը հաղթածները երբեք այդպիսի պայմանագիր չեն ստորագրում, դա հիմարություն էր:
-Ինձ թվում է` 1994-ին մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել: Երբ սկսվեց արցախյան շարժումը շատ երկրներ մեզ բարոյապես աջակցում էին, քանի որ այդ շարժումն իր մեջ ներառում էր նաև խորհրդային պետության կազմալուծման խնդիրը: Երբ ԽՍՀՄ-ն քանդվեց ու ստեղծվեցին անկախ պետություններ` գործեց զուտ միջազգային իրավունքն ու դրա հետևում կանգնած ուժերը իրենց շահերով: Եվ մենք հայտնվեցինք այդ շահերի բախման խաչմերուկում:
Ասել, թե 94-ին մենք կարող էին հակառակորդին կապիտուլյացիա պարտադրել` ես այդ կարծիքի չեմ: Չպետք է մոռանալ, որ այդ տարիներին Հայաստանը գտնվում էր դժվարին վիճակում: Մենք կարողացանք ռազմական հաջողություններ ունենալ շնորհիվ մեր կազմակերպվածության ու ոգեղենության: Հիշեք, որ թշնամու դեմ մեր կամավորական ջոկատներով մարտնչելուն զուգընթաց ստեղծվում էր մեր բանակը: Ու շնորհիվ մեր տղաների նվիրումի բանակաշինության հարցում մենք առաջ անցանք Ադրբեջանից: Սա այն էր որ մենք շատ լավ կարողացանք անել: Ես ռազմական գործի մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ Ադրբեջանին նման պայմանագիր պարտադրելու համար մեզ շատ ավելի մեծ ռազմական ռեսուրսներ էին անհրաժեշտ: Տարիներ շարունակ մեր հասարակությունը գտնվում էր պատերազմի մեջ, ունեինք քայքայված տնտեսություն, այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ այն ժամանակ արվել է հնարավորը: Ավելի չէինք կարող:
Արցախի անկախության 25 ամյակն ենք նշում ու արդարացիորեն հպարտանում մեր հաղթանակներով, բայց տարօրինակ չէ՞, որ լինելով հաղթանակած կողմ անվերջ խոսում ենք մեր ազատագրված հայրենիքի հողերը հակառակորդին զիջելու մասին: Սա ի՞նչ խոսակցություն է, տրամադրություննե՞ր են շոշափվում:
-Ես խնդրում եմ չօգտագործել ՙզիջում՚ բառը: Միջազգային հանրության առաջ մենք դրել ենք ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հարցը և միջազգային հանրությունը մեզ հաճախ հարց է տալիս` եթե ուզում եք ինքնորոշվել, ապա ո?ր տարածքների վրա: Մեր պատասխանը հստակ է` այն տարածքների վրա որտեղ ԼՂՀ ժողովուրդը ինքնորոշման հայտ է ներկայացրել ու իր սահմանդրության մեջ ամրագրել այդ սահմանները: Ես չգիտեմ, թե ի?նչ զիջումների մասին են խոսում, ես երբեք այն կարծիքին չեմ, որ երբևէ կարող են լինել միակողմանի զիջումներ, բայց մի բանում համոզված եմ, որևէ մեկը չի գնա ու չի կարող գնալ այնպիսի լուծումների, որին դեմ է հայ ժողովուրդը` ԼՂՀ-ում ու Հայաստանում: Ինչ վերաբերում է տրամադրություններ շոշափելուն, գուցե դա էլ կա, ցավոք, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը հայտնվել է գերտերությունների հակասությունների դաշտում, չնայած որքան էլ իրենք հայտարարում են, թե այս հարցում տեսակետները նույնն են:
Իսկ մենք ամո՞ւր ենք այս հարցում, մեզ ինչ-որ քայլեր չե՞ն կարող պարտադրվել:
-Որպեսզի անզոր լինեն մեզ ինչ-որ բան պարտադրելու, մեզ պետք է մեկ բան` միասնականություն: Գուցե այս բառը շատ-շատերի նյարդերի վրա ազդի ու հակադարձեն` ո՞ւմ հետ, էսօրվա իշխանության հե՞տ լինենք միասնական, և սկսեն քննադատել ու հայհոյախոսել: Այսօր մեր երկու մեծ ձեռքբերում ենք ունեցել, դա մեր անկախությունն է ու մեր հայրենիքի մի մասի ազատագրումը: Հազարամյակներ շարունակ մենք միայն կորուստների համար ենք ողբացել: Սակայն երբ մեր ազգը համախմբվեց, բռունցքվեց կարողացավ լուծել այն խնդիրը, որ դարերով թվում էր անելուծելի: Հիմա էլ մեզ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել, եթե լինենք միասնական, եթե մեր ներքին գզվռտոցը մեզ չպառակտի: Սոցցանցերում ամենից շատ գոռգոռալը, հայհոյելն է դարձել մեր հիմնական նպատակը: Ես չեմ ուզում այս տոնանական օրն անդարդառանալ մեր խնդիրներին, բայց դրանք շատ են ու իշխանությունը չի թաքցնում այդ մասին, դրանք լուծել է պետք, բայց առանց գզվռտոցի, առանց պառակտման: Պետք է դադարել մեկմեկու վրա ՙմունաթ՚ գալ, դադարել ինքնադրսևորվել` հայհոյելով, քննադատելով: Ավերել ենք ամեն ինչ, չենք թողել ոչ մի սրբություն, չենք թողել ոչ մի հեղինակություն, որը երկրի համար լարված պահին կարող է խոսք ասել ու բոլորը լսեն, հավատան: Անգամ վիրավորեցինք այնպիսի մեծության ինչպիսին Տիգրան Մանսուրյանն է, նման զավակ ունենալը յուրաքանչյուր ազգի հպարտությունն է, բայց մեզ մոտ մեծություններին հայհոյելով փորձում են ինքնահաստատվել: Այդպես չի լինում, մենք բարդացնում ենք մեր առաջ ծառացած խնդիրների լուծումը: Երբ հասարակությունը, ազգը բարոյալքվում է, երբ վերանում է արժեհամակարգը, ցավոք` տեղի է ունենում մեծ աղետ: Նայեք պատմությանը, անգամ հզոր կայսրություններն են փլուզվել բարոյալքման արդյունքում: Հայկական երկու պետությունների` Հայաստանի անկախության զարգացման ու Արցախի անկախության ճանաչման հարցում մենք դեռ դժվարին ճամփա ունենք անցնելու: Եվ այդ ճանապարհին ամենակարևորը մեր միասնականությունն է: Հիշեցի սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը` մեզ պետք է համբերություն, բռունքված պայքար ու 21-րդ դարը մերն է լինելու:
Այսօր մենք չե՞նք հեռացել մեր պայքարի հիմնական նպատակից` Արցախի վերամիավորումից մայր Հայաստանին: Այս փաստը, որն իրավական ուժ է ստացել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ որոշմամբ, արդյոք այսօր ամբողջությամբ չի՞ անտեսվել, չի՞ դարձրել ընդամենը պատմական արժեք:
-Հայաստանի ու Արցախի վերամիավորումը մեր ազգի վերջնական նպատակն է, այստեղ այլ կարծիք չկա ու չի կարող լինել: Իսկ 1989թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը կմնա մեզ համար ոչ թե ընդամենը պատմական որոշում այլ դրան ձգտել հասնելու նշաձող: Դարձյալ Ղրիմի օրինակը բերեմ. այնտեղ անկախության հանրաքվե չիրականացվեց, այլ Ռուսաստանին միանալու հանրաքվե եղավ, որովհետև ՌԴ-ն ունի այն հզորություն: Աշխարհը թեպետ դեռ չի ճանաչում այդ միավորումը, բայց կգա ժամանակը կհամակերպվի իրողության հետ, որը ուժն է ստեղծել: Բայց քանի որ մենք չունենք այդ ուժը, չունենք միջազգային հանրությանը հակադրվելու ռեսուրսը, ու պետք էլ չէ, գնացինք աշխարհի համար ընկալելի ճանապարհով` դա ազգերի ինքնորոշում իրավունքի ճանապարհն է: Եվ լավ է, որ գնացինք այդ ճանապարհով, քանի որ քաղաքակիրթ աշխարհը համակրանքով է ընկալում ազգերի՝ անկախության համար պայքարը: Մենք այս դաշտում հաջողություններ ենք ունեցել, անկախ այն բանից, որ Ադրբեջանն այս տարիներին հսկայանակ միջոցներ է ներդրել ռազմական բյուջեի ուղղությամբ և ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար: Բայց նա դա չի կարող անել, ու ստիպված է հաշվի նստել աշխարհի տեսակետների հետ:
ՀՀ նախագահը շեշտեց` ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում դա նշանակում է, որ միջազգային հանրությունն այս մոտեցումը հստակ որդեգրել է:
Անկախացել է Արցախը, Արցախի դեմ է Ադրբեջանը պատերազմ հրահրել, Արցախը հակամարտության կողմ է, սակայն Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին Արցախը չի մասնակցում` այն դուրս է մղված բանակցային գործընթացից: Սրանում մեր մեղքի բաժինը չկա՞:
-Ես այն կարծիքին չեմ, որ Արցախը դուրս է մղվել բանակցություններից: Արցախը մասնակցում է, բայց պասսիվ ձևաչափով: Եթե ուշադիր հետևեք, կհամոզվեք, որ համանախագահները պարբերաբար այցելու եմ Արցախի Հանարպետություն, հանդիպում նրա ղեկավարության հետ ու քննարկում շատ տարբեր խնդիրներ:: Այսինքն` Արցախը բանակցությունների մասնակից է: Ուրեմն ասել, թե Ադրբեջանին հաջողվել է Արցախը դուրս մղել բանակցություններից` սխալ է: Ես դեմ եմ, որ մեզանում հաճախ է շրջանառվում այդ ձևակերպումը, ու դա արվում է այս կամ այն ղեկավարի վարած արտաքին քաղաքականությունը քննադատելու նպատակով, , բայց դա արդար չէ, զուտ քաղաքական նպատակների համար պետք չէ շրջանառել այս խիստ սխալ միտքը:
Հայաստանը պայքարում է, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, բայց երբեմն մեզ օտարները հակադարձում են` ինչպե՞ս եք պայքարում, երբ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախի անկախությունը:
-Այստեղ կան բազմաթիվ և’ կողմ, և’ դեմ կարծիքներ: Այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրավասու են այդ խնդիրը կարգավորելու համար, այն քննարկում են ու վերլուծում: Ու եթե վստահ լինեն, որ Հայաստանի կողմից ճանաչման գործընթացի սկսումն արդյունավետ է` միանշանակորեն կգնան այդ քայլին:
25 տարիների ուժերի բալանսը պահպանվել է, եթե դա փոքր -ինչ խախատված լինել հօգուտ Հայաստանի, ապա մենք միանգամից կճանաչեինք Արցախի անկախությունը, եթե խախտվեր հօգուտ Ադրբեջանի, ապա վերջինս զենքի ուժով ձեռք կբերեր Արցախը: Չի եղել ո’չ մեկը, ո’չ մյուսը, հետևաբար, Հայաստանը չի գնա ճանաչման ճանապարհով, քանի դեռ տեղի չի ունեցել ռազմաքաղաքական բալանսի որոշակի շեղում: Այսօր մենք գնում ենք միջազգային իրավունքի ճանապարհով, այն պայմանով, որ համանախագահող երկրները կլինեն այն ուժը, որը միջազգային իրավունքի հիման վրա կերաշխավորի ԼՂՀ ժողովրդի անկախության իրավունքն ու նրա անվտագության պաշտպանումը:
-Ամփոփենք. այս ամենով հանդերձ, ո՞րն է 25 տարիների մեր ամենից կարևոր ձեռքբերումը:
-Մենք հանձին Արցախի ունենք երկրորդ հայկական անկախ պետություն, և Արցախում ունենք անկախ մտածող քաղաքացիներ, որոնց նպատակը Հայաստանին միավորվելն է: Մենք բոլորս` Արցախում ու Հայաստանում ունենք մի հստակ գիտակցում` մենք ենք մեր երկրի տերը ու մեր սահմանների պաշտպանը, մեր ենք մեր անկախության երաշխավորը` մեր տնտեսությամբ, մեր բանակով, մեր միասնական ժողովրդով, և մեր հույսը երբեք օտարի վրա չենք դնելու: Ապրիլյան քառօրյա պատերազմում այս գիտակցումն ու արցախցու հավատը էլ ավելի ամրացան:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն