Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տնտեսություն

Հարկավոր է ճշտել մեր տնտեսական քաղաքականությունը և հստակ ձևակերպել հիմնական նպատակը

Սեպտեմբեր 3, 2016թ. 12:58
Աշոտ թավադյան

Հարցազրույց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

Տարեսկզբին ՀՀ նախագահը հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունը լուրջ զարգացում կունենա, եթե մենք տարեկան արձանագրենք 7 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Մինչդեռ այդ խնդիրը դեռ լուծված չէ, քանի որ առաջին կիսամյակի ցուցանիշներով ունենք ընդամենը 4, 4 տոկոս աճ: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:
-Նախ, վերջին տարվա ընթացքում վարվող տնտեսական քաղաքականությունը պետք չէ կտրուկ քննադատության ենթարկել, ես դա անընդունելի եմ համարում: Պետք է հասկանալ` իրավիճակ է փոխվել, և նորմալ երևույթ է, եթե երկիրը սկսում է ճշգրտել իր տնտեսական քաղաքականությունը: Այսօր մենք պետք է մեկ առ մեկ տեսնենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք կիրառել` շտկելով մեր հիմնահարցերի լուծման ուղղություները: Իսկ դրա համար հնարավորություններ կան:  Առաջինը տնտեսական քաղաքականության ճշգրտումն է. հարկավոր է ճշգրտել հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունը: Ունենք կոռուպցիայի ցավալի մակարդակ, ինչ-որ քայլեր, իհարկե, արվում են, բայց դա անհարժեշտ մակարդակի վրա չէ: Ի վերջո, որքան երկիրը արդյունավետ է հակազդում կոռուպցիային, այն գրավիչ է ներդրումների համար:
Դառնալով հարցին ասեմ, որ ունենալով 4,4 տոկոս տնտեսական աճ իրավիճակը մեզանում կարելի է գնահատել բավարար: Մենք պետք է գտնենք հնարավոր բոլոր ռեզերվները, հատկապես, արտահանման առումով, որպեսզի ունենանք 7 տոկոսանոց աճ: Ի դեպ, դրան կարող ենք հասնել շատ կարճ ժամանակահատվածում, ասել է, թե այդ հնարավորությունն առկա է:
Մենք 4, 4 տոկոս աճի պայմաններում ունենք արտահանման շրջանառության աճ` 2,7 տոկոս, այսինքն` 2, 3 մլրդ ԱՄՆ դոլար: Իհարկե, դրական տեղաշարժեր կան, ինչին նպաստել են կառավարության որոշակի քայլերը, օրինակ տարեսկզբին ստեղծված արտահանման աջակցման խորհուրդը, նաև մեր ինտեգրացիոն հնարավորությունները: Նաև այս քայլերի արդյունքում է, որ արտահանումը կազմել է 815 մլն դոլար, այսինքն` մոտ 17 տոկոս աճ, ինչը լավ ցուցանիշ է, ներմուծումը կազմել է 1 մլրդ 457 մլն դոլար, սա ևս կարելի է որպես դրական քայլ ներկայացնել: Իմիջայլոց, կարևորագույն հիմնախնդիրներից է այն, որ հավասարակշված լինի առևտրի շրջանառությունը, այլապես տնտեսությունը չի զարգանա:
-Իսկ, մասնավորաբար, ի՞նչ քայլեր պետք է անել 7 տոկոսանոց աճ ապահովելու համար:
-Սա կարևոր հարցադրում է, մենք այսօր պետք է հստակ ձևակերպենք մեր հիմնական նպատակը: Որպեսզի ունենանք 7 տոկոսանոց աճ մենք պետք է, նախ կտրուկ խթանենք մեր արտահանումը, ընդ որում, դիվերսիֆիկացված տեսքով, ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքների, այլ բոլոր ուղղություններով:
Երկրորդ պետք է ապահովենք ներքին շուկան հայրենական արտադրության ապրանքներով, այսինքն`ներմուծվող ապրանքներիը պետք է փոխարինվեն տեղականով, սա նշանակում է զարկ տալ տեղական արտադրությանը: Սա կարևոր քայլ էր ու կնպաստի զբաղվածության աճին, միայն այս կերպ մենք կարող ենք կանխել արտագաղթը:
Հաջորդը, որպեսզի մեր փոքր տնտեսություն ունեցող երկիրը տնտեսական զարգացում ապրի, արտահանման և ՀՆԱ հարաբերությունը պետք է լինի ոչ պակաս, քան 30 տոկոս: Սա պետք է ձևակերպենք որպես մեր տնտեսության հիմնական նպատակ: Մինչդեռ այսօր այդ հարաբերությունը կազմում է ընդամենը 15 տոկոս, սպասվում է, որ կհասնի մինչև 16 տոկոսի: Բայց, ինչպես ասացի, մենք լուրջ տնտեսական աճ կունենանք միայն այն դեպքում, եթե արտահանումը հասնի ոչ պակաս 3 մլրդ դոլարի:
-Իսկ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին է ապահովվել մեր արտահանումը:
-Պարզվում է, այստեղ մեծ դեր է խաղացել Եվրասիական տնտեսական միությունը:
Մենք ԵԱՏՄ երկրներ ենք արտահանել 175 մլն դոլար, և աճը, պատկերացրեք, կազմել է 83, 7 տոկոս: Իսկ կոնկրետ Ռուսաստան մենք առաջին կիսամյակում արտահանել ենք 168 մլն դոլարի արտադրանք և աճը կազմել է 88 տոկոս: Նաև նշեմ, որ մենք ՌԴ ենք արտահանել առաջին հերթին պատրաստի արտադրանք, որի արտահանումը ամբողջ աշխարհում համարվում է խնդրահարույց: Փոխարենը` հումք արտահանելը որևէ լուրջ խնդիր չի ներկայացնում: Ի դեպ, այստեղ ուզում եմ ասել նաև հետևյալը. հումքի արտահանման վրա պետք է մեր գործադիրը դնի արտահանման մաքսատուրք, որպեսզի արտադրողը շահագրգռված լինի ոչ թե հումք, ասենք` պղնձի խտանյութ արտահանել, այլ պղնձաձուլարաններ ստեղծել: Դրանով կնպաստի և’ աշխատատեղերի ստեղծմանը, և’ կարտահանի կիսաֆաբրիկատ, որի գինը շատ ավելի բարձր է, քան չմշակված հումքինը: Սրանով կխթանի արտահանման մեծացմանն ու արտարժույթի հոսքին դեպի Հայաստան:
-Ի դեպ , ինչո՞վ է Եվրասիական տնտեսական միությունը նպաստել արտահանման աճին:
-Առաջինը, իհարկե, մաքսատուրքերից ազատումն է: Երկրորդը, արտահանման գորածառույթների պարզեցումը` սկսած լիցենզիաների ձևակերպումից ու ստացումից, մինչև մաքսային ձևակերպում: Երրորդը, ռուսական ռուբլու կայունությունն է: Եթե տարեսկզբին պատկերն այսպիսին էր` 1 դոլարը հավասար էր 77 ռուբլու, այժմ 1 դոլարը հավասար է 64 ռուբլու, այսինքն, Ռուսաստան արտահանելը 10 տոկոսով ավելի շահութաբեր է դարձել: Չորրոդը նավթի գների կայունացումն է: Հինգերորդ` գազի գնի նվազումն է. մենք ունենք 7 տոկոս գազի գնի նվազում, ծախսային մասը մեր արտադրողների համար պակասել է:
Այս ամենն իր դրական ազդեցությունն ունեն մեր արտահանման վրա:
Նոր թափ է ստանում ԵԱՏՄ երկրների համագործակցությունը ոչ անդամ երկրների` մասնավորաբար, Իրանի, Չինաստանի հետ: Հայաստանն ի՞նչ մասով կարող է օգտվել այդ ծրագրերից:
-Տեսեք, մենք դեպի ԵԱՏՄ շուկա, հիմնականում ռուսական շուկա առաջին հերթին արտահանում ենք գյուղատնտեսական ապրանքներ: Սակայն կա այլ ապրանքների արտահանման մեծ հնարավորություն, մասնավորաբար` մեքենաշինություն, գործիքաշինության, էներգետիկա, շինանյութ և այլն: Ի դեպ, ուզում եմ նաև հատուկ շեշտել, որ մենք պետք է լուծենք գիտատեխնոլոգիական ոլորտի, գիտության պատշաճ ֆինանսավորման հարցը:
Այստեղ է, որ մենք պետք է օգտագործենք այն երկրների փորձը, որոնք ունեն նման ապրանքների պահանջարկ, որոնք պատրաստ են այս ուղղություններով ներդրումներ անել Հայաստանում: Հենց այդ երկրների շարքում են Չինաստանն ու Իրանը: Մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից: Հայաստանը փոքր երկիր է ու Չինաստանը էապես շահագրգռված չէ մեզ հետ մեծ ծրագրեր իրականացնել: Սակայն երբ մենք ներկայանում ենք որպես ԵԱՏՄ անդամ երկիր,
նրանք շահագրգռված են լինում մեզ հետ ակտիվ համագործակցությամբ: Պարզ չէ?, որ միասնաբար հանդես գալով այլ երկրների դռներ մեր առաջ ավելի հեշտությամբ կբացվեն: Այս հարցերում մենք պետք է ավելի վճռական լինենք ու օգտագործենք ԵԱՏՄ-ի պայմանագրի բոլոր այն դրույթները, որոնք նպաստավոր են մեզ համար: Սա է պահանջում Հայաստանի տնտեսական շահը:
-Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն այս տարվա առաջին կեսին իրականացված ներդրումները եղել են ընդամենը 16,5 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ հոսքերը զգալի կրճատվել է: Կա կարծիք, թե օտարերկրյա ներդրումների հոսքի նվազման պատճառը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցումն է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Սա մակերսային մոտեցում է: Մենք նախ պետք է գնահատենք մեր ներքին հնարավորությունները: Ընդհանրապես ինտեգրացիոն գործընթացները որոշակի ազդեցություն ունենում են երկրի տնտեսության վրա, բայց առաջին հերթին ամեն երկիր պետք է դիտարկի իր ներքին իրավիճակը:
ԵԱՏՄ անդամակցությունը մեզ համար լրացուցիչ պայմաններ, հնարավորություններ է ստեղծել, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցությունը: Ի դեպ, երկու ինտեգրացիոն ուղղություններով աշխատելու մեջ ես որևէ հակասություն չեմ տեսնում, մենք պետք է բոլորից օգտվենք: Հիշեցնեմ, որ ԵԱՏՄ պայմանագրի 114 հոդվածում հստակ արձանագրված է, որ տվյալ պայմանագիրը չի խոչընդոտում այլ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այնպես որ, մեկի հատ հնարավորությունների ընդլայնումը չի նշանակում մյուսի հետ դրա պակասեցում:
Ի՞նչ է հարկավոր անել: Մենք հաճախ ենք դիմում մեր հայրենակիցներին` եկեք ներդրումներ արեք, մարդիկ տարակուսում են, ինչո՞ւ, որովհետև մենք փաստացի չունենք արժեթղերի շուկա: Եվ ներդրողը չի կարող տեսնել, թե Հայաստանում ո՞ր ոլորտն է շահութաբեր, որպեսզի գնի այս կամ այն ձեռնարկության արժեթուղթը և այդ ուղությամբ Հայաստանում ներդրումներ անի:
Մյուսը, վարում ենք թանկ փողերի քաղաքականություն, չենք ապահովում փողերի հոսքը դեպի ներքին շուկա, հետևաբար շատ խնդիրներ կունենանք: Հաջորդը` ունենք կոռուպցիայի բարձր մակարդակ, ինչի մասին արձանագրում են նաև միջազգային կառույցները: Ու այս ամենի ֆոնին մարդիկ հայտարարություն են հնչեցնում, թե ԵԱՏՄ ինտեգրացման արդյունքում ներդորումները չե՞ն խթանվել, սա վերացական խոսակցություն է:
Մենք պետք է նախ մեր ներքին խնդիրները լուծենք, միայն այդ կերպ կարող ենք նպաստել և արտահանման աճին, և երկրի մրցունակության բարձրացմանը:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն