Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախի տարածքի մի մասի հանձնումն Ադրբեջանին կնշանակի Թուրքիայի դիրքերի ամրապնդում տարածաշրջանում. Կրեմլում դժվար թե սա չեն հասկանում

Օգոստոս 15, 2016թ. 12:49
պուտին սարգսյան ալիև

Ռուս-թուրքական հարաբերություններում բացահայտ հակամարտային փուլն իր տեղը զիջում է համագործակցայինին:

Ակնհայտ է, որ այժմ ռուս- թուրքական հարաբերությունների բարելավման հիմնական դրդապատճառը փոխշահավետ տնտեսական համագործակցությունն է: Ակնհայտ է նաև հստակ իրադրական քաղաքական նպատակահարմարությունը: Էրդողանը վերջնագրային տոներով է խոսում իր ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգների հետ: Բնականաբար՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ մտնելով, Էրդողանը ձգտում է ապահովել իր թիկունքը՝ կարգավորելով հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բնականաբար, իր այդ նոր` Արևմուտքին հակադրվող կարգավիճակով, Թուրքիան Կրեմլի համար հանդես է գալիս որպես <<բնական դաշնակից>>:

Այդուհանդերձ՝ շահերի այս համընկնումն ունի իրադրական բնույթ: Ակնհայտ է, որ այս երկու պետությունները եղել են, կան ու կմնան աշխարհաքաղաքական մրցակիցներ: Մերձավոր արևելքում, Անդրկովկասում, Սևծովյան ավազանում Ռուսաստանի ու Թուրքիայի կենսական շահերը հակասական են այնքան, որ կոմպրոմիսի տեղ գրեթե չկա: Ասվածի վառ ապացույցը հետևյալն է. Պուտին-Էրդողան հանդիպմանը զուգահեռ Սիրիայում` Հալեպում, կենաց ու մահու մարտեր էին ծավալվում Ռուսաստանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի ու նաև Թուրքիայի կողմից հովանավորվող իսլամիստական ծայրահեղականների խմբավորումների միջև:

Անշուշտ, հարաբերությունների ջերմացման այս ֆոնին թուրքերն ամեն կերպ կփորձեն ռուսներին ներգրավել տարբեր հակահայկական գործարքների մեջ: Անկարայի գերխնդիրն այս դեպքում՝ ռուսների միջոցով Հայաստանից հնարավոր առավելագույն զիջումներ կորզելն է:

Սակայն նախագահ Պուտինի արտաքին քաղաաքականությանը բնորոշ է շահերի հստակ տարբերակվածությունը: Եվ հետո՝ Անդրկովկասում իր դիրքերն ամրապնդելը եղել է բոլոր ժամանակների թուրքական ռազմաքաղաքական վերնախավի առաջնահերթություններից մեկը: Որպես բնական հենակետ Թուրքիայի համար հանդես է եկել Ադրբեջանը` թուրքական երկրորդ պետությունը, ստեղծված նույն Թուրքիայի կողմից: Բնականաբար, այդ նկրտումները չեն կարող չմտահոգել Կրեմլին, առավել ևս, եթե հաշվի առնենք թուրքական ազդեցության հարաճուն բնույթը նաև Վրաստանում, որտեղ ռուսական դիրքերն ակնհայտորեն թուլացել են: Նման պայմաններում ռուսական պետությունը փորձում է ամեն կերպ իր ազդեցության ոլորտում պահել Ադրբեջանը: Այդ անելու լծակները սակայն շատ չեն, և զենքի վաճառքն այդպիսիններից մեկն է, ավելի ստույգ՝ եզակիներից մեկը:

Եվ ահա, այս ֆոնին Արցախի տարածքի մի մասի հանձնումն Ադրբեջանին նշանակում է Թուրքիայի դիրքերի ամրապնդում մեր տարածաշրջանում: Բացի այդ՝ տարածքները ետ ստանալուց հետո Ադրբեջանին ռուսական ազդեցության ոլորտ բերելու հավանականությունն է՛լ ավելի կնվազի: Դժվար է պատկերացնելը, որ Կրեմլում այս բացահայտ ճշմարտությունը չեն գիտակցում: Այդ պատճառով էլ Էրդողանին չի հաջողվի Մոսկվայի հետ համաձայնության գալ Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է ռուսական ազդեցության գոտի Ադրբեջանին վերադարձնելու Կրեմլի ջանքերին, ապա վերջիններս ի սկզբանե դատապարտված են ձախողման այն պարզ պատճառով, որ Թուրքիայի կապը Ադրբեջանի հետ օրգանական է, անխզելի: Թեև իհարկե կա մի տարբերակ, որի դեպքում Ադրբեջանը պատրաստակամորեն կվերադառնա ռուսական ազդեցության ոլորտ, եթե Արցախի ու Ադրբեջանի սահմանն անցնի Կուր գետով:

Մի կարևոր նկատառում ևս. ողջ վերը նշվածի պատճառով էլ Հայաստանը վերածվում է Ռուսաստանի համար անփոխարինելի դաշնակցի մեր տարածաշրջանում: Եվ բոլորին, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում պետք է ակնհայտ դառնա, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում հավասարապես անհրաժեշտ է թե՛ մեզ, թե՛ ռուսներին: Բայց սա իմիջայլոց:

Իսկ ամենակարևորը հետևյալն է՝ մենք ենք մեր ապագայի տերը, և անկախ այն հանգամանքից թե ինչ են բանակցում մեր վերաբերյալ այլոք, վերջին խոսքը մերն է լինելու: Մենք գործոն ենք այս տարածաշրջանում, երկու անգամ Ադրբեջանին խաղաղություն պարտադրող գործոն, այնպիսի գործոն, որի հետ անհնարին է հաշվի չնստել: Իսկ մեր խոսքը մեկն է՝ ոչ մի թիզ հող: <<Ոչ մի թիզ հողը>>՝ հայության համաժողովրդական կամքն է: Իսկ համաժողովրդական կամքը կոտրելն անհնարին է:

խմբագրական ArmarLur.com

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն