- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Մի թիզ հող անգամ զիջելու մասին խոսք լինել չի կարող

Այս օրերին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Նախ հայտարարվեց, թե Բաքուն բանակցությունների արդյունքները վիժեցնելու քայլեր է անում: Խոսքը, այսպես կոչված, վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերի մասին է: Ապա հստակ նշվեց նաև, թե ինչ է ակնկալում հայկական կողմը բանակցությունների արդյունքում՝ Արցախի օկուպացված տարածքների վերադարձ և արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունում:

Այսպիսով՝ հայկական կողմը  «ոչ» է ասում տարածքային զիջումների սցենարին: Պաշտոնական Ստեփանակերտն այդ «ոչ»-ն ասում է բացահայտ ու կտրուկ, իսկ պաշտոնական Երևանը՝ դիվանագիտական լեզվով:

Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է դառնում, որ «տարածք ճանաչման դիմաց» բանաձևով կայուն խաղաղություն ապահովելն անհնարին է: Ակնհայտ է, որ Արցախի տարածքները ետ ստանալուց և շեշտակիորեն ուժեղանալուց հետո Ադրբեջանը մի պատրվակով կվերսկսի ռազմական գործողությունները անբարենպաստ վիճակում հայտված Արցախի դեմ, և ոչ մի միջազգային երաշխիք չի կարող հետ պահել նրան: Պարզից էլ պարզ է, որ տարածքային զիջումները թուլացնելու են թե՛Հայաստանը, թե՛ Արցախը: Հետևաբար, «տարածք ճանաչման դիմաց» բանաձևն այլևս ակտուալ չէ: Արցախի ներկայիս տարածքի մեծությունը նվազագույն անհրաժեշտն է արցախահայության անվտանգությունն ապահովելու համար: Այնպես որ,  մի թիզ հող անգամ զիջելու մասին խոսք լինել չի կարող: 

Եվ հետո՝ ո՞վ է տեսել, որ երկու անգամ պարտված կողմը պայմաններ թելադրի: Պետք է հստակ ընդգծել՝ ապրիլին հայկական զինուժը հաղթել է, այո՛, կորցրել է մի քանի հենակետ, բայց  հաղթել է ու վերահաստատել Արցախի ներկայիս սահմանը: Արցախի խորքը մխրճվելու, մեծ տարածքներ զավթելու Բաքվի նպատակը ձախողվել է: Ընդ որում, ինչը հարկավոր է հատկապես ընդգծել՝ այդ նպատակը ձախողվել է, այսինքն լայնամասշտաբ հարձակումը ետ է մղվել ընդամենը երեք և կես օրվա ընթացքում՝ ինչը մեր բանակի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի վկայությունն է, Սեյրան Օհանյանի ու իր թիմի տարիների աշխատանքի արդյունքը:

Որքան էլ որ մեզ համար ցավալի լինի մեր մի քանի հենակետարի կորուստը, այդուհանդերձ պետք է սթափ դատենք՝ նախ այդ կորուստը անդառնալի չէ, և ապա ամենակարևորը՝ այդ կորուստը ադրբեջանական կողմին չի տալիս այնպիսի ռազմաքաղաքական առավելություն մեր հանդեպ, որպեսզի Բաքուն մեզ բանակցությունների ընթացքում պայման թելադրի: Ընդհակառակը, ագրեսորին երեք և կես օրում հրադադար պարտադրողի իրավունքով բանակցությունների սեղանի շուրջ պայմաններ թելադրողը պետք է լինենք մենք:

ArmarLur.com