Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մի թիզ հող անգամ զիջելու մասին խոսք լինել չի կարող

Օգոստոս 6, 2016թ. 14:23
շփման գիծ

Այս օրերին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Նախ հայտարարվեց, թե Բաքուն բանակցությունների արդյունքները վիժեցնելու քայլեր է անում: Խոսքը, այսպես կոչված, վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերի մասին է: Ապա հստակ նշվեց նաև, թե ինչ է ակնկալում հայկական կողմը բանակցությունների արդյունքում՝ Արցախի օկուպացված տարածքների վերադարձ և արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունում:

Այսպիսով՝ հայկական կողմը  «ոչ» է ասում տարածքային զիջումների սցենարին: Պաշտոնական Ստեփանակերտն այդ «ոչ»-ն ասում է բացահայտ ու կտրուկ, իսկ պաշտոնական Երևանը՝ դիվանագիտական լեզվով:

Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է դառնում, որ «տարածք ճանաչման դիմաց» բանաձևով կայուն խաղաղություն ապահովելն անհնարին է: Ակնհայտ է, որ Արցախի տարածքները ետ ստանալուց և շեշտակիորեն ուժեղանալուց հետո Ադրբեջանը մի պատրվակով կվերսկսի ռազմական գործողությունները անբարենպաստ վիճակում հայտված Արցախի դեմ, և ոչ մի միջազգային երաշխիք չի կարող հետ պահել նրան: Պարզից էլ պարզ է, որ տարածքային զիջումները թուլացնելու են թե՛Հայաստանը, թե՛ Արցախը: Հետևաբար, «տարածք ճանաչման դիմաց» բանաձևն այլևս ակտուալ չէ: Արցախի ներկայիս տարածքի մեծությունը նվազագույն անհրաժեշտն է արցախահայության անվտանգությունն ապահովելու համար: Այնպես որ,  մի թիզ հող անգամ զիջելու մասին խոսք լինել չի կարող: 

Եվ հետո՝ ո՞վ է տեսել, որ երկու անգամ պարտված կողմը պայմաններ թելադրի: Պետք է հստակ ընդգծել՝ ապրիլին հայկական զինուժը հաղթել է, այո՛, կորցրել է մի քանի հենակետ, բայց  հաղթել է ու վերահաստատել Արցախի ներկայիս սահմանը: Արցախի խորքը մխրճվելու, մեծ տարածքներ զավթելու Բաքվի նպատակը ձախողվել է: Ընդ որում, ինչը հարկավոր է հատկապես ընդգծել՝ այդ նպատակը ձախողվել է, այսինքն լայնամասշտաբ հարձակումը ետ է մղվել ընդամենը երեք և կես օրվա ընթացքում՝ ինչը մեր բանակի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի վկայությունն է, Սեյրան Օհանյանի ու իր թիմի տարիների աշխատանքի արդյունքը:

Որքան էլ որ մեզ համար ցավալի լինի մեր մի քանի հենակետարի կորուստը, այդուհանդերձ պետք է սթափ դատենք՝ նախ այդ կորուստը անդառնալի չէ, և ապա ամենակարևորը՝ այդ կորուստը ադրբեջանական կողմին չի տալիս այնպիսի ռազմաքաղաքական առավելություն մեր հանդեպ, որպեսզի Բաքուն մեզ բանակցությունների ընթացքում պայման թելադրի: Ընդհակառակը, ագրեսորին երեք և կես օրում հրադադար պարտադրողի իրավունքով բանակցությունների սեղանի շուրջ պայմաններ թելադրողը պետք է լինենք մենք:

ArmarLur.com

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն