Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան

Թշնամու ցանկացած ինքնաթիռ Արցախի բանակը վայրկյանների ընթացքում կոչնչացնի

Հուլիս 15, 2016թ. 14:26
Վովա ՎԱրդանով

Հարցազրույց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար
ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ հետ

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ակտիվացմանը զուգահեռ Ադրբեջանը նկատելիորեն ակտիվանում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում. 30 կիլոմետր խորության վրա 12 ինքնաթիռ, 41 ուղղաթիռով հակառակորդը ուսումնամարզական թռիչք է իրականացնում: Ի՞նչ մեսիջ է ուղարկում Բաքուն նման ՙվարժանքներով՚:
-Ընդհանրապես, մենք համոզվել ենք, որ բանակցային գործընթացը ոչ թե խանգարում, զսպում, այլ հակառակը, ինչ-որ տեղ նույնիսկ ակտիվացնում է հակառակորդին: Վերջինիս ռազմական տարբեր ստորաբաժանումները հնարավորություն են ստանում իրենց մկանները ցույց տալ: Հետևաբար, ցանկացած զորախաղ, մանավանդ երբ հակառակորդն այն իրականացնում է սահմանից ոչ հեռու, մեզանից պահանջում է մեծ զգոնություն: Բացառված չէ, որ այն կարող է լինել խորամանկ խաղ` լայնածավալ գործողություններ վերսկսելու նպատակով:
Այսինքն` Ադրբեջանը զորավարժությունների անվան տակ կարող է ներխուժել Արցախի տարա՞ծք: Կարծում եք, Բաքուն այս պահին կգնա՞ նման քայլին, թե՞ սա ընդամենը բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու, վախի մթնոլորտ սերմանելու փորձ է:
-Ե’վ մեկը կա, և’ մյուսը: Համարակիծք եմ, որ Ադրբեջանն ընդամենը ՙմկանների խաղ՚ է անում ու իր հնարավորություններն է ցույց տալիս: Բայց այս զորավարժություններով հակառակորդը կարող է նաև ներխուժման նպատակ հետապնդել: Նման օրինակները քիչ չեն, հիշենք մեր տարածաշրջանում տեղի ունեցածը. 2008-ին, երբ Վրաստանը որոշեց իր իրավասությունները վերականգնել Հարավային Օսեթիայում` հայտարարեց զորախաղեր, որից հետո սկսվեցին ռազմական գործողությունները:
Իսկ Արցախի երկինքն անհրաժեշտ չափով պաշտպանվա՞ծ է:
-Համոզված եմ, ու բոլորիդ հավատացնում եմ, որ թշնամու ցանկացած ինքնաթիռ Արցախի Պաշտպանական բանակը պատրաստ է վայրկյանների ընթացքում ոչնչացնել: S-300 համակարգերը, որոնք պաշտպանում են մեր երկինքը կարող են խոցել մի քանի տասնյակ կիլոմետրեր ավելի հեռու, քան այսօր զորախաղեր են անում ադրբեջանական ուղղաթիռներն ու ինքնաթիռները: Մեր տղաները կարող են թշնամու այս խմբաքանակից երկու-երեք անգամ ավելի օդուժ ոչնչացնել: Այդ առումով, մենք բավականին պատրաստված ենք: Որքան էլ Ռուսաստանի դաշնակցային պահվածքը ես չեմ հավանում, սակայն հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի ստեղծումը մեզ թույլ է տալիս, որ մեր ՀՕՊ համակարգերից երկուսը նվիրենք մեր ազատ, անկախ Արցախին: Կարճ ասած, Արցախի երկնքի պաշտպանվածության հարցում ես շատ հանգիստ եմ: Պարզապես, մենք պետք է անվերջ գտնվենք լավ մարազավիճակում, այս հարցում մեր բացթողումներն են, որ փոքր-ինչ խոցելի են մեզ դարձրել, բայց միևնույն է` մենք անպարտելի ենք: Մենք նահանջելու տեղ չունենք, մեր աջ ոտքը Արցախում է, ձախը` Երևանում, ձախը Տավուշում է` աջը` Երևանում, ուրեմն, պարտավոր ենք լավ զինվոր լինել ու թուրքի ջարդը տալ:
Միջազգային ճգնաժամային խումբը հուլիս սկզբին զեկույց էր հրապարակել ԼՂ հակամարտության մասին, ուր խոսվում է նաև հնարավոր պատերազմի վերսկսումից ու նշվում, թե այս անգամ կօգտագործվեն առավել հզոր զենքեր` մեծ հեռահարության հրթիռներ: Սրանք արդարացվա՞ծ կանխատեսումներ են:
-Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն արդեն իսկ օգտագործեց հսկայական` 300 մմ տրամաչափ ունեցող հրթիռներ: Լավ, ենթադրենք այս անգամ էլ մի 10 հատ նման հրթիռ գցեց տարբեր ուղղություններով, մի քանի սեփական տներ քանդեց, հետո՞: Ադրբեջանը շատ ավելի խոցելի օբյեկտներ ունի, քան Արցախը. մեր բնակավայրերն առավել նոսր են բանկեցված, քան իրենցը, մենք շատ ավելի քիչ կարևորոգույն տնտեսական օբյեկիտներ ունենք, քան իրենք: Հիմա ո՞ր կողմն այդ հրթիռների օգտագործումից առավել կտուժի, բանականաբար, Ադրբեջանը: Քառօրյա պատերազմի ժամանակ թշնամին օգտագործեց հեռահար հրթիռները, որ մենք խուճապի մատնվենք, բայց իրենք չեն հասկանում, թե ո՞ւմ հետ գործ ունեն, չեն հասկանում, որ մեզ խուճապի մատնել չեն կարող: Եթե իրենք համարձակվեն խփել 50 000 բնակչություն ունեցող Ստեփանակերտին, մենք էլ կխփենք մոտ 1 մլն բնակչություն ունեցող Կիրովաբադին, 2,5 մլն բնակչություն ունեցող Բաքուն ավելի շատ չի՞ տուժի, քան 1մլն Երևանը: Իրենք շատ լավ են հասկանում, թե ինչի՞ կհանգեցնի նման պատերազմը:
Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծից բացի, ադրբեջանական զինուժի ակտիվացում կա նաև Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններին, իսկ հարավ-արևմտյան` Նախիջևանի սահմանին թշնամին հսկայական զինտեխնիկա է կուտակել: Ի՞նչ պլաններ ունի հակառակորդը:
-Ռազմական առումով, մենք բավական խոցելի դիրքում ենք` շրջապատված ենք թուրքերով, գրեթե բոլոր ուղղություններից մեզ թուրքն է ՙնայում՚` կամ օսմանյան թուրքը, կամ պարսկահպատակը, կամ վրացահպատակը` Մառնեուլի շրջանից: Բայց նաև չեմ կարծում, թե թուրքն այդքան միամիտ է ու չի հասկանում, որ Ռուսաստանը, որն իհարկե, թքած ունի` Բաքուն կպարտվի, թե Երևանը, բայց այդ նույն Ռուսաստանը հենց իր շահերից ելնելով կընդդիմանա Հայաստանի` թուրք-ադրբեջանական ոչնչացման պլանների դեմ: Իսկ Ռուսաստանը, որքան էլ, որ վատ է կատարում իր դաշնակցային պարտավորությունները, համենայնդեպս շատ է կարևորում Հայաստանի դերը տարածաշրջանում` թուրքական գործոնի զսպման հարցում: Եթե հանկարծ Ադրբեջանը նախաձեռնի Նախիջևանի կամ Տավուշի կողմից լայնածավալ գործողություններ, ապա ՀԱՊԿ-ի պայմանագիրը ակնթարթորեն կգործի ու Ռուսաստանը կարող է ակտիվ գործողություններ սկսել:
Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում արդեն չորրորդ օրն է, որ իրականացվում են մարտական պատրաստության ստուգումներ, մեր երկրի բարձրլեռնային զորավարժարաններում փորձարկում են բարձրլեռնային պայմաններում պաշտպանության անցնելու կարգը և մարտավարությունը: Ռուսական կողմն էլ իր մկաններն է՞ ցուցադրում:
-Այսօր ռուսական ռազմաբազայում տեղի են ունենում բոլոր ստորաբաժանումների համատեղ զորախաղեր` ինչը հազվադեպ է լինում: Այո, Ռուսաստանն էլ իր հերթին է մկաններ ցույց տալիս Ադրբեջանին, Թուրքիային, այդ կերպ ասելով` Հայաստանի այս սահմաններին ձեռք չտաք:
Մենք մի բան պետք է հասկանանք. արցախյան հատվածում ռուսը մեր պաշտպանը չէ, անգամ վտանգավոր խաղ է խաղում` բավականին լուրջ զինատեսակներ մատակարարելով մերձկասպյան թուրքերին: Բայց մենք էլ, ոչ թե ռուսների վրա հույս դնելով, այլ ռուսական ռազմաբազայի ներուժը հաշվի առնելով` կարող ենք հսկայական զորախմբեր հանել Հայաստանի հարավից ու տեղափոխել Արցախ աշխարհ, այդ կերպ և Արցախը կպաշտպանենք, և Հայաստանը հյուսիս, հյուսիս-արևելյան կողմից շատ պաշտպանված կլինի: Հիշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ համացանցում շրջանառվեցին տարբեր տեսանյութեր, որոնք վկայում էին այն մասին, որ Հայաստանից դեպի Արցախ ուղղարվում են զենքերի բավականին լուրջ տեսակներ:
Առավել հաճախակիացել են լայնածավալ պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները, նույնիսկ ամիսն է կանխատեսվում` օգոստոս կամ սեպտեմբեր: Փաստերը ձե՞զ ինչ են հուշում:
-Եթե Ադրբեջանն այս տարի նպատակ ունի հարձակվել Արցախի վրա, ապա դա կանի սեպտեմբեր ամսին, եթե, իհարկե, լինեն անձրևային եղանակներ: Իսկ եթե լինի ավելի չորային եղանակ, ապա Բաքուն կնախընտրի պատերազմը վերսկսել հոկտեմբերին: Ինչո՞ւ եմ շեշտում այս հանգամանքը, որովհետև անձրևը բարենպաստ է հարձակվող կողմի համար, մանավանդ, երբ հարձակումից երկու օր անց են սկսվում անձրևները, ցեխը,անբարենպաստ եղանակը կարող է դժվարացնել հակահարված տալը, դժվարացնել զինվորների, տեխնիկայի շարժը:
Հնարավոր պատերազմը կտևի մի քանի օր կամ մի քանի շաբաթ, դա միանշանակ է: Ամենևին այն կարծիքին չեմ, ինչպես Բենդերն էր ասում` ՙЗапад нам поможет՚, չէ, ես դրան չեմ հավատում: Ես մեր ուժին եմ հավատում: Գուցե Ադրբեջանին հաջողվի մի քիչ ավելի ցավոտ հարվածներ հասցնել մեզ, բայց դա իր վրա թանկ կնստի: Ադրբեջանական գերժամանակակից զինտեխնիկան, որն այնքան էլ շատ չէ, հեռվից է կարողանում լավ աշխատել: Դե թող խփեն, հենց կավարտվի այդ զենքը` թշնամին կդառնա անպաշտպան, այ, դրանից հետո մենք կարող ենք նրանց դիմացներս գցած քշել մինչև Կասպից ծով:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն