Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Ջավախք, Վերլուծական, Տարածաշրջան

Սարսափելի ոճրագործության հետքերով

Հուլիս 12, 2016թ. 17:20
Վաչիան գյուղ սպանություն

Հուլիսի 10-ի գիշերը Ջավախքի Վաչիան հայբնակ գյուղում հարևանները պատահմամբ հայտնաբերում են Քաչոտյանների ընտանիքի չորս անդամների` մոր` 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի, նրա 16 և 18-ամյա դուստրերի` Արմինեի և Ասյայի, ու 5-ամյա որդու` Սերյոժայի դիերը: Այս սարսափելի ոճրագործության մասին տեղեկատվությունը տարածվեց դեպքից միայն երկու օր անց. դիերը հայտնաբերվել են պատահաբար` հարևանը տարօրինակ հոտ է զգացել և քայլել այդ ուղղությամբ:
Տեղեկատվական առաջին իսկ հոսքերից պարզվեց, որ սպանությունը կատարվել է սարսափելի դաժանությամբ. վրացական ՙԻմեդի՚ հեռուստաընկերությունը հիմնվելով ոստիկանության հաղորդած նախնական տվյալների վրա փոխանցեց, որ մինչ սպանելը մարդասպանը ընտանիքի անդամներին տանջել է, ենթարկել կտտանքների. մայրն ու աղջիկներից մեկը սպանվել են բութ գործիքով ստացված հարվածներից, իսկ մյուս դուստրն ու հինգամյան Սերյոժան խեղդամահ են արվել:
Վաչիան գյուղի բնակիչներից մեկը, ով չուզեց ներկայանալ, մեզ հետ զրույցում միայն մեկ նախադասություն կարողացավ փոխանցել` <<Գյուղը շոկի մեջ է, բոլորս սարսափած ենք կատարվածից, սպասում ենք ոստիկանության խոսքին>>:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և «ուշիուշով հետևում էե հայ ընտանիքի սպանությանն առնչվող զարգացումներին: Իսկ արդեն կեսօրին Ախալքալաքի շրջանի ոստիկանությունը տարածեց հետևյալ հաղորդագրություն` <<կասկածյալը ձերբակալված է, դեպի առնչությամբ հետաքննություն է իրականացվում>>:
Նախնական տեղեկությունների համաձայն ձերբակալվածը Վաչիան գյուղի բնակիչ, 24-ամյա Նոդար Ա.- ն է: Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է հետևյալը. <<Հետաքննության տվյալներով, 24-ամյա Նոդար Ա.- ն ներթափանցել է Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներից մեկի տուն` նպատակ ունենալով կողոպտել: Տանտիրուհին և ընտանիքի անդամները նկատել են գողին և դիմադրություն են ցույց տվել: Նոդար Ա-ն 36-ամյա կնոջը և նրա անչափահաս երեխաներին բութ գործիքով հարվածներ է հասցրել գլխի շրջանում: Տուժածները տեղում մահացել են: Մեղադրյալը հետքերի վերացման նպատակով այրել է տունը և անհետացել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, ընտանիքի 4-րդ անդամը` 5-ամյա երեխան, խեղդամահ է եղել: Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը>>: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, քննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 3-րդ Հոդվածի 109 կետի մասով:

 

Վարկածներ` հավանական ու անհավանական
Ինչպես լինում է նման դեպքերում` նախ սկսում են շրջանառվել տարբեր բնույթի` հավանական ու անհավանական վարկածներ, մի դեպքում հիմնված հասարակական ենթադրությունների, մյուս դեպքում` փորձագիտական շրջանակների եզրահանգումների վրա:
Շրջանառվող վարկածների առաջին տեղում, նախ` քաղաքական է` հայ-վրացական հարաբերությունների վտանգման հիմքով: Ոմանք անգամ կատարվածը համեմատեցին 2015-ի հունվարի 12-ին Գյումրու Ավետիսյաների ընտանիքի սպանության հետ` դրանում քաղաքական, թուրք-ադրբեջանական, նույնիսկ աղանդավորական հետք փնտրելով: Թուրքական հետք որոնողներն ակնարկեցին, թե Վաչիան հայկական գյուղը գտնվում է Ախալքալակից դեպի Թուրքիա տանող թուրք-վրացական ՙԿարծախի՚ մաքսակետի ճանապարհին: Սակայն այս վարկածը հետին պլան մղվեց տեղի տալով այն տրամաբանությանը, թե թուրքերը բավականին ակտիվ անցուդարձ են անում այս տարածքով ու նման քայլը միմիայն կհակասեր թուրք առևտրականների շահերին: Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց հետևյալը. <<Եթե ժողովրդի մեջ փոքր- ինչ կասկածի լինի, որ սրանում կա թուրքական հետք, ապա դա կարող է հանգեցնել ժողովրդական հուզումների, ու կսրի հակաթուրքականությունը: Ինչն էլ կխոչընդոտի թուրքերին հեշտ-հանգիստ մուտքն ունենալ Ջավախք: Այս պահին դա թուրքերի շահերից չի բխում>>:
Նույն կերպ բացառեցին նաև հայ-վրացական հարաբերությունների սրմանը միտված քաղաքական վարկածը. այդ ընտանիքը քաղաքականությամբ չի զբաղվել, ոչ էլ ազգային իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն է ծավալել, նրանք հասարակական առումով ակտիվ կյանքով ապրողներ չեն, որ փորձ արվեր նման դաժանությամբ լռեցնել նրանց:
Գյուղում առավել տրամաբանական են համարում սոցիալական հետքը: Ի դեպ, վերլուծաբանները, նկատում են, որ Վրաստանում ու, մասնավորաբար, Ջավախքում այսօր սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակ է, և այն գնալով խորանում է: 2014-ի վերջից արժեզրկվեց վրացական լարին, ինչն ազդեց բնակչության վրա, շատերը բանկերում ունեն հսկայական պարտքեր, սրվել է սոցիալական լարվածությունը, ինչի արդյունքում այսօր Վրաստանում նկատվում է կրիմինալի կտրուկ աճ, շատ են ոստիկաների վրա հարձակումների դեպքերը: Այս հանգամանքը հաշվի առնելով վրացագետ Ջոնի Մելիքյանը հակված է կարծել, որ այս սպանությունը կենցաղային, սոցիալական հետք ունի:
Չնայած այստեղ ևս հակասություն կա, ուշագրավ է այն, որ մարդասպանը տան թանկարժեք իրերը չի գողացել, իր հետ ոչինչ չի վերցրել, բացի մեկ հեռախոսից, իսկ իր սեփական հեռախոսը կոտրել է` հետքերը թաքցնելու նպատակով:
Ինչևէ, գյուղում առավել համոզված են, որ մարդասպանը (գուցեև մարդասպանները, քանի որ լուր տարածվեց, թե նրանք երեք հոգով են եղել), մտածելով, որ Քաչոտյանների հայրը ՙխոպանչի՚ է ու տանը պահած փող կունենան, գողության նպատակով են որոշել մտնել նրանց բնակարան` կոտրելով պատուհանի ապակին: Մարդիկ այսպես են պատմում կատարվածը, որը համահունչ է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած տեղեկատվությանը.ՙՈտնաձայնից արթնացել է մայրը` Օֆելյա Քաչոտյանը, հավանաբար, գողերին ճանաչել է ու սկսել աղմկել, նրան լռեցնելու նպատակով երկաթե ձողով հարվածել են գլխին, հետո մոր ձայնից արթնացած 18-ամյա աղջկան են դանակով հարվածել, դարձյալ լռեցնելով նրա` օգնության կանչերը: Հետո միացրել են գազը ու հեռացել` նպատակ ունենալով հրդեհել բնակարանն ու այդ կերպ թաքցնել սարսափելի ոճրագործության հետքերը>>:
Ջավախքյան պարզ, համեստ ու շնորհալի մի ընտանիք էր

Ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը արտագնա աշխաատանքի էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ողբերգական դեպքի օրը կինը տանը եղել է միայնակ` երեք երեխաների հետ: Ելնելով ընտանիքի հոր` արտագնա աշխատանքի լինելու հանգամանքից, հարց առաջացավ` հնարավո՞ր է, որ հայրը կապեր ունենար քրեական շրջանակների հետ կամ մեջտեղում խոշոր ֆինանսական հարցեր լինեին, ինչն էլ գուցե մղել է մարդասպաններին նման դաժանությամբ վրիժ լուծել նրա ընտանիքի անդամներից: Այս ընտանիքին լավ ճանաչողները միաբերան փոխանցեցին` դա բացառված է, Վաղինակը համեստ, աշխատող տղա է, իր ընտանիքին նվիրված ամուսին ու սիրող հայր: Գյուղում վստահ են` նա երբեք չէր կարող քրեական աշխարհի հետ գործ ունենալ կամ կրիմինալ ՙխաղերի՚ մեջ լինել: ՙՆա նման բաների ընդունակ մարդ չէ, չափազանց շնորհալի է, ինչպիսին էր նաև իր ընտանիքը, որը գյուղում հայտնի էր որպես համեստ աշխատասեր ընտանիք՚:

Ջավախքյան այս ազնիվ անկեղծ գյուղական ընտանիքը, պարզվում է սիրված ու հարգված է բոլորի կողմից: Մեզ հետ զրույցում ջավախաբնակ վերլուծաբան Վահե Սարգսյանը ևս փոխանցեց այդ ընտանիքի մասին տեղեկություններ, որը նա ստացել էր իր ընկերներից: <<Ոչ մեկին չվնասող, անշառ, իրենց քրտինքով աշխատող ու ապրող ընտանիք, որ երբեք ոչ մեկի չի վնասել: Քաչոտյանները ազնիվ ընտանիք էին, որոնք գյուղում ոչ մի թշնամի չունեին>>:

 

Գյուղը կհանդարտվի արդար դատավճռի դեպքում
Ընտանիքասեր ջավախցին անհանդուրժող է ու ինքն է սիրում դատաստան տեսնել նման ոճիրագործների հանդեպ: Իզուր չէ, որ ոմանք այսօր հիշում են 90-ականների խառը տարիներին տեղի ունեցած մի դաժան սպանություն: Ախալքալակում մի երիտասարդ առևանգել էր փոքրիկ աղջկան, բռնաբարել, ապա սպանել` կտրատելով մարմինը, հետո թաքցրել սառնարանում: Ջավախցիները նրան պատժեցին հրապարակավ ` գյուղի մեջտեղում կապոտեցին մի սյանն ու գնդակահարեցին` հետո այրելով դին: Հիմա մտավախություն կա, որ նույնպիսի պատժի կարող է արժանանալ նաև Քաչոտյանների ընտանիքի մարդասպանը կամ վրեժը կարող է հասնել նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին: Թերևս այս մտավախությամբ է, որ ձերբակալված Նոդար Ա-ն ով ևս ունի փոքր երեխա, իր ընտանիքին արագ հեռացրել է գյուղից` հեռու պահելով ժողովորդի հաշվեհարդարից:
Իսկ ջավախցու արդար հաշվեհարդարը տեղի չի ունենան ու կկանխվի վրիժառությունը միայն մեկ դեպքում, եթե համոզվեն, որ երկրի իրավական մարմիններն արդար դատավճիռ կկայացնեն:
Գյուղը կհանդարտվի միայն այն ժամանակ, երբ իրավապահ մարմիների կողմից ամբողջությամբ կպարզվի ոճրագործության պատճառները:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Ջավախք, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն