- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Վերին Լարսում հայերին օգնել են մեր հայրենակիցները

Վերջերս ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթն իր ՙԼարսում որոշ մարդիկ փողով ՙգործ են անում՚ հրապարակման մեջ տպագրելով Լարսից օրերս Հայաստան տեղափոխված ոմն Արայիկ Մարգարյանի պատմածները, ներկայացրել է, թե իբրև Վերին Լարսում ստեղծված իրավիճակից օգտվելով` որոշ հայեր իրենց համար գումար վաստակելու միջոց են գտել և ճանապարհին մնացած մարդկանց փոխարեն այլ քաղաքացիների մատչելի տարբերակով Հայաստան հասցնելու համար նրանցից անօրինականորեն գումարներ են գանձել: Մասնավորապես Արայիկ Մարգարյանը պատմել է, թե ինքը հունիսի 22-ից գտնվել է Վերին Լարսի անցակետում, իսկ երբ հայտարարվել է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեփական օդանավով մարդկանց պետք է անվճար տեղափոխի Հայաստան, նա իր ընկերների հետ մի քանի անգամ հերթագրվել է օդանավով թռչելու համար, սակայն հերթն այդպես էլ չի հասել: Մինչդեռ, ըստ նրա, հայկական համարներով մի ավտոբուսի վարորդ, Հայաստանի ԱԻՆ աշխատակից ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանն ու Վլադիկավկազից ոմն Էրիկ միմյանց հետ պայմանավորվելով` կողքի քաղաքներից մարդկանց խոստացել են այդ օրերին թանկացած ավիատոմսերի գներից անհամեմատ էժան գներով օդանավով Հայաստան տեղափոխել, այնուհետև նրանց ավտոբուսով Բեսլան են հասցրել, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը գանձել և անվճար ինքնաթիռով ճանապարհել Երևան` գումարները դնելով իրենց գրպանը: Մինչդեռ Լարսում օրեր շարունակ մնացած մարդկանց մի մասին այդպես էլ չի հաջողվել օդանավ նստել, քանի որ նրանց տեղն ուրիշներն են զբաղեցրել:
Արայիկ Մարգարյանի հավաստիացմամբ` մինչև անցակետը բացվելը հայերը Վերին Լարսում անոթի են մնացել, գիշերել են մեքենաների մեջ կամ փողոցում` անձրևների տակ, իսկ ՌԴ իշխանությունների կողմից խփված վրանային ճամբարներն իրականում անհարմարավետ են եղել, քնելու համար անպիտան:
Վերին Լարսից օդանավով կամ անցակետը բացվելուց հետո մեքենաներով Երևան հասած մի շարք քաղաքացիներ կարդալով ՙՀայկական ժամանակում՚ տպագրված հոդվածը` դիմեցին մեր խմբագրություն` իրենց վրդովմունքն արտահայտելով այն կապակցությամբ, որ Արայիկ Մարգարյանը զրպարտելու միջոցով ցանկացել է ցեխ շպրտել մի մարդու վրա, ով Լարսի փակ լինելու առաջին օրվանից մինչև անցակետը բացվելու պահը եղել է իր հայրենակիցների կողքին և ամեն ինչ արել նրանց օգնելու համար, ուստի նման մարդկանց միայն շնորհակալության խոսքեր պետք է ասել: Խոսքը հոդվածում հիշատակված ոմն Էրիկի, իսկ իրականում Վլադիկավկազի բնակիչ, ազգության հայ Էրիկ Հովհաննիսյանի մասին է:
Այս օրերին ՌԴ ԱԻՆ-ի օդանավով Երևան հասած ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ տեղեկացմամբ երբ հուլիսի 23-ին հայտարարվեց Վերին Լարսի փակ լինելու մասին և արգելվեց սահմանակետն անցնել, մեծ թվով հայեր անելանելի վիճակում հայտնվեցին. ճանապարհին, որտեղ նրանք մնացել էին, չկային իջևանատներ, շատերն էլ անգամ գումար չունեին սնունդ գնելու կամ գոնե հյուրանոցային համարներ վարձելու համար: Ճանապարհին մնացած մարդիկ քնում էին մեքենաների մեջ, իսկ սնունդի հարցում չունևորներին օգնության էին հասնում նրանք, ում մոտ քիչ թե շատ գումար էր մնացել: Եվ հենց այդ ժամանակ նրանց օգնության է հասել Էրիկ Հովհաննիսյանը` սեփական, ինչպես նաև Վլադիկավկազում բնակվող իր ծանոթ-բարեկամ հայերի հաշվին այդքան քաղաքացիներին ապահովելով սնունդով, տաք հագուստով, ինչպես նաև կացարաններով:
ՙՆաև Էրիկ Հովհաննիսյանի շնորհիվ Վերին Լարսի ճանապարհին մնացած մարդիկ սովամահ չեղան, ցրտից չհիվանդացան և կարողացան երկու շաբաթ շարունակ քնելու ապահով կացարաններ ունենալ, քանի որ տեղի հայերը` Էրիկի գլխավորությամբ, նրանց համար հյուրանոցային համարներ էին վարձակալել: Բացի այդ` շատերին հենց իրենց տներում են մարդկանց հյուրընկալել: Էրիկ Հովհաննիսյանն իրենց տանը մեծ թվով քաղաքացիների է ապաստան տվել և հոգ տարել, որ նրանք առաջին անհրաժեշտության որևէ բանի կարիք չունենան` առանց ինչ-որ ակնկալիքի ու շահույթի: Ճանապարհին մնացած մարդկանց մեջ նաև հիվանդներ կային, այդ թվում շաքարային դիաբետով: Էրիկը նրանց համար անհրաժեշտ դեղորայք է կարողացել հայթայթել: Եվ ոմն մեկը համարձակվել է վատաբանել այդ մարդուն, մեղադրել նրանում, որ ուրիշների հաշվին օդանավի տոմսեր է վաճառել ու գրպանել այդ գումարները:
Հավատացում եմ, որ իմ ընտանիք անդամներից կամ այստեղ հավաքվածներից ու էլի շատերից, ում հետ մենք շփվել ենք, որևէ գումար ոչ ոք չի պահանջել` մեր տեղափոխությունն ապահովելու նպատակով: Մենք ընտանիքով տարբեր օրեր օդանավով ենք թռել Հայաստան և թե ավտոբուսը, թե օդանավը բոլորիս լիովին անվճար է տեղափոխել՚,- ասում է Նարինեն:
Նրա ամուսինը` թոշակառու գնդապետ ԵՂԻԱ ԳՐԻԳՈՅԱՆԸ նույնպես հավաստիացնում է, որ ճանապարհին մնացածների համար ՌԴ-ի ԱԻՆ-ի նախաձեռնությամբ վրանային ճամբարները միայն անցակետը փակվելու վեցերորդ օրն են խփել, իսկ մինչ այդ մարդիկ առանց սննդի ու օթևանի են մնացել: Եվ եթե չլինեին Վլադիկավկազի հայերը` Էրիկ Հովհաննիսյանի նման մարդիկ, ապա շատերը կարող է չդիմանային անտանելի պայմաններին` ցրտին, անդադար անձրևներին, քաղցին, առավել ևս որ այդ մարդկանց մեջ կային հղի կանայք, հիվանդներ, տարեց մարդիկ ու երեխաներ, որոնք առաջնահերթ օգնության անհրաժեշտություն ունեին: Ըստ նրա, տեղացի հայերը իրենց տանից հագուստ ու սնունդ էին հասցնում մարդկանց կուտակման վայրեր, տեղում անգամ խարույկ էին վառում` սնունդ պատրաստելու համար:
Անդրադառնալով մարդկանցից գումարներ կորզելու Արայիկ Մարգարյանի պնդումներին` Եղիա Գրիգորյանն ասում է, որ Լարսում մնացած քաղաքացիների հիմնական մասը գումար չուներ, ուր մնաց նրանց օդանավով տեղափոխվելու համար գումարային գործարք առաջարկեին. ՙԱյնտեղ մարդիկ կային, որ ծայրահեղ վիճակում էին, Վրաստանից, Ռուսատանից բավական էժան մեքենա էին գնել և վերջին դրամները ծախսելով` ձեռնունայն վերադառնում էին: Այսինքն նրանք որևէ գումար չունեին, որպեսզի կարողանային իբրև կաշառք տալ և տեղափոխվել Հայաստան: Մինչդեռ այդ մարդկանց համար Էրիկ Հովհաննիսյանը մի քանի օր շարունակ սնունդ է ապահովել, հոգացել նրանց կարիքները:
Ինչ վերաբերում է ավտոբուսին և օդանավին, դրանք ռուսական կողմն էր տրամադրել և բացառվում է, որ տեղափոխության համար հնարավոր լիներ մարդկանցից գումար վերցնել: Ռուսական կողմը բավականին աչալուրջ էր, վերահսկում էր իրավիճակը և նրանց աչքից նման բանը չէր վրիպի: Մյուս կողմից էլ եթե այդ մարդիկ ցանկանում էին առիթից օգտվելով գումար աշխատել, ապա ինչո՞ւ էին իրենց գրպանից ֆինանսներ տրամադրում այդքան մարդկանց գիշերակացի, սննդի հարցերը հոգալու համար: Քիչ գումարներ չեն ծախսվել՚:
ՓԱՅԼԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ և ԳԱԳԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ չի հաջողվել օդանավով տեղափոխվել Հայաստան: Միայն հուլիսի 6-ին անցակետը բացվելուց հետո են նրանք կարողացել վերադառնալ, քանի որ օդանավերի մեջ այդպես էլ տեղ չգտնվեց շատերի համար: Փայլակ Սահակյանը պատմում է, որ ի սկզբանե ՌԴ ԱԻՆ-ը նախատեսել էր երեք չվերթ իրականացնել` մարդկանց Հայաստան հասցնելու համար, սակայն հետո պարզվեց, որ էլի են մարդիկ ավտոբուսներով դուրս եկել ՌԴ-ից` չիմանալով, որ ճանապարհը փակ է և նրանց նույնպես տեղափոխելու խնդիր է առաջացել: Այդ ժամանակ որոշվել է ևս երեք չվերթ իրականացնել: Եվ քանի որ նախևառաջ տեղափոխել են կանանց, երեխաներին, տարեցներին, հիվանդներին, երիտասարդ տղամարդիկ մնացել են անցակետի մյուս կողմում` օդանավում տեղ չլինելու պատճառով: Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավի տեղերը սահմանափակ են: Դա է պատճառը, որ ԱԻՆ-ը մի քանի չվերթ իրականացրեց` մեծ թվով մարդկանց Հայաստան հասցնելու համար: Իսկ քանի որ հուլիս 6-ին անցակետը բացվել է, նրանց տեղափոխելու համար այլևս օդանավ չի տրամադրվել:
ՙՃիշտ է, ես նույնպես չկարողացա օդանավ նստել, սակայն դա չի նշանակում, որ պետք է վատաբանեմ այն մարդկանց, ովքեր երկու շաբաթ շարունակ մեր կողքին են եղել և օգնել են մեզ` անգամ անհնարինն անելով: Ի դեպ, նրանց մեջ էր նաև Վլադիկավկազի հայ համայքնի հոգևոր հայրը` տեր Գևորգը, ով ևս օրուգիշեր իր հայրենակիցների կողքին էր և օգնում էր նրանց` թե սնունդ տրամադրելու, թե կացարաններ գտնելու և հիվանդներին օգնության հասնելու հարցում: Եվ մենք բոլորս միայն շնորհակալ ենք այդ մարդկանց` իրենց ցուցաբերած օգնության, համբերատարության և մեծահոգության համար: Լավը հարկավոր է ոչ թե վատաբանել, այլ խրախուսել, գովաբանել ու շնորհակալ լինել, որպեսզի հաջորդ անգամ այդ օգնությունը չուշանա՚,- ասում է Փայլակ Սահակյանը:
Իսկ Գագիկ Թովմասյանը հավելում է, որ հավանաբար Արայիկ Մարգարյանը նույնպես իրենց նման չի կարողացել օդանավի չվերթներից որևէ մեկով գալ Հայաստան` ստիպված լինելով իր տեղը զիջել կանանց, երեխաներին, հիվանդներին, տարեցներին: Եվ նա սկսել է ինչ-որ վարկածներ հորինել, թե ինչու իրեն թույլ չտվեցին օդանավ նստել ու անհեթեթ եզրակացություններ է արել:
Ի դեպ, ՙՀայկական ժամանակի՚ խմբագրությունից մեզ տեղեկացրեցին, որ այդ հրապարակման կապակցությամբ իրենց հետ արդեն կապվել է Էրիկ Հովհաննիսյանը և հերքել դրանում իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները և Արայիկ Մարգարյանի հայտնած այն տեղեկությունները, թե Վերին Լարսում ինքն իր համախոհների` մասնավորապես Տիգրան Ավետիսյանի հետ գումարով գործ է արել: Հակառակը, նա նույնպես հավաստիացրել է, որ այդ մարդու և մյուս շահագրգիռ ու սրտացավ մարդկանց շնորհիվ է հնարավոր եղել դժվարին պահին մարդկանց օգնել ու զերծ պահել փորձություններից:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ