Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

<<Զվարթնոցի>> հին շենքը քանդելը պետական հանցագործություն է

Հուլիս 7, 2016թ. 21:51
Զվարթնոց

Չնայած <<Զվարթնոց>> օդանավակայանի հին ուղևորատար համալիրի պահպանման համար ճարտարապետների և քաղաքացիական նախաձեռնությունների կողմից մղվող տևական պայքարին ու պետական գերատեսչությունների մակարդակով կազմակերպված քննարկումներին, օդանավակայանի կոնցեսիոներ Էդուարդո Էռնեկյանը, երևում է, ցանկություն չունի հետ կանգնել շենքը քանդելու իր դավադիր մտադրությունից:

Ինչպես հայտնի է, համալիրը քանդելը կասեցնելու նպատակով վերջերս քաղաքաշինության նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումների ժամանակ որոշվել էր շենքը ժամանակակից պահանջներով շահագործման մասին համապատասխան նախագծեր ստեղծել և ներկայացնել կառավարությանը:

Հաստատվելուց հետո նախագիծը պետք է ներկայացվեր օդանավակայանը կառուցապատող և շահագործող ընկերությանը և առաջարկ արվեր կլոր շինությունը վերանորոգել այդ նախագծի համաձայն, այուհետև շահագործել այն, կամ հրաժարվել շենքի վարձակալությունից` դրա համար նոր կառուցապատող գտնելու նպատակով:

Ճարտարապետները` մասնավորապես Անահիտ Թարխանյանը, ինչպես նաև շինության համահեղինակ, ֆրանսաբնակ ճարտարապետ Ժորժ Շեխլյանը առանձին նախագծեր էին մշակել` ապացուցելով, որ կլոր մասնաշենքը ոչ միայն հնարավոր է փրկել քանդելուց, այլև հնարավորնինս քիչ բյուջեով այն վերածել ժամանակակից ֆունցիոնալ համալիրի, որը կշարունակի ծառայել օդանավակայանի կարիքների համար:

Բայց մինչ շենքի ճակատագրով մտահոգ մասնագետները կփորձեն ընտրել մեկ ընդհանուր և ամենաարդյունավետ նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացնելու համար` կլոր համալիրը գաղտագողի հողին է հավասարեցվում` առանց կառավարության որոշմանը սպասելու:

 

ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆԸ Էդուարդո Էռնեկյանի այդ քայլը հանցագործ կամայականություն է որակում` ասելով, որ դա թիկունքից հարված է մեր պետությանը, որը պատերազմական երկիր լինելով և գտնվելով ճանապարհային շրջափակման մեջ` արտակարգ իրավիճակներում պետական շահերին ծառայող և արտաքին աշխարհի հետ կապը պահպանող պետական օդանավակայանի կարիք ունի: Եվ դա ռազմավարական լուրջ խնդիր է: Մինչդեռ <<Զվարթնոցի>> կլոր մասնաշենքը քանդելուց հետո մեր պետությունն այլևս նման հնարավորություն չի ունենա, քանի որ օդանավակայանն ամբողջությամբ կանցնի այսօրվա շահագործողի իրավասության տակ:

Ընդ որում, Վերին Լարսի ճանապարհը փակվելու վերջին դեպքերը, երբ դեպի Ռուսաստան չվերթները սպասարկող ռուսական ընկերությունները զգալիորեն բարձրացրեցին տոմսերի գները, պետք է զգոնության մղեր կառավարությանը, որ մենք օտար ավիաընկերությունների և մասնավոր օդանավակայանի հույսին մնալով կարող ենք լուրջ մարտահրավերների առջև հայտնվել:

Սակայն կառավարությունը որևէ կերպ չի արձագանքում արգենտինահայ գործարարի արարքին և թույլ է տալիս, որ նա մեզ համար պատմաճարտարապետական նշանակություն և ռազմավարական կարևորություն ունեցող շինությունը քանդի միմիայն սեփական քմահաճույքի համար.  <<Այն, ինչ արվում է արգենտինահայ գործարար Էռնեկյանի կողմից, այլ կերպ չի կարելի որակել, քան ինքնանպատակ քայլ, որովհետև նրա արարքը որևէ հիմնավորում չունի: Դեռ օդանավակայանը սեփականաշնորհելու ժամանակ ակնհայտ էր հին ուղևորատար մասնաշենքը քանդելու այդ մարդու մոլի ցանկությունը: Տարիներ շարունակ նա կլոր մասնաշենքը քանդելու տարբեր պատճառաբանություններ ներկայացրեց, որոնք բոլորն էլ հերքվեցին մեր մասնագետների կողմից: Դրանցից մեկն այն էր, թե շինությունը վթարային վիճակում է գտնվում և այն հնարավոր չէ ամրացնել կամ էլ ամրացնելու համար հսկայական ներդրումներ կպահանջվեն: Սակայն ձևավորվեց ճարտարագետների հանձնախումբ, նրանք այցելեցին օդանավակայան, ծանոթացան շենքի վիճակին և հաստատեցին, որ այն ամենևին էլ վթարային չէ, լիովին համապատասխանում է ճարտարապետաշինարարական ժամանակակից չափորոշիչներին և ամենևին էլ քանդման ենթակա չէ: Իսկ վերանորոգելու և ժամանակակից գործառույթներին հարմարացնելու համար անհամեմատ չնչին ֆինանսական միջոցներ կպահանջվեն, քան շենքը քանդելու համար:

Մեր ճարտարապետների կողմից ներկայացված նախագծերով հերքվեց նաև այն պատճառաբանությունը, թե շենքը չի կարող ծառայել այսօրվա օդանավակայանի գործառույթներին` անհարմարության պատճառով: Մինչդեռ նախագծերում այն որպես տարողունակ և մեծ հնարավորություններով օդանավակայան ծառայեցնելու տարբեր առաջարկներ են արված:

Մյուս կողմից էլ մշակույթի գործիչները և հանրահայտ մշակութային և հասարակական կազմակերպությունները թե Հայաստանում, թե արտերկում արձագանքեցին մեր մտահոգություններին և տարբեր փաստեր ներկայացրեցին <<Զվարթնոցի>> հին մասնաշենքի` համաշխարհային ճարտարապետական և համամարդկային արժեք լինելու մասին` մեր իշխանություններին հորդորելով թույլ չտալ, որ այն հողին հավասարեցվի:

Քննարկումներ եղան նաև քաղաքաշինության նախարարությունում, Հանրային խորհրդում, որոնց ժամանակ նույնպես շենքն անպայման պահպանելու համար լուծումներ գտնելու առաջարկներ արվեցին: Բայց այդ ամենն անտեսվեց և առաջնային համարվեց բիզնես շահը: Մինչդեռ Էռնեկյանն իրեն բարերար է հորջորջում: Փառք Աստծո, մենք հրաշալի բարերարներ ենք ոնեցել և լավ գիտեք, թե դա ինչ է նշանակում: Բարերարներ են Ալեք Մանուկյանը, նրա դուստրը` Լուիզ Սիմոն Մանուկյանը, Քըրք Քրքորյանը, նման մարդիկ, իսկ Էռնեկյանն ինքնահռչակ բարերար է, իրականում` զուտ բիզնեսմեն, քանի որ նրա գործերը շահույթ ստանալու նպատակ են հետապնդում: Բարերարություն տվյալ դեպքում այն կլիներ, որ այդ մարդն իր միջոցներով վերանորոգեր կլոր շենքը և պահպաներ մեր սերունդների համար, այլ ոչ թե քանդեր և ընդլայներ իր համար շահույթներ ապահովող օդանավակայանի տարածքը` այդպիսով նպատակ ունենալով բազմապատկել իր ունեցվածքը>>:

Ճարտարապետը կոնցեսիոների քայլն հակաօրինական է համարում` նշելով, որ պայմանագրով այն վարձակալության է տրվել իրեն և շենքը քանդելու մասին որևէ դրույթ այդ պայմանագրում առկա չէ: Հակառակը` պայմանագրում նշված է, որ նա պետք է արդիականացնի այն, վատագույն դեպքում պահպանի իր նախնական տեսքով: Մինչդեռ խախտելով պայմանագրի դրույթը` Էռնեկյանը շինությունը քանդելու նախաձեռնությամբ է հանդես գալիս` անտեսելով թե’ հայ ժողովրդի, թե’ Հայաստանի կառավարության` պետական գույքի սեփականության իրավունքները.

 

<<Այդ շինությունը պետական սեփականություն է համարվում, որը որոշ ժամանակով վարձակալության է տրվել արգենտինահայ գործարարին: Պատկերացնո՞ւմ եք` ինչ-որ մեկին վարձակալությամբ ձեր բնակարանը տաք, իսկ նա առանց ձեզ հետ հաշվի նստելու` քանդի այն: Նման ձևով է վարվում կոնցեսիոները: Ընդ որում, այդ շենքում բավականաչափ գույք կա, թանկարժեք սարքավորումներ, որոնց ճակատագիրն անհայտ է: Մենք փորձել ենք բազմիցս վարձակալողից ճշտել դրանց ճակատագիրը, սակայն մեզ անորոշ պատասխաններ են տվել, այնինչ այդ սարքավորումները, գույքը բավականին մեծ գումարներ արժեն և ստացվում է, որ շենքը քանդողը նաև այն յուրացնելու քայլեր է անում>>:

 

Անահիտ Թարխանյանը նաև մտահոգ է արտգործնախարարության շենքի ճակատագրով և դատելով այն բանից, թե ինչպես Էդուարդո Էռնեկյանը վարվեց <<Զվարթնոցի>> հին մասնաշենքի հետ` նա մտավախություն ունի, որ եթե Էռնեկյանն այն հողին էլ չհավասարեցնի, ապա կաղավաղի տեսքը.

<<Այդ մարդը ցույց տվեց, թե որքան բարբարոս կարող է լինել մեր պատմական հուշակոթողների նկատմամբ: Ուրեմն ի՞նչ երաշխք կարող եք ունենալ, որ իր այդ քանդելու, աղավաղելու մոլուցքով չի վարվի նաև արտգործնախարարության նախկին շինության հետ` անկախ այն բանից, որ այն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշակոթողների ցանկում, ինչպես նաև պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Շենքը վաճառվել է Էռնեկյանին, և նա ցանկանում է այդտեղ հյուրանոց ստեղծել: Բայց վստահորեն կարող եմ ասել, որ այդ նպատակով շենքը նրան չի բավարարելու, այդտեղ ամենաշատը 50 հյունաոցային համար կարող է տեղավորվել: Հետևաբար կանխատեսելի է, որ այն մեծացնելու փորձեր կարվեն: Դրա հետ մեկտեղ պետք է ճակատային փոփոխութուներ արվեն, որպեսզի համարների համար լուսավորություն ապահովվի: Բոլոր այդ միջամտությունները որևէ լավ բան չեն խոստանում>>:

 

Անահիտ Թարխանյանը այժմ պատրաստվում է դիմել Արգենտինայի գլխավոր դատախազին: Նրան փոխանցելու համար փաստաթղթերի փաթեթ է կազմել, որում ներկայացված են Ագենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյանի` Հայաստանում կատարած անօրինականությունները. <<Այդ երկրի օրենսգրքում այնպիսի հոդված կա, որը դատապարտում է Արգենտինայի քաղաքացու կողմից երկու երկրների միջև մշակութային համագործակցությանը խոչընդոտող քայլերը` մյուս երկրում մշակութային ապօրինություններ թույլ տալու միջոցով: Ըստ էության մեր ներկայացրած փաթեթը հանցագործության մասին դիմում-հայտարարություն է, և ես հույս ունեմ, որ Արգենտինայի դատախազությունը լրջորեն կուսումնասիրի այդ գործը: Համենայն դեպս փաթեթում ներառված փաստաթղթերում բավական լուրջ հիմնավորումներ ու փաստեր են ներկայացված>>:

 

Ճարտարապետը հույս ունի կանխել արգենտինահայ գործարարի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված այսպես կոչված <<բիզնես քայլերը>>: Փաստաթղթերը դատախազությանը կներկայացնեն Արգենտինայի դեսպանատան միջոցով: Այդ նպատակով հուլիսի 8-ին բողոք-երթ է նախատեսվում` Ազատության հրապարակից մինչև Արգենտինայի դեսպանատուն, որին կմասնակցեն հայ ճարտարապետներ, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնությունները` <<Պաշտպանենք  <<Զվարթնոցը>> միասին>> կոչով:

 

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն