Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Հոգևոր, Մշակույթ

Չ’ի կարելի նսեմացնել սեփական արժեքները. անընդունելի է հակադրել հայ ու կաթոլիկ եկեղեցու հոգևորականներին

Հուլիս 7, 2016թ. 20:58
կաթողիկոս, Հռոմի պապ

Ամեն անգամ, երբ առիթ է լինում ազգովի հպարտանալու մեր ձեռքբերումներով ու հաղթանակներով, մեր ազգային համախմբմամբ, մեր հոգեւոր, մշակութային խորքը տեսած ու ընկալած օտարի բարձր գնահատկաններով, հանկարծ գլուխ է բարձրացնում ներքին տականքն ու սկսում աջ ու ձախ ցեխոտել, արժեզրկելով ամենալավն ու ամենանվիրականը: Հեռու չգնանք, այս զազրելի երևույթի ականատեսը դարձանք ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ` Արցախի շուրջ մեր ազգային համախմբման, ոգևորության պահին, այնպես էլ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցից հետո` մեր ազգային խանդավառության ու հիացմունքի ժամանակ:

Այս մտահոգիչ թեմայի շուրջ զրուցեցինք աստվածաբան ՆԱՐԻՆԵ ՄԻՐԶՈՅԱՆԻ ու ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ  հետ

Ում աչքը խավար է, նա խավարն է տեսնում, ումը լուսավոր է` տեսնում է լուսավորը.ՆԱՐԻՆԵ ՄԻՐԶՈՅԱՆ

-Հայ ժողովուրդը, եկեղեցին ու պետությունը մեծ ակնածանքով ընդունեցին մեր երկիր ուխտագնացության եկած կաթոլիկ աշխարհի մարդասեր հովվապետին: Ցավոք, այս անգամ ևս չկարողացանք խուսափել զարզախոսներից. փորձում են միմյանց հակադրել հայ ու կաթոլիկ եկեղեցու հոգևորականներին` նսեմացնել առաջինին, բարձրացնել երկրորդին: Ի՞նչ է սա, տգիտությո՞ւն, չարամտությո՞ւն:
-Այս տրամադրությունները շատ վաղուց են մեզ մոտ նկատվում, այդ միտումները կան, ու միայն Հռոմի պապի այցի հետ չեն կապված: Այսօր ցանկացած հարց քննարկելիս սլաքն ուղղում են հայ հոգևորականությանը, եկեղեցուն: Սա Աստծուց, հավատից հեռացած լինելու մասին է վկայում:
Նաև կարծում եմ, որ որոշակի խմբավորումների ձեռքի գործն է սա, որոնք առաջին հերթին ցանկանում են պառակտում մտցնել ժողովուրդ-եկեղեցի-պետություն եռամիասնության մեջ: Վերջին տարիներին եկեղեցի ու պետությունը, եկեղեցին ու ժողովուրդն այնքան են դարձել միասնական, այդ կապը այնքան ամուր է, որ այն հրաշալի դրսևորվեց նաև Հռոմի պապի այցի ժամանակ: Կարծում եմ այս միասնությունն է, որ ինչ-որ չափով նեղում է ոմանց, այդ միասնությունը ձեռնտու չէ նրանց: Մինչդեռ այդ միասնությունը շատ կարևոր է մեր ազգի ու պետության ամրության համար:
Այսօր մեր ժողովրդի մեջ գնալով ավելի է հզորանում բարձրանում մեր եկեղեցու դերը, ավելի մեծ հարգանք է վայելում մեր հոգևորականը: Ու նման համեմատությունները, հակադրություններն ընդհանրապես տեղին չեն: Ի՞նչ է նշանակում խոսել ժողովրդի մեծամասնության անունից, ի՞նչ է նշանակում սևացնել մեր բոլոր հոգևորականներին, դա մերժելի պահվածք է:
Սրբագրվում է հոգևոր այցի կարևորությունը, փոխարենն առաջ են մղվում նյութականացված խոսակցությունները, գնահատականները, քննարկման առարկա են դարձրել թանկ ու էժան մեքենաները, անգամ այսպիսի ձևակերպումներ են շրջանառվում, թե Հռոմի պապն իր ժուժկալ կենցաղավարությամբ ապտակ հասցրեց իր հոգեւոր հայ եղբայրաներին: Եթե այս աղբն ընկնի կաթոլիկ հովվապետի ականջը, վստահ եմ` կսարսափի:
-Իսկապես, սրանք խիստ մերժելի խոսակցություններ են: Ի՞նչ է, դրել հաշվարկել ե՞ն, թե որքան է արժենում նրանց կենցաղը, տեղյակ ե՞ն, թե իրականում ի՞նչ ծախսեր է արվում կաթոլիկ հովվապետի կենցաղում: Գիտեք, եթե մարդը կարևորում է հոգևորը, ապա չի կարող նման հարցերին ուշադրություն դարձնել, քանի որ իր համար շատ ավելի կարևորը հոգևորականների շուրթերից Աստծո խոսքը լսելն է: Ոչ ոք իրավունք չունի դատել մյուսին, ամեն մեկն իր քայլերի համար է պատասխանատու Աստծո առաջ: Ես չգիտեմ, թե նման համեմատականներով խոսողները ի՞նչ փաստերի են տիրապետում, Պապը եկավ ու մեզ մոտ անցկացրեց ընդամենը երեք օր, ինչպե՞ս կարելի է դատել մի մեքենայով ու նման մերժելի եզրակացությունների հանգել, սա ճիշտ չէ:
Անընդունելի է այդ հոգևոր կարևոր այցը դիտարկել նյութականի հարթության մեջ, անընդունելի է քննարկել թանկ ու էժանի հարցը: Այդպիսիններին հարց եմ ուզում տալ. ինչո՞ւ չեք ուզում տեսնել ավելի լավը, ինչո՞ւ չեք հնչեցնում Հռոմի պապի խոսքերը, որ գալիս է քրիստոնյա առաջին երկիր, գալիս է պետություններից առաջինը, ում հասու դարձավ Քրիստոսի ավետարանը:
Հայաստանն այսօր այնքան մեծ նշանակություն ունի քրիստոնյա աշխարհում, այնքան մեծ հոգևոր գանձեր է իր մեջ ներառում, և այդ ամենի մասին Ֆրանցիսկոս պապը շեշտեց իր բոլոր ելույթներում: Այս մասին է, որ մենք պետք է անվերջ խոսենք: Ինչո՞ւ ենք լավը թողած նման ինչ-որ նյութական հարցեր բարձրացնում:
Քննադատությունը տեղին է և օգտակար, եթե առողջ է: Իսկ այն, ինչ այսօր լսում ենք անառողջ, նաև ինչ-որ միտում պարունակող, ինչ-որ խմբավարումների շահեր հետապնդող խոսակցություններ են: Ես դրանք բարոյական չեմ համարում, դրանք չեն բխում մեր եկեղեցու, մեր պետության, մեր ժողովրդի շահերից:
Սոցցանցերում շրջանառվեցին Պապի նկարները, թե ինչպե՞ս էր նա ողջագուրվում հաշմանդամների ու մանուկների հետ: Եվ իրոք, հրաշալի էր նրա շփումը հասարակ ժողովրդի հետ: Բայց ո՞վ ասաց, որ այդպիսին չեն մեր հոգևորականները, ինչո՞ւ չենք խոսում, մոռանում ենք բանակում մեր զինվորի, սոցիալական խնդիրներ ունեցող հայ ընտանիքների կողքին կանգնած հրաշալի մեր հոգևորականների մասին: Իսկ այդպիսիք շատ-շատ են:
-Մեր ժողովրդը քրիստոնեավայել ընդունեց կաթոլիկ եկեղեցու հովվապետին, ու տեղին արժեվորեց նրան, բայց անգամ ժողովրդի այդ պարզ, անբիծ հիացմունքի մեջ փորձում են վատը տեսնել ու հիացմունքի պատճառ են համարում այն, թե իբր ժողովուրդը հայ հոգևորականի կողմից նման անկեղծ շփում չի տեսել, այ, դրա համար էլ տարվեց ու սիրեց Հռոմի պապին:
-Ում աչքը խավար է, նա խավարն է տեսնում, ումը լուսավոր է` տեսնում է լուսավորը: Սրանք շատ վտանգավոր խոսակցություններ են, այստեղ չկա առողջ խոսք, չկա առողջ քննադատություն: Բոլորս տեսանք, թե որքան լավ տրամադրություն էր երկուստեք, որքան մեծ սեր ու փոխադարձ հարգանք կա Հայոց առաքելական եկեղեցու ու կաթողիկե եկեղեցու հովվապետերի, հոգևորականների միջև: Հատկապես, մենք տեսանք Հռոմի պապի մեծ հարգանքը մեր եկեղեցու ու մեր ժողովրդի հանդեպ: Մենք տեսանք հավասարը հավասարի վերաբերմունք: Չէ, որ այդ ամենը մեր եկեղեցու մեծ աշխատանքի արդյունք է, մենք կրկին համոզվեցինք, որ եկեղեցի-ժողովուրդ-պետություն այդ միասնակությունը հզոր է: Ուրեմն, պետք է անտեսենք այս բացասական, մանր խոսակցությունները, որոնք զրոյանում են այդ մեծ միասնության առաջ և օգտվենք մեր համախմբումից:

 

Այցելեք Հայոց եկեղեցի, ապշխարեք, ճանաչել Աստծուն ու ձեր աչքերը կբացվի. ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Այսօր փորձ է արվում այդ բարձր, վեհ, լուսավոր իրադարձությունը ստվերել, հոգևորն ու արժեքավորը անտեսել, փոխարենն առաջ մղել նյութականը` էժանագին համեմատություններով մեկմեկու հակադրելով հայ ու կոթոլիկ հոգևորականներին: Ի՞նչ կասեք այս վտանգավոր երևույթի մասին:
-Տեղյակ եմ, նման մտքեր են տարածվում և’ մամուլում, և’ սոցցանցերում, ու տարածողը մարդիկ են, որոնք հեռու են Աստվածանչից, չեն ճանաչում մեր եկեղեցին, այն իբրև գրասենյակ են դիտում, հեռու են հոգևոր աշխարհից: Այդպիսիք չեն էլ հասկացել, թե ի՞նչ կարևոր իրադարձության հիմք դրվեց Հռոմի պապի այս այցով: Մի հետաքրքիր բան ասեմ. 5-րդ դարում Երուսաղեմում պատրիաք, ազգությամբ վրացի Պյոտր Իբերիացին Քաղկեդոնի ժողովից հետո նամակ է գրում հայ եկեղեցու հոգևոր հայրերին ու ասում` ՙճիշտ արեցիք, որ չմասնակցեցիք Քաղկեդոնի ժողովին, ես էլ եմ դրան դեմ՚: Հետո մարգարեանում է`ասելով, որ հայերդ ձեր այս ուղիղ, ճշգրիտ վարդապետությունը պետք է պահեք մինչև Քրիստոսի վերջին գալուստ ու մինչ այդ ձեր վարդապետությունը պետք է նորից տարածվի ողջ աշխարհում` բոլոր եկեղեցիների մեջ: Եվ այսօր կատարվում է 5-րդ դարում արված մարգարեությունը:
Կաթոլիկ եկեղեցին իր վարդապետությամբ խիստ տարբերվում է Հայոց Առաքելական սուրբ եկեղեցուց, հատկապես, մեր Գրիգոր Նարեկացին իր վարդապետությամբ դեմ է խոսում կաթոլիկ եկեղեցուն, բայց այսօր կաթոլիկ եկեղեցին Նարեկացուն ճանաչեց իբրև սրբազնագույն, տիեզերական ուսուցչի: Կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ գիտաժողովներ, երեկոներ է կազմակերպել Մերձավոր Արևելքի երկրներում նվիրված Նարեկացու հռչակավոր ՙՄատյան ողբերգության՚ պոեմին, նրա տաղերին ու շարականներին, փառաբանել է Նարեկացու հանճարը և հոգևոր-գրական ժառանգությունը: Այսինքն, իրոք կատարվում է մարգարեությունը, հայոց եկեղեցու վարդապետությունը տարածվում է աշխարհում:
Կեղծ մտքեր ու գաղափարներ տարածողները լավ կլինի իմանան այս մասին, նաև ուշադիր կարդան և հասկանան Հռոմի պապի խոսքերը` գալիս եմ Հայաստան ուխտի, գալիս եմ, որ ձեզ հետ մոտենամ այս սրբությանը, ձեր` խաչքարերի պես պինդ, կուռ հավատքին ու շփվեմ մոր պես նուրբ ձեր եկեղեցու հետ: Սա նշանակում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ճանաչում է Հայոց Առաքելական եկեղեցու զորությունը:
Սա հասկանալու փոխարեն զարզախոսում են ու տասներորդական հարցեր շրջանառում, թե ո՞վ, ի՞նչ մեքենայով է շրջում: Մեր եկեղեցու ոչ բոլոր հոգևորականներն ունեն մեքենաներ, այն էլ թանկարժեք: Եվ հետո, եթե թանկարժեք մեքենան ինչ-որ ժամանակ մեր հոգևորականներից մեկին տրվել է որպես նվիրատվություն, չի կարելի անվերջ խոսել ու քննարկել այդ մասին: Չի կարելի: Նման խոսքեր ասում են հավատից շատ հեռու մարդիկ, որոնց ուղղորդողը չարն է:
Մարդիկ անտեսում են նաև անհատի գործոնը. պետք է հասկանալ, որ այդպիսին Ֆրանցիսկոս Պապը, դա նրա բնավորությունն է, մինչդեռ նույնը չես կարող ասել մյուս պապերի մասին: Մենք էլ այսօր ունենք շատ հոգևորականներ, որոնք ապրում են ծոմ ու պասի մեջ, հեռու են շքեղությունից, ճոխությունից: Այս մասին չենք խոսում, անգամ չգիտենք, չենք էլ ուզում իմանալ:
Կրկնում եմ, նման բաներ խոսողները ծանոթ չեն Հայ Առաքելական եկեղեցուն, ո’չ նրա անդամն են, ոչ այցելում են եկեղեցի, ոչ Աստվածաշունչ են կարդում:
Քննարկման թեմա են դարձրել անգամ մեր ժողովրդի ջերմ ընդունելությունը` տալով այսպիսի մեկնաբանություն, թե քանի որ ժողովուրդն իր հոգևորականներից, իր հովվապետից նման անկեղծություն, մտերմություն չի տեսնում, դրա համար էլ այսքան ջերմորեն ընդունեց պարզ ու անմիջական Պապին:
-Սա դեմագոգիա է. հայն իր տան մեջ իր հյուրին ինչպե՞ս է ընդունում` ջերմ, սիրով: Բայց, հո, մեր ընտանիքի անդամների համար ամեն օր նույնպիսի ընդունելություն չե՞նք անում: Մեր ազգային մենթալիտետն է` մեր տուն եկած հյուրին մեծարել, բարձրացնել: Հռոմի պապն էլ հյուր է եկել, ինչպե՞ս կարող է հյուրասեր հայ ժողովուրը ջերմ չընդունել մի հյուրի, որն աշխարհին հիշեցրեց Հայոց ցեղասպանության մասին, որը Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհեց: Ուրիշ ի՞նչ կերպ, եթե ոչ ջերմորեն, սիրով պետք է հայ ժողովուրդն ընդուներ Սրբազան Քահանայապետին: Չարն է, որ դրդում է մարդկանց չտեսնել, չգնահատել այդ լույսը, հրաշքը, որ կատարվեց մեր երկրում ու ոչնչացնել այն:
Այդպիսիններին հարցրեք և կհամոզվեք, որ նրանք ոչ եկեղեցի են գնում, ոչ մասնակցում են պատարագներին, ոչ գիտեն ինչ է ապաշխարությունը: Ինչ-որ մեկն էլ բողոքում էր, թե տեսեք Հռոմի պապը սպիտակ է հանգնվում, իսկ մերոնք սև: Բայց հարգելիս, ախր, մեր եկեղեցին իր ճոխությամբ, շքեղությամբ, չափերով, բովանդակությամբ ամենևին նման չէ կաթոլիկ եկեղեցուն, մինչդեռ մեր եկեղեցի ոտք դնողը ապշում է այդ պարզության մեջ տեսնելով աստվածային հրաշքը: Մեր պարզության մի բաղադրիչն էլ մեր հոգևորականների սև սքեմն է:
-Մի վտանգի մասին ևս խոսենք, ասվում է, թե Հռոմի պապի այցից հետո, նաև կաթոլիկ համայնքի որոշ հոգևորականներ ոչ ճիշտ կեցվածք են ընդունել, փորձում են իրենց հերթին սրել հակադրությունը երկու եկեղեցիների միջև` դրանում ներքաշելով առաքելական ու կաթոլիկ համայնքներին, ներսից պառակտելով մեր ժողովրդին:
-Ովքեր նման պահվածք են դրսևորում ծանոթ չեն Հռոմի պապի ելույթներին: Իսկ նա Հայոց կաթողիկոսի հետ հայտնի հայտարարությունը ստորագրելուց հետո ասաց հետևյալը` կաթոլիկ եկեղեցու նպատակը չէ, որ մի եկեղեցին մյուսին կլանի, ոչնչացի կամ վերցնի սեփական ենթակայության տակ, ինչպես եղել է նախկինում, այլ ասաց` մենք ուզում ենք գալ ոչ թե մեծը փոքրի մոտ, այլ ինչպես հավասարը հավասարի, մեր նպատակը մեկս մյուսին կլանելը չէ:
Եթե այս կարևոր խոսքերի իմաստը չեն հասկանում, ուրեմն, ո’չ առաքելականությունից են հասկանում, ո’չ կաթոլիկությունից, ո’չ ուղղափառությունից:
Ես կխնդրեի նմաններին այցելել Հայ առաքելական եկեղեցի, ապշխարել, ճանաչել Աստծուն ու ընթերցել Աստվածաշունչ, այդ ժամանակ միայն իրենց աչքերն ու միտքը կբացվի և կհասկանան, թե որքան պինդ է մեր եկեղեցին ու ինչ հզոր բան կատարվեց մեր աշխարհում, քանզի այն հիմքը դրեց աշխարհով մեկ Հայոց առաքելական եկեղեցու դավանաբանության տարածմանը:
Գուցե սա՞ է,  որ դուր չի գալիս որոշներին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն