Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Կոռուպցիան բանակում անհանդուրժելի է

Հունիս 16, 2016թ. 12:13
գեղամ հարությունյան

Հարցազրույց Պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

Պարոն Հարությունյան, դուք ներկայացնում եք մի օղակը, որն ուղիղ շփման, կապի մեջ է զորակոչիկների ծնողների հետ, ի՞նչն է ամենից շատ անհանգստացնում նրանց, ի՞նչ բնույթի դիմում բողոքներ եք ստանում:
-Հասարակական խորհրդի հովանու ներքո 2009թ-ից գործում է զորակոչերի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այն կգործի նաև այս զորակոչի ընթացքում: Արդեն իսկ ստացվել է շուրջ 60 դիմում-բողոք: Առհասարակ, դրանց գերակշռող մասն առնչվում են զորակոչիկների բուժհետազոտման, առողջական վիճակի գնահատման, զինվորական ծառայությանը նրանց պիտանիության հարցերին: Բնականաբար, դրանք խորությամբ պետք է ուսումնասիրել և կայացնել իրավաչափ որոշումներ: Նշեմ, որ հանձնաժողովի նիստերը դռնբաց են, իսկ հարցերը քննարկվում են դիմումատուների մասնակցությամբ:
– Զինկոմիսարիատներ, բուժհանձնաժողովներ, սրանք կոռուպցիայի առումով բավական ռիսկային օղակներ են. մի կողմից լսում ենք` ՙտղաս ունի X հիվանդությունը, բայց զինկոմն անտեսեց ու տարավ՚, մյուս կողմից այդ նույն օղակների ձեռքով առողջ զորակոչիկի համար սարքվում են լուրջ հիվանդությունների մասին փաստող թղթեր` նպաստելով ծառայությունից նրա խուսափելուն: Կգա՞ այն ժամանակը, երբ իսպառ կվերանան այս վտանգավոր երևույթները, որոնք նաև վստահության մթնոլոտի ստեղծմանն են վտանգում:
-Զորակոչի գործընթացում վստահության մթնոլորտի և օրինականության հաստատումն անչափ կարևոր է: Ցավոք, ձեր մատնանշած երևույթները դեռևս տեղ ունեն մեր իրականության մեջ, ուստի դրանց դեմ պայքարն էլ շարունակական է, նաև արդյունքներն են տեսանելի. մենք տեսնում ենք, որ որոշ բժիշկներ, զինկոմիսարիատների աշխատակիցներ իրենց ոչ բարեխիղճ վարքագծի համար կանգնում են քրեական պատաախանատվության առջև: Հարցի մյուս կողմն էլ այն է, որ այդ ամենին նպաստում են նաև զորակոչիկների ծնողները: Ի վերջո, նման պայմանավորվածությունները միակողմանի չեն լինում, բժիշկը չի փնտրում ծնողին, վերջինս է գտնում բժշկին կամ համապատասխան մարդուն: Կնշանակի մենք խնդիր ունենք հասարակության ներսում: Բայց նաև հասկանալի է, որ պահանջներն ու քննադատությունը ուղղվում են պաշտոնատար անձանց. այն բժիշկը, ով կեղծում է առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթը` մեծ հանցանք է կատարում և՛ օրենքի, և՛ իր խղճի առաջ, նաև Հիպոկրատին տված իր երդումն է դրժում, գործարքի մեջ մտնող սպան պատվազրկում է իր կոչումը: Ընդհանրապես, հայրենիքի պաշտպանության հարցում պետք է գործի հավասարության սկզբունքը: Առողջ երիտասարդը պետք է ծառայի բանակում: Մեր հանձնաժողովն իր մասով նպաստում է, որ քաղաքացիները օրինական ճանապարհով հասնեն իրենց իրավունքների պաշտպանությանը:
Զորակոչը ծավալուն գործընթաց է. հազարավոր զորակոչիկներ են հետազոտվում և փորձաքննվում, չեն բացառվում նաև վրիպումները, թերացումները: Մեզ հաջողվում է զորակոչային մարմիների հետ համագործակցության շրջանակներում հասնել որոշակի դրական արդյունքների:
-Ապրիլյան պատերազմը վեր հանեց պաշտպանական կառույցի խոցելի կողմերը, հասկացանք, որ բանակում կոռուպցիան անդրադառնում է մեր ազգային անվտանգությանը, սրա մասին են վկայում մեկը մյուսին հաջորդած ձերբակալությունները: Բայց դրանով կլուծվե՞ն խնդիրը, մեղավորներն իրոք կպատժվե՞ն։
-Ձերբակալությունների մի մասը պայմանավորված չէ քառօրյա պատերազմով, քրեական գործերը, մասամբ, հարուցվել են ավելի վաղ կատարված ստուգումների հիման վրա: Բայց և համաձայն եմ, որ պատերազմը ավելի մեծ ուշադրություն սևեռեց այս հարցերին: Եվ ցավալի է, որ ստվերվում է բանակի սխրանքը: Բոլորի համար էլ պարզ դարձավ,որ Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով լուծել հարցը:
Դառնալով ձեր հարցին ասեմ, որ կոռուպցիան բանակում անհանդուրժելի է: Քիչ ու շատ կոռուպցիա չի լինում, եթե այն թեկուզ փոքր չափերով տեղ ունի, վաղ թե ուշ քաղցկեղի պես իր մետաստազները տարածելու է: Ուրեմն, ամեն ինչ պետք է անել կոռուպցիոն ռիսկերը պաշտպանության համակարգում բացառելու համար: Ես վստահ եմ, որ ինչպես մարտադաշտում մեր բանակը դրսևորեց իր մարտունակությունը, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում կդրսևորի իր կենսունակությունը:
Հարցնում եք` ձերբակալություններով խնդիր կլուծվի՞: Իհարկե, այո: Բայց ցանկալի է, որ դրանք քիչ լինեն, այսինքն` հանցանքները ոչ թե անտեսվեն, այլ կանխարգելվեն: Այս ուղղությամբ ՊՆ-ն լուրջ քայլեր է կատարում: Ստեղծվել է ՙԲարեվարքության կենտրոն՚, որը պետք է այնպիսի աշխատանք տանի համակարգի ծառայողների շրջանում, որ նրանք զերծ մնան նման երևույթներից: Եթե փոխվում է մարդու մտածողությունը, փոխվում է մթնոլորտը, ապա փոփոխվում է նաև նրա վարքագիծը:
Իսկ պատժաչափի սահմանումն ու կիրառումը իրավապահ մարմինների խնդիրն է:
Չնայած պաշտոնակություններին, դարձյալ կա դժգոհություն, թե ՊՆ-ում գնումների վատ ավանդույթը չի փոխվում, օրինակ, առաջարկվում է էժան ձու, բայց ՊՆ-ն նախընտրում է թանկը, կամ` հկ-ները բողոքում են` պայմանագրերի կատարման փուլը փակ է իրենց առաջ, ահա ինչու այսպիսի երևույթներ են լինում` պայմանագիր է կնքվում 100 000 միավոր հանդերձանքի, հիգենիկ պարագաների շուրջ, մինչդեռ մատակարարվում է 50 000-ը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Կարևորն այն է թե ի՞նչ ուղղությամբ ենք շարժվում այսօր: Միթե վատ է, որ ձվի գնման գինը նվազել է ավելի քան տաս դրամով, սակայն այս հանգամանքը չի շեշտադրվում, ուշադրությունը սևեռվում է նախկին բարձր գնին:
Մեծ աղմուկ բարձրացավ նաև բժշկական ձեռնոցների շուրջ, իսկ իրականությունն այլ է: Մատակարարի հետ կնքվել է պայանագիր և հատի տակ նկատի է առնվել զույգը, այլ կերպ չէր էլ կարող լինել: Մինչդեռ մատակարարը ուզում է նախատեսված քանակի կեսը մատակարարել: Փորձում է ճարպկություն բանեցնել և իր օգտին մեկնաբանել պայմանագիրը: Նման դեպքեր էլ են լինում:
-Կնշանակի պայմանագրերը պետք է լինեն այնքան հստակ, որ նման տարընթեցումների հնարավորություն չտան:
-Համաձայն եմ, որ պայմանագրերը պետք է լինեն հստակ ու բացառեն նման սողանցքները: Գնումների գործընթացը պետք է լինի նաև հնարավորինս թափանցիկ և վերահսկելի: Հակառակ դեպքում կունենանք կոռուպցիոն երևույթներ, բանակին մատակարարված անորակ ապրանքներ և ծառայություններ: Մրցույթներում պետք է շահեն նրանք, ովքեր կարող են լուծել խնդիրը, մատակարարել և’ լավագույն գնով, և’ լավագույն որակով ապրանք:
Ռազմական վերլուծաբանները չեն բացառում նոր ու լայնածավալ պատերազմի վերսկսման հավանականությունը, այսինքն` այս հանգիստը հարաբերական է: Մեր հասարակության պահանջն է` պատրաստ լինել պատերազմին անհրաժեշտ զենքով: Ի՞նչ ենք հասցրել անել այս ընթացքում:
-Հասարակության պահանջը լիովին արդարացի է ու ընկալելի: Այո, բանակը պետք է սպառազինված լինի ժամանակակից ռազմական տեխնիկայով, զենք զինամթերքով:Չպետք է կասկածել, որ ՊՆ ղեկավարությունը անում է հնարովորը անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու, եղած բացերը լրացնելու, մեր մարտական դիրքեը ամրացնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր հարձակմանը, ես կարծում եմ, որ վերջինս լայնածավալ պատերազմի փորձ անգամ չպետք է անի, որովհետև ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից նրանք հազիվ իրենց գլուխն ազատեցին:
Ա. Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն