Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանը կօգտվի Սարսանգի ջրամբարից, եթե Արցախը օգտվի նավթային պաշարներից

Հունիս 15, 2016թ. 14:55
Դավիթ Բաբայան

Ամերիկայում գործող ադրբեջանական լոբբիստական մի խումբ խնդրագիր էր ուղղարկել ԱՄՆ Սպիտակ տան վարչակազմին, ուր, ԵԽ ԽՎ-ի 2085 բանաձևին հղում անելով, հորդորում է, որ ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկի ՙօկուպացված՚ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման համար, այլապես Սարսանգի ջրամբարի <<օկուպացիան>> կարող է հանգեցնել հումանիտար աղետի:    Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված է ԱՄՆ նախագահի վարչակազմի պատասխանը, ուր կարդում ենք հետևյալը. <<Մենք կողմերին կոչ ենք անում դրսևորել զսպվածություն, անհապաղ բանակցություններ սկսել համակողմանի հաշտության համաձայնագրի շուրջ, որն արտացոլում է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանում>>:

Այս հարցի շուրջ զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

Պարոն Բաբայան, ի դեմս այս խնդրագրի, ի՞նչի հետ գործ ունենք:
-Այդ խնդրագիրը պատրաստել է ինչ-որ լոբբիստական կազմակերպություն, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից ու կատարում է պաշտոնական Բաքվի պատվերները` պարբերաբար ներկայացնելով տարբեր առաջարկներ: Այսինքն, սա Ադրբեջանի հերթական սադրանքն է, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ հակամարտության կարգավորման: Նման ՙխնդրագրերով՚, որում արտահայտվածը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պաշտոնական մոտեցումը, փորձ է արվում ճնշում գործադրել հայկական կողմերի վրա: Այս իրավիճակում, երբ շեշտը պետք է դրվի խաղաղության ու կայունության պահպանման վրա, Ադրբեջանը կրկին դիմում է նման սադրանքի` իր լոբբիստների ձեռքով: Նման մոտեցումն անընդունելի է:
-Ուշագրավ է ԱՄՆ նախագահի վարչակազմի պատասխանը, ուր տեղ է գտել`<<Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը>> ձևակերպումը: Ի դեպ, նկատենք, որ ԱՄՆ համանախագահ Ոուրլիքը ևս իր թվիթերյան էջում հաճախ գրառումներ է անում, այսպես կոչված, գրավյալ տարածքների վերադարձի մասին: Ի՞նչ է սա նշանակում:
-Տարածքների վերադարձ ասվածը չի կարող իրականանալ, չի կարող լինել վերադարձ անցյալին: Բոլորի համար այլևս պարզ է, որ պետք է լինի հակամարտության իրական կարգավորում` համապարփակ կարգավորում, որպեսզի չստացվի այնպես, որ վաղը կողմերից մեկը գայթակղվելով մյուս կողմի համեմատական թուլությունից, որոշի նոր ագրեսիա սանձահարել: Մի՞թե սա է համանախագահողների նպատակը: Նման <<կարգավորումը>> չի կարող նպատակ լինել: Դա չի կարող լինել, առավել ևս, Ադրբեջանի նման պետության հետ, իսկ վերջինս ֆաշիստական, բռնապետական պետություն է, ուր հերոսացվում են մարդասպանները, ուր կտրում են հայ զինվորի գլուխը, դաժանաբար խոշտանգում հայ խաղաղ բնակիչներին: Բայց առավել մտահոգիչ է, որ այս ամենին անհրաժետ ձևով չի արձագանքում միջազգային հանրությունը: Ինչո՞ւ են անտեսում այս կարևոր հարցերը ու չեն ասում, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր բարբարոսները, որոնք զինծառայողի գլուխ են կտրում ու հպարտությամբ ի ցույց դնում իրենց հանրությանը: Եվ եթե հանկարծ նման իրավիճակում այդ ֆաշիստական երկիրը` Ադրբեջանը, ստանա փոքր-ինչ առավելություն, ապա անպայմանորեն կօգտվի դրանից ու Արցախի դեմ կսկսի նոր պատերազմ: Արցախը չի կարող թուլացնել իր անվտանգության համակարգը, ու դա պետք է իմանան բոլորը: Դրա համար ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի այնպիսին, որ փոխզիջումներն էլ լինեն իրավիճակին համարժեք: Հակառակը չի կարող լինել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ համանախագա Ուորլիքի թվիթերյան գրառումներին, կարծում եմ, նա ժամանակ առ ժամանակ շրջանառում է հակամարտության կարգավորման այս կամ այն բաղադրիչը: Պետք է նաև նկատի ունենանք, որ համանախագահողները ոչ թե դատավորներ են, այլ միջնորդներ, որոնք պետք է ներկայացնեն բոլոր կողմերի առաջարկները, բայցև շրջանառելով ադրբեջանական կողմի մոտեցումը, լավ գիտեն, որ Արցախի համար դրանք բնավ ընդունելի չեն:
Դառնանք Սարսանգի ջրամաբարի շուրջ կրկին բորբոքվող ադրբեջանական կրքերին. լոբբիստները Բաքվի պատվերին համահունչ զգուշացնում են հումանիտար աղետի մասին, ինչին, իբրև թե, կարող է հանգեցնել հայկական կողմի <<օկուպացիան>>: Նման քայլերով ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը, ո՞րն է նրա նպատակը:
-Ադրբեջանն ուզում է Արցախին խեղդել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով: Ադրբեջանն աշխարհի եզակի պետություններից է, որն արցախցիների նկատմամբ դեռ անցած դարի կեսերից իրականացրել է հիդրոճնշման քաղաքականություն: Նախկին ԼՂԻՄ-ի դեմ նա վարել է շատ հմուտ, բավական խորը մշակված քաղաքականություն` իր սարափելի դրսևորումներով: Ամենից սարսափելին հիդրոահաբեկչությունն էր, երբ ադրբեջանական կողմը սկսած 1970 թ., թունավորում էր Արցախի ջրային պաշարները: Մինչ այդ, Արցախը երկարակյացների քանակով աշխարհում ու Խորհրդային միությունում զբաղեցնում էր առաջին տեղը, իսկ քաղցկեղի ու այլ ծանր հիվանդությունների առումով` վերջին տեղում էինք: Սակայն 1967-ին, երբ Ադրբեջանում իշխանության եկավ Հեյդար Ալիևը, տեղի ունեցան սարսափելի զարգացումներ. Արցախում նկատվեց քաղցկեղային հիվանդությունների կտուրկ աճ, իսկ 1989թ. մահացությունների մակարդակով հայտնվեցինք երկրորդ հորիզոնականում: Պատճառը թունավորված ջուրն էր: Ջուրը ֆիլտրող բոլոր կայաններում ադրբեջանցիներ էին աշխատում, նրանք չէին բնակվում Ստեփանակերտում ու քաղաքի ջրից էլ չէին օգտվում, իսկ հիմնական թիրախը հենց Ստեփանակերտն էր: Նրանք ջրի մեծ քանակով քլոր էին խառնում, 1990-ին էլ թունավորեցին Ստեփանակերտի ողջ ջրամատակարաման ցանցը լցնելով կրիոլին կոչված թունավոր նյութը: Սրա հետևանքը եղավ այն, որ ընտանի կենդանիները կոտորվեցին, իսկ բազմաթիվ մարդիկ թունավորվեցին, հոսպիտալացվեցին:
Խորհրդային տարիներին Ադրբեջանը տարբեր ջրամբարներ է կառուցել մեր գետերի վրա, սակայն նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, արդյունքում անհնարին էր դարձել մեզ համար այդ ջրային պաշարների օգտագործումը: Միակ բացառությունը Սարսանգի ջրամբարն է, որը կառուցվեց նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, որովհետև այլ տարբերակ` աշխարհագրորեն չկար: Այն ժամանակ Սարսանգը ոռոգում էր 128 հա հողատարածք, մինչդեռ դրանից միայն 8-10-ն էր պատկանում ԼՂԻՄ-ին, այսինք, ջրի հիմնական մասը ոռոգում էր ադրբեջանական հողատարածքները, քանի որ ջրի կառավարումը իրականացվում էր ադրբեջանական Միրբաշրիրում:
Այսօր ևս Ադրբեջանն ուզում է իր ձեռքը վերցնել Սարսանգի կառավարումը: Հիշենք նաև, որ դեռևս 1918թ. ստեղծված այդ արհեստածին պետությունը նպատակ էր դրել վերցնել ներկայիս Մարտակերտի, Քարվաճառի շրջանները, քանի որ այնտեղից են սկիզբ առնում ջրային պաշարները: Եվ Խորհրդային տարիներին նրանք կարողացան նախկին Քելբաջարի շրջանին բռնակցել Խորհրդային Հայաստանի մի շարք հողատարածքներ, որտեղից սկիզբ են առնում մեր Արփա և Որոտան գետերը: Տեսեք, թե դեռ խորհրդային տարիներից մինչև ո~ւր են հասել նրանց նպատակները:
Եվ հիմա ուզում են նույն քաղաքականությունը շարունակել: Այսօր չնայած պատերազմական գործողությունները որոշ չափով հանդարտվել են, բայց Ադրբեջանը տարբեր ուղղություններով` քարոզչական, տնտեսական, դիվանագիտական հարթություններում շարունակում է իր պայքարը:
Եվ փաստորեն, Սպիտակ տունն արձագանքելով ադրբեջանական լոբբիստներին, ողջունում է ջրամաբարի օգտագործման հարցում կողմերի անկախ փորձագետների հանդիպումն ու ջրամբարի կառավարման հարցերի համատեղ քննարկումը, միաժամանակ շեշտելով, թե այդ հանդիպմանը կաջակցեն նաև համանախագահները: Այսինքն` սա համարենք ադրբեջանական կողմի ձեռքբերո՞ւմ:
-Ամենևին ոչ, կարծում եմ, ամերիկյան կողմը ողջունելով այդ առաջարկը, նպատակ ունի այդ կերպ հասնել նրան, որ կողմերը գան ընդհանուր հայտարարի, ու եթե Արցախը ջուր մատակարարի Ադրբեջանին, միգուցե դա նպաստի փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:
Մենք երբևէ չենք ասել, թե դեմ ենք Ադրբեջանին ջուր տալուն, դեռևս 1998-99 թթ. պաշտոնական Ստեփանակերտը ներկայացրել է այդ հարցը ու մինչ օրս, արդեն 18 տարի, պարբերաբար հնչեցնում ենք:
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի ետ քննարկել տարբեր խնդիրներ, բայց դրա համար նախ անհրաժեշտ է վերականգնել բանակցային լիրաժեք ձևաչափը, այսինքն` բանակցություններին պետք է ապահովվի ԼՂՀ մասնակցությունը: Եվ հետո, տարբեր հարցեի շուրջ քննակում ամենևին չի նշանակում վերադարձ անցյալին` կարգավիճակի առումովը, սա արդեն անցած փուլ է ու ցանկացած փորձ վերադարձնել անցյալը լի է անկանխատեսելի հերևանքներով:
Մենք ևս այն կարծիքին ենք, որ Արցախի կողմից Ադրբեջանին ջուր մատակարարելը մարդասիրության դրսևորում է, նաև կարող է դառնալ փոխշահավետ համագորակցության հիմք: Բայց երբևէ չի կարող լինել այնպես, որ Ադրբեջանը փորձի հասնել Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման: Եթե Ադրբեջանն ուզում է Արցախի հետ համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը, դա կարող է լինել միմիայն մեկ դեպքում, եթե համատեղ օգտվենք ապշերոնյան նավթային պաշարներից: Եթե սրա հետ համաձայն են` հարց չկա, կարող ենք սկսել քննարկումը:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն