Գլխավոր » Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն

Դատարաններն իրենք պետք է վաստակեն ժողովրդի հարգանքն ու վստահությունը

Հունիս 1, 2016թ. 20:11
Նորայր Նորիկյան-3

Ասում ենք` երկրի զարգացման բանալին արդարադատության համակարգն է ու այն պետք է լրջորեն բարեփոխել: Իսկ բարեփոխումների արդյունքում արդյոք հասե՞լ ենք տեսանելի, շոշափելի փոփոխությունների. մասնագետները, մեղմ ասած, այնքան էլ լավատես չեն:
Թեմայի շուրջ զրուցեցինք փաստաբան ՆՈՐԻԿ ՆՈՐԻԿՅԱՆԻ հետ

-Վերջին տարիներին անվերջ խոսում ենք արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների մասին. ծրագրեր են կազմվում, հավաստիացումներ են հնչում, թե արդարադատության արդյունավետությունը բարձրանալու է։ Բայց ի՞նչ ունենք իրականում:
-Արդարադատության համակարգը բազմաշերտ է, հետևաբար, ամբողջական գնահատական տալը ճիշտ չէ, քանի որ եթե մի ուղղությամբ նկատելի է առաջընթաց, ապա մյուս ոլորտները գտվում են անմխիթար վիճակում: Այդ առումով կարելի է դրական խոսել պետռեգիստորի ու նոտարական համակարգերի մասին: Մինչդեռ նույնը չես ասի քրեակատարողական հիմնարկների, նաև ԴԱՀԿ ծառայության մասին: Թեև քրեակատարողական համակարգում կատարված կադրային փոփոխությունները որոշակի հույսեր են ներշնչում, դրական քայլ եմ համարում պրոբացիոն ինստիտուտի ներդրումը, բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք փաստում են արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Քրեակատարողական հիմնարկներն ունեն իրենց ՙաքիլեսյան գարշապարը՚, դա վերաբերում է պատժի կրման առանձնահատկություններին: Թեպետ կա պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը, բայց այն իրականում չի գործում, կամ էլ գործում է ընտրողաբար, ինչը կասկածի տակ է դնում այդ ինստիտուտի արդյունավետությունը: Խնդիրներ կան ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման համակարգի հետ կապված, գրեթե անհնարին է դարձել նման անձանց պատժի հետագա կրումից ազատելը:
Ինչ վերաբերում է ԴԱՀԿ ծառայությանը, ընդամենը մեկ օրինակ բերեմ, 2002թ. օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մինչ օրս, այսինքն` 14 տարվա մեջ դեռ չի կատարվել: Ինչպե՞ս կարող եմ դրական գնահատել այս ծառայության աշխատանքը: Բարեբախտաբար, կատարվեց ծառայության պետի փոփոխություն ու ժամանակը ցույց կտա, թե նոր ղեկավարությունը ի՞նչ գործելաոճ կկիրառի համակարգում որակական փոփոխություն իրականացնելու համար:
ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրերս հիշեցրեց, թե Եվրամիությունն արդեն տասը տարի աջակցում է արդարադատության համակարգի բարեփոխումներին, և այդ նպատակով տարբեր ծրագրերի իրականացման համար տրամադրվել է 45 միլիոն եվրո: Սա լուրջ գումար է, բայց եթե առաջընթաց չկա, կնշանակի կա’մ դոնոր կազմակերպություն է այդ փողն ուղղում անիմաստ ծրագրերի ուղղությամբ, կա’մ մենք ենք այն փոշիացնում:
-Տեսնելով այն իրավիճակը, որը կա քրեակատարողական հիմնակներում, ԴԱՀԿ ծառայությունում, կարող եմ արձանագրել, որ կատարված ծախսերի արդյունավետությանլուրջ խնդիր կա, այդ ծախսերին համարժեք աշխատանքը տեսանելի չէ: Ուրեմն, պետք է հասկանալ, թե 45 միլիոնը դեպի ո՞ւր է հոսել: Կա նաև հարցի մյուս կողմը. Ժողովուրդն ասում է` ՙանշահ փող չի լինում՚: Չգիտեմ, թե փող տվողներն ի՞նչ նպատակներ են հետապնդել, իրականում ի՞նչ ծրագրերի կատարմանն են այդ գումարներն ուղղվել, սակայն էականն այն է, որ մենք ինքներս հասկանաք, թե ի՞նչ ենք ուզում և ո՞րն է մեր նպատակը: Երբ հասկացանք, տրամադրվող գումարները ոչ թե կմսխվեն, այլ արդյունավետորեն կծախսվեն:
Նոր Սահմանադրությամբ հռչակվեց դատական համակարգի անկախություն, սա հույսեր չի՞ ներշնչում, որ որոշ ժամանակ անց կունենաք անկախ դատարան: Ի դեպ, արդարադատության նախարարը նման հույսեր ունի, ըստ նրա, ներդրվող ջանքերը հնարավորություն կտան մինչև 2020-21թթ. արդարադատության ոլորտը համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին:
-Տա Աստված, որ Արփինե Հովհաննիսյանի հույսերը կատարվեն: Ես ուզում եմ հավատալ նախարարի լավատեսությանը: Եթե դրանք իրականանան, ապա բոլորս կշահենք, հակառակի դեպքում բոլորս ենք տուժելու: Այսօր ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի դատական համակարգն անկախ է, ավելին, այն բավականին խոցելի է: Բայց նաև չեմ ընդունում ամեն ինչ արմատապես մերժողներին, թե բոլոր դատավորները կախյալ են: Այդպես չէ, մենք ունենք իսկապես բացառիկ սկզբունքային դատավորներ:
Նոր սահմանադրությամբ եկող տարվանից ուժի մեջ կմտնի բարձրագույն դատական խորհուրդը, որի անդամները ընտրվելու են Ազգային ժողովի կողմից: Բայց ընտրովի կամ նշանակովի լինելու մեջ չէ խնդիրը, քանի որ ինչ-որ մեկի կողմից պետք է ընտրվի այդ խորհուրդը: Խնդիրը ինքնաբավության մեջ է, այսինքն` ընտրվելուց հետո այդ մարմինն իր կոչմանն ու իրավասություններին համահունչ գործունեություն կծավալի՞, թե՞ ոչ:
Ես վստահ չեմ, որ հաջորդ տարիներին հնարավոր կլինի ամբողջությամբ ապահովել դատական իշխանության անկախությունը, որովհետև դա պայմանավորված չէ սոսկ օրենքների ընդունմամբ կամ նորմատիվ ակտերի հրապարակմամբ: Դատական իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի ու ձերբազատվի այն բոլոր կապանքներից, կաշկանդումներից, որոնք կախվածության մեջ են գցում իրեն: Դատական իշխանությունը պետք է բարձր կանգնի ամեն ինչից ու անկախությունը դարձնի իր հեղինակության խնդիրը: Նաև մեր հասարակական գիտակցության մեջ է պետք է տեղի ունենա փոփոխություն, ինչը, ցավոք, չկա:
-Դատարան-հասարակություն փոխհարաբերություններում ևս ոչ պակաս լուրջ խնդիր կա. մեր ժողովուրդը չի վստահում համակարգին, մարդիկ իրավական հարթությունում լուրջ խնդիրներ ունենալով չեն ցանկանում դատարան դիմել` վստահության պակասի պատճառով:
-Իրոք, խնդիր կա: Նախ պարտվող կողմը միշտ դժգոհ է լինում, ու հասակության մեջ կա դատարանից մշտապես դժգոհ շերտ, պետք է կարողանալ արդարադատության մասին սուբյեկտիվ գնահատականները տարանջատել օբյեկտիվից: Ուրեմն, խնդիրը գոհ կամ դժգոհ լինելու մեջ չէ, այլ այն, թե դատարանը իրականացնո՞ւմ է արդարադատություն, թե՞ ոչ: Հասարակությանը մեղադրելու խնդիր չունեմ, նա միշտ պետք է լինի պահանջող, նաև կասկածող, նաև դժգոհ: Արդարադատություն իրականացնող սուբյեկտն իր վարքագծով, գործելակերպով պետք է ապացուցի, որ ինքը վեր է բոլոր տեսակի կաշկանդումներից: Եթե դատարանները իրականացնեն արդար դատավարություն, ապա պարտվող կողմը, եթե անգամ հրապարակայնորեն չընդունի իր պարտությունը, գոնե հոգու խորքում կխոստովանի` ես սխալ էի, դատարանը արդար դատավարություն իրականացրեց: Ուրեմն, դատարանն ինքը պետք է շահի հասարակական վստահությունը, ու ինքը պետք է վաստակի համարժեք հարգանք: Մի պարզ օրինակ բերեմ, որպես փաստաբան գնում եմ մասնակցելու նշանակված դատական նիստին, բայց դատավորը չի գալիս ու նիստը չի կայանում: Սա նշանակում է, որ դատարանն ինքը չհարգեց` տվյալ օրը դատական նիստ անցկացնելու իր իսկ որոշումը: Կամ դատարանն ինքն է խախտում օրենքն ու վճիռը հրապարակելու պահին կողմին չի տրամադրում վճռի պատճենը, որպեսզի վերջինս ժամանակ ունենա օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու. ես ունեմ գործեր, երբ 45 օր անցել է, բայց վճիռը չի տրվել: Ուրեմն ինչպե՞ս հարգել նման դատարանին կամ դատավորին: Ասելիքս այն է, որ դատարաններն իրենց քայլերով պետք է վաստակեն հարգանք ու վստահություն: Ու թող հույս չունենան, թե առանց քայլեր անելու, առանց վերափոխվելու հասարակությունը կարող է իրենց հարգել կամ վստահել:
-Համաձայնեք, որ չնայած 25 տարվա անկախ պետություն ենք, բայց մեր դատական համակարգը շարունակում է իր վրա կրել խորհրդային տարիների խիստ բացասական հետքը, այսօր էլ նույն մտածողություն է հենց թեկուզ հասարակության հետ հարբերություններում:
-Մտածողության փոփոխման խնդիր ունենք: Օրինակ, դատարանին թվում է, թե մեղադրանքի կողմն ունի առավելություն, քանի որ նա ի պաշտոնե դատախազ է, և դատավորը կուրորեն կատարում է այն, ինչ մեղադրանքի կողմն է ուզում: Մինչդեռ դատավորին հասարակությունը պետք է ընկալի որպես հասարակական արբիտր, որպես արդարադատություն իրակնացնողի: Իսկ կողմերը` մեղադրանքի, թե պաշտպանական, հավասար իրավունքներով օժտված սուբյեկտներ են ու մտնում են դատարան արդարադատություն որոնելու: Բայց մենք ունեք դատավորներ, որոնք ընդգծված արտոնություն են տալիս դատավարության այս կամ այն կողմին ինչի արդյունքում ուղղակի տուժում է արդարադատությունը:
Արդարադատության համակարգի թույլ տված իրավունքի խախտումների դեպքերով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 60 վճիռ, ինչի արդյունքում միայն 2015-ին պետբյուջեից ավելի քան 230 հազար եվրո է վճարվել քաղաքացիներին: Այսինքն` դատավորների սխալների, վատ արդարադատության դիմաց վճարում ենք հարկատուներս: Պատկերացնո՞ւմ եք բյուջեից որքան գումարներ կծախսվեին, եթե իրենց վճիռներից դժգոհ մեր բոլոր քաղաքացիները հասնեին Ստրասբուրգ:
– Այս վիճակագությունը պետք է մտահոգի մեր դատական իշխանությանը: Եթե մարդիկ հավատային, վստահեին մեր արդարադատությանը, բնականաբար, չէին դիմի միջազգային դատարան: Բայց հուսահատված, տեսնելով, որ այստեղ դատական ատյաները խախտում են իրենց հիմնարար իրավունքները, մարդիկ փորձում են այլ դաշտ գտնել, իսկ այդ դաշտը ստրասբուրգյան դատարանն է: Պետք է ասեմ, որ ՄԻԵԴ-ի ակտերը որոշակի դրական ազդեցությունը թողել են մեր ընդհանուր դատական պրակտիկայի զարգացման վրա:
Սակայն մեկ այլ հարցի ևս անդրադառնամ. հաճախ դատարանը արդարադատության իրականացման հարցում կաշկանդված է լինում ունենալով մտավախություն, թե շահագրգիռ անձը կարող է իր հրապարակած դատական ակտը բողոքարկել ՄԻԵԴ-ում: Նման իրավիճակներ ստեղծվում են հասարակական հնչեղության գործերում, ու դատավորները հաճախ փորձում են դատական ակտը կայացնել ցուցմունք տվողների օգտին, միայն թե վերջինս հանկարծ չբողաքարկի ՄԻԵԴ-ում: Արդյունքում տուժում է արդարադատությունը:
Դատավորներին իմ խորհուրդն է` եղբայր, դու արդար դատի, արադարադատություն իրականացրում առանց կաշկանդումների, ու մի վախեցի, թե քո վճիռը կգնա Ստրասբուրգ, եթե արդար ես չպետք է վախենաս, որ վճիռդ մանրադիտակի տակ ստուգվի:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն