Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանի ու Արցախի քաղաքական ուժերը պետք է համատեղ կյանքով ապրեն, ու մեկմեկու կարիքը զգան

Մայիս 25, 2016թ. 12:24
Հայաստան-Արցախ

Օրերս Արցախում անցկացվեց հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովը: Մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել էին հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նման հավաքը նաև պահանջված էր` ազգային հարցերի շուրջ համախմբման, միասնական դիրքորոշումներ արտահայտելու առումով:
Այս հարցերի շուրջ զրուցեցինք համաժողովի մասնակից Քրիստոենա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:

-Արցախի քաղաքական գործիչները երբեմն արտահայտում են իրենց մտավախությունն այն առնչությամբ, թե Հայաստանյան ներքաղաքական դաշտում բավական սուր արտահայտվող խժդժությունները, երկպառակտվածությունը հանկարծ չհասնի Արցախ ու չվարակի արցախյան ներքին դաշտը: Արդարացվա՞ծ են նման մտահոգությունները:
-Այո, դրանք անհիմն չեն, ցավոք, մեզանում քաղաքական պայքարն ավելի շատ հիշեցնում է քաղաքական մարտադաշտ, ուր ոչ թե գործ ունես գաղափարական ընդդիմախոսիդ հետ, այլ հակառակորդիդ կամ նույնիսկ թշնամուդ, ու փոխանակ քննադատես փորձում ես ոչնչացնել նրան: Ակնհայտ է, որ մեր ներքաղաքական իրականության մեջ լավատեսությունը բավական քիչ է և դա ոչ թե նրանից է, որ դրական տեղաշարժերը շոշափելի չեն, այլ որովհետև բոլոր ժամանակներում քաղաքական ընդդիմության մի ստվար հատվածի խնդիրն է` ամեն կերպ սևացնել իշխանությանը: Ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի, բայց խոսքս առողջ քննադատության մասին է, ոչ թե միմյանց ոչնչացնելու:
Արցախում ելույթ ունենալով առաջ քաշեցի հետևյալ կարևոր թեզը: Այսօր տարածված է այն կարծիքը, թե որևէ կուսակցության քաղաքականության մեջ գտնվելու հիմնական նպատակը իշխանության գալն է, սա կեղծ քաղաքական թեզ է, որովհետև կուսակցությունը նախ պետք է ունենա իր գաղափարախոսությունը, ապա դրանից բխող ծրագրերը: Ցանկացած քաղաքական կառույց պետք է ունենա հանրային կյանքի կազմակերպման սեփական պատկերացումները և դրանք հանրությանը ներկայացնի մատչելի ձևով ու ձեռք բերի նրա համակրանքը, վստահությունը, որպեսզի ընտրությունների արդյունքում գալով իշխանության կարողանա առավել արդյունավետորեն իրականացել սեփական ծրագրերը: Բայց երբ սա մի կողմ է դրվում ու նպատակ է դառնում իշխանության գալ, ապա սկսում են արդարացնել նաև միջոցները, այդ թվում դավադրությունները, ամեն ինչ սևացնելը: Նման քաղաքական ուժը ոչ միայն փչացնում է իշխանություններին, այլ ինքն իրեն, որովհետև կառուցողական չէ, մրցունակ չէ` նոր գաղափարների, ծրագրերի ներկայացման առումով:
Ժամանակն է գիտակցել, որ մեկս մեկին ոչ թե պետք է ոչնչացնենք ու տրորենք, այլ լրացնենք. ընդդիմության ու իշխանության հիմնական առանցքային դերակատարումը ոչ թե միմյանց լռեցնելն է, այլ լրացնելը:
Իսկ Արցախում իրավիճակը որակապես տարբեր է: Այնտեղ քաղաքական ուժերի միջև ես չնկատեցի անջրպետ, առճակատում, անհամատեղելություն: Գուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախը գտնվում է իրավաքաղաքական, անվտանգության տեսանկյունից յուրահատուկ իրավիճակում: Դրանով հանդերձ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Արցախում քաղաքական գործիչներն անհամեմատ ավելի պատասխանատու են իրենց զգում թե’ իրենց արտահայտություններում, թե’ քաղաքական պայքարում օգտագործվող գործիքակազմի ընտրության հարցում:
-Մի բան, որը դարձյալ բացակայում է ներհայաստանյան դաշտում. կան քաղաքական ուժեր, որոնք կարծես կտրված լինեն պատերազմական իրականությունից, ոմանց համար կարծես մեր հայրենիքի մի մասում` Արցախում չեն ծավալվում ռազմական գործողությունները, ինչն էլ հաճախ պատճառ է դառնում ոչ համարժեք հայտարարությունների հնչեցման:
-Այդ երևույթը չեմ տարածի բոլոր կուսակցությունների ու գործիչների վրա, որովհետև կան զգոն ու շատ պատասխանատու գործիչներ: Այլ հարց է, որ իրավիճակի սրանալու պայմաններում կուսակցությունները ավելի հստակ պետք է ձևավորեն իրենց վարքագիծը: Իհարկե, կան նաև իրավիճակին ոչ ադեկվատ ուժեր, բայց ասել, թե հայաստանյան կուսակցությունները ինքնամեկուսացված են իրավիճակից համաձայն չեմ: Այստեղ կարևորն այն է, որ հիմնական քաղաքական դերակատար ուժերը նման վարքագիծ չունեն:
Քաղաքական դաշտում հնարավոր չէ ամեն ինչ կարգավորել, միշտ էլ կգտնվի շատ ՙօրիգինալ՚ մտքեր արտահայտող գործիչ, որը կարող է առանց երկար-բարակ մտածելու խոսել: Այո, կան նարցիսիզմով տառապողներ, մանավանդ, տեսախցիկների առաջ: Իսկ մեր լրագրողներն էլ մեծ հաճույքով օդից, հընթացս վերցնում են ցանկացած նման անհիմն հայտարարություն ու սկսում դրանք տարածել: Այս երևույթը կա, բարեբախտաբար, համատարած չէ, քանի որ անհատական բնույթ ունի: Դրա համար ես այն չեմ համարում մեր դաշտին խիստ բնորոշ:
-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի շատ ավելի ամուր լինի կապը Հայաստանի ու Արցախի քաղաքական ուժերի, խորհրդարանականների միջև: Իսկ Արցախ գնալը չլինի ցուցադրական քայլ:
-Դա հնարավոր է, եթե փոխադարձ այցերը կրեն ոչ թե ձևական բնույթ, այլև բովանադակային: Ոչ թե պետք է լինի` եկեք հարաբերվենք, որովհետև ՙըտենց լավ ա՚-ի տրամաբանությամբ, այլ դրա կարիքը բոլորը պետք է զգան: Արցախի քաղաքական կառույցները հայաստանյան կառույցների կարիքը պետք է զգան, մենք էլ նրանցը: Արցախի ու Հայաստանի քաղաքական ուժերը պետք է համատեղ կյանքով ապրեն, մինչդեռ այսօր այդպես չէ:
ժամանակին, երբ ես Աժ նախագահն էի, ԼՂՀ ԱԺ նախագահի` Օլեգ Եսայանի հետ մի համաձայնագիր ստորագրեցինք, որի հիմքում ընկած էր միջխորհրդարանական, միջկուսակցական համագործակցությունը: Հասանք նրան, որ ցանկացած հարց, որը քննարկվում էր Հայաստանի խորհրդարանում, այդ փաստաթղթերը ուղարկվում էին Արցախ ու քննակրվում նաև այնտեղ: Այդպես ծանոթանում էինք մեկմեկու կարծիքների, առաջանում էր գործնական, միմյանց կարիք զգացող փոխհարաբերություններ: Եվ սա պետք է այսօր շարունակենք: Առավել ևս, երբ Արցախի քաղաքական, տնտեսական, իրավական կյանքը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Մենք նույն ճանապարհն ենք անցնում, ուրեմն մեկս մեկին պետք է սովորեցնեք, լրացնենք ու գնանք առաջ:
Ունենք ազգային կարևորագույն խնդիրներ, այդ թվում արցախյան հիմնախնդիրը, որոնց շուրջ միջազգային հարթակներում` Հայաստան, Արցախ խորհրդարանական ներուժի համախմբման անհրաժեշտություն կա: Այդ առումով ի՞նչ հուշեց համաժողովը:
-Սա օրակարգի կարևոր հարցերից էր: Պետք է նախ բոլորս վերաիմաստավորենք խորհրդարանական դիվանագիտության արժեքը, հասկանանք, որ պատգամավորները ևս յուրատեսան դեսպաներ են տարբեր կառույցներում ու հասնեք նրան, որ մեր պատգամավորների մեծ մասը և մանրամասնորեն տեղյակ լինեն արտաքին քաղաքականության նրբերանգներին, և անհրաժետ չափով լինեն պատրաստված: Ու այս հարցում նախաձեռնողը պետք է լինի ԱԳՆ-ն, մինչդեռ մենք երբեմն մամուլի միջոցով ենք փորձում կողմնորոշվել: Եվ ես համաժողովում խոսեցի այդ մասին:
Տեսեք, անցում ենք կատարել խորհրդարանական համակարգի, ուր կառավարման համակարգի ողջ պատասխանատվությունը ստանձնում են կուսակցությունները: Եվ շատ կարևոր է, որ նրանց կազմում ընդգրկված գործիչները լինեն փորձառու, հմուտ, մրցունակ: Իսկ որպեսզի նման անհատները հայտնվեն քաղաքական կառույցներում դա պահանջում է տևական աշխատանք: Դրա համար պետք է երկու կարևոր հարց լուծել: Առաջինը փորձագիտական կենտրոնների ստեղծումն է: Մեզանում դրանք եթե կան, ապա շատ քիչ են, կամ էլ իրենց ներուժով զիջում են այլ երկրների նույնանման կառույցների կարողություններին: Իշխանությունը պետք է շահագրգռված լինի փորձագիտական նորուժի ձևավորման, զարգացման հարցում, նույնիսկ բյուջեից հատկացումներով նպաստի դրան, իհարկե, այդ կենտրոնների համար չդառանալով պատվիրատու, որովհետև մեզ պետք են անկաշկանդ, անաչառ վերլուծող միտք:
Երկրորդ, պաշտոնական քաղաքական գծի իրականացումից բացի պետք է օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարուստ զինանոցը: Երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն ԱԳՆ-ն է, բայց կան հարցեր, որոնք ԱԳՆ-ն չի կարող բարձրաձայնել, դրա համար գոյություն ունի խորհրդարան: Մեր Ազգային ժողովի պատվիրակությունները միջազգային ամենատարբեր հարթակներում պետք է հետևողականորեն տանեն այն քաղաքականությունը, որն օգտակար է մեր պետությանը: Մինչդեռ այսօր Ազգային ժողովն ԱԳՆ-ից նման պատվեր չի ստանում, ԱԳՆ-ն պատգամավորներին չի ասում` այս, այս հարցերը հնչեցրեք ամենատարբեր հարթակներում, օգտագործեք խորհրդարանական դիվանագիտության ամբողջ արսենալը, ձեր մասնակցությունը բերելով` նպաստավոր միջավայր ստեղծեք մեր արտաքին քաղաքականության իրականացման համար:
Որքան առարկայական լինի ԱԺ-ԱԳՆ համագործակցությունը, այնքան լավ երկրի համար: Այսօր ես նման լիարժեք համագործակցություն չեմ տեսնում, մինչդեռ այն կարող է լինել ավելի նպատակամղված:
Հետևաբար, այս առումով շատ եմ կարևորում այս համաժողովի կազմակերպումը, այն լավ հարթակ դարձավ մտքերի փոխանակման, բանավեճի, նաև իրարամերժ կարծիքներ հնչեցնելու համար:
Անկասկած խորհրդարանական ներուժի համատեղ օգտագործման հարցում մենք շատ անելիք ունենք: Համաժողովը փաստեց, որ նոր սահամանադրության ընդունումից հետո հիմնական նպատակներից պետք է լինի կենսունակ, մրցունակ քաղաքական համակարգի ձևավորումը, իսկ դրա համար պետք է ստեղծվեն բոլոր իրավական նախադրյալները: Այն քաղաքական գործիչները, որոնք ուզում են զբաղվել քաղաքականությամբ պետք է լրջորեն զբաղվեն իրենց կրթությամբ: ժամանակն է գիտակցել, որ հմտություն, փորաձառություն ունեցող, մտավոր ու հոգևոր կարողություններ ունեցող կայացած քաղաքական գործիչը մեծ ձեռքբերում է, արժեք է հասարակության համար, ուրեմն նրա նկատմամբ պետք է լինել ուշադիր` անկախ նրանից, թե նա ո՞ր թևին է հարում, նրա քաղաքական հայացքները կիսո՞ւմ ես, թե՞ ոչ:
Ամփոփելով, ի ուրախություն բոլորիս պետք է արձանագրենք, որ ապրիլյան պատերազմի օրերին հայկական քաղաքական ուժերը` Հայաստանում և Արցախում դրսևորեցին բացառիկ միասնականություն ու նաև իրենց պահվածքով նպաստեցին ազգային համախմբմանը Արցախի շուրջ:
-Անշուշտ, սա մեկ անգամ ևս փաստեց ազդեցիկ քաղաքական դերակատար ուժերի քաղաքական հասունության մասին: Այսինքն, եթե առօրյա, ներքաղաքական կյանքում մենք կարող ենք իրար ՙմիս ուտել՚, ապա այն պահին, երբ մեր հայրենիքը վտանգի առաջ է կանգնած, բոլորս կարող ենք մեկ մարդու պես համախմբվել մեր երկիրն այդ վտանգից պաշտպանելու գաղափարի շուրջ:
Ապրիլյան այդ օրերին մեր քաղաքական ուժերը վերաիմաստավորեցին իրենց պատասխանատու դերակատարումը: Եվ նման վարքագիծը պետք է միմիայն ողջունել:
Ա. Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն