Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական

Աղանդները պետություն են պետության մեջ

Մայիս 22, 2016թ. 22:24
աղանդ

«Եկել եմ ասելու, որ ոչ մի աղանդավորական կազմակերպություն չի առել ինձ ու չի կարող առնել, ես պարզապես վատառողջ էի: Իսկ այսօր հայտարարում եմ, որ նրանց հետ կապված, մեր Կենտրոնը շարունակում է իր գործունեությունը»,- այս հայտարարությամբ իր հանդիպումը լրատվամիջոցների հետ սկսեց երեկ Քայքայիչ պաշտամունքից տուժածների հասարակական կազմակերպության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ։
Բանն այն է, որ «աստվածապաշտ» աղանդավորները, օգտվելով նրա` առողջության պատճառով հրապարակային գործունեության կարճատեւ դադարից, հասցրել էին շրջանառել իրենց գործելակերպին հարիր հերթական կեղծիքը, թե «աչքներս լույս» կաշառել ենք, լռեցրել Ամարյանին։

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ ՀԵՆՑ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՈՎ
«Մեզ կրոնական կառույցների մասին նոր օրենք է պետք»,- համոզված է Ալեքսանդր Ամարյանը:
Իսկ ի՞նչ է ներկայացնում այսօր գործող օրենքը: Նրա կարեւորագույն գործառույթն այն է, որ բառացիորեն ոտքի վրա` մի քանի ժամում, հնարավորություն է տալիս աղանդավորականներին գրանցել իրենց հերթական կազմակերպությունը, իսկ դրա համար շատ բան պետք չէ. ընդամենը 200 անուն-ազգանուն, ինչը սրանք ապահովում են հոգեորսության հայտնի մեխանիզմներով, ու մեկ էլ` փող, շա՜տ փող:
Բայց գումար հայթայթելն էլ աղանդավորների համար խնդիր չէ, որովհետեւ դրսի տերերը ուզածի չափ ֆինանսավորում են ներսի խամաճիկներին, միայն թե սրանք կարողանան «արժանապատվորեն» կատարել Առաքելական եկեղեցու հետեւորդ հայից ապազգային այլակերպ հիբրիդ սարքելու գործը:
Իսկ ի՞նչ է թույլ տալիս Կրոնի մասին գործող օրենքը։ Ոչ մի պետական համապատասխան կառույց իրավասու չէ վերահսկելու այս կազմակերպությունների աշխատանքը, հետեւաբար, դուրս մնալով պետական վերահսկողությունից, սրանք թե՛ դրսի, թե՛ ներսի համար վերածվում են տարաբնույթ, այդ թվում եւ տնտեսական այլեւայլ գործարքներ իրականացնող տաքուկ անկյունի:
Փաստորեն աղանդավորական կառույցները մեզանում պաշտպանված են հենց օրենքով: «Քայքայիչ աղանդները պետություն են պետության մեջ. հնարավոր չէ սրանց վերահսկել, տիրապետում են մեծ գումարների, որոնք հարկային դաշտից դուրս են, ու ոչ ոք չի կարող վերահսկել այս կառույցների՝ դրսից եկող գումարները»,- ասում է Ալեքսանդր Ամարյանը:
Դարձյալ զգուշացնելով, որ սրանք, տնօրինելով դրսից եկող ֆինանսները, հեշտությամբ կարող են եւ ներխուժում են քաղաքականություն, նաեւ ստանձնելով ուղղորդողի դերակատարում. «Ես որեւէ բան չունեմ Վարդան Օսկանյան գործչի դեմ, բայց չեմ կարող չասել, որ «Սիվիլիթաս» հիմնադրամին փոխանցված 2 մլն դոլարը հատկացրել է մորմոնների հայտնի ղեկավար Հանթսմանը: Չի բացառվում, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ այդ գումարով պետք է ֆինանսավորվեր ինչ-որ քաղաքական ուժ»:

ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ
Հայտնի է, որ խարիզմատիկ կոչվող «եկեղեցու» ցանցում հայտնվածները կարճ ժամանակ անց սկսում են տառապել այս կամ այն հոգեկան հիվանդությամբ` հայտնվելով հոգեբուժարաններում: Ալեքսանդր Ամարյանը ներկայացնում է կոնկրետ փաստեր, այսպես. «Քաղաքացի Ալլա Գյուլնազարյանը, որ բնակարաններ ունի Երեւանի Սարյան եւ Նալբանդյան փողոցների համապատասխան հասցեներում, այժմ հոգեբուժարանում է: Իսկ իր երկու բնակարանները գտնվում են «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության ղեկավարների տնօրինության տակ»:
Ակնհայտ է, որ իրենց ցանցում հայտնված կնոջը հոգեբանորեն խեղելով՝ «Կյանքի խոսքի» ղեկավարներն աչք են տնկել նրա ունեցվածքին, ու բացառված չէ, որ հոգեբուժարանում հայտնված Ալլա Գյուլնազարյանը, ամենեւին չգիտակցելով իր արարքը, մի օր էլ բնակարանները հոժարակամ նվիրաբերի սույն «եկեղեցու» «հոգեւոր հովվապետերին»:
Իսկ նման դեպքերը բազմաթիվ են։ Օրերս Անի Փորսողյանը կոտրել էր մոր ողնաշարը միայն նրա համար, որ կանխի աղանդավոր մոր արարքը` վաճառել բնակարանն ու գումարը փոխանցել «Նոր սերունդ» աղանդավորական կառույցին:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
Նրանք, ովքեր ջուր են լցնում աղանդների բարգավաճման ջրաղացին, նրանք, ովքեր սիրում են վախեցնել եվրոպաներով, թե հանգիստ թողեք աղանդավորներին, թե չէ հանկարծ Եվրոպան կջղայնանա:
Աղանդապաշտների հիշողությունը թարմացնելու նպատակով տեղեկացնեմ, որ այդ նույն ջղային Եվրոպայի խորհուրդն իր 2003-ին ընդունած 1361 բանաձեւով ոչ միայն մեզ պարտադրեց գրանցել Եհովայի վկաներին, այլեւ կառավարությանը հնարավորություն ընձեռեց ստեղծել մի անկախ կառույց, որին կրոնական կառույցները պարտավորված պետք է լինեին ներկայացնելու օբյեկտիվ տեղեկատվություն իրենց գործունեության մասին:
Իսկ ի՞նչ արեցինք մենք. գլխիկոր կատարեցինք Եվրոպայի առաջին պահանջը ու «մոռացանք» ամենակարեւորի` վերահսկողական մարմնի ստեղծման մասին: «Իսկ եթե կրոնական կառույցն իր գործունեությամբ փակ է, ուրեմն արդեն իսկ քայքայիչ է»,- եզրահանգում է Ամարյանը:
Ազնիվ լինենք ու ասենք, որ մեր ձեռքերը բռնողները հենց մեր մեջ են: Այսպես, ժամանակին Կրոնի մասին նոր օրենքի ընդունմանը, նաեւ ներկայացված մի քանի նախագծերի քննարկմանը խոչընդոտողն անձամբ կրոնի վարչության նախկին պետ Հրանուշ Խառատյանն էր: Այսօր պարզվում է` խառատյաններն ամենուր են:
Ալեքսանդր Ամարյանի տեղեկացմամբ. «Խարիզմատիկ «եկեղեցիների», մասնավորապես, «Կյանքի խոսքի» շատ ներկայացուցիչներ ներթափանցել են Հայաստանի պետական կառույցներ, հիմնականում ուժային», ուր եւ շարունակում են իրենց սեւ գործը:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն