Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Ո՞ւմ է ձեռնտու այս խառնաշփոթը

Մայիս 19, 2016թ. 12:10

Հարցազրույց ԵԿՄ վարչության փոխնախագահ ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆԻ հետ

Քառօրյա պատերազմի առաջին իսկ ժամերից մեր կամավորականները կարողացան արագ համախմբվել ու մեկնել Արցախ` կանգնելով մեր զինվորի կողքին: Նրանց ազգանվեր քայլն արժանացավ մեր ժողովրդի գնահատանքին` Հայաստանում և Արցախում: Այսօր շարունակվո՞ւմ է այդ ընթացքը, քանի՞ կամավորականներ կա մարտական հենակետերում և կա՞ այսօր նրանց ներկայության անհրաժեշտությունը:
-Նախ ես դեմ եմ <<քառօրյա պատերազմ>> ձևակերպմանը, ինչու, որովհետև երկրապահներս պատերազմը երբեք ավատված չենք համարել ու չենք համարում: Պարզապես մեր ամենօրյա գործունեությամբ ամեն ինչ արել ենք, որ երբևէ այն չթեժանա: Ցավոք, դրանից հնարավոր չեղավ խուսափել ու ապրիլի սկզբին առավել լարվեց իրավիճակը: Թշնամու գրոհի դեմն առաջինը փակեցին մեր դիրքապահ զինվորները` ժամկետային, պայմանագրային ծառայողները, սպաները: Բայց շատ կարևոր էր, որ այդ լարված պահին մեր զինվորներն իրենց թիկունքում զգային կամավորականների ներկայությունը, զգային, որ ազգովի միասնական ենք: Ու դրսևորեց այդ միասնությունը նաև երկրապահ կամավորականների ջանքերով: Խոսքս միայն ԵԿՄ անդամների մասին չէ, ընդհանրապես, բոլոր կամավորականների, նրանք բոլորը մեր տղերքն են, ու բոլորը մեկ մարդու պես, հաշված ժամերի ընթացքում կանգնեցին զինվորի կողքին: Հակառակորդը, որ ուներ հեռուն գնացող ծրագրեր, դա չէր հաշվարկել, ու նրա նպատակները ձախողվեցին շնորհիվ մեր դիրքապահ զինվորի, կամավորականին: Փառք ու պատիվ բոլորին:
Այսօր հազարավոր երկրապահներ գտնվում են Արցախում, առաջնագծում, և իհարկե, շարունակում են հերթափոխով մեկնել, կոնկերտ թվեր ասելու իրավունք չունեմ: Այն պահին, երբ նրանց ներկայությունն այնտեղ պետք չի լինի` տղաները կվերադառնան իրենց տները: Մանվել Գրիգորյանն այդ մասին առաջին իսկ օրերին ասաց, որ Երկրապահն առաջնագծում կմնա այնքան, որքան կպահանջվի, չենք իջնելու խրամատից, քանի դեռ վերջնականապես չենք լռեցրել ազերիներին: Գեներալը մեզ հաճախ է ասում` պատերազմը չի ավարտվել ու եթե ցանկանում ենք խաղաղություն, ուրեմն պիտի ամեն վայրկյան պատրաստ լինենք պատերազմի: Այս տարիներին Երկրապահն իր բաժանմունքներով մշտապես եղել Արցախում է, սահմանամերձ զորամասերում: հարյուրավոր երկրապահներ իրենց ծառայությունն են իրականացնում բանակում որպես պայմանագրային զինծառայողներ, բազմաթիվ երիտասարդ երկրապահները այս պահին առաջնագծում են:
-Հայկական բանակի զինվորն ու սպան այսօր և գրագետ է և պատրաստված, լավ է տիրապետում ռազմական տեխնիկային, մարտ վարելու հմտություններին, սրանում համոզվեցինք նաև ապրիլյան դեպքերի ժամանակ` ոչ մի դասալիք չունեցանք: Այս առումով, լ18-ամյա զինվորին ի՞նչ կարող է տա կամավորականի ներկայությունը, իհարկե, բացի հոգեբանական հզոր լիցքից:
-Պատերազմում, իհարկե, շատ կարևոր է ռազմական տեխնիկան, բայց հավատացեք, միայն տեխնիկայով չէ, որ հաղթում են բանակները, այլ հզոր մարտական ոգով ու այդ ոգին էր, որ երկրապահը տարավ, հասցրեց սահմանին կանգնած մեր զինվորին: Մեր զինվորները ոչ միայն լավ են տիրապետում մարտարվեստին, այլև, ի պատիվ իրենց, մարտական ոգու պակաս չունեն: Բայց այդ պահին իրենց կողքին զգալով փորձված կամավորականների ներկայությունը մեր տղաներն ավելի ոգևորվեցին: Այնպես որ, բանակում Երկրապահի ներկայության կարիքը կա ու միշտ լինելու է:
Եվ այս ֆոնին Արցախից լսվեց համանատար Վահան Բադասյանի խոսքը, որը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ: Ըստ նրա, գեներալ Գրիգորյանն ու իր թիկնապահները հայհոյել, սպառնացել են դիրքեր մեկնող զինվորներին միայն նրա համար, որ տղաների մեքենան փակել է ճանապարհը: Դե, գեներալն էլ չի հանդուրժել իր առաջ ճանապարհ փակողներին ու… Կամավորականները սա համարեցին կեղծիք: Ի՞նչ է իրականում կատարվել:
-Ես այդ պահին անձամբ ներկա չեմ եղել, բայց ճանաչելով Մանվել Գրիգորյանին համոզված եմ, որ նա երբեք իրեն թույլ չէր տա զինվորի հասցեին հայհոյել, նրան սպառնալ: Կատարվածը վերլուծենք գլոբալ հարթության մեջ. Մանվել Գրիգորյանը, որ ԵԿՄ-ի արդեն 7 անգամ վերընտրված նախագահն է, իր բազամահազար կամավորականների բանակով մեկնեց Արցախ ու այն խնդիրը, որը զորավարը դրեց երկրապահներին առաջ` լիարժեք կատարվեց: Այդ ամենից հետո, կարծում եմ, բոլորը պետք է շնորհակալություն հայտնեին գեներալին ու երկրապահներին, որոնք իրենց հազար ու մի հարցերը, հոգսերը, այդ թվում սոցիալական, առողջական, մի կողմ թողած գնացին առաջնագիծ: Բայց շնորհակալության փոխարեն նման հորինովի խառնաշփոթ սարքեցին, երկրապահին վարկաբեկելու համար: Դա անընդուելի է: Ես անգամ չեմ ուզում Բադասյանի խոսքերը մեկնաբանել: Այս տարիներին դեպի Արցախ կազմակերպած մեր բազմաթիվ ուխտագնացությունների ժամանակ մենք տեսել ենք միայն մեր ժողովրդի հարգանքը Մանվել Գրիգորյանի ու մեր բոլոր կամավորականների նկատմամբ: Տա Աստված, որ Բադասյանի արաքը լինի ընդամենը ապուշ մի քայլ և ոչ թե կազմակերպված, այլ նպատակներ հետապնդող քայլ: Այն տղաները, որոնք այդ պահին եղել են Մանվել Գրիգորյանի կողքին, բոլորն հավաստում են, որ նման միջադեպ չի եղել: Իսկ ես այդ մարդկանց լավ ճանաչելով` հավատում եմ նրանց խոսքերին:
-Իսկ գուցե վա՞խից են կոծկում իրականությունը:
-Վախի՞ց, մեր զորավարը սովորեցրել է ոչ թե իրենից վախենալ, այլ հարգել: Իսկ հայ կամավորականի համար ճշմարտությունը շատ թանկ է: Ազնվությունը մեր տղաների էությունն է: Ու այդ տեսակն է, որ պատրաստ է երկրի համար կռվել, դառնալ երկրապահ:
-Հայտնի տեսանյութում Վահրամ Բադասյանը հիշելով անցյալը ասում է. <<Եթե հրամանատար ես, եկել ես պաշտպանելու ինչո՞ւ Ուխտաձորի ենթաշրջանի բոլոր գյուղտեխնիկան թալանեցիր, ինչո՞ւ տարար բոլոր անասունները>>: Հարց է առաջանում, ինչո՞ւ 20 տարի անց, այն էլ այս պատերազմական պահին, մեզ այնքան անհրաշետ համախմբման պահին Բադասյանը որոշեց բացել փակագծերը:
-Տեղին է հարցադրումը, իրոք, անցել է 20 տարուց ավելի ժամանակ, և այդ ընթացքում նա կարող էր խոսել այդ ամենի մասին: Ավելին` կարող էր դատի տալ, եթե, իհարկե, ունի հիմավոր փաստեր, իսկ եթե չունի, ապա գոնե կարող էր նույնկերպ բարձրաձայնել, բոլորի ուշադրությունը հրավիրել, բայց դա անել անցած տարիների ընթացքում: Մինչդեռ այսօր, երբ Մանվել Գրիգորյանի ու իր երկրապահների ներկայությունը Արցախում` մեր ժողովրդի համար խիստ անհրաժեշտություն է, երբ ինչով հնարավոր է գեներալն այսօր օգնում է Արցախին, առաջնագծում կանգնած մեր զինվորին, Բադասյանը հանկարծ նման բաներ է հիշում: Նրա նման պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում, մտածելու տեղիք տալիս:
-<<Ես Մանվել Գրիգորյանին չեմ կարող համարել մարտական ընկեր, որովհետև նա երբեք զենքը ձեռքին մարտի չի գնացել, չի մասնակցել մարտական գործողություներին… իսկ 1993-ին նրան հեռացրել են Հադրութից>>. այս խոսքե՞րն ինչպես կմեկնաբանեք:
-Զավեշտ է, աբսուրդ է: Գուցե մարշալ Ժուկովը կարող էր զենք չվերցնել, բայց մեր պատերազմում դա անհնարին էր, մանավանդ որ Մանվել Գրիգորյանը Մոսկվայից` գեներալի ուսադիրներով չէր եկել ու դարձել ազատամարտի մասնակից: Նա քայլ առ քայլ է անցել այդ ճանապարհը. նախ, որպես շարքային կամավորական անդամագրվել է Էջմիածնի երկրապահ ջոկատին, ունենալով կազմակերպչական ունակություններ դարձել ջոկատի, հետո զորամիավորման հրամանատար` իր շուրջը համախմբելով տարբեր ջոկատների, ապա դարձել 5-րդ բրիգադի հրամանատար: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ամենամեծ գործը եղավ նաև այն, որ ֆիդայի տղերքին ու խորհրդային դպրոցն անցած կադրային զինվորականերին կարողացավ համախմբեց և ստեղծել հայկական բանակը: Ուրեմն ինչպե՞ս կարող էր շարքայինից մինչև հրամանատար ճանապարհ անցած Մանվել Գրիգորյանը չմասնակցել մարտական գործողությունների, զենք կրած չլինել, երբ ինքը հաղթանակած բրիգադի հարմանատար է:
-Անկախ այն ինչից, թե ո՞վ, ինչպե՞ս է վերաբերվում Մանվել Գրիգորյանին, կան սահմաններ, որոնք անցնելու իրավունք ոչ ոք չունի, այս առումով Բադասյանի հայտարարությունը, թե Գրիգորյանն ու կամավորականները թող Արցախից հետ վերադառնան, գրականագետ Դևրիկյանը որակեց դավաճանական խոսք: Թերևս դրանում տեսնելով` նույն ժողովրդի երկու հատվածները` Հայաստանը Արցախին, հայաստանցիները` ղարաբաղցիներին հակադրելու խայտառակ վտանգավոր միտումը:
-Այդպես է, որ կա, սա պառակտիչ, ներսում երկրորդ ֆրոնտ բացելու փորձ է: Այս տարիներին ևս նման դեպքեր եղել են, փորձ է արվել տարանջատել հայաստանցի երկրապահներին արցախցի երկրապահներից: Ահա թե ինչու ես Բադասյանի քայլը համարում եմ կազմակերպված և հստակ պատվիրված:
Ո՞ւմ է ձեռնտու, որ այս օրհասական օրերին կամավորականները լինեն Արցախում առաջնագծում, բանկանաբար, մեր ժողովրդին ու մեր պետությանը: Եվ իհարկե այն ձեռնտու չէ միայն մեր թշնամուն, ում նպատակն է հայ ժողովրդին թույլ ու պառակտված տեսնել, Հայաստանն ու Արցախը անմիաբան: Չէ՞ որ այդ միասնականությունն է մեր հաղթանակների հիմքում: Ես ցավում եմ, որ մեր մեջ կան նման մարդիկ, որոնք հայ են համարվում:
Մանվել Գրիգորյանը Երկրապահի նախագահն է, նրա հասցեին նման խոսքեր ասելը նշանակում է վիրավորել երկրապահներիս` ինձ, իմ մարտական ընկերներին, մեր երիտասարդ ու պատանի երկրապահին: Ինչի է ուզում հասնել Բադասյանը նման քայլով, ուզում է, որ կամավորական տղերքը նեղանան ու հեռանա՞ն Արցախից: Մեր ընդհանուր հայրենիքի մի մասն է Արցախը, իսկ արցախցին մեր ժողովրդի մի հատվածը, ուրեմն ինչպե՞ս կարող ենք մենք մեր ժողովորդից ու հայրենիքից նեղանալ, ո՞նց կարող ենք ինքներս մեզանից հեռանալ: Թող բադասյանները լավ իմանա, որ նման բան չի կարող լինել:
Փառք ու պատիվ Արցախի մեր ժողովրդին, Արցախում ապրող ամեն մեկը` փոքրից մինչև մեծ, երկրապահ է, որովհետև լարվածության պահին առաջինը հենց նրանք են կանգնում սահմանին: Մենք էլ անհրաժեշտության դեպքում միշտ նրանց կողքին ենք եղել ու լինելու ենք:

Ժամանակն է, որ կարողանանք գնահատել մեր հերոսներին, որպեսզի վաղը նոր հերոսներ ծնվեն: Իսկ եթե այսօր չսովորենք գնահատել այսօրվա մեր հաղթանակած հերոսներին` հենց ապագայի համար վտանգավոր կլինի:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն