Գլխավոր » Analitika, TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Վիեննայից սպասելիքները մեծ չեն. կարեւորը ժամանակը ճիշտ օգտագործելն է

Մայիս 15, 2016թ. 18:10
Սարգսյան-Ալիև

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ի հայտարարությունը, Ջ. Ուորլիքի հարցազրույցը «Մեդիամաքսին» եւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյաների արձագանքները վկայում են, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին մայիսի 16-ին շուտափույթ հանդիպել Վիեննայում՝ հակամարտության հետագա սրացումը կանխելու համար։
Սակայն բանակցություններ սկսելու ցանկությունը սովորաբար իրականություն է դառնում միայն այն պարագայում, երբ կողմերը վստահում են միմյանց եւ ինչո՞ւ չէ, նաեւ՝ միջնորդներին։ Ուստի եթե առաջին հարթության վրա հասկանալի պատճառներով անվստահությունը կատարյալ է, ապա երկրորդ հարթության վրա պետք է որ միջնորդական կոնսենսուս լինի՝ ապրիլյան դեպքերը գնահատելու հարցում։
Դատելով ամենից, այստեղ եւս կոնսենսուսը բացակայում է։ Անշուշտ մայիսի 12-ին համանախագահների տարածած հայտարարության մեջ արձանագրված են ճշգրիտ գնահատականներ կողմերի միջեւ վստահության մեխանիզմների ներդրման եւ զինադադարի ռեժիմի պահպանման մասին, որոնք հիմնականում համահունչ են Հայաստանի կողմից առաջադրված բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ երեք կետերի հետ։
Բայց չպետք է մոռանալ, որ որեւէ ռազմական հակամարտությանը հաջորդած օրերին կողմերին բանակցային սեղանին նստեցնելու համար պարտադիր նման պահանջները սոսկ ֆոն են ստեղծում բանակցությունների համար։ Ուստի դրանց ընթացքը կախված է նրանից, թե մայիսի 16-ին Վիեննայում ի վիճակի՞ կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ գնահատական տալու ապրիլի 2-5-ին տեղի ունեցածին եւ դրա հիման վրա առաջադրելու լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխող կոնկրետ մեխանիզմներ։
Դատելով ամենից, այս առումով, որքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, միայն ռուսական կողմն է ցուցաբերում անվերապահ ցանկություն։ Քանզի ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դ.Պեսկովի սպասելիքները Վիեննայից ավելի քան հստակ են՝ Ռուսաստանը «կողջունի Ղարաբաղյան հակամարտության գծով լարվածությունը մեղմացնելու ամեն քայլ»։
Ընդ որում՝ ինչպես Դ.Պեսկովի հայտարարության, այնպես էլ «Մեդիամաքսին» ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի վերջին հարցազրույցում ընդգծվում է, որ խոսքը լարվածության թուլացմանն ուղղված քայլերի եւ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ երկխոսության սկզբնավորման մասին է։
Սակայն ուշադրություն է գրավում այն փաստը, որ թեեւ ամերիկացի համանախագահը եւս բանակցությունների մեկնարկի հետ խոստանում է ջանքեր գործադրել բռնությունների ռիսկը կրճատող միջոցների իրականացման ուղղությամբ, սակայն միաժամանակ ակնարկում է, որ դրանք ոչ միայն չեն կարող դիտվել իբրեւ նախապայմաններ (ակնարկն ուղղված է հայկական կողմին), այլեւ երաշխավորված չէ, որ կողմերը կընդունեն բռնությունների կրճատմանն ուղղված իրենց առաջարկները (ակնարկն ուղղված է ադրբեջանական կողմին)։
«Համանախագահների համար,- նշում է Ջ. Ուորլիքը,- այս միջոցները գերակայություն են ու կշարունակեն այդպիսին մնալ, սակայն մենք չենք կարող պարտադրել կողմերին ընդունել մեր առաջարկները։ Կողմերը պետք է քաղաքական կամք գտնեն՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելու թե՛ բանակցային կարգավորման, թե՛ հրադադարի ամրապնդման հարցերում առաջ շարժվելու համար»։
Հարց է առաջանում. եթե բռնությունների կրճատմանն ուղղված առաջարկները ներկա հանգրվանում գերակա են բանակցային կարգավորման խնդրի հանդեպ, ապա ինչո՞ւ են դրանք դրվում նույն նժարի երկու կողմերին։ Ավելին՝ ի՞նչ է նշանակում աշխարհի թիվ մեկ գերտերության ներկայացուցչի խոստովանությունը, թե իրենք՝ Ռուսաստանի հետ միասին, ի վիճակի չեն Ադրբեջանին պարտադրել բռնությունների դադարեցման օրակարգ։
Սա ուղղակի նոնսենս է, որովհետեւ խոսքը բանակցային կարգավորման այս կամ այն տարբերակի մասին չէ, երբ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը համառում է իր ազգային շահերի պաշտպանության ասպարեզում, այլ ամեն մի բանակցության ծավալման համար պարտադիր՝ չկրակելու, չսպանելու եւ քաղաքակիրթ վարվելակերպ որդեգրելու մասին է։
Ուրեմն կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները չեն ցանկանում դա անել (ինչը խիստ կասկածելի է), կամ էլ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը նմանեցնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռաունդներին։ Այսինքն՝ բաժանում ենք իրար դաժանաբար ծեծած բռնցքամարտիկներին՝ ոչ թե մրցախաղն ավարտելու եւ արդյունքը հրապարակելու համար, այլ սոսկ հաջորդ ռաունդին պատրաստվելու նպատակով։
Հասկանալի է, որ սա կարող է պայմանավորված լինել միայն ու միայն տարածաշրջանային ստատուս քվոն փոխելու՝ ԱՄՆ անսքող մտադրությամբ։
Նման պայմաններում Վիեննայում հնարավոր հանդիպումից չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ։ Ուղղակի նրան ներկայանալու հարցում ներկայումս գոյություն ունի ռուս-ամերիկյան առերեւույթ կոնսենսուս։ Բայց ավելի քան ակնհայտ է, որ Վիեննայում Ադրբեջանը փորձելու է բանակցային հարթության վրա «կապիտալիզացիայի» ենթարկել «քառորյա պատերազմում» իր զավթած մի քանի բլուրները, իսկ հայկական կողմը պահանջելու է, նախ, վստահության մեխանիզմների ներդրում եւ ապա՝ Ղարաբաղյան հիմնահարցի ըստ էության քննարկում։ Եվ դրանով փաստորեն ամեն ինչ ավարտվելու է, որովհետեւ միջնորդ կողմերից առնվազն երկուսը չունեն տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանման կամ փոփոխության ընդհանուր հայեցակարգ։
Պարզապես նրանցից եւ ո՛չ մեկին առայժմ ձեռնտու չէ Ղարաբաղյան հակամարտության փոխակերպումը տարածաշրջանային մեծ պատերազմի։
Վիեննայի բանակցային ռաունդից լուրջ ակնկալիքներ չկան, եւ նրան մասնակցել- չմասնակցելը տարածաշրջանում դերակատար տերությունների մտադրությունները պարզելու առաջադրանք է՝ ուրիշ ոչինչ։ Որովհետեւ եթե վերջիններս փորձում են սոսկ ժամանակ ձգել սեփական խնդիրները լուծելու համար, ապա կարեւորը այդ ժամանակը ճիշտ օգտագործելն է։ Թերեւս այս տեսանկյունից էլ կորոշվի Վիեննայի ռաունդին Հայաստանի մասնակցության հարցը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն