Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մեր երազանքը Հայաստան-Արցախ վերամիավորումն է

Մայիս 13, 2016թ. 11:59
Մհեր Շահգելդյան

Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ

-Հայկական բանակն իր գործողություններով այս անգամ էլ խառնեց Ադրբեջանի խաղաքարտերը, օրակարգ փոխվեց նաև դիվանագիտական դաշտում: Չե՞ք կարծում, որ նոր իրավիճակը ենթադրում է քաղաքական, դիվանագիտական նոր քայլեր, իսկ բանակցությունների հնարավոր վերսկսման դեպքում նաև նոր թղթածրարի ստեղծում:
– Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան, Ադրեջանի կողմից զենքի այդչափ կուտակումները, նաև նրա ռազմամոլ հռետորաբանությունն ու քննադատություններն ուղղված Մինսկի խմբին`բանակցային գործընթացը վարկաբեկելու նպատակադրմամբ, միջազգային հնարությանը պարզորոշ ցույց տվեցին, որ Ադրբեջանի նպատակը հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելն է, և որ այդ երկիրն ունակ է գնալ ագրեսիվ քայլերի:
Պետք է հասկանալ նաև, որ Ադրբեջանը չկարողացավ լուծել իր քաղաքական նպատակը, հետևաբար, քաղաքական դեմքը փրկելու համար նա կդիմի հերթական ռազմական գործողության, իհարկե, հայկական զինուժը պետք է պատրաստ լինի և’ հակահարված տալու, և’ իրականացնելու ակտիվ պատժիչ գործողություններ:
Միջազգային կազամակերպությունները նաև տեսան, որ Թուրքիան բացահատորեն խրախուսում է Ադրբեջանի ագերսիան, և Թուրքիայի նման պահվածքը վտանգավոր է տարածաշրջանի համար:
Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, միջազգային կառույցներն ու ուժային կենտրոնները կդիտարկեն նոր մոդելներ և կփորձեն թարմացված մոտեցումներով լուծել խնդիրը:
Մենք ևս պարտավոր ենք պարբերաբար թարմացնել մեր դիվանագիտական ջանքերը, մանավանդ միջազգային կառույցների հետ աշխատանքում, որովհետև ակնհայտ դարձավ, որ միջազգային կազմակերպությունները փորձում են ինչ-որ ՙբալանսավորված՚ մոտեցումներ ցուցաբերել, նրանց կողմից կա հստակ դիրքորոշման պակասը: Միակ կազմակերպությունը ՀԱՊԿ-ն էր, որն արտահայտեց հստակ վերաբերմունք:
Այս փոփոխված իրողության մեջ առաջնային խնդիր է դառնում նախ բանակցային գործընթացին ԼՂՀ ներգրավումը, և ԼՂՀ ներկայացվածությունը միաջազգային կառույցներում` ցանկացած կարգավիճակով: Դա կարող է լինել, օրինակ, ասոցացված կամ հրավիրված անդամի կարգավիճակով, որպեսզի նաև նման մակարդակով տեղի ունենա Արցախի շփումը միջազգային հանրության հետ:
-Հայկական օրակարգում այսօր ԼՂՀ անկախության ճանաչման հարցն է, բայց նաև ասվում է` այն դեռ բացակայում է ուժային կենտրոնների ծրագրերից: Եթե ժամանակին այսպես մտածեինք, չէր լինի Շուշիի հաղթականը, մեր տարածքների ազատագրումը: Հետևաբար, այսօր մենք պետք է ձևավորենք մեր օրակարգ, որի մեխը պետք է հանդիսանա ԼՂՀ ճանաչման ընկալումը միջազգային հանրության, համանախագահող երկրների կողմից, մանավանդ, ԼՂՀ անվտանգության տեսանկյունից:
-Ժամանակները փոխվել են, ազատամարտի ակտիվ` 90-ականների փուլն այլ բնույթ ուներ, ներկայումս աշխարհառազմավարական մոտեցումների և ռազմական ինքնակազմակերպման բնույթն այլ է: Բայց դրա հետ մեկտեղ, իսկապես, մենք այսօր պետք է մտածենք նոր մոտեցումների, նոր օրակարգի մասին: Նոր իրավիճակը թելադրում է, որ այդ աշխատանքները ծավալվեն երեք ուղղություններով. առաջին, դիվանագիտական դաշտում, երկրորդ` անընդհատ պետք է արդիականացնենք մեր ռազմական ներուժը. այստեղ լուրջ գործ ունենք անելու, պետք ներգրավենք նոր տեխնոլոգիաներ, օգտագործենք մեր ողջ մասնագիտական ներուժը: Երրորդը միջազգային իրավունքի դաշտում աշխատանք տանելն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ փոփոխվում է միջազգային իրավունքը, աշխարհն է փոխվում, նոր երկրներ են ստեղծվում, կան թե’ անկախության ճանաչումների, թե’ վերամիավորումների տարբեր օրինականեր: Այսինքն, դաշտը լայն է և մենք պետք է կարողանանք այսօրվա պահանջներին համահունչ ակտիվ աշխատել միջազգային փոփոխվող իրավունքի շրջանակներում:
Իմ խորին համոզմամբ, ԼՂՀ խնդիրը կլուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա և դա է ցույց տալիս աշխարհի փորձը. Բալկաններից մինչև Հարավային Կովկաս, Անդրկավկաս ու մինչև Մերձավոր Արևելք տեղի ունեցող գործողությունները դա են փաստում:
Ձեր խոսքում շեշտեցիք վերամիավորվող երկրների մասին. ժամանակին ինքնորոշման գաղափարն առաջ մղելով չհեռացա?նք մեր հիմնական նպատակից, որն 88-ի ազգային ազատագրական պայքարի հիմքն էր, խոսքս Հայաստան-Արցախ վերամիավորման մասին է: Եվ այսօր, երբ խնդրի լուծումը նոր փուլ է թևակոխում, ճիշտ պահը չէ՞ առաջ մղել, զարգացնել հենց վերամիավորման գաղափարը: Մանավանդ որ կա վերամիավորման իրավական հիմքը` 1991թ. որոշումը:
-Այն կարծիքին չեմ, թե ինքնորոշման գաղափարն առաջ մղելով հեռացել ենք մեր երազանքից: Ինքնորոշման պայքարի արդյունքում կարգավիճակ ձեռք բերելը համապատասխանում էր այն ժամանակվա աշխարհաքաղաքական համատեքստին: Բայց, ինչպես ասացի, աշխարհը փոփոխվում է, միջազգային իրավունքի նոր դաշտ է տեղծվում, ուր երկրների վերամիավորումների օրինակները քիչ չեն: Հոնկոնգը եղել է Անգլիայի գաղութը, բայց 1997 թվին այն վերամիավորվեց Չինաստանին: Հոնկոնգն ունի յուրահատուկ կարգավիճակ։ Կամ` Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանին: Բնականաբար, մեր երազանքը Հայաստան-Արցախ վերամիավորումն է: Եվ ես կարծում եմ, որ այսօր կամ վաղը,կարող են առաջադրել որոշում հենց վերամիավորման մասին: Չէ՞ որ, որոշում ընդունելու ենք մեկ անգամ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն