Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախը <<Ղարաբաղ>> են անվանել քոչվոր թյուրք-թաթարական ցեղերը. հրաժարվենք այդ անվանումից

Մայիս 10, 2016թ. 21:48
ԼՂՀ պապ ու տատ
Արցախի Հանրապետության մեծահարգ Նախագահ,
            Ստորև Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախում սպասվող սահմանադրական բարեփոխումների ընթացքում երկրի մայր փաստաթղթում Արցախի պաշտոնական անվան ամրագրման հետ կապված մի առաջարկություն:
   Համաձայն պատմական վկայությունների՝ Արցախը <<Ղարաբաղ>> է կոչվել XIII դարից սկսած[1]: Նման անվանում Արցախին տվել են քոչվոր թյուրք-թաթարական ցեղերը:
    1920-ական թվականներից սկսած <<Ղարաբաղ>>՚ անվանումը քաղաքական նպատակներով ենթարկվել է խեղաթյուրումների՝ ստանալով <<Լեռնային>> հավելումը: Հորինվել են նույնիսկ նոր անվանումներ՝ <<Դաշտային>>, <<Ստորին>> և <<Վերին>> հավելումներով[2]:
  Ինչպե՞ս են առաջացել այս հավելումները:
  Ելիզավետպոլի կամ Գանձակի նահանգի լեռնային ու նախալեռնային շրջաններում պատմականորեն ապրում էին հայեր, իսկ Կուր գետի աջափնյա հովտային ու ձախափնյա ամբողջ տարածքները բնակեցված էին մահմեդականներով, մասամբ էլ հայերով և այլ ազգություններով: Այս երկու հատվածների կյանքն ու կենցաղը, տնտեսվարման եղանակը, ողջ ապրելակերպն ընդհանուր առմամբ զգալի տարբերվում էին միմյանցից, եթե չասենք՝ հակադրվում էին միմյանց: Ամենատարբեր պատճառներով հաճախակի ընդհարումներ էին տեղի ունենում հայերի ու մահմեդականների, հատկապես՝ քոչվոր կամ կիսաքոչվոր կյանք վարող ցեղերի միջև:
    Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը նշյալ տարածքների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև վերոնշյալ ընդհարումները բացառելու, կամ նվազեցնելու նպատակով որոշում է նահանգի լեռնային մասն անջատել դաշտայինից:
Նախատեսվում է ստեղծել երկու նահանգ՝ Ելիզավետպոլի (մահմեդական) և Գանձակի (հայկական): Սակայն, այս ծրագրին միասնաբար ընդդիմանում են մահմեդական և վրացական քաղաքական ուժերը:
 1917թ. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը նույնպես անդրադառնում է երկու առանձին նահանգներ ստեղծելու վերոնշյալ խնդրին: Անհամաձայնության պատճառով հարցը դարձյալ լուծում չի ստանում, բայց քաղաքական շրջանակներում արմատավորվում է <<Լեռնային Գանձակ>> անվանումը:
  1920-ական թվականների սկզբից սկսած խորհրդային Ադրբեջանի իշխանությունները մոռացության են տալիս <<Լեռնային Գանձակ>> արտահայտությունը՝ գործածության մեջ դնելով <<Լեռնային Ղարաբաղ>>, <<Հարթավայրային Ղարաբաղ>>, <<Վերին Ղարաբաղ>> և <<Ստորին Ղարաբաղ>> կեղծ անվանումները[3]:
       Զուրկ լինելով կոնկրետ բովանդակությունից՝ այս անվանումներն ունեին բավականին անորոշ իմաստ: Կախված հետապնդվող քաղաքական նպատակից, կարելի էր դրանց հաղորդել ցանկացած իմաստ:
Այսպիսով, նկատի ունենալով վերոգրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները՝
  1. <<Ղարաբաղ>> անվանումը չունի հայկական ծագում,
  2. <<Լեռնային Ղարաբաղ>> անվանումը կեղծ է ու շինծու, այն չունի ոչ պատմական, ոչ էլ առավել ևս իրավական հիմնավորում:

 

            Հաշվի առնելով վերոգրյալը՝ ա ռ ա ջ ա ր կ ու մ եմ.
քննարկել 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությունից <<Լեռնային Ղարաբաղ>> բառերը հանելու հնարավորությունը՝ այդպիսով պաշտոնապես և վերջնականապես ընդունելով միայն Արցախի Հանրապետություն անվանումը:
              Միաժամանակ հայտնում եմ, որ նշյալ առաջարկությունը սույն թվականի ապրիլի 19-ին իմ կողմից գրավոր ներկայացվել է Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

 

 

 

Հարգանքով՝ Ստեփան Հասան-Ջալալյան
   Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փորձագետ,                             քաղաքագիտության մագիստրոս,    Երևանի պետական համալսարանի ասպիրանտ
10 մայիսի 2016թ.
—————————————-
[1]Միրզա Յուսուֆ Ներսեսով, Ճշմարտացի պատմություն, թարգմանությունը բնագրից, ներածությունը և ծանոթագրությունները Քրիստինե Կոստիկյանի, Երևան, 2000թ., էջ 35:
[2]Ղահրամանյան Կ., Ղազիյան Ա., Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Պետականության ակունքները, Երևան, 2008թ., էջ 11:
[3] Նույնը, էջ 13:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն