Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Թուրքիայում արտադրված ապրանքներ գնելուց պետք է հրաժարվել

Մայիս 8, 2016թ. 14:33
թուրքական ապրանք

Հարցազրույց էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ հետ

Վերջերս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ վարչապետի հանձնարարականով նախարարությունն ուսումնասիրություններ է սկսելու` պարզելու համար, թե որքանով է հնարավոր հայկական շուկան ձերբազատել թուրքական արտադրանքից: Այժմ ո՞ր փուլում են այդ ուսումնասիրությունները, կարելի՞ է ասել, որ արդեն իսկ թուրքական ապրանքները հայկական շուկայից դուրս մղելու հստակ ռազմավարություն է մշակվել:
-Նախարարի հայտարարությունից անմիջապես հետո այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են եւ ուսումնասիրությունների փուլում են: Այժմ պետք է հասկանալ, թե որքանով է հնարավոր Հայաստանում արգելել կամ սահմանափակել թուրքական ապրանքների ներմուծումը` մեր տնտեսության համար առավելագույն օգուտով, այլ ոչ թե վնասով:
Այդ հարցում պետք է մի շարք գործոններ հաշվի առնել: Նախ` պետք է ուսումնասիրենք, թե այդ գործընթացն ի՞նչ տնտեսական ազդեցություն կունենա: Կարեւոր են նաեւ սոցիալական, սպառողների իրավունքների եւ անվտանգության պաշտպանության, տեղական արտադրանքի մրցակցության խնդիրները:
Մասնագետները նշում են, որ հատկապես թուրքական սնունդը կարող է վտանգավոր լինել սպառողների առողջության համար` հաշվի առնելով մեր եւ Թուրքիայի հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ Թուրքիայից ներկրվում են ինչպես վերջնական սպառման ապրանքներ, այնպես էլ սննդամթերք, նաեւ մանկական սնունդ, մանկական հագուստ, որոնք պետք է անվտանգության տեսանկյունից առաջնահերթ ուսումնասիրման առարկա դիտարկել:
Թուրքական, հատկապես գյուղատնտեսական մթերքները բացի նրանից, որ կարող են վտանգ ներկայացնել, լինելով ավելի էժան` տեղական գյուղատնտեսական արտադրանքի համար անառողջ մրցակցային պայմաններ են ստեղծում եւ մերը ակամա անմրցունակ դարձնում ներքին շուկայում: Այս գործոնները հաշվի առնելով է նաեւ, որ պետք է ուսումնասիրություններ կատարվեն, եւ համապատասխան քայլեր մշակվեն այդ ռիսկերը նվազեցնելու կամ վերացնելու ուղղությամբ:
Այս փուլում դեռ խմբավորվում են այն ապրանքները, որոնք ներմուծվում են Թուրքիայից: Այնուհետեւ այդ ապրանքները կդասակարգվեն ըստ իմ նշած գործոնների, եւ կձեւավորվեն առաջարկություններ, թե սահմանափակումների ինչ ձեւաչափ է պետք կիրառել այս կամ այն դասակարգման ապրանքների ներմուծման համար: Չեմ կարծում, որ դեռեւս հնարավոր լինի ամբողջապես արգելել թուրքական բոլոր ապրանքների ներմուծումը: Կդադարեցվի նախ այն ապրանքների վաճառքը Հայաստանում, որոնք ռիսկային կհամարվեն մեր սպառողների համար:
Իսկ մնացած ապրանքների համար տարբեր ձեւաչափեր կկիրառվեն` բարձր տուրքերի սահմանումից սկսած մինչեւ որոշակի սահմանափակումներ:
Այս դեպքում պետք է դիտարկենք նաեւ այդ ապրանքները տեղական արտադրանքով կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքներով փոխարինելու հնարավորության հարցը այն սկզբունքով, որ մեր երկրի համար ոչ թե նվազագույն տնտեսական վնասներ, այլ առավելագույն օգուտ լինի: Մոտեցումը սա է, եւ դրա համար պետք է շատ ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել:
-Այսօր մեր շուկայում վաճառվում են, օրինակ, անձեռոցիկներ` տարբեր երկրների արտադրության` բուլղարական, չեխական, որոնք ե՛ւ գնով, ե՛ւ որակով չեն զիջում թուրքականին: Նշանակում է` տնտեսավարողները կարող են ներմուծումն իրականացնել այլ երկրներից եւ թուրքական համանման ապրանքի ներմուծումը դադարեցնել:
-Բնականաբար աշխարհում կան շուկաներ, որտեղից ներկրելը նույնչափ արդյունավետ կարող է լինել, որքան Թուրքիայից` գնային եւ որակական առաջարկների առումով: Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել այդ երկրներից ապրանքի ներկրման տրանսպորտային ծախսերը, որոնք հավելյալ գին կավելացնեն, ինչպես նաեւ ներկրման չափաքանակները, քանի որ ոչ բոլոր երկրներն են, որ կհամաձայնեն փոքրաքանակ ապրանք մատակարարել մեզ:
Իհարկե, մենք նաեւ այդ հնարավորությունը նկատի ենք ունենալու, եւ երբ վերջնական ուսումնասիրություններն ավարտվեն եւ հասկանանք, որ այլ երկրներից հնարավոր է նույնանուն ապրանք ներկրել, թուրքականի ներմուծումը կարող է արգելվել կամ գոնե սահմանափակվել:
«Պատրաստված է Թուրքիայում» մակնշմամբ ապրանքներից հրաժարվելուն զուգընթաց հրատապ խնդիրներից է տեղական արտադրանքը զարգացնելը, նոր արտադրություններ ստեղծելը, եղածներն ընդլայնելը, եւ թուրքականի դեմ ըմբոստացումը հրաշալի առիթ է այդ մասին մտածելու համար: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հավաստիացնում է, որ մենք բավական ինքնաբավ ենք, ի վիճակի թուրքական եւ ընդհանրապես ներկրվող ապրանքները տեղականով փոխարինելու, միայն թե դրա համար քաղաքական կամք է հարկավոր:
   Նախարարությունը ունի՞ նման տրամադրվածություն` տեղականը զարգացնելու համար արդյունավետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
-Բնականաբար խնդրի լուծման լավագույն տարբերակը ներկրվող ապրանքների փոխարինումն է տեղական արտադրանքով: Այդ դեպքում մենք կունենանք լրացուցիչ հավելյալ արժեք, լրացուցիչ աշխատատեղեր, եւ գործընթացը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա երկրի թե՛ տնտեսության, թե՛ սոցիալական վիճակի վրա, իհարկե շատ դրական ազդեցություն: Եվ այս հարցում կառավարությունը մեծ դերակատարում ունի, քանի որ մասնավոր հատվածն ինքնուրույն չի կարողանա մեծ արտադրություններ հիմնել` հաշվի առնելով նաեւ այն պետական ծանր բեռը, որ դրված է նրա վրա հարկերի եւ տարատեսակ գանձումների տեսքով:
Կառավարությունը պետք է աջակցի մասնավոր հատվածին, որպեսզի նա կարողանա ներդրումներ կատարել, տեխնիկական վերազինման խնդիրներ լուծել, ինչը կապահովի համապատասխան մրցունակ արտադրանքի թողարկում:
Ի վերջո մեր նպատակն է ոչ թե ուղղակի տեղական արտադրություն հիմնել եւ զարգացնել, այլ մրցունակ ապրանք հանել շուկա, որպեսզի սպառողը ոչ թե պարտադրված գնի տեղականը, այլ հաճույքով` առանց նյութական, բարոյական վնասներ կրելու: Շուկան տեղական արտադրանքով ապահովելը չպետք է լինի ի հաշիվ մեր սպառողների իրավունքների:
Մենք այդ ներուժն ունենք, որ անգամ համաշխարհային շուկայի համար մրցունակ արտադրանք թողարկենք: Ժամանակին Հայաստանն ունեցել է արտադրական հզորություններ, եւ ձեւավորվել են ավանդույթներ, որոնք չեն կորել: Այսօր էլ մեր երկրում մարդկային եւ մտավոր ռեսուրսները, բիզնես մտածելակերպը հաշվի առնելով` կարող ենք վստահորեն ասել, որ ցանկության եւ ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում Հայաստանը կարող է տեղական մրցունակ արտադրանք ստեղծել: Դրա համար ժամանակ եւ համակողմանի աշխատանք է հարկավոր բոլոր «խաղացողների» կողմից` մասնավորի, հասարակության, պետության:
Նախարարությունը թուրքական ապրանքների ներմուծումը սահմանափակելու գործընթացում մեծ տեղ է հատկացնելու դրանց զգալի մասը տեղականով փոխարինելու միջոցառումների իրականացմանը: Դա կլինի մեր գերակա ուղղություններից:
Ինչ վերաբերում է նախարարության կողմից հայրենական արտադրանքը զարգացնելու ուղղությամբ կատարվող քայլերին, ապա մենք թեթեւ արդյունաբերական արտադրանքի առաջմղման համար հատուկ ծրագիր ենք մշակել, որը դեռ լրացման, շտկումներ անելու գործընթացում է։ Դրանից հետո արդեն կսկսենք գործուն քայլեր իրականացնել:
   -Հստակ ժամկետներ կա՞ն, թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները, եւ հնարավոր կլինի արդեն գործնական քայլերի անցնել:
-Որոշակի ժամկետներ չեն նախանշվել, սակայն հնարավորինս կարճ ժամկետում ենք անդրադառնալու այդ հարցին: Իհարկե, գործընթացը շարունակական է լինելու, բայց մոտ ապագայում արդեն կկարողանանք որոշ հարցերի պատասխաններ տալ։ Ամեն դեպքում այս հարցում պետք է շատ զգուշավոր լինենք եւ ամեն ինչ ծանրութեթեւ անենք, այլապես ի վերջո կարող ենք այնպիսի արդյունք ունենալ, որը չէինք ակնկալում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն