Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԼՂՀ ճանաչման հարցը կա ու լինելու է մեր օրակարգում, բայց այսօր դեռ պետք չէ շտապել

Մայիս 7, 2016թ. 20:32
Վահրամ Բաղդասարյան-1

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍՐՅԱՆԻ հետ

-Պարոն Բաղդասարյան, կարծես թյուրընկալում եղավ ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ գորածադիրի դիրքորոշման առնչությամբ: Մասնավորաբար, ռուսական լրատվամիջոցները, նրանց ձայնակցած ադրբեջանցիները, լուրեր էին տարածում, թե Հայաստանը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Ի?նչ փաստի հետ գործ ունենք:
-Ուրեմն, պետք է հասկանալ, որ գործադիրը ոչ թե նախագծին տվեց դրական կամ բացասական կարծիք, այլ հավանության արժանացրեց նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որում գրված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոններըե: Սա կարևոր, դիվագանագիտական մեկնաբանություն է: Այնուհետ ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ նշելով, որ <<ԱԺ երկու ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը>>:
Հիմա տանք ստեղծված իրավիճակի պատկերը: Խնդիրը հետևյալն է, քառօրյա պատերազմից անմիջապես հետո արդեն իսկ մեզանում արտահայտվեցին տրամադրություններ, որ կա’մ պետք է դնել ԼՂՀ ճանաչման խնդիրը, կա’մ ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիր պատրաստել: Հիշո?ւմ եք, այդ օրերին նախագահ Սարգսյանը հանդիպեց օտարերկրյա դեսպանների հետ ու հայտարարեց, որ նման իրավիճակում, երբ ագրեսոր Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները ու գնում լայնամասշտաբ գործողությունների, Հայաստանին այլ բան չի մնում, քան պատրաստել ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիր:
Սրան հաջորդեց Ադրբեջանի հայտնի խնդրանքը հրադադարի մասին: Ու քանի որ Հայաստանը երբեք չի եղել պատերազմի հրձիգ, մշտապես հավատարիմ է մնացել 94-ին ստորագրված հրադադարի եռակողմ պայմանագրին, բանականաբար, ընդունեց հրադադարի ռեժիմը:
Քառօրյա պատերազմը մոտեցումներ փոխեց, ու մեր ոխերիմ հարևանի հանդեպ մենք վերջնականապես կորցրինք մեր վստահությունը: Չնայած մշտապես եղել ենք բանակցությունների, խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից, սակայն քառօրյա պատերազմից հետո ՀՀ նախագահին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. առաջին՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդ՝ հասցեական հայտարարությունների հնչեցում, որոնք պարզորոշ ցույց կտան, թե ո?վ է իրական ագրեսորը, ո?վ է պատերազմի հրձիգը, երրորդ՝ երաշխիքներ միջազգային կառույցների կողմից, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:
Հայաստանի խոսքը հստակ է, երբ սահմանին մարտական գործողություններ են, երբ Ադրբեջանն ամեն պահ խախտում է հրադադարը, երբ զոհվում է մեր զինվորը` բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է:
Քառօրյա պատերազմը միջազգային հանրությանը ցույց տվեց, թե ով է իրական ագրեսորը, նրանք ներքուստ համոզված են, որ դա Ադրբեջանն է: Բայց դրան զուգահեռ Հայաստանը ակտիվ աշխատանք է տանում միջազգային կառույցներին ներկայացնելով փաստեր` անհրաժեշտ հետաքննության իրականացման համար:
Մեր դիվանագիտական ճշգրիտ քայլերի արդյունքում հասանք նրան, որ աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների էջերում հրապարակվեցին հոդվածներ, որոնցում Ադրեբջանը որակվեց ագրեսոր: Տարբեր երկրների քաղաքական գործիչներ հնչեցրին հստակ, համարձակ հայտարարություններ` ասելով, որ Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել: Ուշադություն դարձրեք, նախկինում նման որակումներ գրեթե երբեք չեն հնչել: Ես սա համարում եմ մեր դիվանագիտական կորպուսի, նաև լրատվամիջոցների ճկուն աշխատանքի արդյունքը, քանի որ հաջողվեց անհրաժեշտ տեղեկատվություն հասցնել միջազգային հանրությանը:
Մենք քառօրյա պատերազմից դուրս եկանք հաղթանակած ու Ադրբեջանի ախորժակը, որ 4 օրում պետք է հասներ Ստեփանակերտ, տոներ հաղթանակ ու այդ դիրքերից խոսերի բանակցությունների մասին ի չիք դարձան: Ադրբեջանը հասկացավ, որ թերագնահատել է հայկական կողմի ուժերը, մտածելով, թե իրենից թվաքանակով մի քանի անգամ փոքր, նաև ֆինանսական սուղ հնարավորություններ ունեցող Հայաստանին կարող է արագ պարտության մատնել, մանավանդ թիկունքում ունենալով եղբայր Թուրքիայի աջակցությունը: Հասկացավ, թե իրականում ո?ւմ հետ գործ ունի: Ու պատահական չէր նրա կողմից հրադադարի խնդրանքը:
Այսօր այլ իրավիճակ է. գնդակը գտվում է Ադրբեջանի դաշտում: Եվ եթե ԼՂՀ ճանաչման հարցում մենք փոքր-ինչ շտապողականություն ցուցաբերենք, ապա կարող ենք գնդակը Ադրբեջանից տեղափոխենք մեր դաշտ:
<<Գաստրոլների>> սիրահարներին խորհուրդ կտամ, պետք չէ նման նախաձեռնություններով ցույց տալ, թե դուք եք ամենից <<պատրիոտը>>: Իշխանությունը նման խնդիր չունի, մեր նպատակը մեկն է` գործընթացը չվտանգել:
-Փաստորեն, դեմ եք ա’յս պահին  ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը:
– Ուզում եմ, որ բոլորը հստակ հասկանան, ԼՂՀ ճանաչման հարցը կա ու լինելու է մեր օրակարգում, բայց պետք է շատ զգույշ լինենք: Երբ պահը կհասունանա նախագահը կոչով կդիմի ողջ հայությանը, քանի որ ԼՂՀ ճանաչումը ազգային կարևոր հարց է ու այն պետք է ընդունվի ազգային կոնսենսուսով: Մենք դրան պատրաստ ենք, սակայն դեմ ենք շտապողականությանը, քանի որ կարող ենք ձախողել այս օրերին ձեռք բերած նախ մեր բանակի հաղթանակը, ապա կստվերենք մեր դիվանագիտական հաջողությունները: Մենք պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը հստակ արձանագրի, թե ո?վ է իրական ագրեսորը ու դրսևորի համարժեք վերաբեմունք: Սա շատ նուրբ պահ է: Իրավունք չունենք նման քայլով վտանգելու մեր կաթիլ-կաթիլ ձեռքբերած հաջողությունները:
-Երևանի կես քայլից Ռուսաստանն ու ԱՄՆ-ը անհանգստացած հայտարարեցին, թե բանակցային գործընթացը կխաթարվի, անգամ Ադրբեջանը փորձեց օգտվել իրավիճակից ու մեղադրել Հայաստանին, թե տեսեք, վերջինս է խաթարում բանակցային գործընթացը: Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը նման պատրվակի էր սպասոմ:
-Հենց դա է, որ կա, այո, սա այն է, ինչ ուզում է Ադրբեջանը, վերջինս ուղղակի պատրվակներ է փնտրում Հայաստանին մեղադրելու համար: Ներկայացված նախագիծն այդ պատրվակներից էր: Եթե նկատել եք անցած երկու օրերին սահմանին հանգիստ վիճակ էր, սպասում էին, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, որպեսզի հայտարարեն` մենք կրակը հիմնովին դադարեցրինք, իսկ Հայաստանը իր քայլերով պատերազմ է հրահրում: Պատահական չէ ադրբեջանական մամուլի վայնասունը, նրանք երկու ընդդիմադիր գործիչների օրենսդրական նախաձեռնությունը շտապեցին վերագրել պաշտոնական Երևանին:
Իսկ Հայաստանն ասում է, եթե Ադրբեջանը կրկին ռազմական ագրեսիա սկսի, ապա մենք այլընտրանք չենք ունենա և այդ դեպքում Արցախի անկախության ճանաչումը կդառնա հնարավոր քայլ:
-Ինչպե?ս եք գնահատում ռուսական կողմից հնչած հայտարարությունները:
-Համարում եմ ճկուն հայտարարություններ: ԱԳ նախարար Լավրովն իր խոսքում հստակ ասաց, որ այդ հարցը Հայաստանը չի քննարկում, որ այն ընդամենը երկու պատգամավորների առաջարկություն է, իսկ ՀՀ կառավարությունը, օրենքին համապատասխան, պետք է եզրակացություն տա օրինագծի վերաբերյալ:
Լավրովն նաև ասաց.<Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, եւ խուճապի որեւէ հիմք չկա>, այս միտքն ուղղված էր Ադրբեջանին, որ չկան արհեստականորեն խուճապ ստեղծելու հիմքեր: ՌԴ ԱԳ նախարարը նաև պարզորոշ շեշտեց այն, ինչ մենք ենք ասում, որ Երևանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորմանը:
Մինչ հիմա Հայաստանի կողմից իրականացվել են ճիշտ դիվանագիտական քայլեր, ու հիմա պետք չէ դրանք վնասել, հարկավոր է համբերել. ես այս միտքը նկատեցի նաև ռուսական կողմի, մասնավորաբար, Պեսկովի հայտարությունների ենթատեքստում: Եվ իրոք այդպես է, շատ փխրուն հրադադար է այսօր, յուրաքանչյուր անզգույշ քայլը կարող է իրավիճակը դարձնել անվերահսկելի:
Սթափ հայտարարություն հնչեցրեց նաև ամերիկյան կողմը, այն դարձյալ համահունչ էր մեր համոզմունքին, որ նման քայլը կարող է առիթ տալ ագրեսոր Ադրբեջանին հայտարարարելու, թե Հայաստանը չի ուզում բանակցել, ուրեմն ինքը սկսում է պատերազմը:
Կրկնում եմ ստեղծված իրավիճակում մենք պարտավոր ենք շատ զգույշ լինել:
-Այսպիսով, կարո?ղ ենք ասել, որ այսօր Հայաստանի քաղաքական օրակարգում, բացի նախագահ Սարգսյանի առաջարկած երեք կետերից, այլ բան չի կարող լինել, ու հայկական կողմը պետք է իր ողջ ջանքերը կենտրոնացնի դրանց իրականացման ուղղությամբ:
-Այո, նախագահի առաջարկած քայլերով մենք մեր մեսիջն ենք հղել համանախագահներին, թե ի?նչ պայմաններից հետո, ո?ր դեպքում կարող են շարունակվել բանակցությունները: Մենք այսօր հորդորում ենք համանախագահներին իրականացնել այդ երեք քայլերը, որից հետո հնարավորություն կունենանք հասնել նրան, որ Ադրբեջանը հայտարարվի ագրեսոր` իր բոլոր հետևանքներով: Իսկ մեր մեկ անզգույշ քայլը կարող է վնասել այս ամենը:
Այսինքն, եթե այսօր ճանաչում ենք ԼՂՀ անկախությունը, դրանով իսկ հայտարարում ենք, որ դեմ ենք բանակցություններին ու կողմ ենք պատերազմին: Պետք է սպասենք, թերևս մեկ, երկու շաբաթ, եթե Ադրբեջանը կմերժի այդ կետերը ու նոր ագրեսիա կսկսի, մեր բանակը պատրաստ է թշնամու ցանկացած ոտնձգությանը տալ եռակի պատասխան:
Բայց Հայաստանը չի ցանակում պատերազմ, եթե Ադրբեջանի համար իր վարձկանները գրոշի արժեք ունեն, ապա մեր մեկ զինվորի կյանքը շատ է թանկ է մեզ համար: Հայաստանը հավատում է Մինսկի խմբի գործունեությանը, ուրեմն, մենք չենք կարող լինել այդ ձևաչափը ձախողող կողմ, բանակցությունները փակուղի մղողը Հայաստանը չէ :
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն