Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայկական կողմերն ունեն մի քանի նախապայմաններ

Մայիս 3, 2016թ. 17:36
Մինսկի խումբ

Հարցազրույց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ <Դաշնակցություն> խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը, ասել է, թե ՌԴ առաջարկները հետաքրքրում են իրենց, մասնավորաբար, իրենց առաջարկվող փուլային կարգավորումը: Այս պահին ի՞նչ հասկանալ ՙփուլային կարգավորում՚ ասելով, և արդյոք այս հայտարարությունը փակագծեր չի՞ բացում ռուսական լրատվամիջոցներով շրջանառված, բայց մինչև վերջ չքոզերծված <<լավրովյան պլանի>> մասին:
– Ի՞նչ ասել է ՙլավրովյան պլան՚, ո՞ր պաշտոնական գերատեսչությամբ այն շրջանառվեց: Արդյոք, լրագրողական շրջանակների ստեղծածը չէ՞ այն: Հիշենք, ի՞նչ եղավ, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը եկավ Հայաստան, նրա այցի ժամանակ ամենից կարևոր հղումն այս էր, որ 1994-ի մայիս 12-ին ընդունված զինադադարի պայմանագիրն այժմեական է ու գործում է, իսկ Ադրբեջանի` ՄԱԿ և ԵԱՀԿ ներկայացրած գրավոր դիմումը այդ ձևաչափից դուրս գալու մասին անընդունելի է:
Ուրեմն, ի՞նչ է իրենից ներկայացնում ՙլավրովյան պլան՚ ասվածը կամ ի՞նչ է նշանակում Մամեդյարովի ՙփուլային լուծումը՚` ոչ ծանոթ եմ, ոչ ուզում եմ ծանոթ լինել, և ոչ էլ առավել ընդունել դրանք:
Իհարկե, 1994-ի զինադադարի պայմանագրի կնքումից հետո հրապարակի վրա են փուլային, փաթեթային տարբերակների առաջարկներ: Գիտենք մադրիդյան սկզբունքների, Կազանի փաստաթղթի մասին, ու Արցախը տարբեր առիթներով իր տեսակետներն է արտահայտել այդ ամենի վերաբերյալ: Իսկ այս պահին, ի՞նչ էլ ասած լինի Մահմեդյարովը, ի՞նչ տեսակետ էլ արտահայտած լինի, դրանք չեն կարող մեզ համար ուղեցույց լինել:
Փոխարենը, կասեմ մեր ներկայիս տեսակետը. բանակցային գործընթացը վերսկսելու պարագայում ԼՂՀ-ն պե’տք է լինի բանակցային գործընթացի կողմ: Ապրիլի 2-ից հետո ստեղծվել է ռազմաքաղաքական մի նոր իրավիճակ, որը չի կարելի նույնացնել մինչև ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածի հետ: Հետևաբար, մենք պետք է նոր ձևաչափով մտնենք բանակցային գործընթացի մեջ:
Ի դեպ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շ.Քոչարյանն ի պատասխան մամեդյարովյան հայտարարությանը, ասել էր. ՙՀայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է ԼՂՀ անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու ԼՂՀ հետ` սահմանների հստակեցման շուրջ՚։ Սա և՞ս պետք է համարել հայկական կողմի հստակ նախապայման:
-Այո: Սա ես համարում եմ շատ կարևոր մոտեցում և սկզբունք:
Ասվածին նաև կհավելեմ հետևյալը. երբ ասացի, որ նոր ձևաչափով պետք է մտնել բանակցային գործընթացի մեջ, նկատի ունեմ ԼՂՀ լիարժեք մասնակցությունը: Բացի այդ, մենք բանակցային գործընթացում ներգրավվելու այլ նոր մոտեցումներ ու նոր սկզբունքներ ևս ունենք, որոնք անպայմանորեն որպես առաջարկներ պետք է մեջտեղ բերենք: Ադրբեջանը ցույց տվեց, որ պատրաստ չէ խաղաղ բանակցային գործընթացին ու իր հայտարարություններին համահունչ փորձում և փորձելու է հարցը լուծել ռազմական ճանապարհով:
Հայկական կողմի նոր մոտեցումն արդյոք իր մեջ չի՞ ներառում նաև երկու փաստաթղթերի` Կազանյան պայմանագրից ու մադրիդյան սկզբունքերից հրաժարում:
-Այդ մասին, այսինքն ամեն ինչ զրոյից սկսելու և նոր մոտեցումներ ցուցաբերելու առումով, կարծում եմ, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն արտահայտված իրենց դիրքորոշումներում արդեն իսկ խոսել են ՀՀ պաշտոնական շրջանակները: Այնպես որ կրկնում եմ, բանակցային գործընթացին վերադառնալու համար հայկական կողմերն ունեն մի քանի նախապայմանները: Ու դրանցից մեկն էլ այն է, որ պետք է մեջտեղ գա նոր փաստաթուղթ` բոլորովին նոր ձևակերպումներով: Հայկական կողմների այս նախապայմաններն անպայմանորեն պետք է հարգվեն:
-Ադրբեջանը, որ մշտապես բանակցությունները ձախողող կողմ է, այսօր ակտիվորեն խոսում է դրանց վերսկսման օգտին. Մամեդյարովն ասել է, թե իրենք կողմ են բանակցություններին ու Մինսկի խմբին առաջարկել են հանդիպում անցկացնել Բրյուսելում, անգամ նկատել, թե խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով։ Եվ սա ասում է ռազմատենչ երկրի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս հասկանալ ադրբեջանական կողմի նման ոճական փոփոխությունը: Գուցե Հայաստանի կարծր դիրքորոշման հետևա՞նք է սա:
Կարելի է նաև այդպես ենթադրել: Բայց ես կարծում եմ, որ այստեղ շատ ավելի գործ ունենք ադրբեջանական հայտնի հնարքի հետ: Չեմ ուզում հավատալ նրանց հայտարարություններին, որովհետև մենք տեսնում ենք Ադրբեջանի քարոզչական և դիվանագիտական կեղծարարությունը: Հիշենք, թե ապրիլի 2-ի դեպքերն ինչպես ներկայացրին, ամբողջությամբ կեղծված էր, ասում էին իբրև թե ղարաբաղյան կողմից է եղել հարձակումը և այն ուղղված է եղել Ադրբեջանի իշխանության ու ՙճակատագրի դեմ՚: Այսինքն, Ադրբեջանն ունի իրականությունը կեղծելու, ապատեղեկատվություն տարածելու քաղաքական մշակույթ, ու դրանում վարժված է: Եվ այսօր էլ, նման հայտարարություն անելով ուզում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և խնդրով շահագրգիռ կողմերին: Ադրբեջանի ներկայիս ձեռագիրն ու ոճը նորություն չեն, այն չի տարբերվում անցած տասնամյակների գործելաոճից. մի կողմից հայտարարում են բանակցային գործընթաց է, մյուս կողմից, թե հարցը պետք է ռազմական ճանապարհով լուծվի: Ալիևը մի բան է ասում, Մահմեդյարովը`մեկ այլ բան: Մենք նաև հետևում ենք նրանց լրատվամիջոցներին ու տեսնում, թե ինչպես են Ալիևն ու Մահմեդյարովը ճակատային շրջաններ, դիրքեր այցելելով հայտարարում, թե ՙտարածաշրջանի ամենամեծ սպառնալիքը հայկական զորքերի առկայությունն է Ադրբեջանի օկուպացված տարածքներում՚: Ասվածը կարելի է աբսուրդ համարել և ընդհանրապես չարձագանքել: Բայց քանի որ Մամեդյարովի այս կարգի հայտարարություններն ուղղված են ոչ միայն իրենց ներքին դաշտին, այլև համաշխարհային հանրությանը, ապա Հայաստանի ու Արցախի դիվանագիտական կորպուսը պետք է լուրջ ջանքեր գործադրի այս ամենին հակահարված տալու և իրականությունը ներկայացնելու ուղղությամբ: Իսկ իրականությունն այն է, որ ԼՂՀ պաշտպանական բանակը զսպելով ագրեսոր Ադրբեջանին, համարվում է տարածաշրջանի խաղաղության պաշտպանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն կազմակերպեց BBC, Reuters, Bloomberg, թուրքական Anadolu, ռուսական ու իսրայելական լրատվամիջոցների 45 հոգանոց խմբի այց Բարդա, Աղդամ, Աղջաբեդիի շրջաններ, որպեսզի ցույց տա հայկական կողմի հրետակոծություններից տուժած բնակավայրերը: Ագրեսորն ակտիվ գործում է տեղեկատվական դաշտում, իսկ մե՞նք: Արդարացված չե՞ն այն դժգոհությունները, թե չկարողացանք անհրաժեշտ չափով ներկայացնել միջազգային հնարությանը Ադրբեջանի վայրագություններն ու հասնել նրան, որ գոնե մեկ երկիր Ադրբեջանը հայտարարեր որպես ագրեսոր պետություն:
Այն, որ Ադբեջանը տեղակատվական դաշտում մեծ գումարներ է ծախսում և մեծ ջանքեր գործադրում` սա նորություն չէ: Այն, որ ապրիլի 2-ի ռազմական գործողություններին զուգընթաց Ադրեբջանը պատրաստվել էր նաև տեղեկատվական դաշտի ագրեսիային և առաջին երկու օրերին կարողացավ որոշակի հաջողության հասնել, դա էլ փաստ է: Բայց ես կարծում եմ, որ հայկական քարոզչամեքենան, թեկուզ և ուշացումով, նաև ենթարկվելով <հարձակման>, կարողացավ դիմակայել ու տալ տեղեկատվական հակահարված: Ես այն տեսակետին չեմ, որ այս օրերին մենք չենք կարողացել տեղեկատվական դաշտում հաջողել: Ի վերջո, հիշենք SNN-ի ռեպորտաժը, երբ նույն հարթության վրա ներկայացվեցին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Այո, փաստ է, որ BBC-ն, Reuters-ը ապրիլի 2-ին, 3-ին հիմնականում հենվում էին Ադրբեջանի տեղեկատվական դաշտի վրա: Բայց տարբեր երկրների` իտալական, ֆրանսիական, ռուսական լրագրողաան խմբերի, նաև արաբական աշխարհից, այդ թվում Ալ Ջազիրայն այցելեցին Արցախ: Եվ ներկայացվեց իրական տեղեկատվություն:
Այն, որ Ադրբեջանը 45 հոգանոց լրագրողների խումբ է բերել, կնշանակի առաջիկա օրերին նորից փորձելու է տեղեկատվական հեղեղ ուղղել միջազգային հանրությանը: Այստեղ մենք լուրջ անելք ունենք: Կարծում եմ, կկարողանանք այս նոր տեղեկատվական ալիքին ևս դիմակալել, քանի որ ունենք բավականին խոսուն փաստեր, նյութեր միջազգային հանրությանը ներկայացնելու:
Ինչ վերաբերում է Ադրբեջանը ագրեսոր պետություն հայտարարելուն, ապա այստեղ շատ կարևոր է ԼՂ հարցի մեջ ներգրավված համանախագահող երկրների տեսակետներն ու գնահատակաները: Ցավոք, ՌԴ վարչապետի, ԱԳ նախարարի, նաև համանախագաները հերթական անգամ փորձեցին հավասարության նշան դնել, ու համանախագահների կողմից հնչեցվեց ոչ քաղաքական մի միտքը, թե իրենք հետաքննող չեն ու չեն կարող քննություն անցկացնել, հետևաբար չեն կարող տալ համապատասխան գնահատական, իրենք փաստերն են արձանագրում: Բայց իրականում իրենք լավ էլ գիտեն, թե ո՞վ, ինչպես սկսեց այս պատերազմը: Չնայած սրան, մենք պետք է շարունակենք մեր ջանքերը հասնելու նրան, որ Ադրբեջաբնը ճանաչվի որպես ագրեսոր պետություն:
Ողջունելի է Հայաստանի պաշտանական շրջանակների վերջին օրերին որդեգրած կոշտ դիրքորոշումը, և հենց այդ բարձրությունից պետք է հետայսու վերաբերվեմնք հարցն:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն