Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մի քանի հայեցակարգային դրույթներ

Ապրիլ 28, 2016թ. 02:09
գագիկ մակարյան

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում վերջին տարիների ընթացքում մշակվել են տարբեր հայեցակարգեր և ծրագրեր, կատարվել են վերլուծություններ: Որոշ դեպքերում տարբեր բնագավառներում նաև կատարվել են կոռուպցիայի գնահատման հետազոտություններ, սակայն չնայած բազմաթիվ քննարկումներին և պետական մարմինների ընդունած որոշումներին՝ կոռուպցիայի ընկալումը մնում է բարձր, իսկ հակակոռուպցիոն գործառույթների արդյունավետությունը` դեռևս ցածր: Ընդ որում, կոռուպցիայի դեպքերի առկայությունը հաճախ գեներացվում է գործատուների, պետական պաշտոնյաների ու քաղաքացիների և աշխատողների պատճառով: Կոռուպցիան դարձել է խնդիրների արագ լուծման և անհնարինը հնարավոր դարձնելու միջոց:

Բիզնեսում կոռուպցիան նաև անհավասար մրցակցության դեմ պայքարի միջոց է դարձել, քանի որ գործարար միջավայրում գործող օրենքները համաչափ չեն կիրառվում, և տեսչական տարբեր այցերը (ստուգում կամ ուսումնասիրություն) հաճախակի ավարտվում են կոռուպցիոն համաձայնությամբ: Հայաստանի ներքին սահմանափակ հնարավորություններով շուկայում բիզնեսի գոյատևման ձգտումները վերջիններիս հաճախակի մղում են խնդիրների լուծումը գտնել միայն կոռուպցիոն ճանապարհով: Դրան էականորեն նպաստում է կրթական համակարգում կարևոր պետական համաձայնագրերի, կոնվենցիաների վավերացման և տարբեր սոցիալ-տնտեսական ռեֆորմների, հայեցակարգերի ու թույլատվությունների կամ առևտրի արտոնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության դեռևս բացակայությունը, ինչպես նաև՝ կրթական ծրագրերում և դասախոսական անձնակազմի վերապատրաստման գործընթացներում դրանց մասին նյութերի բացակայությունը:

Ստացվում է այնպես, որ ամեն տարի իրականացվող կարևոր փոփոխությունների մասին կրթական համակարգի կառույցները՝ հատկապես ԲՈՒՀ-երը, ՄԿՈՒ հաստատությունները, չեն իրազեկվում: Մինչդեռ, կառավարության ներսում այդ որոշումներն ընդունվում են տարբեր նախարարությունների կարծիքների հիման վրա՝ նախապես անցնելով գերատեսչական քննարկումների գործընթաց:

Այսպիսով, տեղեկատվության փոխանցում և հանձնարարություններ չեն տրվում կրթական կառույցներին: Առկա է այն կարծիքը, որ աշխատաշուկայի պահանջների մասին միայն գործատուները պետք է արձագանքեն և այդ պահանջները ներկայացնեն կրթական հաստատություններին, ինչպես նաև՝ իրականացնեն վերջիններիս տեխնիկական վերազինում, մասնակցեն չափորոշիչների մշակմանը և այլն: Սակայն այս ամենին զուգահեռ անհրաժեշտ է, որ ապագա աշխատողները կամ գործատուները կրթվեն համապատասխան գիտելիքներով, որոնք լայն նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության, աշխատանքային հարաբերությունների բարելավման, շրջակա միջավայրի պաշտպանության, աշխատանքի պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր միջազգային կոնվենցիաների պահանջների կատարման տեսանկյունից: Այս մասշտաբի գիտելիքների և տեղեկատվության պակասը համարյա անհնարին է աշխատաշուկայում միայն գործատուների ջանքերով ապահովել: Գործատուները հաճախ հանդիսանում են տարբեր արտոնություններից և հնարավորություններից իրական իմաստով օգտվողներ կամ սպառողներ: Այս դեպքում համապատասխան պետական կառույցներն իրենց վրա պետք է վերցնեն նաև նշված խնդիրների կարգավորումը: Օրինակ, արտահանման խթանման համար ԵՄ-ը 2014թ. Հայաստանի համար կրկին հայտարարել է GSP+ արտոնությունների համակարգը, որի շրջանակում ՀՀ-ում արտադրված 6.400 տիպի ապրանքներ կարող են ԵՄ երկրներ արտահանվել 0-ական կամ ցածր մաքսատուրքով: Սակայն այդ թույլտվության դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի միջազգային 27 կոնվենցիաների պահանջների կատարումը, որոնք ներառում են մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանությունը, աշխատանքի պաշտպանությունը և այլն:

Գործատուներն օգտվում են GSP+ համակարգից, սակայն այդ կոնվենցիաների պահանջների կատարման ապահովումը միայն գործատուների ուժերով և նրանց մասնակցությամբ անհնարին է: Հետևաբար, պահանջների կատարման հարցում լուրջ դերակատարություն ունեն պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը և նաև՝ աշխատողները: Նշված բոլոր դերակատարների համար տեղեկատվության հիմնական աղբյուրները և կրթման հնարավորությունները հիմնականում գտնվում են կրթական հաստատությունների ներքո, և այդ պահանջների կատարման ապահովումը կարելի է արագացնել միայն կրթական համակարգի ակտիվ մասնակցության շնորհիվ: Եթե ներկայիս ուսանողները կամ ապագա աշխատողներն ու գործատուներն իրենց չիմացության պատճառով առաջացնում են կոնվենցիաների և ՀՀ օրենքների պահանջների խախտումներ՝ դրանով ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր գործատուի համար, և գործատուն, տարբեր տույժերից խուսափելու համար կամ անհավասար մրցակցային պայմաններից ելնելով իր գործունեությունը չխաթարելու նպատակով հարկադրված դիմում է կոռուպցիայի, ապա սա միայն գործատուի խնդիրը չէ, միայն նրա ջանքերով չի կարգավորվի, և կոռուպցիայի դեպքերը չեն նվազի: Փաստորեն, ապագա աշխատողներն իրենց թույլ գիտելիքների պատճառով գործատուի մոտ աշխատելիս կարող են առաջացնել խնդիրներ, որոնց լուծումները հաճախ վերջինս գտնում է միայն կոռուպցիայի ճանապարհով: Այսպիսով, կոռուպցիայի դեմ պայքարի սկզբնաղբյուրը գտնվում է կրթության ներքո, և կրթական համակարգը պետք է լուրջ գործի դրվի կոռուպցիայի դեմ պայքարում: Կրթության դերը պետք է ուժեղացվի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններում:

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ուղեկցվի և իրականանա կրթման ճանապարհով, որի շնորհիվ գիտակցականության բարձրացումը, սեփական իրավունքը պաշտպանելու կարողությունների և գիտելիքների զարգացումը կհանգեցնեն թե՛ աշխատողների և թե՛ գործատուների շրջանում իմացության բարձրացմանը և հարցերի լուծման ուղիների ոչ կոռուպցիոն տարբերակի ընտրությանը: Այսպիսով, ամփոփելով կարելի է վստահաբար հայտարարել, որ կրթական համակարգի օգնությամբ առավել կդյուրացվի կոռուպցիայի դեմ պայքարը և, հետևաբար, ՀՀ-ում կբարձրանա կոռուպցիայի դեմ պայքարում գործողությունների արդյունավետությունը և կբարելավվի միջազգային կոնվենցիաների պահանջների կատարումը: Դրանց շնորհիվ ՀՀ-ը կպահպանի մի շարք արտոնություններից օգտվելու իրավունքը և կբարելավի միջազգային ինտեգրման հնարավորություններն ու հեղինակությունը, ինչպես նաև՝ կխթանվեն օտարերկրյա ներդրումները:

Գագիկ Մակարյան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Միջազգային եւ անվտանգության hարցերի հայկական ինստիտուտ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն