Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում մերոնք եվրոպացիներին ներկայացրել են Ադրբեջանի իրական դեմքը

Ապրիլ 28, 2016թ. 00:21
ԵԽԽՎ

ԵԽ ԽՎ ապրիլյան լիագումար նստաշրջանը ոչ պակաս լարված եղավ հայկական պատվիրակության համար: Այս անգամ մերոնց հիմնական նպատակը եղել է եվրոպացիներին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված քառօրյա ագրեսիայի մասին լայնածավալ տեղեկատվության տրամադրումը:
Ով է հարձակվող կողմը, ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը, արգելված ինչպիսի զենքեր է օգտագործել, ինչպես են ռմբակոծվել հայկական բնակավայրերը, ինչպիսի վայրագությամբ են սպանվել հայ խաղաղ բնակիչներն ու ինչպես են խեղվել հայ զինվորների մարմինները. քառօրյա պատերազմի ողջ սարսափելի պատկերը` փաստագրական նյութերով, բրոշյուրներով ու լուսանկարներով հայ պատվիրակները փոխանցել են եվրոպական երկրների ազգային պատվիրակներին։
«Մենք եվրոպացիների ուշադրությունը հրավիրեցինք այն քաղաքականության վրա, որն այսօր իրականացնում է Ադրբեջանը: Կատարվածին ծանոթանալուց հետո ԵԽ ԽՎ բյուրոյի նիստում Յագլանդն այսպիսի դիրքորոշում արտահայտեց. Եվրոպայում չպետք է լինեն սեւ տարածքներ, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի գործում, կամ որտեղ մարդկանց իրավունքները պաշտպանված չեն: Այդ տարածքների թվում Յագլանդն առաջին հերթին բարձրաձայնեց ԼՂՀ ժողովրդի ապրելու իրավունքը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ։

Ինչպես միշտ, այս անգամ եւս ԵԽ ԽՎ-ում աշխատանքը տարվել է երկու ուղղությամբ` հրապարակային եւ ոչ հրապարակային: Այսպես ասած, «վարագույրից այն կողմ» ծավալված աշխատանքը, ԲՀԿ նախագահ ԵԽ ԽՎ պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնահատմամբ, եղել է խիստ արդյունավետ։

Նա վստահեցրեց, որ առաջիկայում ԵԽ ԽՎ-ի տարբեր ազգային պատվիրակություններ իրենց հստակ դիրքորոշումը կարտահայտեն Ադրբեջանի կողմից կատարվածի վերաբերյալ՝ այն բնութագրելով ռազմական հանցագործություն: Բացի դրանից, ԵԽ ԽՎ ազդեցիկ պատգամավորները կոչ կանեն միջազգային իրավական կառույցներին, որոնք իրավասու են տալ «ռազմական հանցագործ» բնորոշումը, Ադրբեջանը ճանաչել որպես ագրեսոր եւ հանցագործ երկիր:

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ տեղեկացրեց, որ առավել ակտիվ աշխատել են անձնական շփումների դաշտում: Նա այդ զրույցների ժամանակ համոզվել է, որ մեծ թիվ են կազմել ագրեսորի քայլերը դատապարտող եվրոպացի պատգամավորները, որոնք Ադրբեջանի գործողություններից ուղղակի շոկի մեջ էին հայտնվել. «Բաքվի պետական համալսարանի թվիթերյան էջում տեղադրված գլխատված հայ զինվորի նկարին 40 վայրենի գազաններ հավանություն էին տվել ու կիսվել այդ լուսանկարով: ԵԽ ԽՎ պատգամավորներն ապշած էին այդ փաստից, մեզ մի քանի անգամ հարցնում էին` մի՞թե սա իրականություն է»:

ԱԳՐԱՄՈՒՆՏ, ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈ՛Ր ԵՍ ԳՈՐԾԵԼ ՊԱՇՏՈՆԻԴ ՀԱՐԻՐ

«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ իր եւ ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի առանձնազրույցին։ «Այնպես չէ, որ 70 տարեկան մարդուն պետք է փորձենք վերադաստիարակել, ինքը հայտնի գործիչ է, մենք գիտենք, թե նա ինչպիսին է»,- ասաց Հ.Նաղդալյանը՝ ակնարկելով ժողովրդական հայտնի խոսքը` «կարմիր կովը կաշին չի փոխի», քանի որ Ագրամունտը հայտնի է որպես ադրբեջանամետ գործիչ:
Հայկական պատվիրակության ղեկավարի պահանջը նրան եղել է հետեւյալը. «Երբ դու ԵԽ ԽՎ պատվիրակ էիր, կարող էիր ավելի ազատ գործել, քո կարծիքն ու մտքերը արտահայտել: Բայց այսօր, երբ դու ԵԽ ԽՎ նախագահ ես, պարտավոր ես մնալ այդ պաշտոնին բնորոշ հատկանիշների շրջանակներում: Քանի որ քո յուրաքանչյուր խոսքը նախ եւ առաջ ԵԽ ԽՎ 47 երկրների խորհրդարանականների կարծիքն է»:

Հերմինե Նաղդալյանի փոխանցմամբ՝ ստեղծվել էր մի աննախադեպ իրավիճակ, այս տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ ԵԽ ԽՎ նախագահն իր գործունեության համար արժանանում է այդչափ կշտամբանքների ու մեղադրանքների, եւ որ դրանք հնչում են նույնիսկ բյուրոյի նիստերի ժամանակ:
Իսկ թե ի՞նչ առաջարկներ է արել Ագրամունդը իր հետ «տետ ա տետ» հանդիպման ժամանակ ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ասաց, թե Ագրամունտն իրեն ուղղված մեղադրանքներից, կշտամբանքներից դուրս գալու նպատակով փորձել է նոր կամուջ, նոր իրավիճակ ստեղծել: Սակայն Հերմինե Նաղդալյանից ստացել չոր ու հստակ պատասխան. «Հայկական կողմը նախ ձեզանից սպասելիք ունի, այն է, որ ձեր քայլերով, գործողություններով պետք է առաջին հերթին ստեղծեք վստահություն, իսկ հետո նոր միայն կարող ենք խոսել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման մասին»:
Նման պատասխանը Ագրամունտի համար եղել է անակնկալ. «Նա զարմացած էր, իր համար անակնկալ էր, որ իր նկատմամբ կարող էին լինել ե՛ւ պահանջներ, ե՛ւ մեղադրանք, ե՛ւ կշտամբանքներ»:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն