Գլխավոր » Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԼՂՀ անվտանգության ապահովման ճանապարհը նրա անկախության ճանաչումն է

Ապրիլ 21, 2016թ. 12:48
Ռուբեն հակոբյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

– ԼՂ հակամարտությունը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի տիրույթում, այս առումով առավել մտահոգիչ է ՌԴ-ի որպես տարածաշրջանային ակտիվ խաղացողի ու ռազամավարական գործընկերոջ դիրքորոշումները: Մեզանում կա անհանգստություն, թե վերջինս նպատակ ունի կողմերին բերել բանակցությունների սեղանի մոտ և օգտվելով պահից Հայաստանին պարտադրել զիջումներ՝ այդ կերպ լուծելով Ադրբջանին սեփական դաշտում պահելու հարցը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Իրավիճակը առարկայորեն գնահատելու համար նախ պետք է հասկանանք, թե խաղացողներից ո՞վ, ի՞նչ շահեր է հետապնդում ու մեր մոտեցումները չկառուցենք հետևյալ տրամաբանության վրա՝ արդյոք, մեզ օգնելու ե՞ն, որ կարողանանք մեր շահերն իրականացնել: Պետք է հասկանալ ո՞վ, ի՞նչ շահ ունի ու երբեք չմեղադրել որևէ պետության նրա համար, որ վերջինս աշխատում է սեփական ազգային և պետական շահերի դիրքերից: Ի վերջո, ինչպես մենք այնպես էլ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր պետական շահերով: Ես չեմ ընդունում այն մեղադրանքները, որ երբեմն հնչում են տարբեր պետությունների հասցեին, կլինի Ռուսաստա՞նի, թե՞ Արևմուտքի: Այնպես որ, սա ընդունեք որպես կարևոր բանաձև ու մեր վերլուծություններն անենք այս իրողությունից ելնելով:
Դժվար է ասել, թե հնարավոր բանակցություններն ի՞նչ ավարտ կունենան, բայց նկատելի է, որ քարտ բլանշը տրված է Ռուսաստանին: Իհարկե, վերջում արդյունքների ամփոփումը կձևակերպվի Մինսկի խմբի շրջանակներում:
Չեմ ուզում վերջնական գնահատական տալ, բայց շատ հստակ է Ռուսաստանի նպատակը՝ կարողանալ այս տարածաշրջանը պահել սեփական ազդեցության դաշտում:
Հնարավոր բանակցությունների արդյունքում մեր ազգային, պետական շահերը կտուժե՞ն, թե՞ կկարողանանք օգտվել իրավիճակից, սրան ևս դժվար է այսօր հստակ պատասխան տալը: Վստահ եմ, որ այդ նույն հարցադրումը, նույն անհանգստությունը, թե ռուսներն ուզում են այս պահը ծառայեցնել իրենց ազգային պետական շահերի սպասարկմանը, կա նաև Ադրբեջանում, ընդ որում, նրանք արտահայտվում են առավել սրությամբ: Այնտեղ էլ կա մտավախություն, որ դա կարող է լինել իրենց պետական շահերի հաշիվին: Մի օրինակ բերեմ. մադրիդյան սկզբունքներին Հայաստանում գրեթե բոլորը դեմ էին, օրվա իշխանությունն էլ ասում էր՝ սա քննարկման փաստաթուղթ է: Գրեթե նույն գնահատականները հնչում էին նաև Ադրբեջանում: Օրինակս փաստում է այն մասին, որ երկու կողմերն էլ անընդունելի են համարում դրսից բերված, դրսի համար ընկալելի ու պարտադրվող տարբերակները:

-ՌԴ ԱԳ նախարար Լավովը ժամանում է Երևան, կա կարծիք, թե իր հետ բերում է Կրեմլի ՙփոխզիջումային պլանը՚, ինչը, ըստ տարածված տեղեկատվության, ենթադրում է Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող ազատագրված տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանին, ադրբեջանցի փախստականների վերադարձ, փոխարենը ԼՂՀ կարգավիճակի հարցի հետաձգում՝ անորոշ ժամանակով:

-Իմ մոտեցումը եղել ու մնում է հետևյալը. ո՜չ սմերչներով, ո՜չ իսկանդերներով, ո՜չ էլ հազար ու մի թռչող անօդաչու սարքերով չի կարող ապահովվել երկրի անվտանգությունը: Միակ ճանապարհն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է, նրա միջազգային սուբյեկտ դառնալը, և վերջ: Միայն այդ կերպ Ղարաբաղը կլինի առավել պաշտպանված: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ցանկացած այլ կարգավիճակի պարագայում Արցախի ապագան կհանձնենք ճակատագրի քմահաճույքին:

Մի կարևոր բան եմ ուզում ասել. 90-ականներին այսքան ատելություն չկար միմյանց՛ երկու ազգեևրի միջև որքան կա այսօր: Հետևում եմ, թե ի՞նչ է կատարվում երկու երկրների լրատվամիջոցներում: Մեզ մոտ ավելի շատ խոսում ենք մեր զինվորների հերոսության մասին, թե ինչպե՞ս հայ զինվորը դաձավ քաղաքական գործոն՝ չեզոքացնելով առավել զինված պետության ռազմական ագրեսիան: Մինչդեռ Ադրբեջանում պետական մակարդակով հայերի նկատմամբ ընդգծված ատելություն է քարոզվում: Ադրբեջանական քարոզչությունը հակահայկական է: Հայ զինվորի կտրված գլուխը տեսնելով ադրբեջանցի ահելուջահել ծափահարում էին: Երբ ես օրերս Արցախում էի, ինձ այնպիսի բաներ պատմեցին ադրբեջանցի զինվորների կողմից կատարվածի մասին, որ նորմալ, բանական մարդու ուղեղում չի տեղավորվում, ինչպե՞ս կարող է նման բան կատարվել այս քաղաքակիրթ դարում: Ու երբ մեզ ասում էին, թե այս ժամանակահատվածը պետք է օգտագործվեր երկու ժողովուրդների միջև, մեկմեկու նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու համար, ես դա չեմ հասկանում, քանի որ համոզված եմ, ադրբեջանցու պարագայում դա ուղղակի հակացուցված է: Եվ դա իրենք ապացուցեցին, հատկապես, վերջին զարգացումների ժամանակ: Մենք գիտենք, թե ո՞ւմ հետ գործ ունենք, գիտենք, եթե ինչ-որ կարգավիճակով Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա հայ զինվորի գլխատված գլխի համար ծափահարողները ինչե՛ր կարող են անել արցախահայության հետ:

Այլ է գերտերությունների պարագան: Նրանք պետք է խաղան փոխզիջում ասվածի վրա (անգամ այդ բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև նայած, թե ո՞վ, ի՞նչ է հասկանում փոխզիջում բառի տակ):
Մենք դեռևս չգիտենք, թե Լավրովն ի՞նչ պլանով է գալիս Երևան: Գիտենք միայն այն, ինչի մասին խոսվում է Մոսկվայում, որ դա մադրիդյան սկզբունքների կազանյան տարբերակն է: Սա՞, թե՞ մեկ այլ ծրագիր է իր հետ բերում ՌԴ ԱԳ նախարարը, սպասենք, առաջ չընկնենք ու կարծիքներ չհայտնենք: Այսօր տարբեր կարծիքներ են հնչում, օրինակ, որպեսզի ՌԴ-ն տարածաշրջանը պահի իր ազդեցության գոտում, պետք է Ադրբեջանին ընդգրկի ԵԱՏՄ կազմում, իսկ որպեսզի դա տեղի ունենա, պետք է հայկական կողմին զիջումներ պարտադրի: Հասկանալի է, որ տարածաշրջանում գլխավոր խաղացողը Ռուսաստանն է, նաև հասկանալի է, որ Ռուսաստանի ձեռքում կա ղարաբաղյան խաղաքարտը, ինչը վերջինս կարող է նաև օգտագործել սեփական շահերն իրացնելու համար: Բայց դժվար է ասել, արդյոք ՌԴ-ն հենց այդ պլանո՞վ է գալիս, արդյոք հենց դա՞ ունի իր մտքում: Կարող ենք տարբեր ենթադրություններ անել, բայց եկեք չշտապենք: Ի վերջո, պետք է երկկողմ քննարկումներ լինեն:
Այնուհանդերձ, ծիծաղելի կլինի մտածել անգամ ԼՂՀ պաշտպանական գոտու հանձման, ադրբեջանցի փախստակաների վերադարձի ու դրանից հետո՝ երկու, երեք տասնամյակ անց միայն հնարաքվե անցկացնելու մասին:

-Այս իրավիճակում ո՞րը պետք է լինի հայկական կողմի քայլը. չէ՞ք կարծում, որ ենթադրվող բանակցություններին Հայաստանը պետք է գնա առավելագույն պահանջներով, հակառակ դեպքում անիմաստ կլինի մասնակցելը:

-Ցանկացած բանակցությանն առավելագույն պահանջներով գնալը դիվանագիտության այբուբենն է: Այո, որևէ փոխզիջման մասին չի կարելի խոսել, քանի դեռ հստակեցված չէ, թե ի՞նչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը:
Ո՞վ, ի՞նչ ուզում է ասի, պարտադիր է հաշվի առնել և՜ տարածաշրջանի առանձնահատկությունները, և ադրբեջանցիների մենթալիտետը: Սա Եվրոպա չէ, իսկ հայերն ու ադրբեջանցիները քաղաքակրթական տարբեր արժեհամակարգեր ունեցող ժողովուրդներ են: Ուրեմն, խոսել ԼՂՀ անվտանգության մասին առանց նրա անկախությունը ճանաչելու՝ հնարավոր չէ: Հիշենք Կոսովոյի օրինակը, քանի դեռ նրա անկախությունը չճանաչվեց այնտեղ համեմատաբար խաղաղություն չհաստատվեց:

Կան իրողություններ, որոնք պետք է հաշվի առնենք, կրկնում եմ, առանց դժգոհելու որևէ պետությունից, քանի որ տարածաշրջանային խաղացողներից ամեն մեկը նախ և առաջ իր շահերով է առաջնորդվում: Տեսեք, Արցախը որպես պետական միավոր շատ ավելի կայացած է, քան Կոսովոն, շատ ավելի պատրաստ է ճանաչվելու որպես անկախ պետություն, քան Կոսովոն, բայց Կոսովոն ճանաչեցին, իսկ Ղարաբաղը չեն ճանաչում: Սա գերտերությունների կողմից իրականացվող երկակի ստանդարտների քաղաքականության մի պարզ օրինակ է: Ուրեմն, ակնկալիքներ չպետք է ունենալ, որ տարածաշրջանային խաղացողներից որևէ մեկը կարող է մեզ օգնել՝ հակադրվելով իր իսկ շահերին: Իզուր չէ, որ այս օրերին բոլորիս մոտ միաժամանակ ծնվեց շատ կարևոր ձևակերպումը՝ մեր անվտանգության երաշխավորը մեր զինվորն է ու վե՜րջ: Էլ ինչի՞ մասին է խոսքը:

Մենք պետք է գիտակցենք, առաջին, այս պատերազմը մեզ ապացուցեց, որ այն կառույցներում, ուր մենք անդամ ենք՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, Ադրբեջանը չլինելով անդամ ավելի շատ կողմնակիցներ ունի: Խոսքս՝ Բելոռուս, Ղազախստանի, Ղըրղզստանի մասին է:

Երկրորդ, այս օրերին ես ռուսներից հաճախ լսեցի հետևյալ միտքը, թե Ադրբեջանն իրենց ռազմավարական դաշնակիցն է: Կարծում եմ նկատեցիք, երբ ռուսները խոսում էին հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններից անմիջապես շեշտում էին նաև Ադրեբջանի դաշնակից լինելու մասին, մի բան, ինչը նախկինում այսչափ ընդգծված չէր: Հիմա սա պետք է մենք գիտակցենք ու սառը դատենք իրավիճակը: Այսինքն՝ կարողանանք ճիշտ դիվանագիտություն իրականացնել: Իսկ դրա համար նախ պետք է ինքներս մեզ համոզենք հետևյալում, եթե հայ-ռուսական համագործակցությունից մենք շահում ենք, ապա կրկնակի անգամ շահում է Ռուսաստանը: Այս գիտակցումը պետք է հասցնել մեր ռազմավարական գործընկերոջը: Բայց, ցավոք այսօր մեր մեջ չկա այդ ընկալումը ու հաճախ մեզ ոչ թե ռազմավարական դաշնակից, այլ ռազմավարական վասալ ենք մատուցում: Սա խիստ վտանգավոր է: Մինչդեռ Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ այստեղ իր միակ ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է, ու եթե Հայաստանը չլիներ իր կողքին, արդյոք տարածաշրջանում Ռուսաստանը կունենա՞ր այն դերակատարոմը, որն ունի այսօր:

Օրերս Սերժ Սարգսյանը մի կարևոր հայտարարություն արեց, ասելով, թե քառօրյա պատերազմում պարզ երևաց, որ ի դեմս Թուրքիայի Ադրբեջանն ունի ռազմավարական դաշնակից, որն անգամ չի թաքցնում, ու պատրաստ է կանգնել սարսափելի վայրագություններ իրականացրած Ադրբեջանի կողքին: նաև նախագահը Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Մեդվեդևին նաև ասաց.ՙՑավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է՚: Ճշգրիտ ձևակերպում է, սրանով ամեն ինչ ասված է: Մենք իրատեսորեն պետք է գնահատենք իրականությունը:

Հիմա դասեր քաղելով կատարվածից՝ մենք պետք է կարողանանք որպես ռազմավարական գործընկեր մեր խաղաքարտերը ճիշտ օգտագործել: Պետք է մի նշաձող սահմանենք ու մեր ռազմավարական դաշնակցին պարզ ասենք՝ դրանից այն կողմ չպետք է անցնել, դրանից այն կողմ կոմպրոմիս չկա’:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն