Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ռազմատեխնիկայի քիչ լինելու մասին խոսակցությունները բամբասանք են

Ապրիլ 19, 2016թ. 12:55
Վահրամ Բաղդասարյան-1

Օրերս Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ մեկնել էին Արցախի Հանրապետություն, եղել մարտական դիրքերում` մեր զինվորների կողքին: Արցախ մկնած պատգամավորները նախընտրել էին իրենց այցին մասնակից չդարձնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ու, ինչպես ասում են, սեփական աչքով տեսնել, գնահատել իրավիճակը դիրքերում:

<<Հայոց Աշխարհ>>-ի խնդրանքով ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով ևս խմբի կազմում էր, պատասխանեց մեր հարցերին:

-Պարոն Բաղդասարյան, կան հարցեր, որոնք այս օրերին դարձել են մեր հասարակական մտահոգության հիմնական առարկան` չիջնելով սոցցանցերի կամ որոշ լրատվամիջոցների էջերից: Խոսքն այն մասին է, թե մեր բանակն անհրաժեշտ զենքով, տեխնիկայով ապահովված չէ, որոշ դիրքերում զինվորն անգամ անհրաժեշտ հագուստ չունի: Եղել եք դիրքերում, ձեր աչքով տեսել իրականությունը: Ի՞նչ կասեք մեզանում տարածվող նման լուրերի մասին:

-Մենք ևս, մինչ Արցախ մեկնելը, ունեցել ենք որոշ մտահոգություններ, սակայն դրանք ամբողջությամբ փարատվեցին Արցախ մեկնելուց ու մեր պաշտպանական դիրքերում գտնվեուց հետո: Համոզվեցինք` այն ինչ ասվում-խոսվում է, ընդամենը, չարակամություն է:
Ես զարմանում եմ այն լրատվամիջոցների ու այն անձանց, նաև քաղաքական գործիչների վրա, որոնք կեղծ լուրեր են տարածում: Ցանկանում են այս փայլուն հաղթանակը ստվերել: Այն, ինչ ասվում է մեր բանակի ուժի, մեր ռազմատեխնիկայի, իբրև թե, քիչ լինելու մասին` բանբասանքներ են:
Կարծում եմ, դրանք ինչ-որ ակունքներից են սնվում ու դրանով նպատակ ունեն մեր ներքաղաքական իրավիճակը խաթարել: Զարմացել են մեր ազգի միասնության վրա ու ցանկանում են խարխլել այն: Չի հաջողվի: Նմաններին կարելի էր շատ կոպիտ պատասխան տալ, բայց ես զերծ կմնամ դրանից ու բոլոր կասկածամիտներին ընդամենը կասեմ` նման լուրերը կեղծիք են, մենք ամեն ինչ ունենք, հայոց բանակը զենքի պակաս չունի:
Ադրբեջանը ցուցամոլի պես ցույց տվեց իր ունեցած-չունեցածը: Մենք չէինք կարող հավասարվել այդ ագրեսոր պետությանը, որի դեմ արդեն քննադատական սլաք է ուղղել միջազգային հանրությունը: Ի վերջո, սա նաև քաղաքականություն է, ու մենք պետք է մեզ այնպես դրսևորենք, որ հետագայում բանակցային սեղանի շուրջ մեր հստակ ասելիքն ունենանք: Եվ երբեք ագրեսոր Ադրբեջանի հետ չգտնվենք նույն հարթության վրա:
Կրկնում եմ, նման հայտարությունները մտացածին են: Իսկ իրականում մեր հնարավորությունները շատ մեծ են: Բազմիցս նշել ենք, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա դրա արդյունքում մեր բանակն այնպիսի հարված կհասցնի թշնամուն, որ դա նրա համար կլինի կործանարար:
Ու թշնամին թող իմանա, որ իր բոլոր քայլերին մենք ոչ միայն կարող ենք պատասխան տալ, այլև հակարահարձակ լինել ու կանխել նրա բոլոր մտադրություններն ու գործողությունները:
Մենք ուժեղ ենք և’ մեր սպայական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմով, և’ մեր զինվորների ամուր, հայրենասեր ոգով, բայց սրա հետ մեկտեղ նաև մեր տեխնիկական ու ռազմական հնարավորություններով:
Ի դեպ, ես նաև կուզենայի, որ այս մասին մենք ամեն պատեհ, ոչ պատեհ առիթով չբարձրաձայնենք:
Ունենալով բարձր ոգի ու ռազմական հզորություն ունեցող բանակ Հայաստանը, այնուհանդերձ, պատերազմ չի ցանկանում: Մենք` խաղաղ, բանակցային ճանապարհով հակամարտության լուծման կողմնակից ենք: Մեզ համար թանկ են մեր զինվորներից յուրաքանչյուրի կյանքը, ի տարբերություն մեր թշնամու, ում համար իր զինվորն արժեք չունի: Վարձկաններից ու տարբեր ահաբեկչական կազմակերպություններից հավաքվածներն Ադրբեջանի համար գրոշի արժեք չունեն, իսկ մեր մեկ հատիկ զինվորը, մեր երեխաները շա~տ-շատ թանկ են մեզ համար: Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շարունակվի բանակցային գործընթացը ու խնդիրը լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով:
Իսկ եթե թշնամին դա չհասկանա, հայկական բանակը պատրաստ է ցանկացած ուժգնությամբ հակահարված տալ նրան:

Հաճախ է բերվում Իսրայելի օրինակը. փոքր երկիր, որ մեզ պես շրջապատված է թշնամիներով: Բայց հրեաները ժամանակին գտան թշնամուն հաղթելու իրենց բանաձևը. ունենալ զարգացած ռազմաարդյունաբերություն, տնտեսական հզորություն, ու 20 տարում ձեթ ներմուծող երկրից դարձան զենք արտահանող երկիր: Մինչդեռ մենք նույնիսկ մեր ինտելեկտուալ ներուժն անհրաժեշտորեն չենք օգտագործում:

-Ես չեմ ընդունում, երբ Հայաստանն անվերջ համեմատում են Իսրայելի հետ: Ի վերջո, պետք չէ աչք փակել ակնհայտ բաների առաջ. բոլորը գիտեն աշխարհի հզոր երկրներին թելադրող հրեական լոբբինգի մասին, բոլորը գիտեն նրանց ֆինանսական հզոր հնարավորությունների մասին, որոնք, ի դեպ, այս տարիներին չէ, որ ստեղծվել են: Մենք դեռ այդ հնարավորությունները չունենք, սակայն մեր ներուժն օգտագործում ենք ու պատահական չէր այս հաղթանակը:
Երեք միլիոնանոց ժողովուրդը հաղթանակ տարավ իր առաջ կանգնած 10 միլիոնանոց պետությանը: Սա նշանակում է, որ մենք հաղթում ենք մեզանից տասնապատիկ անգամ մեծ բյուջե ունեցող, ռազմական հնարավորություններով մեզ գերազանցող երկրին, որն այդ ամենը ձեռք է բերել նավթադոլլարների հաշվին: Իսկ մեր հաղթանակները վկայում են հենց այն մասին, որ մենք օգտագործում ենք մեր ներուժը, մեր միասնությունը, մեր ոգին:

-Այս պատերազմը նոր պահանջներ դրեց իշխանության առաջ. ի վերջո, եկել է օրակարգը փոխելու ժամանակը, մեր երկրի ազգային անվտանգությունը խաթարող երևույթի` կոռուպցիայի դեմ իրական պայքարի ժամանակը:

-Մենք երբևէ չենք մերժել, չենք ժխտել, որ մեր երկրում կա այդ երևույթը, ու բազմիցս ենք ասել, որ անհրաժեշտ է արմատախիլ անել կոռուպցիոն վտանգը: Սակայն ես շատ կուզենայի, որ նրանք, ովքեր անվերջ խոսում են կոռուպցիայի մասին, մանավանդ դա բերում ու կապում են բանակի հետ, հնարավորություն ունենային տեսնելու, թե նման աշխարհաքաղաքական դիրքում, ոչ մեծ բյուջե ունեցող մեր երկիրն ինչպիսի հնարավորություններ է ստեղծել, իրականում ի?նչ կարևոր քայլեր է կատարել մեր երկիրն ու իշխանությունը: Տեսնելուց հետո միայն, կարծում եմ, կոռուպցիայի մասին անվերջ խոսողները կհասկանան ու ճիշտ կգնահատեն իրականությունը:
Բնական է, որ հետայսու առավել պետք է լինենք զգոն, որովհետև համոզվեցինք, որ թշնամին անկանխատեսելի է, ու պետք է մշտապես լինի վերահսկելի: Ադրբեջանը չի թաքցնում իր իրական նպատակները` Հայաստանն ու հայ ժողովրդին ոչնչացնելը, Թուրքը միշտ էլ նույն կերպ է խոսել ու դա մեզ համար նորություն չէ, նման հոխորտանքներին վայրահաչություններին պետք չէ ուշադրություն դարձնել: բայց պատմությունն էլ շատ բան է հուշում, շատ հզոր երկրներ են եկել ու անցել, իսկ հայը կա ու կշարունակի լինել:

Ա.Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն