Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը

Մեր զինվորներն ու ազատամարտիկներն արդեն ապաքինվում են

Ապրիլ 18, 2016թ. 20:35
նամակ

Լրագրող ընկերներիս հետ այցելեցինք “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն մեր վիրավոր զինվորներին այցելության: Տեղեկացանք, որ մեր զինվորներից շատերն արդեն ապաքինվել ու հիվանդանոցից դուրս էին գրվել:

զինվոր-Վաժիկ համբարյանՈւզում եմ արագ ապաքինվել ու հասնել ընկերներիս

Հանդիպեցինք 1996 թվականին ծնված վանաձորցի Վաժիկ Համբարյանին: Վաժիկը ոտքից էր վիրավորվել, Մատաղիսում: Զինվորական գաղտնիքներից բան չհասկացող լրագրողներս, երբ խնդրեցինք մեր զինվորին նկարագրել, թե ո՞ր մասում են գտնվում իրենց դիրքերը, 20- ամյա զինվորը ժպտաց, պառկած տեղից փոքր-ինչ վեր ելավ ու կտրուկ ասաց. <<Չէ, մանրամասնորեն ոչինչ չեմ կարող ասել` ռազմական գաղտնիք է>>:

Ու հետո, երբ մասնագիտական համառությամբ նորից հարցերի տարափ տեղացինք` որտե՞ղ, ո՞նց, ե՞րբ պատահեց, մեր զինվորը նախ մտքում <<մաղեց>> ասելիքը չասելիքից, գաղտնիքները մի կողմ թողեց ու զգուշորեն պատմեց կատարվածը: <<Ուշ ժամի տագնապ եղավ: Գնացինք: Ես վիրավորվեցի… ոտքից և մեջքից: Չզգացի, թե ինձ ոնց են գումարտակ տեղափոխել>: Այսքանը, վերջ: Այսչափ քչախոս ու համեստ են մեր հերոս տղաները, իրենց մասին գրեթե ոչինչ ասել չեն ուզում, ու բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխանը.<<Մեր հայրենիքն ենք պաշտպանում>>:

Փոխարենը, Վաժիկը ցավով պատմեց, որ կորցրել է իր երիտասարդ հրամանատարին` Հովսեփ Կիրակոսյանին: Միտքը շարունակել չկարողացավ, հուզված էր, մայրը` Իրինան լրացրեց. <<Հովսեփ Կարպետյանը երիտասարդ էր` 27 տարեկան, փոքրիկ երեխա ուներ: Հուղարկավորության օրը փոքրիկը տատին սփոփելով ասում էր` տատիկ ջան, մի լացի, պապան թուրքերին կսպանի ու կգա>>: Ու արցունքները թափվեցին Իրինայի աչքերից…
Վաժիկը հիվանդանոցում պառկած, սակայն շատ լավ տեղեկացված էր ընկերների մասին: Ասաց` կապ ունի դիրքերում կռվող տղաների հետ, ու նրանցից տեղեկացել է, որ հանգիստ է. <<Կարևորն այն է, որ արդեն խաղաղ է: Ընկերներիս հետ խոսում եմ, ամեն ինչ լավ է>>: Իսկ այս պահին մեկ ցանկություն միայն ունի. <<Ուզում եմ արագ ապաքինվել ու հասնել իմ ընկերներին>>:
20-ամյա զինվորի մայրը առողջություն մաղթեց բոլոր զինվորներին, ասելով.<<Թող գան` թեկուզ վիրավոր>>:

ՄկոՄկոն կյանքը սիրող տղա է, բայց նաև չի վախենում կյանքը հայրենիքին տալուց

Հիվանդանոցի մեկ այլ բաժնում պառկած էր 1995 թվականի ծնված, 21-ամյա Մկրտիչը: 15 ամիս է, որ Մկրտիչը ծառայում էր <<Եղնիկներում>>, երբ տեղի ունեցավ թշնամու գրոհը:Մեր մյուս բոլոր զինվորների պես Մկրտիչն էլ քչախոս է ու համեստ: Բայց երբ խոսք գնաց թշնամու վախկոտությունից` աչքերը փայլեցին, ժպտաց ու ասաց. <<Դրանք շատ վախկոտ են: Միայն մի քիչ ուժ են հավաքում, երբ շատվոր են լինում>>:
Իր մասին պատմեց, թե ապրիլի 4-ին է վիրավորվել, ափսոսաց նաև իր 4 ընկերների համար, որ նույն պահին իր կողքին են եղել ու նորից վիրավորվել:
Մկրտիչը, կամ ինչպես ինքն է սիրում, որ իրեն անվանեն՝ Մկոն, մասնագիտությամբ լուսանկարիչ է: Մինչ բանակ մեկնելը զբաղվել է իր սիրելի աշխատանքով: Մեր այցելության օրն էլ ավելի սիրով իր սիրելի արվեստից էր պատմում, որովհետև հոգին խաղաղության է ձգտում:
Երազում է պատերազմի ավարտի, Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող վտանգի վերացման, Արցախը հայկական պետություն ճանաչվելու մասին, որ ինքը լուսանկարի ոչ թե պատերազմը, այլ կյանքը` իր բոլոր հմայքներով:
Մեր զինվոր Մկոն կյանքը սիրող տղա է, բայց միևնույն ժամանակ չի վախենում կյանքը հայրենիքին տալուց: Այդ մասին հետո <<խոստովանեց>>, երբ պատմում էր, որ վիրավորվելուց հետո վախի որևէ զգացում չի ունեցել:
Փորձությունները կոփել են մեր զինվորին: Մայրը, տիկին Սեդան, սիրելի որդու աչքերում անգամ նկատել է այդ փոփոխությունը, մեզ հետ զրւոյցում նա կրկնում էր, ռազմի դաշտից իր հումորասեր որդին փոխված է վերադարձել՝ ավելի հասունացած, կոփված, ժպիտն էլ առաջվա պես չի շռայլում: Բայց դա ոչինչ, կարևորն այն է, որ իր տղան կապաքինվի: <<Որդիս աջ կրծքավանդակի ներքևի մասից է վիրավորվել, բարեբախտաբար, ոչ մի ներքին օրգան չի վնասվել, միայն ողի ոսկորը>>,- ասաց մայրը: Հետո մոտեցավ պառկած որդուն, ներքնահագուստի տակից հանեց վզից կախված խաչը. <<Այ, էս խաչն է որդուս պահապանը: Խաչն է որդուս փրկել>>: Ու աչքերը լցվեցին արցունքներով:

Հետո բոլոր հայ մայրերի պես աշխարհին խաղաղություն կամեցավ:

լեռնիկԵրեք սերունդ ` պապը, հայրն ու թոռը կողք կողքի դիրքերում

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի լուրն առնելուն պես բազմաթիվ կամավորականներ շտապեցին Արցախ` դիրքերում կանգնելու մեր զինվորի կողքին ու իրենց փորձառությամբ նեցուկ լինելու նրանց:
Արցախյան ազատամարտի մասնակից, Գեղարքունիկ մարզի ԵԿՄ անդամ Լեռնիկ Գևորգյանը Արցախ մեկնած կամավորականներից մեկն է:
Պատմում է` գնացել էր <<Ջերմուկ>> առողջարանում հանգստանալու, ընդամենը երկու օր էր անցել, Աշոտը` հրամանատարը զանգել ու ասել է` սահմանին վիճակը շատ վատ է, պիտի գնանք:
Այսքանն արդեն բավանակնն էր, Լեռնիկ Գևորգյանին այլևս հնարավոր չի լինում առողջարանում պահել, շտապում է վերադառնալ Կարմիր: Երեկոյան արդեն ուսապարկը պատրաստ էր: Ջոկատի 40 ազատամարտիկները մեկ մարդու պես մեկնում են Արցախ. <Ամսի 3-ին արդեն Մարտակերտում էինք>>:

Ազատամարտիկի թոռնիկը ևս ծառայում է Հայոց բանակում` <<Եղնիկներ>> զորամասում: Պապ ու թոռը դիրքերում, կողք կողքի կանգնում են թշնամու դեմ: Տեղեկացանք, որ նաև Լեռնիկ Գևորգյանի եղբայրն ու փեսան են այս պահին գտնվում են առաջնագծում: Ասում է` <<Ամբողջ ընտանիքով ենք թուրքի դեմ կռվում>>:

<Շտաբում էինք, պատրաստվում էինք դիրքեր բարձրանալ, վերևից հայտնվեց թշնամու անօդաչու սարքը ու... կողքիս տղան հարվածից մահացու վիրավորվեց, հրամանատարիս ոտքը վնասվեց: Թե ինձ ինչպես է լուսամուտից դուրս գցել` չեմ հիշում, չեմ զգացել>>:

Երբ հիվանդանոցում էինք Արցախից զանգ եկավ, ազատամարտիկի թոռնիկն էր, Արտակը: Հուզիչ էր պապի ու թառան զրույցը.<<Ոնց ես ցավդ տանեմ, առողջ եղիր, ամբողջ Հայաստանը կանգնած է, ամբողջ երկրապահը ձեր մեջին կանգնած է, վաղը նորից հին կռվող տղերքը գալու են, բոլորը ոտքի են ելել, գալիս են փոխարինելու, չմտածես>>: 20 ամյա թոռանը հույս տվեց 70 անց պապն ու աչքերը խունացան. <<Թոռնիկս ծառայում է բանակում, ես իմ Արտակի ու իմ հայրենիքի համար մեկնեցի դիրքեր>>:

Ազատամարտիկ Լեռնիկ Գևորգյանը գլխից ծանր վիրավորվել է, ձախ աչք գրեթե չի տեսնում, բայց անգամ այդ վիճակում ասում է` <<Ելնեմ ոտքի, էլի դիրքեր են գնալու>>: Բժիշկներից էլ մեկ խնդրանք ունի` էնպես անեն, որ աչքը գոնե 50 տոկոսով տեսնի, ո?նց կլինի, որ թուրքի գնդակից էդ վիճակում մնա <<Ես դեռ դիրքեր պիտի գնամ` թոռնիկիս մոտ>>:

Հրամատար Աշոտի ոտքը հեռացրել են, Լ. Գևորգյանը դրանից շատ էր նեղված., հաճախ էր մեր զրույցն ընդհատում ու կրկնում,<< Շատ-շատ դժվար է ինձ համար, որ իմ հրամանատարը վիրավոր է, ինքն էնքան լավ տղա է, հին կռված տղերքից է, Գեղարքունիկի ԵԿՄ նախագահն է, բոլորի կողմից սիրված, հարգված անձանավորություն>>:
Այս ամենից հետո Լեռնիկ Գևորգյանին հարցրինբք. Ինչ կասի <<ֆեյսբուքներում անվերջ տարածվող>> մտքից, թե մեր ժողովրդի սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ ոչ ոք անգամ ազատամարտիկները, պատերազմի վերսկսման դեպքում, չեն մեկնի հայրենիքը պաշտպանելու, 74 ամյա ազատամարտիկը այնպես բարկացավ, որ անգամ փոշմանեցի տվածս հարցից. <<Դա բացառվում է: Մեր ժողովուրդն ուրիշ է: Ումից, ինչքան էլ նեղված լինենք, մեկ է, մենք մեր երկիրն ենք պահում ու մեր տունը: Թուրքը փողի համար է կռվում, մենք մեր տան ու հայրենիքի: Ու սաղ խոսակցությունները էստեղ ավարտվում են>>:

Պատվոգիր

նամակԼեռնիկ Գևորգյանը պարգևատրվել էր <<Տիգրան Մեծ>> շքանշանով:

Պատրաստեցին
Ա. Սիմոնյանը
Թ. Ասլանյանը
Մ. Եսայանը

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն