Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իմ թոռան սերունդն այսօր ապացուցեց, որ ինքը նույն ժառանգական կոդի կրողն է

Ապրիլ 18, 2016թ. 19:34
Ալվարդ պետրոսյան

Հարցազրույց գրող, հրապարակախոս ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

-<<Ես՝ մեղավորս, երկար ժամանակ մտածում էի, որ մեր երկրում տիրող անբարո մթնոլորտում անցյալ պատերազմից, երբ ազատամարտիկներից շատերը նույնիսկ կիսաքաղց էին ու ցույցեր էին անում մի կտոր հացի, արդյո՞ք, եթե Աստված մի արասցե, նոր պատերազմ սկսվի, պատրաստ կլինեն իրենց կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի: Ես անչափ երջանիկ եմ, որ չարաչար սխալվել եմ՝ վկա լինելով մեր ազգի հրաշք համախմբմանը>>: Սա Պերճ Զեյթունցյանի օրերս արած <<խոստովանությունն է>> սեփական մտավախության մասին, ինչը, ցավոք շատերի մոտ կար, ու թերևս դա է պատճառը, որ Արցախի շուրջ մեր ազգային համախմբումը շատերին է զարմացրել: Դուք և՞ս ունեցել եք նման մտավախություն:

-Ճիշտն ասած, ես էլ եմ ունեցել, բայց ոչ այդքան ահասարսուռ, ինչպես Պերճ Զեյթունցյանը, գուցե նրա համար, որ ես շատ կապված եմ եղել նաև նախկին ազատամարի սերնդի հետ, ու մի քիչ ավելի լավատես էի: Բայց ես, բացի նրանից, որ հիմա հիացած եմ արցախյան հաղթանակներից հետո մեր ժողովրդի հոգևոր երկրորդ զարթոնքից, ես ինձ երջանիկ եմ համարում, որ այս հազվադեպ երևույթի ականտեսն ու մասնակիցը եղա: Մենք այսօր ներկա ենք հեգելյան ՙբացասման բացասման՚ դասական օրենքի իրագործմանը, երբ մեր ցանած սերմերն առողջ ծիլ են տալիս: Այսինքն` իմ թոռան սերունդը, քանի որ 90-ականների սկզբին իմ երեխայի սերունդն էր պատերազմում, այսօր ապացուցեց, որ ինքը նույն ժառանգական կոդի կրողն է , նույն խնդիրներն ու պահանջներն ունի, նույն արժանապատվությունն ու հպարտությունը: Դրանից ավելի մեծ բան մարդը չի կարող երազել: Երբ մարդ որդիներ, ժառանգներ է ունենում, ուրեմն ինչ-որ ծրագրեր, տեսիլքներ ունի չէ՞,(բոլորն ասում են տեսլական, ես ուզում եմ ասել նաև տեսիլք) ու հանկարծ մենք տեսնում ենք մեր տեսիլքը իրագործված, դա մեր հրաշք սերունդն է:

Բոլորը չէ, որ մասնակից են այս խանդավառությանը, միշտ էլ փոքրամասնությունն է առաջ տանող ուժը ու այդ փոքրամասնությունը, քանակական առումով, այսօր զարմանալի մեծ է: Կատարվեց մի բան, որը չեմ կարող ասել 88-ականների դեպքում. կային պարապ մարդիկ, որոնք պարզապես կատարողներ էին, բայց որ բոլորը նաև նույնքան կատարող են, որքան լիդեր` դա ֆանտաստիկ բան է: Մի խոսքով` մի չքնաղ երևույթ է: Այսօրվա պարապ աշխարհում, այս նիհիլիզմի, այս ճոխության ու դաժանության մթնոլորտում մեր ժողովուրդն ունի սիրո անսահման պաշար ու բռնկում առ հայրենիք, որն իրոք ֆանտաստիկ երևույթ է:

-Բուլղարացի գրողներից մեկը տեղեկանալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ու Արցախի շուրջ հայության համախմբման մասին, զարմացած գրել էր` հայ ազգն այս օրերին իր միասնականությամբ ստացավ աշխարհում բացառիկ ազգ լինելու հաղթական վկայական, երանի իմ ժողովուրդն էլ լիներ նույնքան համախմբված: Ինչպես միշտ` այս անգամ էլ` օտարը տեսավ ու օտարը գնահատեց մեզ:

-Ինչքան էլ մարդը լինի գեղեցիկ կամ տաղանդավոր միշտ անդրադարձի օրենքով է առաջ շարժվում: Այսինքն` հայելային անդրադարձով մեկը պետք իրեն ասի` դու, ախր, շատ գեղեցիկ ես, շատ տաղանդավոր: Ու օտարներն են այդ դերը կատարում: Մենք ինքներս մեզ անընդհատ չենք կարող ասել` վա~յ, ի~նչ սիրուն ենք, ի~նչ տաղանդավոր ժողովուրդ ենք, որովհետև դա կլինի ծիծաղելի, իսկ մեր ազգին դա պետք չէ:

Բայց սրանով հանդերձ, մենք պետք է շատ ու շատ ուշադիր լինենք մեր ժառանգությունը պահպանելու հարցում, հասկանանք (չնայած մի քանի հարզար տարի դրա ապացույցներն անընդհատ ստացել ենք), որ մենք աշխարհի ազգերից մեկ ենք, բայց մենք յուրօրինակ ենք նաև ճակատագրով, ու սա չի նշանակում գերակայություն ուրիշների հանդեպ: Սեփական ազգը սիրել չի նշանակում ստորացնել ուրիշներին: Մենք գնահատում ենք իտալացիներին էլ, պարսիկներին էլ, բայց մենք պետք է կարողանանք մեզ սիրել, ուրիշներով հիանալը, այլասիրության դոզան մի քիչ շատ է եղել մեզ մոտ: Հիմա մենք պետք է կարողանանք նաև հասկանալ, որ այսքան պատմություն անցնելուց հետո ինչ-որ մի թանկարժեք միջուկ, կորիզ կա մեր մեջ, որը պետք է անաղարտ պահպանենք: Եվ կյանքը նորից մեզ ապացուցեց, որ այդ կորիզը շա~տ առողջ ու լավն է, շա~տ թանկարժեք է: Մենք պետականորեն պետք է կարողանանք այդ կորիզը առողջ պահել: Պետականորեն պետք է գուրգուրենք այս սերնդին: Պիտի ճշգրիտ ընտրություն անեք, եթե իմ երեխան տաղանդավոր չէ, հարևանիս երեխան ավելի տաղանդավոր է, ես չպետք է նրան ոչնչացնեմ` իմ միջակին առաջ մղելու համար: Այս բաները պետք է մի քիչ ուրիշ` սթափ հայացքով գնահատենք:

-Թշնամին դաժանորեն խոշտանգեց զոհված հայ զինվորների դիակները, աշխարհին ցույց տալով իր ահաբեկիչ դեմքը. Ադբեջանում այսպես են զինվոր ու հասարակություն դաստիարակում: Իսկ ի՞նչ ենք անում մենք, ճիշտ հակառակ պատկերն է մեզանում.<< իրավապաշտպանները>> լրագրողներիս նույնիսկ քննադատում են <<թշնամի>> բառն օգտագործելու համար, դա ոչ մարդասիրական համարելով, իսկ իրենց պես չմտածողներին հեգնում` <<ռազմահայրենասիրական>> որակելով: Աղանդավորներն իրենց հերթին են եղբայր ադրբեջանցիների քարոզն անում: Մինչև ո՞ւր:

-Ես արհամարում եմ դրանց: Մի օրինակ բերեմ. խավարամոլիկներով լցված սենյակի լույսը երբ վառվում է, դրանք փախչում են: Իսկ խավարամոլիկները մեր մեջ շատ չեն, եթե շատ լինեին, այս զարթոնքը չէինք տեսնի: Դրանք այնքան ոչնչություն են, այնքան քիչ են, բայց դա չի նշանակում, որ մենք դրանց պետք է ազատ թողնենք: Ո’չ: Ի՞նչ ենք անում, երբ խավարասեր ենք տեսնում, ոտքներս դնում ու ճզմում ենք, չէ՞, փորձում ոչնչացնել:
Տեսա՞ք, թե այս օրերին ոնց էին դրանք լռել, որովհետև խավարամոլիկ են, ու լույսից փախել էին: Եթե մենք այդ լույսը տարբեր իրավիճակներում, միշտ, բոլոր ոլորտներում վառ պահենք` նրանք ոչինչ չեն կարող անել: Ի վերջո, Թոնդրակյանների, Պավլիկյանների շարժումներ են մեզանում նաև եղել, մենք հին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ ենք, ամեն ինչ տեսել ենք ու կարողացել դրանց դեմ պայքարել, հիմա էլ կպայքարենք: Փառք Ասռծո եկեղեցին է մեր կողքին է:

-Ընդամենը ամիսներ առաջ արտաքին պատվեր ստացած ինչ-որ հկ-ներ պայքարում էին, որ հայոց բանակից հեռանան հայ հոգևորականները, որոնք այսօր մեր զինվորի կողքին են` թե’ զենքով, թե հոգևոր նեցուկ լինելով նրան:

-Հայ հոգևորականը միշտ եղել է իր ժողովրդի հետ, նրա կողքին: Մեկին հավանում ենք, մյուսին անուն կպցնում, բայց մեր եկեղեցու արմատը, կորիզը շատ առողջ է: Ես շատ էի հուզվել, որ մեր երկու կաթողիկոսները վեր կացան ու միասին գնացին Արցախ: Սա պատմական իրողություն է:

-Բանակը, մեր զինվորը ամուր են, եթե ամուր է թիկունքը, ու սա պարզ ճշմարտություն է: Բայց մեզանում քիչ չեն թիկունքը թուլացնող երևույթները: Այսօր մեծ է համախմբվածության ոգևորությունը, բայց դրա հետ մեկտեղ ժողովրդի մեջ նաև վրդովմունքի ալիք կա. մարդիկ տեսնում են անձնազոհաբար հայրենիքը պաշտպանող զինվորների սոցիալական ծանր վիճակը ու այն համադրում կառավարության անիմաստ ծախսերի, շռայլությունների, պետական պաշտոնյաների շքեղ առանձնատների հետ: Տեղին հարցադրում է հնչում` հզոր համախմբման ունակ ժողովուրդն արժանի է՞ նման վերաբերմունքի:

-Այս պատերազմը հնարավորություն պետք է տա բարձր իշխանություններին, որոնք ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, իրականացնել այդ պայքարը: Այսպես ահլևս չի կարող շարունակվել: Նաև պետք է պայքարել զեխության դեմ: Մեր ամբողջ մշակույթը ասկետիկ, ժոժկալ, զուսպ, հպարտ, հզոր մարդկանց մշակույթ է: Մեր ճարատարապետության, գրականության, երաժշտության, մեր բարձր մշակույթի մեջ չկա ոչ մի ավելորդ նիհիլիզմ, ոճավորում, զիզի- բիզի բաներ: Անին տիեզարական քաղաք է, նրանում չկա մի ավելորդ քար, կատարյալ ճարտարապետություն է, կատարելություն է մեր միջնադարյան երաժտությունը, տաղերը, շարականները: Ու այս ամենի ստեղծողը հայ ժողովուրդն է, որին չի կարելի չգնահատել:

Իսկ պերմամանենտ պատերազմի մեջ գտնվող ժողովրդի համար մերժելի են անճոռնի խաղատները, դղյակները, ճոխ մեքենաների լկտի ցուցադրումը: Այդ բոլորն այնքա~ն սարսափելի են: Ես կարծում եմ ու վստահ եմ, որ իշխանությունը պետք է օգտվի այս պահից ու հատուկ, պետականորեն պայքարի այս ամենի դեմ:

Երկակի ստանդարտներ են քանդում մեր տունը, բարոյականությունից խոսում են մարդիկ, որոնք հենց իրենք իրենց քշած մեքենայով, իրենց ապրած տներով, իրենց պահվածքով են դա բացառում:
Մեր ժողովրդի այսօրվա սխրանքի, սիրո նժարն այնքա~ն ծանր է, որ իշխանությունները պետք է կարողանան օգտվել ու ջարդել կոռուպցիոներների ու խավարամոլիկների գլուխը: Ես այն կարծիք չեմ, որ մարդիկ տաղանդով ու իրենց վաստակով հավասար են, այն կարծիքին չեմ, որ մեր իշխանավորները պետք է աղքատների նման ապրեն, գործարարները փող չաշխատեն: Բայց կա չափի զգացողություն, և մեր ժողովուրդն այդ չափն ու ճաշակը պարտադրում է իշխանությանը:

Արտագաղթում են ոչ այնքան սոցիալական ծանր վիճակից է, որքան անարդարությունից, անհավասարությոնից: Այս չորսօրյա պատերազմի ժամանան մի սքանչելի հումոր լսեցի` միակ ժողովորրդն ենք, որ խաղաղ ժամանակ արտագաղթում է, իսկ պատերազմի ժամանակ` ներգաղթում: Ֆանտաստիկ ժողովուրդ ենք, բայց ի՞նչ անեք, որ փողը հիմնականում ոչ ֆանտաստիկ մարդկանց ձեռքին է հայտնվել: Բայց նրանց մեջ էլ լավերը կան: Հուզվեցի, երբ իմացա, որ Ռուսաստանից մեքենաների շարասյուն է եկել Արցախին օգնության:

Հենց մի բան է լինում մեր սփյուռքը գոտին ձգած բոլորին օգնում է,
դեռ նախկին պատրազմի ժամանակից սկսած ի~նչ զոհողությունների ասես, որ չգնաց, ես որպես ՀՕՄ ներկայացուցիչ դա շատ լավ գիտեմ, ինքս էլ եղել եմ այդ դրամահավաքի մասնակիցը: Հիմա շատ կարևոր է մեր ազնիվ վերաբերումունքը տրվող դրամներին: Մենք հրեա չենք, շատ փողեր չունենք, աղքատ չենք, բայց այդքան հարուստ էլ չենք ու մեր տրվածը զոհաբերություն է` պետք է կարողանանք շատ ազնիվ փոխանցել: 90-ականներին որոշ ավազակներ Հայաստանը շատ վարկաբեկեցին, այսօր մեր ազնիվ պահվածքով պետք է կարողանանք սփյուռքին մոռացնել տալ այդ ամենը:

Շուտով կտպագրվի իմ էսսեն` <<Հիշիր>> վերնագրով: Պարզ հարց եմ տալիս, իսկ պատերամն ավարտվե՞լ է, չէ՞ որ մենք անվերջ պատերազմի մեջ ենք: Մեր նման փոքր երկիրը պետք է անըդհատ հիշի իր երկու ոխերիմ հարևանների մասին: Մեր պատմական հիշողությունը չի կարող ջնջվել: Ուրեմն, մեր երկրում ամեն ինչ պետք է ենթարկվի այդ կարգապահությանը: Մեզանից յուրաքանչյուրը, իշխանավորն էլ մեզնից մեկն է, ոչ թե պետք է դեպքից դեպք պերճ բառերով խոսի, այլ փոփոխությունը սկսի ինքն իրենից ու իր գործով: Ասում ենք` աշխարհում պետականորեն առաջին քրիստոնեություն ընդունած ժողովուրդ ենք, բայց չգիտեմ այդ պատվիրաններից որո՞նք ենք հիշում ու կատարում:

Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում կամ մեզնից քիչ հեռու քաղաքակրթությունների պայքար է, Եվրոպայում կա՞ այդ գիտակցումը:

-Կաթոլիկ աշխարհը որքան էլ մեծ է, հասկացավ, որ շատ խոցելի է, ու դա նրանց հուշեցին սիրական դեպքերը, հասկացան, որ պետք է կարողանան պաշտպանել իրենց, կարողանան քաղաքակրթությունն ու գազանությունը տարբերել: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իսլամական մշակույթին ու քաղաքակրթությանը, մի ամբողջ ՙծով՚ կա՝ արաբական, պարսկական բարձր քաղաքակրթության կրողներ են: Բայց գոյություն ունի նաև դաժան, հրեշավոր <<միջուկ>>, դա <<Իսլամական պետություն>> կոչվածն է: Մենք տեսանք, թե ինչպես ավերեցին Սիրիան, Իրաքը: Ու եթե արդար լինեն, ապա պետք է նաև հիշեն, թե ի՞նչ արեցին առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, պիտի հիշեն, թե այդ նույն թուրքերի հետ նաև ովքե՞ր էին դաշնակցում:

Այսինքն, քրիստոնյա աշխարհը քիչ-քիչ ուշքի է գալիս, Եվրոպան ստիպված է ուշքի գալ, հասկանալ՝ ի՞նչ է կատարվում իր հետ: Հիմա, այս ընթացքում իրենք դեռ վերջնականապես չեն հասկացել, որով Քյոլնում գերամանացի հզոր տղերքը դեռ չեն կարողանում իրենց բռնաբարվող աղջիկներին, քույրերին պաշտպանել, իսկ մենք 25 տարի առաջ հասկացանք, որ պիտի կարողանանք ինքներս մեզ պաշտպանել: Այսինքն՝ մենք 25 տարով իրենցից առաջ ենք՝ մեր հազարամյակների պատմական փորձառությունն էլ իրենց նվեր: Իսկ 25 տարի առաջ մի հզոր ճշմարտություն հայտնաբերեցինք՝ մեր պաշտպանը մենք ենք: Սովետական այնպիսի բարդույթից՝ հոմոսովետիկուսից մենք ազատագրվեցինք, ինչ-որ մի վիրտուալ կարմիր բանակ էր, եկավ, <<Oղակ>> օպերացիան արեց, ու մենք կորցրին Գետաշենը, Շահումյանը: Եվ հասկացանք, որ մենք ենք մեզ պաշտպանելու:

-Խոսում ենք ռազմավարական դաշինքներից, բայց ճիշտ ե՞նք ընկալում դաշինքային հարաբերությունները, շատ չե՞նք ապավինում օտարի դաշնակցային օժանդակությանը, եթե անգամ այդ օտարը մեր <<ռազմավարականն>> է: Ու հետո շատ չե՞նք նեղվում, վրդովվում մեր սպասածը չստանալու համար:

– Վերջերս ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մի հրաշալի միտք էր գրել. ՙՄեր սահմանները պաշտպանում են ու մեր սահաններին զոհվում են մեր հայ զինվորները՚: Այսինքն՝ օտարները մեզ չեն պաշտպանում: Սա եթե ամեն օր գիտակցենք, հասկանանք է՜լ ավելի կսիրենք մեր զինվորներին, է՜լ ավելի ուշադիր կլինենք մեր երկիր նկատմամբ, ու շատ չենք նվնվա: Երբեմն էնպես ենք նվնվում, կարծես ամբողջ աշխարհը դրախտ է, մենք էլ դժողքում ենք ապրում: Իր բոլոր բացթողումներով, իր բացասական երևույթներով հանդերձ, մեր երկիրն այսօր ամենից խաղաղ ու ազնիվ հանգրվանն է աշխարհում: Ես այդպես եմ մտածում:
Ինչ վերաբերում է դաշինքներին. Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը նկատի ունեք, այդ ռազմավարական դաշինքը մեզ համար համադարման չէ: Կարող ենք շատերի հետ դաշինք կնքել, բայց մեր տունը մենք ենք պահում ու պահելու, մենք ենք մեզ պաշտպանելու:

Դաշինք ասածը նշանակում է հավասարը՝ հավասարի: Մարդկային ընկերության մեջ էլ է այդպես, երբ կա պարտադրանք, երբ մեկը սկսում է մյուսին դիկտատի տակ պահել, վերջանում է ընկերությունը: Նույնը քաղաքական հարաբերություններում է: Ես տարիներ շարունակ, նաև ՙՀայոց Աշխարհ՚-ում, գրել եմ՝ որքան Ռուսաստանն է մեզ պետք, նույնքան, գուցե մի քիչ ավելի, մենք ենք իրեն պետք, որովհետև Ռուսաստանի քաղաքական ախորժակը շատ մեծ է, ինքն ավելի շատ է մեր կարիքն զգում, որովհետև ուրիշ ոչ ոք չունի այստեղ:

Օրեր առաջ Վլադիմիր Սոլովյովն իր հարցազրույցում բոլորին հիշեցրեց, որ Ղրիմի հարցում միայն Հայաստանն ու Բելոռուսը ՄԱԿ-ում կողմ քվեարկեցին Ռուսաստանի դիրքորոշմանը: Մնացածը դեմ եղան: Այս ամենը ռուսները պետք է հիշեն, իսկ մենք չմտածեն, որ մեր կենտրոնը Կրեմլն է, մենք դաշնակիցներ ենք, հավասարը՝ հավասարի: Ու եթե չկարողանանք մեր արժանապատվությունը պահել՝ շատ հեշտ է ստրուկի վերածվելը: Ուրեմն, պետք է ազատագրվենք սովետական ստրկմատությունից, կարողանանք արժանապատիվ կեցվածքով վերաբերվել մեր դաշնակցի հետ: Փառք Աստծո՝ ես դա տեսնում եմ: Բոլորովին այն կարծիքին չեմ, որ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, հրաժարվենք Ռուսաստանից, բայց ես ուզում եմ մեր հարաբեություններում՝ մշակութայինից սկսած մինչև պետական, տնտեսական, քաղաքական, մեզ պահենք հավասարը՝ հավասարի:

-Ի՞նչ կասեք տեղական արևմտամետների ու ռուսամետների մասին. մեկն առիթը բաց չի թողնում խոսելու Ռուսաստանից պոկվելու մասին, մյուսն իր հերթին չի դադարում պնդել՝ առանց ՌԴ-ի այս տարածաշրջանում կկորչենք: Ստացվում է՝ մեր ներքին իրողությունները վերլուծվում, գնահատավում են հիմնականում այս թևերի տաք հակադրության մեջ, ուր հաճախ խլանում են հայամետ դիրքորոշումները:

-Ո՞նց չեն լսվում, բա մեր զինվորների հերոսությունը, իմ ու իմ նման հազարավորների ձայնը ինչպե՞ս չի լսվում: Այն, ինչ կատարվում է՝ նոր բան չէ, էս լուսնի տակ ոչ մի նոր բան չկա: Առաջ էլ բուզանդամենտ էին, կամ պարսկամետ, Տիզբոն էին վազում կամ գնում Հռոմ: Սա անվերջ եղել է: Հիմա եկել է ժամանակը, որ հասկանանք, Տիզբոնն էլ չկա, Հռոմն էլ չկա, բայց հայերը կան: Մենք գնահատում ենք իտալացիներին պարսիկներին, բայց մենք պետք է կարողանանք մեզ սիրել, իսկ մեզ մոտ մի քիչ շատ է եղել ուրիշներով հիանալը, այլասիրության ՙդոզան՚ շատ է եղել: Ուրեմն, մի քիչ ավելի հարգենք մեզ, նույնիսկ արևմտամետ կամ ռուսամետ լինելով սիրառատությամբ կուրծքներս չճաքացնենք, էլի: Հասկանանք՝ մեզ ո՞րն է ավելի ձեռնտու: Ես սիրում եմ ռուսական մշակույթը, բայց ես ռուսամոլ չեմ, ես ընդամենը մտածում եմ, որ այսօր մենք Ռուսաստանից ավելի հարմար դաշնակից չունենք:

Ի վերջո, մեր երկիրը կարողացավ մի հրաշք էլ գործել. մենք այսօր Եվրոպայի հետ բոլորվին էլ վատ հարաբերություններ չունենք, հակառակը, կարողացանք Եվրոպային հասկացնել, որ շրջափակման մեջ գտնվող պետություն ենք և իրավունք չունենք մեզ թույլ տալ այնպիսի շքեղություններ, ինչպիսին արեց Վրաստանը: Թեպետ դեռ տակից պիտի դուրս գա, մենք դուրս ենք գալու՝ իմ կարծիքով, բայց Վրաստանը՝ ոչ, որովհետև ես տարիներ առաջ տեսա այդ երկրի թուրքացումը, ու որպես մերձավոր հարևանի այն ինձ սարսափեցրեց:

Ինձ զարմացրեց մեր իմաստությունը, որ դրսևորեցինք Ռուսաստանի ու Թուրքիայի հետ սրված հարաբերությունների ժամանակ, մենք չընկանք ռուսական ազդեցության տակ ու չսկսեցինք վերհիշել, թե հիմա ռուսները մեր հողերը հետ են տալու՝ Թուրքիային ջնջխելով: Մեզ խելացի պահեցինք, ուրեմն մենք առաջ ենք գնացել, ահագին խելամիտ ենք դարձել: Ես վստահ եմ, որ այդպես խելամիտ էլ կշարունակենք մեր ճանապարհը: Իսկ այդ ՙմետ՚-երը՝ արևմտամե՛տ, ռուսամե՛տ հարաբերական բաներ են:

Իբրև ավարտ ուզում եմ ասել հետևյալը. հիմա մենք այսքան պատմություն անցնելուց հետո պետք է կարողանանք հասկանալ, որ թանկարժեք կորիզ, միջուկ ունենք մեր մեջ, կյանքը նորից մեզ ապացուցեց, որ այդ կորիզը շա~տ առողջ, շատ լավն է: Ուրեմն, պետք է կարողանանք պետականորեն անաղարտ, առողջ պահել այդ այն, պետականորեն գուրգուրել մեր այս հրաշալի սերնդին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն