Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր

Ապրիլ 14, 2016թ. 16:26
Էդուարդ շարմազանով

«Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը, եւ պատահական չէ, որ նաեւ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում նշեցին՝ կարգավիճակի հարցը ամենաառանցքային հարցն է։ Ադրբեջանը, ուզի թե չուզի, Թուրքիային դուր գա թե դուր չգա, համանախագահների մակարդակով ասվել է այն, ինչի մասին մշտապես հայտարարել են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները՝ վճռական փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ»,- «Սպուտնիկ-Արմենիա» ակումբում երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ՝ ամփոփելով Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։

Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրության՝ «Արցախգեյթի» թուրքական հետքը, Շարմազանովի համոզմամբ, առավել քան ակնհայտ է. «Հակամարտության հենց սկզբից Թուրքիան անթաքույց թե՛ քաղաքական, թե՛ ռազմական օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Ավելին՝ Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որ ուղղակիորեն արդարացրեց եւ շարունակում է արդարացնել Ադրբեջանի վայրագությունները ամենաբարձր մակարդակով՝ Էրդողան, Դավութօղլու, Չավուշօղլու»։

Բանը հասել է նրան, որ Թուրքիայի արտգործնախարարը փորձում է կրոնական աստառ տալ Ղարաբաղյան հակամարտությանը, ինչը անթույլատրելի է. «Սա հղի է նոր կատաստրոֆաներով ողջ տարածաշրջանի համար։ Ե՛վ Եվրոպան, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Ռուսաստանը պետք է շատ ուշադիր լինեն այս դրսեւորումների նկատմամբ։ Երկրորդ իսլամական պետությո՞ւն են ուզում. Չավուշօղլուն ի լուր աշխարհի ասում է՝ սա կրոնական հակամարտություն է, մահմեդական պետություններին համերաշխության կոչ է անում»։
Ժամանակին նույնը փորձում էր անել Ալիեւը՝ բողոքելով եվրոպացի պատգամավորներից ու Մինսկի խմբի համանախագահներից, որ իբր պաշտպանում են հայերին, քանզի հայերը քրիստոնյա են, իրենք՝ մահմեդական։
Այսքանից հետո առնվազն տարակուսանք է հարուցում, որ Հայաստանում գտնվում են մարդիկ՝ քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում արդարացնելու Թուրքիային՝ ասելով. «Թուրքիան կապ չունի, Թուրքիային դա պետք չէր եւ այլն։ Չհասկացանք՝ այդ ո՞ր օրվանից թուրքը դարձավ Հայաստանի բարեկամը»:
Հայաստանը խնդիր չունի, ավելին՝ բարեկամական հարաբերությունների մեջ է մահմեդական շատ երկրների հետ. «Սա կրոնական պատերազմ չէ։ Հայ ժողովուրդը ավանդաբար շատ փայլուն հարաբերություններ է ունեցել ե՛ւ արաբական աշխարհի, ե՛ւ Իրանի, ե՛ւ բազմաթիվ այլ մահմեդական երկրների հետ։ Սա թուրքական սադրանք է՝ թուրքական, պանթուրքական գործոնը, թուրք-ադրբեջանական տանդեմը չպետք է նույնացնել մահմեդականության հետ»,- համոզված է ԱԺ փոխխոսնակը։

Էդուարդ Շարմազանովը նոր բան չուներ ասելու Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպման մասին. «Ավելի մանրամասն, քան դա արել է առաջին նախագահը, անհնար է։ Ես մինչեւ այդ հանդիպումն էլ բարձր եմ գնահատել պարոն նախագահի հայտարարությունը, որ խորհրդարանում ընթերցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը»։

խոսքը վերաբերում է 2008թ. հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանի «հայրենասիրական պոռթկմանը» ազգին սպառնացող վտանգի դեպքում իշխանությունների շուրջ ազգովի համախմբվելու մասին, որ Լ.Զուրաբյանը վերընթերցեց ԱԺ ամբիոնից։

«Դա պետական մտածողության ցայտուն օրինակ էր, անկախ նրանից՝ դո՞ւր է գալիս ինձ առաջին նախագահի քաղաքականությունը, թե՞ դուր չի գալիս, համամի՞տ ենք, թե՞ համամիտ չենք դրա հետ։ Մի բան պարզ է՝ պետության եւ հայրենիքի համար վճռական այս փուլում առաջին նախագահն իրեն պահեց որպես երկրի առաջին նախագահ եւ պետական մտածողություն ունեցող գործիչ»,- նկատեց Էդ.Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը բազմիցս բավական կոշտ արտահայտություններ է արել Տեր-Պետրոսյանի հասցեին՝ համարել է նրան «քաղաքական թոշակառու», որի ասածները չարժե մեկնաբանել։ Ինչպե՞ս հասկանալ, որ հիմա կտրուկ փոխել է դիրքորոշումը։ «Իմ կարծիքը կտրուկ փոխվել է կոնկրետ գործողության հետ կապված: Ես անձին չեմ գնահատական տվել՝ երեւույթին եմ գնահատական տվել ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա:
Եվ հետո, ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ: Դուր է գալիս ինձ թե դուր չի գալիս՝ նրանք իմ երկրի նախագահներն են եղել. ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը»,- հայտարարեց Շարմազանովը։
Հիմա, ըստ նրա, «իրար վրա քար շպրտելու ժամանակը չէ». պահի թելադրանքն է՝ մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, մոռանալ հին վիրավորանքները, միավորվել ու զսպել ագրեսորին։
«Մեր կարծիքը մնում է նույնը. առանց Արցախի ժողովրդի եւ իշխանությունների անհնար է լուծել արցախյան խնդիրը։ Ադրբեջանը պետք է հասկանա՝ ԼՂ-ը այլեւս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ ԼՂՀ անկախությանն այլընտրանք չկա՝ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր։ Նոր սկզբունքներ սեղանին դրված չեն։ Երեկ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն էլ հստակ արձանագրեց. խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում՝ Արցախը միակողմանի զիջումների պատրաստ չէ։ Բայց աշխարհը պետք է իմանա՝ որն է Ադրբեջանի փոխզիջումը։ Միակողմանի զիջումները բացառվում են՝ չկա նման բան։ Տեր Պետրոսյան-Սարգսյան հանդիպումը նոր փաստաթղթի քննարկում չէր՝ իրավիճակի քննարկում էր, որը ես ողջունում եմ»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Մեր տարբերությունը թուրքերից եւ ադրբեջանցիներից այն է, ըստ նրա, որ մենք պայքարում ենք մեր հայրենիքի համար. «Մեզ ո՛չ ուրիշի հողն է պետք, ո՛չ ուրիշի տարածքը։ Մենք գենետիկ կապ ունենք թե՛ մեր հողի հետ, թե՛ բարձրյալի հետ։ Տիրոջ կամքով արարվել ենք այստեղ, եւ սա մեր հայրենիքն է։
Ոհմակները գալու են, գնալու են, Հայաստանը, հայ ժողովուրդը մնալու է, որովհետեւ Աստված մեզ հետ է, եւ մեր պայքարը արդար է։ Սա իդեայի եւ մատերիայի պայքար է։ Մատերիան ադրբեջանական նավթն է, իդեան՝ հայրենիքի պաշտպանությունը։ Մատերիան արժեզրկվում է, սպառվում է, իդեան՝ երբեք։ Սա նաեւ լույսի եւ ստվերի պայքար է. հայկական իդեան՝ մեր լույսը, հաղթելու է խավարին. խավարը ադրբեջանական քարոզչությունն է, նյութապաշտությունն է, նավթադոլարներն են, լույսը՝ 18-19 տարեկան տղաները, որոնք մինչեւ վերջ պայքարում էին ու պայքարում են հանուն հայրենիքի»։

Ինչ վերաբերում է 80-ականների զենքով կռվելու մասին նախագահի հայտարարությանը, ռազմական գործիչները արդեն այդ մասին խոսել են։ Իսկ քաղաքական առումով՝ այդ հայտարարությունը մի նպատակ ուներ. «Ցույց տալ աշխարհին, որ հայ զինվորը 80-ականների զենքով հաղթել է սպառազինությունների վրա միլիարդավոր դոլարներ ծախսած Ադրբեջանին։ Դա նաեւ մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն