Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան

Միջազգային հանրությունը գործ ունի ահաբեկիչներ հետ

Ապրիլ 13, 2016թ. 23:27
Լարիսա ալավերդյան-

Հարցազրույց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ

-Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ղարաբաղյան կողմին են հանձնվել զոհված հայ 18 զինծառայողի մարմինները: Արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված բոլոր զոհվածների մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի: Ինչի՞ հետ գործ ունենք: Մասնագետները նշում են, որ ադրբեջանցիների նման վարքագիծն իրականում հոգեկան շեղումների դրսեւորման հետեւանք է:

-Մենք գործ ունենք գազանաբարո ազգի ներկայացուցիչների մշտական գործելակերպի հետ: Այո, նրանց ցուցաբերած վայրագությունները նորմալ հոգեվիճակի եւ մտածելակերպի մարդու արարք չեն, եւ ակնհայտ է, որ այդպիսի բան կարող են անել հոգեկան շեղումով մարդիկ։
Ավելին՝ ադրբեջանցի զինվորների գործողություններում ակնհայտ է «Իսլամական պետության» ձեռագիրը` հանցագործ ահաբեկչական դրսեւորումներով: Այդ իսլամիստ ահաբեկիչներն են անդամահատում, գլխատում իրենց զոհերին, հետո էլ հպարտանում եւ ոգեշնչվում իրենց արարքով` այն տեսանյութերի ու լուսանկարների միջոցով ի ցույց դնելով համայն աշխարհին: Ինչ վայրագ, բարբարոս, անբարո պետք է լինի մարդ արարածը, որ այդ կերպ վարվի իր նմանի հետ:
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ գործ ունի անհավասարակշիռ, անպատասխանատու եւ դավադիր, նենգ, ահաբեկիչ ազգի հետ, որին միամտորեն վստահելը կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել:

-Ապրիլյան պատերազմը չորս օր տեւեց, բայց այդ ընթացքում ադրբեջանցիները հասցրին ոտնահարել միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, արձանագրություններ: Ո՞ր կոնվենցիաների մասին է խոսքը, դրանց խախտումն ի՞նչ պատժամիջոցներ է նախատեսում:

-Թշնամու ցուցաբերած վարքագիծը հակասում է պատերազմի օրենքներին եւ կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես Գործող բանակներում վիրավորների եւ հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնեւյան 1-ին կոնվենցիայի, Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւյան 3-րդ կոնվենցիայի, Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները:
Բացի դրանից, ադրբեջանցիները թույլ են տվել մարդու իրավունքների ոտնահարման եւ հումանիզմի վերաբերյալ բազմաթիվ միջազգային օրենքների խախտումներ, որոնց պատիժը որոշվում է կատարած հանցագործության ծանրության չափով, հանգամանքներով եւ այլն:
Այն, ինչ մենք մինչ օրս արձանագրել եւ հավաքագրել ենք, վկայում է հակառակորդի կատարած դաժան քրեական հանցագործությունների մասին, որոնց համար պատիժները բավականաչափ խիստ են: Միայն թե պետք է կարողանանք ապացուցել նրանց կատարած հանցագործությունները եւ միջազգային համապատասխան կառույցներից պահանջել արժանի պատիժներ` ընդհուպ մինչեւ այդ պետության նկատմամբ խստագույն պատժամիջոցների` սանկցիաների կիրառում:

-Ի՞նչ փուլում են միջազգային ատյաններին, կառույցներին դիմելու հայկական կողմի իրականացրած աշխատանքները: Ե՞րբ Հայաստանը կկարողանա բոլոր փաստերը ձեռքին մտնել տարբեր միջազգային կառույցներ` Ադրբեջանին պատժելու արդարացի պահանջով:

-Ներկա պահին հավաքվում են փաստեր, նյութեր եւ փաստաթղթային ձեւակերպումներ են տրվում տեղի ունեցած վայրագության, մարդու իրավունքների խախտման դեպքերին: Դա բավական գործատար, ժամանակատար աշխատանք է, քանի որ վայրագության դեպքերը տասնյակներով են` ինչպես զինվորների, ռազմագերիների, այնպես էլ խաղաղ բնակչության հանդեպ:
Մենք դեռեւս պետք է պարզենք` մեր զոհված զինվորներին մահանալուց հետո՞ են լլկել, անդամահատել եւ այլ դաժանությունների ենթարկել, թե՞ դեռ կենդանության օրոք, քանի որ դրանք հանցագործությունների տարբեր դրսեւորումներ են: Այդ աշխատանքներին ներգրավված են տարբեր կառույցներ` սկսած դատախազությունից, որը պետք է դատաբժշկական քննություն կատարի, զննումներ, հանցագործության այլ հատկանիշների հայտնաբերման եւ արձանագրման աշխատանքներ իրականացնի:
Զուգահեռաբար այդ դեպքերով զբաղվում են նաեւ իրավապաշտպանները, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, իրավաբանները, փաստաբանները, իրավական կառույցները եւ այլն:
Հստակ ժամկետ հնարավոր չէ նշել, թե երբ բոլոր փաթեթները պատրաստ կլինեն, սակայն ամեն ինչ արվում է գործընթացն արագացնելու համար:
Հիմա նաեւ պետք է ճիշտ դիվանագիտություն կիրառել: Կարծում եմ՝ ժամանակն է վերջ տալու այն տարակարծությանը, թե աշխարհը միշտ Ադրբեջանին ավելի է ականջալուր լինում` կաշառվելով նրա նավթին ու խավիարին, եւ սկսել ճիշտ ռազմավարությամբ պարտադրել միջազգային հանրությանը ճշմարտության կողմը բռնել:
Եթե գրագետ գործենք, կոտրենք բոլոր նախապայմանները եւ խելացի գործելաոճով գործընկերային, համագործակցային կապեր հաստատենք միջազգային կառույցների, պատգամավորների հետ, ովքեր քաղաքակրթության, այլ ոչ թե վայրագության պաշտպաններ են, ապա կկարողանանք փոխել Արցախի եւ Հայաստանի նկատմամբ համաշխարհային հանրության վերաբերմունքը:
Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ մեր քայլերը պետք է համակարգված եւ հաջորդական, այլ ոչ թե քաոսային լինեն: Օրինակ, եթե կարողանանք վերջին դեպքերի մասին համապատասխան կառույցներին պարտադրել հետազոտություններ անցկացնել եւ ըստ այդմ զեկույցներ հրապարակել, ապա դրանց հիման վրա հնարավոր կլինի դիմել դատական ատյաններին եւ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու որոշմանը հասնել:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն