Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, Իրան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵՄ նման ակտիվացումը կխանգարի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը

Ապրիլ 14, 2016թ. 10:18
Եվրախորհրդարան

Ստրասբուրգում նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը, այն ուշագրավ էր մեզ համար, քանի որ եվրոպացի պատգամավորները քննարկում ու գնահատականներ էին հնչեցնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին պատերազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպացի պատգմավորներն իրենց մեկ րոպեանոց ելույթներում փորձում էին իրատեսորեն ներկայացնել իրավիճակը, տալ օբյեկտիվ գնահատականներ. անգամ անդրադարձ եղավ պատմական փաստերին, մի բան, ինչը միշտ չէ, որ լինում է: Շեշտվեց, որ ԽՍՀՄ տարիներին Լեռնային Ղարաբաղը Ստալինի ձեռքով արհեստականորեն բռնակցվել է Ադրբեջանին ու 70 տարի շարունակ գտնվել նրա տոտալ վերահսկողության տակ:
Եվրախորհրդարանի երկու տասնյակից ավելի պատգամավորներ հանդես եկան ԼՂ հիմնախնդիրի խաղաղ կարգավորման օգտին, այդ թվում հնչեցնելով ԼՂՀ անկախության ճանաչման մասին կոչեր:

Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ

-Ե’վ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Մոգերինին, և’ ԵԽ բազմաթիվ պատգամավորներ իրենց ելույթներում հստակ շեշտում էին` ժամանակն է, որ ԵՄ-ն ոչ թե միայն օժանդակի Մինսկի խմբին, այլև լուրջ դերակատարում ունենա, ու բանակցությունների սեղանին վերադառնա որպես գլոբալ խաղացող, որպես լուրջ բանակցող կողմ: Ի՞նչ կարող է տալ ԵՄ նման ակտիվացումը, արդյոք սա չի՞ նշանակում ՄԽ ձևաչափի փոփոխության:

-Նախ, Եվրամիությունը միշտ ներկա է եղել Մինսկի խմբի համանախագահների կազմում` ի դեմս Ֆրանսիայի, ու դա բոլորն են ընդունել: Եթե տիկին Մոգերինին ուզում է բացի նման աջակցությունից առավել ակտիվանալ, դա իհարկե, դրական է, բայց այդտեղ մեկ այլ խնդիր կա: Այո, դա արդյունքում կփոխվի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, իսկ դա մեզ համար ամենևին ձեռնտու չէ: Ադրբեջանը վաղուց էր այդ մասին խոսում ու նույնիսկ ծրագրեր ուներ, թե ո՞ր երկրներին, կառույցներին պետք է ներգրավել ՄԽ շարքերում, ու անընդհատ նշում էր Թուրքիայի և ԵՄ անդամ Գերմանիայի անունները:

Ես գտնում եմ, որ ԵՄ իբրև միջնորդի ակտիվացումը ժամանակավրեպ է, որովհետև ՄԽ ձևաչափն այսօր ամենից արդյունավետն է:
Քառօրյա պատերազմը նաև ցույց տվեց, որ կան երկրներ, որոնք պետք է ընդհանրապես չլինեն ՄԽ անդամ, էլ ուր մնաց, որ հանկարծ դառնան համանախագահողներ: Խոսքս Թուքիայի ու Բելոռուսի մասին է, սրանք բացահայտորեն ցույց տվեցին իրենց անդրբեջանամետ դիրքորոշումը:
Հայաստանի իշխանություններն էլ մշտապես պայքարում են, որ ԼՂ հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից հանկարծ մեկ այլ հարթակ չմղվի: Այստեղ խնդիրը հետևյալն է, եթե ԵՄ-ն ակտիվ սկսի մասնակցել որպես միջնորդ, ապա Ադրբեջանը կարող է նախապայմաններով հանդես գալ ու հայտարարել` բանակցություններում կա ԵՄ-ն, ուրեմն մենք էլ ուզում ենք, որ ներգրավվի նաև Թուրքիան:

Այսպիսով, համոզված եմ, որ ԵՄ նման ակտիվացումը կխանգարի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը ու առիթ կդառնա հարցը այլ հարթակներ տեղափոխելու համար:

– Ի դեպ, եղան պատգամավորներ, որոնց համոզմամբ ԼՂ բանակցություններին ԵՄ ակտիվ մասնակցությունը հնարավորություն կտա նաև Արևելյան գործընկերության երկրներին ապացուցելու այս ծրագրի կենսունակությունը: Ստացվում է, որ ամեն մեկը փորձում է հակամարտությունն ի նպաստ իրե՞ն օգտագործել:

-Ինչպես չի կայացել ՀԱՊԿ-ը, ինչպես չի կայացել ԵԱՏՄ-ն, որոնց նախաձեռնողը Ռուսաստանն է, այնպես էլ չի կայացել Արևելյան գործընկերության ծրագիրը, , որի հովանավորը Եվրամիությունը: Ավելին` այն ձախողվեց:
Այնպես որ, ես մեծ կարևորություն չեմ տալիս Արևելյան գործընկերության ծրագրին: Իսկ նրա խնդիրը նախ թող լինի կայանալը, հետո միայն այլ հարթակներում հանդես գալը:

-ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում ԵՄ ակտիվացումը, գուցե, նպատակ է հետապնդում դուրս մղել տարածաշրջանային ակտիվ խաղացող Ռուսաստանի՞ն:

-Համանախագահները, չնայած գործում են կոնսենսուսով, բայց իրենց գործունեության ընթացքում նրանցից ամեն մեկը փորձել է այս հարցում ավելի մեծ դերակատարում ունենալ: Կան դա հաստատող բազմաթիվ օրինակներ. երբ մի պահ ուժեղանում էր արևմտյան կողմը` ի դեմս ԱՄՆ-ի ու ֆրանսիայի, մեկ այլ պահին սկսում էր ուժեղանալ ռուսական կողմը: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Քիուվեստին էր պատրաստվում, ռուսական կողմը Կազանի փաստաթուղթն էր պատրաստում: Այսինքն, այս ուժերի մեջ ինչ-որ բալանս մշտապես կա, ու դրա խախտումը կբերի վայրիվերումների:

Այնպես որ, եթե ռուսական կողմը զգա, որ իրեն դուրս են մղում գործընթացից, դրանով իսկ տարածաշրջանից, ապա կարող է ջղաձգումներ ունենալ, որն ավելի կսրի իրավիճակը տարաշրջանում: Սա վերաբերում է նաև արևմտյան ներկայացուցիչներին: Ինչը կողմերը, կարծում եմ, հասկանում են:

Հարցադրում հնչեց՝ ՌԴ-ն լինելով միջնորդ երկիր ինչպե՞ս կարող է միաժամանակ զինել հակամարտության երկու կողմերին, և որ ԵՄ-ն այստեղ անելիք ունի: Իսկ թե ի՞նչ անելիք` փակագծերը բնականաբար չբացվեցին: Ի՞նչ եք կարծում, զենքի վաճառքի հարցում ԵՄ-ն կարող է՞ ներազդել Ռուսաստանի վրա:

-Թե ի՞նչ միջոցներ կարող է ԵՄ-ն ձեռնարկել Ռուսաստանի դեմ,անկեղծ ասած, ես հիմա դժվարանում եմ ասել: Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումից հետո տեսանք, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին:
Բայց թե ԼՂ հակամարտության կողմերին զենք վաճառելու համար ԵՄ-ն էլ ի՞?նչ պատժամիջոցներ կարող է կիրառել Ռուսաստանի դեմ` դժվար է ենթադրել:
Փոխարենը, պետք է ողձունել և գնահատել նույն ԵՄ-ի ու ԱՄՆ-ի` ժամանակին արված քայլը, երբ որոշում ընդունեցին հարձակողական զինտեխնիկա չվաճառել ո’չ հայկական, ո’չ ադրբեջանական կողմերին:

-ԵԽ պատգամավորները հնչեցնում էին իրատեսական գնահատականներ. նրանք խոսեցին ԼՂՀ-ն արհեստականորեն Ադրբեջանին բռնակցելու ԽՍՀՄ քաղաքականությունից, հայերին ու Հայաստանը ոչնչացնելու մասին թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներից ու հանգեցին հետևության` ԵՄ-ն պետք է Ադրբեջանի նկատամամբ պատժամիջոցներ կիրառի: Ի՞նչ կարող են մեզ տալ նման հայտարարությունները:

-Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ օրենսդիր մարմինն այդչափ օբյեկտիվորեն վերլուծում, գնահատում է այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ: Բայց խնդիրը հետևյալն է, իրենց կառավարություններն արդյոք նույն կարծիքի՞ են:
Եվրախորհրդարանը շատ կարևոր հարթակ է դիվանագիտական առումով, բայց ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցերն այդտեղ քննարկելը մեր դիրքերը կթուլացնի, նույնիսկ այն պարագայում, եթե այսօր այդ հարթակը հայամետ է: Քանի որ ամեն պահի խնդրի քննարկումը իրենք կարող են տեղափոխել ՄԱԿ, կամ ԵԽ ԽՎ , ուր մենք շատ թույլ դիրքեր ունենք:
Ու եթե Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ այսօր իրատեսական, հայամետ դիրքորոշում ունեն, դա չի նշանակում, որ այդ մոտեցումը կարող է միշտ նույնը մնալ: Ադրբեջանը այստեղ ևս կարող է գործի դնել իր նավթախավիրական դիվանագիտությունը, ու վերջում մենք այլ պատկեր կունենանք:
Ինչ վերաբերում է ԵԽ պատգամավորների հնչեցրած օբյեկտիվ ելույթներին, ապա ՀՀ ԱԳՆ-ն պետք է կարողանա դրանք արդյւոնավետորեն օգտագործել որպես քարոզչական պատերազմի բաղկացուցիչ մաս:

ԵԽ պատգամավորների մոտ կա այն համոզմունքը, որ լավագույն եղանակը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումն է շփման գծում: Այս խնդիրը սկսում է բավականին լրջանալ, քանի որ ռուսական կողմն իր հերթին սկսում է կենտրոնացել սեփական խաղաղապահների տեղակայման մտքի վրա:

-Նախ խաղաղապահների տեղաբաշխմանն հարցում պետք է իրենց համաձայնությունը տան ոչ միայն հակամարտող կողմերը` Արցախը, Ադրեբջանն ու Հայաստանը, այլև մեր հարևեն Իրանը: Չէ? որ նրա սահմաններին պետք է գտնվեն այդ ուժերը: Իսկ Իրանը այս հարցում ունի շատ կոշտ դիրքորոշում, գտնում է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների և ուժերի սահմաններում, ոչ մի խաղաղապահ այստեղ չպետք է մուտք գործի:
Երկրորդ, խաղաղապահ ասելով ո?ր երկրների ուժերը նկատի ունեն: Տարածաշրջանը շատ մեծ հետաքրքություն է ներկայցնում աշխարհի խոշորագույն խաղացողների համար: Ուրեմն, ամեն երկրի թեկնածությունը պետք է մանրամասնորեն քննարկվի: Օրինակ, ես դեմ կլինեմ, որ մեզ մոտ լինեն Ղազախստանի, Ղըրղզստանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները, որոնք ՄԱԿ-ի հովանու ներքո կարող են հայտնվել այստեղ: Բայց այդ երկրները երբևէ չեն կարող լինելիրական խաղաղապահներ, քանի որ նրանք բացահայտորեն ցույց են տալիս իրենց ադրբեջանամետ լինելը: Ադրբեջանն էլ իր հերթին կարող է դեմ դուրս գալ այն երկրների ուժերի ներկայւթյանը, որոնց համարում է հայամենտ, օրինակ` Ֆրանսիային, Հունաստանին, Կիպրոսն Այնպես որ այստեղ լուրջ խնդիր կա:
Այս հարցը շատ բարդ է, երբ 1994-ին հաստատվեց զինադադարի պայմանագիրը, նարնում խաղաղապահների ներկայության մասին ևս կետ կար: Բայց դա չիրագործվեց հենց Ադրբեջանի ջանքերով, քանի որ այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևն ասել էր` մենք հայերի հետ կարող ենք պահպանել զինադադարն ու որևէ խաղաղապհ այստեղ պետք չէ:
Մենք շատ լավ գիտենք, որ խաղաղապահը, առավել ևս եթե այն ներկայացնում է որևէ գերտերության, դրա քողի տակ, մեր սահմաններին կհայտնվեն նրանց զիվորներն ու իհարկո, առաջ կտանեն սեփական երկրի շահերը: Դա մեզ համար կարող է լինել խիստվտանգավոր ու չբխելով մեր շահերից:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, Իրան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն