Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Քաղաքականություն

Մոգերինիի ելույթից պարզորոշ երևաց` լավատեղյակ է, որ հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից

Ապրիլ 14, 2016թ. 09:33
Մարգարիտ-Եսայան

Ստրասբուրգում նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը, այն ուշագրավ էր մեզ համար, քանի որ եվրոպացի պատգամավորները քննարկում ու գնահատականներ էին հնչեցնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին պատերազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպացի պատգմավորներն իրենց մեկ րոպեանոց ելույթներում փորձում էին իրատեսորեն ներկայացնել իրավիճակը, տալ օբյեկտիվ գնահատականներ. անգամ անդրադարձ եղավ պատմական փաստերին, մի բան, ինչը միշտ չէ, որ լինում է: Շեշտվեց, որ ԽՍՀՄ տարիներին Լեռնային Ղարաբաղը Ստալինի ձեռքով արհեստականորեն բռնակցվել է Ադրբեջանին ու 70 տարի շարունակ գտնվել նրա տոտալ վերահսկողության տակ:
Եվրախորհրդարանի երկու տասնյակից ավելի պատգամավորներ հանդես եկան ԼՂ հիմնախնդիրի խաղաղ կարգավորման օգտին, այդ թվում հնչեցնելով ԼՂՀ անկախության ճանաչման մասին կոչեր:

Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐՒՏ ԵՍԱՅԱՆԻ հետ

-Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորներն իրենց ճշգրիտ ու նույնքան անկեղծ մտահոգությունները հնչեցրին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ իրականացրած ագրեսիայի առնչությամբ, ու ինչպես մեզանում սիրում ենք ասել` դրանք նույնիսկ հայամետ էին: Նկատվում էր, որ եվրոպացի պատգամավորները կատարվածից շատ լավ էին տեղակացված: Սա հայկական կողմի աշխատանքի արդյո՞ւնք համարենք:

-Նախ ասեմ, որ եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ԼՂՀ շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը բացառիկ էր, բայց ոչ անսպասելի: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շատ ակտիվ է աշխատել Եվրախորհրդարանի մեր գործընկերների հետ: Մշտապես, բոլոր նիստերի ժամանակ, որ անցկացվել են Երևանում ու Ստրասբուրգում, մենք կարողացել ենք ընդունել տալ ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություններ, որոնք առնչվել են և’ ԼՂՀ-ին, և’ ընդհանրապես, աշխարհին: Այսինքն, ոչինչ պատահական չի լինում, ու այն, ինչ լսեցինք լիագումար նիստում, տարիների մեր աշխատանքի արդյունքն էր:

Դեռ մեկ ամսի առաջ, երբ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ժամանեց Երևան, նա հնչեցրեց հայտարություններ, որոնցով ցույց տվեց, որ ամբողջովին տեղյակ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Նաև հետաքրքիր շեշտադրումներ արեց: Պարզապես, այդ ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ մեկ ամիս անց սահմանին նման լարվածություն պետք է լինի:
Ի պատիվ իրեն, Մոգերինին նաև Եվրախորհրդարանի լիագուրմար նիստում հնչեցրեց նույնպիսի ճշգրիտ շեշտադրումներ: Ու դրանք ոչ թե հայամետ են, այլ գտնվում են այն արժեհամակարգի տիրույթում, ինչը մենք սովոր ենք անվանել եվրոպական արժեհամակարգ:

-Առանձնացնենք այն ելույթները, որոնցում կարևոր շեշտադրումներ կային, և ինչու ոչ, նաև կարևոր մեսիջներ:

-Այո, մասնավորաբար, տիկին Մոգերինին Հարավային Կովկասը համարեց Եվրոպայի համար կարևոր տարածաշրջան, խաչմերուկ, որը մեծ ներուժ ունի: Հետևաբար, ահազանգ հնչեցրեց, որ ցանկացած ապակայունացում, պատերազմ հղի է մեծ վտանգներով: Մոգերինիի ելույթից պարզորոշ երևաց` լավատեղյակ է, որ հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, և Արցախ-Ադրբեջան սահմանին մարդիկ ինչպիսի բռնությունների են ենթարկվել: Կոչ արեց` դադարեցնել կրակն ու պահպանել հրադադարը: Նաև վերահաստատեց մի բան, ինչը մեզ համար ևս կարևոր է, դա Եվրամիության պատրաստակամությունն է` այսուհետ ևս օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Հետաքրքիր ելույթ ունեցավ ԵԽ պատգամավոր Ֆրենկ Էնգելը: Դիմելով տիկին Մոգերինին, նա ասաց. <<Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Նա շարունակաբար, ավելի փոքր մասշտաբներով, խախտել է հրադադարը և դա անում է, որովհետև իր նպատակն է, որ այդ տարածաշրջանում հայերն անհետանան>>: Նման հայտարարություն հնչեցնելը նշանակում է, որ եվրոպացի պատգամավորներն իրավիճակին շատ լավ են տիրապետում: Ֆրենկ Էնգելի ելույթի գագաթնակետը հետևյալն էր. հայերը չեն ուզում գնալ փոխզիջումների, որովհետև. <<Ադրբեջանն այնպիսի երկիր է, ուր հերոսացնում են Ռամիլ Սաֆարովի նման մարդասպանին, և նման երկիր հետ հնարավոր չէ քաղաքակիրթ բանակցություններ վարել, քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել>>: Նաև նաև շեշտեց` մարդասպանին հերոսացնող երկրին անհնար է որևէ տարածք վերադարձնել: Ու իր խոսքն ավարտեց այսպիսի հայտարարությամբ.<<Այս հակամարտության միակ լուծումը կլինի ԼՂՀ անկախության ճանաչումը>>:

Սա նշանակում է, որ եվրոպացի այն գործընկերները, որոնք կարևորում են եվրոպական արժեհամակարգը, լինելով անկաշառ ու անշահախնդիր մարդիկ, նաև ԼՂ հակամարտության մասին շատ լավ տեղեկացված` հնչեցնում են միմիայն օբյեկտիվ գնահատականներ:

Կարևոր էր պատգամավոր Յարոմիր Շտետինայի խոսքը, ով հստակ ասաց. <<Հայաստանին ու Ղարաբաղին չսատարելը կնշանակի կողմ արտահայտվել դաժան ազգայնական խորհրդային քաղաքականությանը>>:

Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու ԵԽ պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նա ղարաբաղյան շարժման առաջին տարիներից հայտնի է որպես հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի լավ բարեկամ: Բազմիցս է եղել մեր երկրում: Իր ելույթում նա շեշտեց. <<Մենք պետք է աջակցենք ԼՂ ժողովրդին, որը պարզապես պայքարում է իր ազատության համար>>:
ԵԽ պատգամավորների նման ելույթները մեզ համար շատ կարևոր են: Այն, որ այսօր աշխարհի ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի վրա, մենք այդ ուշադրությունը պետք է շատ ճիշտ օգտագործենք: Մեր դիվանագիտությունն այս պահին պետք է ճշգրտորեն աշխատի:

Ելույթներում կային մեղադրանքներ ուղղված Թուրքիային, նրա` Հայաստանին ու հայությանը ոչնչացնելու հեռահար նպատակների մասին խոսվեց, որոշ պատգամավորներ անդրադարձան նաև պատմական իրողությանը` ԼՂ հակամարտության առաջացման ակունքներին, մի բան, ինչը միշտ չի լինում: Եվ վերջապես, միշտ չէ, որ եվրոպական կառույցներից մենք այսչափ ողջամիտ խոսքեր ենք լսում: Եվրոպայում մի շատ կարևոր բան փոխվել է:

-Այն, ինչ տեղի ունեցավ եվրոպական այդ կառույցում, բնավ պատահականություն չէր: Այո, աշխարհն էականորեն փոխվել է, այն այսօր բաժանված է երկու մասերի` ճշմարիտ, հումանիտար մարդասիրական հայացք ու արժեհակամարգ ունեցողների և ագրեսոր-ահաբեկիչների: Հայաստանն ու ԼՂՀ-ը, ինչպես նաև եվրոպական, արևմտյան շատ երկրներ, առաջին խմբում են: Եվ այդ անջրպետը խիսը տեսանելի է: Սա նշանակում է` մենք միայնակ չենք, մեր կողքին կան շատ պետություններ և ուժեր:

Եվրոպական, քրիստոնեական արժեհամակարգի կրողները շատ լավ են հասկանում, որ եթե այսօր չբարձրացնեն իրենց ձայնը, ազնվորեն չհնչեցնեն իրենց տեսակետներն ու ճիշտ չգնահատեն պատմության այս ընթացքը, ապա վտանգված կլինենք բոլորս: Իսկ Ադրբեջան-ԼՂՀ սահմանին պատերազմի վերսկսումը նշանակում է մի հզոր պատերազմի սկիզբ, որն իր մեջ կներառի ոչ միայն մեր տարածաշրջանը, այլ աշխարհի շատ երկրներ:

-Որքան էլ ԵԽ պատգամավորների նման հայտարարությունները մեզ համար ոգևորող են, սակայն շատ կարևոր է հասկանալ, արդյոք այդ մտահոգությունները կիսո՞ւմ են ԵՄ քաղաքական ղեկավարները:

-Վստահ եմ, որ կիսում են, քանի որ գիտակցում են, որ այն, ինչ տեղի է ունենում, նաև իրենց համար է վտանգավոր: Այդ մասին վկայում են նաև եվրոպական շատ երկրներից հնչած հայտարարությունները: Ի վերջո, մեզ համար նորություն չէ Ֆրանսիայի` Մինսկի խմբում ԵՄ մանդատ ունեցող այս երկրի դիրքորոշումը:
Ի դեպ, մի կարևոր հանգամանք ևս, այն պատգամավորները, սենատորները, որոնք իրենց ելույթներում այսքան կոնկրետ ու խստորեն արտահայտվեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի` ադրբեջանական ագրեսիայի մասին, լուրջ հեղինակություններ են և’ իրենց երկրներում, և’ Եվրոպայի խորհրդարանում: Ու ես կարծում եմ, որ նրանց հնչեցրած մտահոգությունները կոնկրետ ձևակերպումներ կստանան:

-ԵԽ պատգամավորները բաց տեքստով ասում էին` ԵՄ-ն պետք է առավել ակտիվ դեր ստանձնի ու ոչ թե միայն աջակցի Մինսկի խմբին, այլև ստանձնի գլոբալ խաղացողի դեր: Այսինքն` հանձին ԵՄ-ի, նոր խաղացող է մտնում գործընթացի մեջ: Սրանում վտանգ տեսնելն արդարավա՞ծ է:

– ԵՄ-ն միշտ էլ ցանկացել է գլոբալ խաղացող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում, բայց մենք միշտ ասել ենք` Մինսկի խմբի ձևաչափը մեզ ամբողջովին բավարարում է: Ի վերջո, Ֆրանսիան որպես ՄԽ անդամ ներկայացնում է Եվրամիությունը: Երկու տարի առաջ Ստրասբուրգում տեղի ունեցավ հերթական նիստը, ուր ես ելույթ ունեցա ու ասացի, որ ԵՄ-ն այսպես, թե այնպես ներկայացված է Մինսկի խմբում ի դեմս Ֆրանսիայի: Ու եթե ԵՄ անդամ երկրները ցանկանում են աջակցել խնդրի կարգավորմանը, կարող են դա հանգիստ անել Ֆրանսիայի միջոցով:

Բանն այն է, որ այստեղ կան վտանգներ, մենք գիտենք, որ նույն ԵՄ կազմում կան բազմաթիվ երկրներ, որոնք հայասեր կամ Հայաստանասեր չեն, նրանք ամբողջովին գտնվում են Ադրբեջանի կամ թուրք-ադրբեջանական լոբբի ազդեցության տակ: Հետևաբար, մեզ այս պահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամբողջովին բավարարում է ու որևէ փոփոխություն ճիշտ չի լինի անել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն