Գլխավոր » Analitika, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան

Որն է «Լավրովի պլանը» ԼՂ խնդրի կարգավորման հարցում

Ապրիլ 10, 2016թ. 14:34
լավրով

Ներկա հանգրվանում այն ձեռնտու է բոլոր կողմերին

Տարածաշրջան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովի խորհրդավոր թղթապանակի պարունակության շուրջ Բաքվից ու Երեւանից հնչած հայտարարությունները վկայում են, որ կարճատեւ ռազմական բախումին փոխարինում է կարգավորման գործընթացի արագացման հերթական փորձը։
Խոսքը ժամանակին Կազանում քննարկված եւ Ի.Ալիեւի կողմից տասից ավելի առարկություններով «ջրված» կարգավորման սկզբունքների եւ անցյալ տարի մեր մամուլում հայտնված «Լավրովի պլանի» մասին է։

Դրանց միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը զուգահեռ, Ռուսաստանի ձեռնարկած դիվանագիտական գրոհը նպատակ ունի հասնել իրադրության լիցքաթափմանը՝ փուլային կարգավորման սկզբունքի շուրջ բանակցությունների միջոցով։ Վերջիններս նախատեսում են հակամարտող զորքերի սիմետրիկ հետքաշում, ռուսական խաղաղապահների, բայց փաստորեն խաղաղարարների տեղակայում, ազատագրված տարածքների արեւելյան հատվածի վերադարձ եւ զուգահեռաբար ԼՂՀ կարգավիճակի հստակեցում։

Անշուշտ, այս ամենի հեռահար «քաղաքական աստառը» Ադրբեջանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ներգրավելու Մոսկվայի ցանկությունն է, ինչի շնորհիվ Ղարաբաղի հարցը կդառնա, այսպես ասած, «ներքին հարց»։ Սակայն ներկայումս դրա իրականացման ճանապարհին այնքան ակներեւ խոչընդոտներ կան, որ առաջնային է դառնում խաղաղության ու կայունության վերականգնումը։
Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Ռուսաստանը չի կարող միանգամից «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», բայց չի կարող նաեւ գործընթացը մատնել ինքնահոսի։ Վերջինս տանում է դեպի մեծ պատերազմի բռնկում, որը ձեռնտու չէ Ուկրաինայում ու Սիրիայում իր գործը չավարտած Ռուսաստանին։

Մանավանդ որ, ադրբեջանական վերջին ագրեսիայի թիկունքին հստակորեն երեւում են Անկարայի ականջները, որը փորձում է խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար (Ուկրաինայում, Ղրիմում, Սիրիայում, Հարավային Կովկասում, անգամ Միջին Ասիայում)։ Ուրեմն, ողջ խնդիրը բանակցային գործընթացին այնպիսի մեծ ինտենսիվություն հաղորդելն է, որը թույլ կտա Ադրբեջանին հեռու պահել կտրուկ քայլերից՝ նրա առաջ բացելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման որոշակի հեռանկարներ։
Չմոռանանք, որ տեսնելով սեփական արկածախնդրության ձախողումը, Ադրբեջանի ղեկավարությունն ինքն է դիմել Ռուսաստանին հրադադարի ռեժիմի վերականգնման խնդրանքով։ Հետեւաբար Բաքուն պետք է, որ ավելի իրատես լինի մոտ ժամանակներս նոր հարձակում չձեռնարկելու առումով։ Դրա մասին են վկայում ապրիլի 5-ից հետո տարածվող ադրբեջանական հայտարարությունները հայկական կողմից հրադադարի ռեժիմի «խախտումների» շուրջ։

Հասկանալի է, որ պաշտոնական Երեւանը նույնպես անմիջապես արձագանքել է Ռուսաստանի նախաձեռնությանը երկու հիմնական վերապահում-հստակեցումների միջոցով։
Առաջինին անդրադարձան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ փոխարտգործնախարար Շ.Քոչարյանը՝ ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու պահանջի տեսքով, իսկ երկրորդի մասին Գերմանիայում խոսեց նախագահ Սերժ Սարգսյանը «Դոյչե վելլե» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ առաջ քաշելով հակամարտության համապարփակ կարգավորման գաղափարը։
Խոսելով հակամարտության գոտում ռուսական զորքերի տեղակայման հավանականության մասին՝ նախագահը հիշեցրեց. «Մենք համաձայնվել էինք ստորագրել այն փաստաթուղթը, որը ենթադրում էր համապարփակ կարգավորում, եւ այդ փաստաթուղթը ենթադրում էր նաեւ խաղաղապահների տեղադրում շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանցիներն են հրաժարվել դրանից»:

Հակամարտ կողմերի հետքաշումը եւ բաժանարար ուժերի տեղակայումը բերելու է Արցախի դե ֆակտո անկախության մի տարբերակի փոխարինմանը մյուսով։ Իսկ ահա կարգավորման համապարփակեցումը ենթադրում է նաեւ ԼՂՀ-ի համաժամանակյա ճանաչման ակտ առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը մաս կազմող տերությունների կողմից։
Ողջ խնդիրն այն է, թե Ս.Լավրովի վերջին նախաձեռնությունը որքանո՞վ եւ ի՞նչ չափով է համաձայնեցված համաշխարհային ուժի մյուս կենտրոնների հետ: Խաղաղության ու կայունության պահպանման առումով, կարելի է կասկած չունենալ, բայց երբ արդեն խոսվում է Ադրբեջանին ԵԱՏՄ ներգրավելու մասին, այստեղ արդեն լուրջ հարցականներ են առաջանում։ Բոլոր դեպքերում այս անորոշությունները երկար չեն պահպանվելու, քանի որ Ռուսաստանի նախագահը Իլհամ Ալիեւին հրավիրել է Մոսկվա։

Արեւմուտքի հետ լիովին համաձայնեցված քաղաքականության բացակայության դեպքում կարգավորման գործընթացն անխուսափելիորեն փակուղի է մտնելու, քանի որ Բաքուն պատրաստ չէ փոխզիջման, իսկ Երեւանը՝ միակողմանի զիջման։ Փաստորեն Ռուսաստանին մնալու է միայն «ծրագիր մինիմումը»՝ խաղաղության ու կայունության վերականգնման փորձերի տեսքով։ Բայց անգամ նման համեստ հաջողությունը մեր տարածաշրջանը որոշ ժամանակով կարող է զերծ պահել լուրջ ցնցումներից, որոնք ներկա պահին ձեռնտու չեն ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին։

Ներկա փխրուն խաղաղությունը Բաքվի համար ծանր կորուստներից ուշքի գալու եւ նոր գրոհի նախապատրաստվելու հնարավորություն է։ Ուստի եթե առաջիկա բանակցությունները վերստին բախվեն կողմերի տրամագծորեն հակադիր դիրքորոշումներին, ինչի հավանականությունը մեծ է, ապա Ռուսաստանը պետք է մտածի տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործուն մեխանիզմների ձեւավորման մասին։
Հակառակ պարագայում նոր պատերազմը դառնում է անխուսափելի. խնդիրը միայն ժամկետներն են։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
<<Հայոց Աշխարհ>>

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն